Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԵՅՐՈՒԹ

17/07/2015
- 17 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Օրեր առաջ հեռավոր ԱՄՆ-ից ստացանք գրչակից ու գաղափարակից ընկեր Հակոբ Վարդիվառյանի «Մեծ երազի ճամբուն ուղեւորները եւ համապարփակ պատմութիւն Ռամկավար ազատական կուսակցութեան» Ա հատորը, որը ներառում է «Արմենական կազմակերպութիւն» եւ «Հայ Ժողովրդական կուսակցութիւն» բաժինները: Շահեկան աշխատություն, որ ուշադրությամբ ընթերցեցի եւ գրախոսեցի` ընդգծելով կատարված շնորհալի աշխատանքը: Այն ավելի կատարյալ տեսնելու ցանկությամբ նշեցի նաեւ որոշ թերություններ ու բացթողումներ: Գրախոսականը հավանաբար հաջողված էր, որովհետեւ դրական արձագանքներ եղան գործընկերներիս եւ, հատկապես, աշխատության հեղինակի կողմից: Նա շնորհակալությամբ լեցուն նամակ էր գրել, հետո էլ զանգահարեց ու հրավիրեց Բեյրութ` այնտեղի Թեքեյան մշակութային միության կողմից կազմակերպված շնորհանդեսին մասնակցելու եւ գնահատանքի խոսք ասելու համար:

Բեյրութում էլի էի եղել: Ի դեպ` դա լոկ քաղաք չէ, այլ Երկիր մոլորակի հնագույն խաչմերուկներից մեկն է, որտեղ հատվում են առեւտրատնտեսական կարեւորագույն ուղիներ, խաչաձեւվում մշակութային, կրոնահոգեբանական, ազգային ու քաղաքական բազմակողմ շահեր:

Օդանավում պատահաբար հանդիպեցի ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Մայք Վայեճյանին: Նա ձեռնափայտով էր: Զրուցելով իջանք ու երկուստեք կաղալով հասանք ելքին: Ինձ դիմավորեց ընկեր Ավո Տաքեսյանը, ում հետ ծանոթ էինք նախկին ուղեւորության եւ նրա Հայաստանում եղած հանդիպումներից: Մասնագիտությամբ ատամնաբույժ է, ավարտել է Երեւանի բժշկականը: Նվիրյալ ռամկավար է, նախկինում Շրջանային վարչության ատենապետ է եղել: Հանգիստ, զուսպ, ժպտադեմ, բարի ու անչափ ուշադիր ընկեր է: Կարճ ասած` գործի մարդ է, պարապ խոսք չի սիրում եւ պատրաստակամ սպասում է որեւէ կերպ օգտակար լինելու:

Իջեւանեցի «Գարդեն թաուեր» հարմարավետ ու ծովին բավականին մոտ գտնվող հյուրանոցում: Կեսօրին եկան Հակոբ Վարդիվառյանը եւ վաղեմի ծանոթ, «Զարթօնք» օրաթերթի նախկին խմբագիր Պայծիկ Գալայճյանը եւ միասին գնացինք լավագույն ու անմիջական ընկեր, հայտնի ու հրաշալի գործարար Նար Խաչատուրյանի կազմակերպած ճաշկերույթին: Անկաշկանդ զրույց ծավալվեց: Բոլորին հետաքրքրում էին էլեկտրականության թանկացման դեմ ծավալված բողոքի իրադարձությունները: Հիմնականում լավ տեղյակ էին, թե ինչ եւ ինչպես է եղել: Բայց, ինչպես արդեն նկատել էի նախորդ այցելության ընթացքում, բեյրութահայերն իրենց տեսակետները չեն շտապում ասել, այլ ստեղծում են պայմաններ, որ դիմացինը նախ արտահայտի: Սկզբում հեռվից, անուղղակի խոսք բացեցին Արցախում ՌԱԿ կառույց ունենալու խնդրի շուրջ: Ես պատրաստակամություն հայտնեցի մանրամասն բացատրել խնդրի նրբությունները: Ներկաներից մեկը նկատեց, որ երջանկահիշատակ Գերսամ Ահարոնյանն ասում էր, որ ամենաբարդ հարցերը հեշտ են պարզաբանվում ճաշի սեղանի շուրջը: Առանց նախաբանի ներկայացրի հարցի նրբություններն ու խոսքս եզրափակեցի` Արցախը կուսակցական պայքարի հարթակ չէ, այնտեղ ավելի կարեւոր է ապահովել անվտանգության խնդիրը եզրափակումով: Գոնե առերեւույթ բոլորն էլ ընդունեցին ու համաձայներցին ասածներիս:

Երեկոյան գնացինք Թեքեյան կենտրոն: Քննարկեցինք գրքի շնորհանդեսի հետ կապված մանրամասներ: Ինձ հետ տարել էի Մկրտիչ Ավետիսյանին նվիրված ֆիլմ-հաղորդումը, որը մի փոքր կրճատեցինք, որ տեղավորվեր ծրագրի ժամանակային սահմաններում: Հանդիպեցինք ու երկար զրուցեցինք «Զարթօնք» թերթի ներկայիս խմբագիր Սեւակ Հակոբյանի հետ: Կարծում եմ կառուցողական, ապագա համագործակցության եւ փոխադարձ շփումների անհրաժեշտության երկուստեք կարեւորման զրույց ստացվեց: Հետո Բեյրութում եղածս բոլոր օրերի անբաժան ու շատ ուշադիր ընկեր Էդի Պահատրյանի հետ հյուրանոց վերադարձանք:

Առավոտյան աշխատանքի գնալուց առաջ եկավ ընկեր Ավոն` իմ լավ, նրբանկատ, բոլոր մանրուքներն ու կարիքները բավարարելու պատրաստ բարեկամը: Ի միջի այլոց, բոլորն էին ուշադիր, բայց ընկերներ Ավոն ու Էդին` ավելի: Գնացինք Պուրճ Համուտ ճաշելու: Ամբողջովին հայկական ճաշասեղան էր: Շուտով սեղանի շուրջ քսան հոգի հավաքվեց: Կենացներ հնչեցին, որոնց հեղինակն հիմնականում Հարութ Երկանյանն էր` անմիջական, առանց որեւէ ձեւականությունների, անբռնազբոսիկ պահվածքով լավագույն մեր ընկերներից:

Հետո ընկեր Էդիի հետ եղանք ռադիո «Սեւան»-ում: Գեղեցկատես ու ժպտադեմ Նազելին երկար «քննեց» ինձ պատմության դերի ու նշանակության, մեր պատմական անցյալի եւ ապագայի խնդիրների շուրջ: Երեկոյան արդեն ներկայացանք շնորհանդեսին: Ի դեպ` սպասածիս հակառակ, Բեյրութում շատ շոգ չէր, իսկ շնորհանդեսի օրը` շատ ավելի զով էր: Հավանաբար աստվածահաճո գործ էինք անում, դրա համար զովացավ, որ պիջակ-փողկապներից չնեղվեինք:

Բացման հակիրճ խոսքով հանդես եկավ Պայծիկ Գալայճյանը: Նա նախ ներկայացրեց հեղինակի համառոտ կենսագրությունը, ապա նշեց, որ գիրքը երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է եւ արժանի գովասանքների:Ֆիլմը դիտելուց հետո ես ելույթ ունեցա: Մասնագիտությանս բերումով քաջատեղյակ եմ պատմագիտական այն բոլոր հարցերին, որոնց անդրադարձել է հեղինակը, ուստի խուսափելով ավելորդ կրկնությունից` ընդգծեցի աշխատության դրական կողմերը: Ընդգծելով, որ աշխատությունը քննական-վերլուծական բնույթի չէ` շեշտեցի, որ այն լուրջ ներդրում է հատկապես Ռամկավար Ազատական կուսակցության պատմության ուսումնասիրության ասպարեզում: Հատուկ շեշտեցի նաեւ աշխատության կուսակցամոլությունից զերծ լինելու հանգամանքը, որից հաճախ հեռու չեն կուսակցությունների պատմություններին նվիրված երկերը: Աշխատելով չչարաշահել ներկաների համբերությունը, ելույթիս վերջում հետագա հաջողություններ ու ստեղծագործական նոր նվաճումներ մաղթեցի հեղինակին:

Ելույթիս վերջում ինձ անակնկալ էր սպասվում. ամբիոնին մոտեցավ Հ. Վարդիվառյանը եւ ծափահարությունների ներքո ինձ նվիրեց ՌԱԿ-ի մետաղակուռ զինանշանը: Վերադարձա տեղս ու կողքիս նստածՙ Լիբանանում ՀՀ հյուպատոս Աշոտ Վարդանյանին հարցրեցի` հո երկար չխոսեցի՞: Նա գովեց ելույթս եւ ասաց, որ այն բովանդակահարուստ էր եւ եթե էլի խոսեի` հետաքրքրությամբ կլսվեր:

Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ նաեւ հեղինակը: Նա նշեց, որ ծնունդով բեյրութցի է, դրվագներ հիշեց իր մանկությունից: Մի քիչ կրակ կար նրա խոսքերում, հուզմունք, անցած օրերի կարոտախառն թախիծ եւ ապրած տարիների իմաստնություն: Վերջում շնորհավորանքի համար ելույթ ունեցավ Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հակոբ Գասարճյանը եւ հեղինակին մաղթեց եռանդ ու ավելի աշխատասիրություն` մյուս հատորները արագ ու թեթեւ ավարտելու համար: Վերջում բոլորին հրավիրեցին փոքրիկ հյուրասիրության եւ առաջարկեցին գնել աշխատության օրինակներ, որի հասույթը պիտի նվիրաբերվեր բարեգործության:

Հաջորդ առավոտյան վերադարձա Երեւան: Թռիչքի ընթացքում պարզ եղանակ էր եւ վերեւից հստակ երեւում էին լեռներն ու դաշտերը, որոնց վրայով թռչում էինք: Ճանապարհի մեծ մասն անցնում էր պատմական Հայկական լեռնաշխարհի երկնքով եւ ինձ` հայ մարդուն ու պատմաբանին խառնիխուռն մտքերը հանգիստ չէին տալիս:

Ինչո՞ւ դարերի ընթացքում այդքան շատ կորցրեցինք: Մեր բնո՞ւյթն է այսպիսին, թե՞ օբյեկտիվ պատճառներով գաղթական դարձանք, գաղթօջախներ ու Սփյուռք երկնեցինք: Ինչ որ է, երբեք չպիտի մոռանանք, որ մենք մի ժողովուրդ ենք, պիտի ապրենք ու գոյատեւենք համատեղ ջանքերով: Տարիներ առաջ, երբ հնարավորություն ունեինք, մեզ չհաջողվեց գնահատել ու վերլուծել այնպիսի բարդ երեւույթ, ինչպիսին հայրենադարձությունն էր, ինչն էլ հանգեցրեց նույն ժողովրդի պատմական ճակատագրով բաժանված երկու հատվածների միջեւ փոխադարձ անվստահության, անգամ անխոհեմ առճակատման, առաջացրեց ճեղքվածք, որը, ցավոք, այս բոլոր տարիներին չհաջողվեց վերացնել: Ավաղ, այսօր էլ չենք գնահատում ու հստակ գիտակցում, որ առանց Սփյուռքի հայրենիքը շատ ավելի փոքր կլինի ու տկար, իսկ առանց հայրենիքի Սփյուռքը կդադարի գոյատեւելուց: Փոխադարձ եւ համառ այս անհասկացողությունն անասելի հարված է հասցնում մեր ժողովրդի ազգային միաբանությանը, նրա հավաքականությանը:

Այսօր հայրենադարձության մասին խոսելն ավելորդ է, ի՞նչ հայրենադարձության մասին խոսք կարող է լինել, երբ մեր իշխանությունների անհեռատես քաղաքականության հետեւանքով, հուրախություն մեր թշնամիների, արդեն քանի տարի զանգվածային արտագաղթի վիթխարի ալիքն է երկրով մեկ: Ինչքան ընտանիքներ կոտորակվեցին, մի մասը այստեղ` Հայաստանում, մյուսը` հեռավոր ափերում: Սարսափելի է կարոտախտը հայրենիքում նրանց համար, ում զավակները, հարազատներն իրենց կողքին չեն, եւ կարոտախտը Սփյուռքում նրանց համար, ովքեր ամեն ժամ հիշում են իրենց տունն ու օջախը: Դա ցավ ու տառապանք չէ միայն, այլ մի մեծ վերք` սրտում: Այդ անիծյալ պանդխտությունը, որ դարեր շարունակ ուղեկցել է մեր պատմությանը, այսօր էլ իր շրջապտույտի մեջ է ներառել նաեւ Սփյուռքի ավանդական կենտրոնները: Արդեն քանի տարի շարունակվում է կրկնակի, մերձավորարեւելյան օջախներից դեպի ԱՄՆ եւ այլ երկրներ արտագաղթը:

Կարծում եմ, որ ողջ հայությունը պետք է սթափվի եւ շտապ գտնի տունդարձի ճանապարհը: Երկրիս ղեկավարության համար այս հարցը պետք է լինի ազգային անվտանգության ապահովման առաջնակարգ խնդիր: Շատ եմ ուրախանում, երբ լսում եմ, որ սփյուռքի իմ հայրենակիցներից ոմանք բնակարան են գնում հայրենիքում: Միայն թե ափսոս, որ դրանք շատ քիչ դեպքերում են լինում, անհամեմատ գերակշռողը հակառակն է: Սրտի թրթիռով եմ ընկալում նաեւ այն իրողությունը, որ բեյրութահայերի զգալի մասը նաեւ ՀՀ քաղաքացիություն ունի:

Վերջերս թուրքական մամուլում շրջանառվում էր մի հիմար, բայց ոչ այնքան հիմնազուրկ արտահայտություն, «Մոտ ապագայում ողջ Կովկասում հայերի թիվը, ինչպես այսօր Անատոլիայում, թանգարանային նմուշ պիտի լինի»: Արդո՞ք սա զգուշացում չէ բոլորիս…: Ամենացավալին այն է, որ մեր սխալներից այդպես էլ դասեր չենք քաղում: Այնինչ ընդամենը մի պարզ ճշմարտություն պիտի գիտակցենք. ամենակարող ժամանակն ի վերջո սրբագրելու է սխալները, միայն պահանջվում է հեռատեսություն եւ իմաստություն: Իմ ցավոտ մտորումներում արտագաղթը եղել ու մնում է խորը, չսպիացած վերք:

Տխուր ու տագնապալեցուն մտորումներից սթափվեցի, երբ կտրուկ տարբերություն նկատեցի ներքեւում: Երկար ժամանակ ամայի լեռներ էին երեւում, իսկ երբ անցանք Հայաստանի սահմանը, պատկերն ամբողջովին փոխվեց. դաշտերը մշակված էին, խնամված, աչք էր շոյում համընդհանուր կարգավորված պատկերը: Հպարտությունից հոգիս ծառս եղավ` սա Հայաստանն է, ես տանն եմ, ապագան էլ մերն է լինելու…

15.07.2015 թ

Նկար 1. Ձախից աջ` Շահան Գանտահարյան, Միքայել Վայեճյան, Հակոբ Վարդիվառյան, Հակոբ Գասարճյան եւ Սուրեն Սարգսյան` գինեձոնի պահին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԸ ԵՎ «ՎԵՑՅԱԿԸ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ

Հաջորդ գրառումը

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՀՐԱՇԱԼԻ ՀԱՄԱԴՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՀՐԱՇԱԼԻ ՀԱՄԱԴՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական