Իմ կարծիքով, օրերս տեղի ունեցածի դեպքում, երբ ոստիկանը ապտակել էր ծեր մարդուն, կարեւորը ոչ թե այն է, որ երիտասարդը (ոստիկանը) այդպիսով չի հարգել ծերունու տարիքը, այլ այն, որ ոստիկանը ապտակել է քաղաքացուն (անկախ նրանից, թե վերջինս քանի տարեկան է): Որովհետեւ, եթե մենք չապտակեինք ծերերին` ուղղակի հաշվի առնելով նրանց տարիքը, ապա կշարունակեինք ապրել առանց համակարգիչ, մեքենա, բջջային հեռախոս, իսկ տեղից-տեղ կգնայինք ձիերով, երբեմն էլ, ըստ իրավիճակի` թիավարվող մակույկներով (գուցե` ավելի լա՞վ…): Սա, եթե ապտակը դիտարկենք փիլիսոփայական եւ սերունդների տեսանկյունից:
Իրականում (իսկ այն միշտ տարբեր է փիլիսոփայությունից) մայրաքաղաքում տեղի ունեցած ակցիաներից մեկի ժամանակ դրան մասնակցած պապիկներից մեկը… Բայց սա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ այդ միջոցառման հասարակական կարգը պաշտպանող ոստիկաններից մեկը մոտեցել է պապիկին եւ ապտակել նրան: Ոստիկանությունից հայտարարել են, որ կոնկրետ դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն եւ, որ մեղավորներն անպայման պատժվելու են, իհարկե: Սա այն պարագայում, երբ դեպքի հետ կապված կա այն ամբողջովին ներկայացնող տեսանյութ, որտեղ երեւում է, թե կոնկրետ որ ոստիկանն է մոտենում որ պապիկին եւ ինչպես է ապտակում նրան: Հիշեցնենք` հետաքննությունը դեռ շարունակվում է, հավանաբար ոստիկանության շենքում համացանցից օգտվելու հնարավորությունները սուղ են, այդ պատճառով էլ դեռ այնտեղ չեն դիտել այդ տեսագրությունը:
Շատ հնարավոր է, սակայն, որ ոստիկանությունը ուզում է դեպքի այլ մեղավորներ եւս բացահայտել, հո մենակ ոստիկանը մեղավոր դուրս չի՞ գալու: Ասենք պարզել, որ պապիկն իրականում հայհոյել է ոստիկանին, կամ կողքի մարդկանց (այդ թվում կանանց եւ երեխաներին) կամ «խոսացրել» է կողքին կանգնած երիտասարդ աղջկան, կամ պարզել, որ տվյալ պապիկն իրականում հայ չէ, այլ շիա իրանցի, որը սակայն ծագումով սուննի ադրբեջանցի է` Հայաստան եկած գաղտագողի ճանապարհներով եւ իրանցու անձնագրով: Հնարավոր է, որ պապիկից` հետաքննության շրջանակներում արյան անալիզ էլ են վերցրել` պարզելու նրա օրգանիզում թմրանյութների, գոնե` ալկոհոլի առկայությունը, կամ հիմա երկու երիտասարդ ոստիկաններ` նույն հետաքննության շրջանակներում պապիկի թաղում նրա հարեւաններից (չուզող) պապիկի մասին «դոսյե» են հավաքում, թե ինչպես է նա մի անգամ ծուռ նայել բակի խանութի փարթամ մարմին ունեցող վաճառողուհուն եւ կոպտել իր` առաջին հարկի պատուհանի ուղղությամբ գնդակ տշշած երեխաներին: Մի խոսքով` հետաքննության արդյունքում շատ բան կարող է պարզվել, անգամ այն, որ դեպքի վայրում սադրիչներ են եղել, ովքեր հրել են տվյալ ոստիկանին պապիկի վրա, նա էլ չի նկատել, որ իրեն բախվածը ոստիկան է, հայհոյել է, վերջինս էլ չի դիմացել ու ապտակել է (քանի որ իրականում «կարգին տղա» է, ոչ թե` «մլիցա»)` առանց նկատելու, որ դիմացը ծեր մարդ է: Այս պարագայում արդեն դեպքը կունենա բազմաթիվ մեղավորներ, որոնցից մեկին` ոստիկանին հավանաբար կտրվի նկատողություն եւ հետաքննությունը կհամարվի հաջողությամբ ավարտված:
Բայց ի՞նչ տեղի կունենա հետո. հասարակական կարգ պահպանող մեր ոստիկանները կհասկանան, որ երբ իրենք մոտենան եւ ապտակեն որեւէ ակցիայի որեւէ մասնակցի (նման ակցիաների ժամանակ շատ մասնակիցներ կարող են հայհոյել եւ հայհոյում են, թեկուզ` մտքում), հետաքննության արդյունքում կպարզվի, որ միայն իրենք չեն մեղավոր, իսկ իրենք էլ նկատողությամբ կպրծնեն ընդամենը, ինչո՞ւ, քանի որ կյանքը` նախադեպերի եւ սովորույթների վրա է կառուցվում, պետականաշինությունն` առավել եւս:
Հա, երբ ոստիկանը ապտակում է քաղաքացուն, դա պետականաշինության հարցում թերացում չէ, անշուշտ. բա ի՞նչ է…