Հայաստանի գյուղական բնակչությունը ամբողջ ազգաբնակչության մոտավորապես մեկ երրորդն է: Մոտ 1 մլն 103 հազար մարդ, պաշտոնական վիճակագրության համաձայն, ապրում են Հայաստանի գյուղերում, որոնցից ավելի քան 400 հազարն ընդգրկված է գյուղատնտեսությունում: Ավելորդ է խոսել, թե որքան կարեւոր է գյուղական բնակչության կենսամակարդակի ու գյուղատնտեսության` որպես տնտեսության իրական հատվածի կացությունն ամբողջ երկրի համար: Միաժամանակ, Հայաստանի անկախության անցած 24 տարիներից միայն վերջին 4-5-ում են իշխանությունները սկսել առանձահատուկ ուշադրություն ցուցաբերել այս ճյուղի խնդիրների եւ դրանց լուծման վրա: Մինչդեռ, գյուղատնտեսության սրընթաց զարգացման համար շատ անելիքներ կան, որոնք մեծ ներդրումներ եւ ջանքեր են պահանջում:
2011-2014 թվականներին Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալները բարձր աճ են ունեցել` 2011-ին` 13,9 տոկոս, 2012-ին` 9,5 տոկոս, 2013-ին` 7,1 տոկոս, 2014-ին` 7,2 տոկոս: Գումարային առումով 2010-ի 636 մլրդ դրամի դիմաց 2014-ին գյուղատնտեսության համախառն ծավալն կազմել է 993 մլրդ դրամ: Երբ ընդհանուր տնտեսական աճի տեմպերն ավելի ցածր են, գյուղատնտեսության մեջ նման աճը պատահաբար չի կարող լինել եւ վկայում է վերջին տարիներին այստեղ ձեռնարկված միջոցառումների մասին: Դա երեւում է նաեւ 15 տարիների ցուցանիշների համադրման ժամանակ:
1999-ից մինչեւ 2010-ը, 11 տարիների ընթացքում գյուղատնտեսության համախառն արտադրանքը ավելացել է մոտ 325 մլրդ դրամով` 311 մլրդ դրամից հասնելով 636 մլրդ դրամի: Մինչդեռ 2010-ից մինչեւ 2014-ը` 5 տարվա ընթացքում աճն ավելին է եղել, քան նախորդ 11 տարիներին` մոտ 357 մլրդ դրամով, հասնելով 993 մլրդ դրամի: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալն այժմ կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 17 տոկոսը:
Վերոնշյալ 4-5 տարիներին կառավարության իրականացրած քայլերի մասին բազմիցս է ասվել` պետության կողմից վառելանյութի, պարարտանյութի, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում, բարձր արտադրողականության հացահատիկի սերմացուի ներմուծում եւ գյուղացիներին տրամադրում, հակակարկտային համակարգի համալրում` հատկապես Արմավիրի մարզին պատուհասած կարկուտից հետո, ոռոգման ջրի ինքնահոս համակարգերի կառուցում եւ ջրատարների նորոգում, ջերմոցային տնտեսությունների համար հարկային արտոնություններ եւ այլն:
Արդյունքում ավելացել են մրգի, բանջարեղենի, հացահատիկային մշակաբույսերի, անասնաբուծական մթերքների (կաթ, միս եւ այլն) արտադրության ծավալները, արձանագրվել է անասնագլխաքանակի աճ: Ձեռնարկված քայլերը բարելավում են գյուղատնտեսության կացությունը եւ ցուցանիշները, բայց բավարար չեն ոլորտում արմատական փոփոխությունների համար: Մի քանի օրինակներ:
Չնայած ոռոգման ջրի ապահովման նպատակով կառուցվող ինքանահոս համակարգերին, նոր ջրատարներին եւ հների հիմնանորոգումներին, Հայաստանը կարիք ունի իր ջրային պաշարների ամբարման նոր հնարավորությունների, այլ խոսքով` նոր ջրամբարների կառուցման: Առաջիկա տարիներին 4 նոր ջրամբար է նախատեսվում կառուցել, որը մասամբ կփոխի ջրամատակարարման վիճակը դրանց հարակից տարածքների գյուղացիների համար: Սակայն ոռոգման ջրի ապահովվածության հարցը կշարունակի խնդրահարույց մնալ, դրա հավելյալ պաշարների կարիքը կլինի: Սեւանից ոռոգման համար ջրառի ծավալներն էլ չի կարելի ավելացնել: Բացի դրանից, ոռոգման ջրի պակասը լրացնելը միայն ջրամբարների կառուցմամբ (ի դեպ, բավականին մեծ ներդրումներ պահանջող) չի պայմանավորված:
Ոռոգման ջրատարներ կառուցելով եւ նորոգելով, շարունակվում են քայքայված մնալ ներտնտեսային ջրատարները: Այստեղ ջրի մեծ կորուստներ են լինում` նվազեցնելով գյուղատնտեսության արդյունավետությունը: Խոսվում է կաթիլային համակարգի ներդրման մասին, որի արդյունավետությունն անհամեմատ բարձր է սովորական ոռոգման համակարգից: Դարձյալ մեծածավալ ներդրումներ են պահանջվում:
Հակակարկտային կայանների տեղադրումը կարծես թե այնքան էլ արդյունավետ չի, ընդամենը մոտ 60 տոկոս: Առավել արդյունավետ է համարվում հակակարկտային ցանցերի կիրառումը , որոնց արտադրությունը նախատեսվում է սկսել Հայաստանում: Սակայն ե՞րբ դա տեղի կունենա, ի՞նչ կարժենա եւ պետությունը ինչպե՞ս կկարողանա օգնել գյուղացիներին ձեռք բերել եւ իրենց այգիներում տեղադրել այդ ցանցերը, դժվար է ասել:
Անասնապահության ոլորտում խնդիրներն ավելի շատ են եւ բազմաբնույթ: Արոտավայրերի հեռավորություն, կերային բազայի բացակայություն ձմռանը, դրսից երկիր մտնող կամ տեղում բռնկվող զանազան հիվանդություններ, տոհմաբուծական ձեռնարկությունների բացակայություն, արտադրանքի իրացման դժվարություններ եւ այլն: Ճիշտ է, այստեղ նույնպես որոշ քայլեր արվում են` բերվում են բարձր մթերատու անասուններ, նոր թռչնաֆաբրիկաներ են բացվում եւ այլն, բայց համեմատած բուսաբուծության հետ, պետական աջակցությունն այստեղ ավելի փոքր է եւ աննկատ: Մինչդեռ, օրինակ` մսամթերքի արտադրությունը Հայաստանում կարելի է եւ պետք է զարգացնել, քանի որ դրա մեծ մասը ներմուծվում է` ավելի ցածր գներով եւ կիրառվում երշիկեղենի արտադրության մեջ: Ընդհանրապես, թե բուսաբուծության, թե անասնապահության արտադրանքի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ անընդհատ քայելր են պետք իրականացնել , նախ` հնարավորինս արդյունավետ տնտեսվարելով, ապա` կիրառելով նոր տեխնոլոգիաները:
Կարեւոր գործոն է նաեւ գյուղացիների կազմակերպվածությունը եւ փոխվստահությունը, որը, սակայն, բացակայում է: Այդ պատճառով էլ դժվարությամբ է տեղից շարժվում գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ապացուցված տարբերակի` գյուղական կոոպերացիաների ստեղծման հարցը: Նույնը կարելի է ասել նաեւ հողերի միավորման եւ համատեղ մշակման մասին:
Բնական է, որ հնարավոր չէ ընդգրկել գյուղատնտեսության բոլոր խնդիրները մեկ հրապարակմամբ: Շատ դժվար է նաեւ դրանց մասին պատկերացում կազմել քաղաքաբնակների համար: Սակայն, չպետք է մոռանալ, որ դա ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղ է եւ հատուկ մոտեցումը նրա նկատմամբ որեւէ պարագայում արդարացված է եւ ճիշտ: Նման մոտեցման արդարացված լինելու ակնառու օրինակը ջերմոցային տնտեսությունների բուռն զարգացումն է մեր երկրում: Ցանկալի կլիներ, որ այս օրինակը վարակիչ դառնար ընդհանրապես ամբողջ գյուղատնտեսության համար: Ստեղծվող արտադրանքի իրացման համար էլ բավականին բարենապաստ պայման է Եվրասիական միասնական շուկան: Մնում է, որ պետության կողմից աջակցության ծրագրերը շարունակելի լինեն, իսկ մասնավորի կողմից լուրջ ներդրումներ ուղղվեն այս ոլորտ: