Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ Է «ԱՂՄԿՈՒՄ» ԿԱԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԳԻՆԸ

05/06/2015
- 05 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հնարավո՞ր է համատեղել անհամատեղելին` շուկայական գինն ու մարդկանց ցանկությունը

Մոտ մեկ ամիս է, ինչ կաթի մթերման գինը վեճերի եւ բողոքական տրամադրությունների հերթական ալիքն է բարձրացրել: Ձմռան ամիսներին կաթնամթերք արտադրող ընկերությունները գյուղացիներից կաթը գնում էին 150-170 դրամով, գարնան վերջին ամսին արդեն այդ գինը սկսեց իջնել, եւ կաթ արտադրողները առավելագույնը 110 դրամ էին առաջարկում 1 լիտր կաթը գնելու համար: Սա էլ գյուղացիների դժգոհության պատճառ էր դարձել, որոնք պահանջում էին պահպանել կաթի մթերման գինը: Ընդ որում, պահանջն ուղղվում էր պետությանը (թեեւ վեճը երկու մասնավորի` գյուղացու եւ ձեռնարկության միջեւ է) եւ ուղեկցվում միջպետական ճանապարհ փակելու սպառնալիքով: Վերջինս ընդհանրապես անընդունելի մեթոդ է` անկախ նրանից, թե որքանով է իրավացի պահանջը: Այժմ, ըստ էության` խնդրի եւ նրա օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերի մասին:

Կաթի գինը նույնպես շուկայական է

90-ականների իշխանությունները եւ հատկապես վարչապետ Հրանտ Բագրատյանը նման դեպքերում անմիջապես հայտարարում էր, որ պետությանը դեր չունի այստեղ եւ շուկան պետք է որոշի, թե ինչ գին է ձեւավորվելու: Նրա ասածի մեջ կար ճշմարտություն: Այլ բան է, որ այն ժամանակվա իշխանությունները բոլոր խնդիրների վերաբերյալ էին նման դիրքորոշում հայտնում` իրենց վրայից գցելով դրա լուծման անգամ ամենափոքր պատասխանատվությունը: Ծայրահեղ դեպքում կոչ էին անում մարդկանց, անեկդոտ դարձած արտահայտությամբ` «ըմբռնումով» մոտենալ ստեղծված իրավիճակներին:

Այն, որ հիմա կառավարությունը եւ մասնավորապես գյուղնախարարությունը փորձում են միջամտել եւ միջնորդի դեր ստանձնել գյուղացիների եւ մթերողների միջեւ ծագած վեճերին, անշուշտ, պետք է դրական վերաբերվել: Սակայն, չպետք է մոռանալ, որ մեր երկրի տնտեսությունը, այդուհանդերձ, շուկայական է, այլ ոչ թե պլանային-սոցիալիստական: Հետեւաբար, գները ձեւավորվում են շուկայական տնտեսության կանոններին համապատասխան, այլ ոչ թե խորհրդային ժամանակների գների պետական կոմիտեում: Այսինքն, այդ գները կարող են փոփոխվել անկախ մարդկանց ցանկություններից` կապված ինչպես մեր ներքին շուկայում` Հայաստանում, այնպես էլ արտաքին շուկաներում` այլ երկրներոմ տեղի ունեցող գործընթացների ազդեցության ներքո: Սա, ի դեպ, միայն կաթի գնին չի վերաբերում: Հիմա էլ կառավարության մեծագույն թերացումն այն է, որ չի փորձում մարդկանց գիտակցությանը հասցնել այս իրողությունը ու դրանով էլ բարդացնում հենց իր վիճակը:

Բնակչության գիտակցության մեջ մտած է խորհրդային տարիներից եկող մտայնությունը, որ ամեն ինչ` դրական եւ բացասական, պետք է անի կամ անում է պետությունը: Անհեթեթ է, բայց այդ գիտակցությունը փոխանցվել է երիտասարդ սերնդին, որը թեեւ չի ապրել խորհրդային երկրում, չի տեսել այն, չգիտի պլանային-սոցիալիստական տնտեսության մասին, բայց դատողություններ է անում ճիշտ այնպես, ինչպես իր նախորդ սերունդը: Ինչպես այլ դժգոհությունների ժամանակ, կաթի գնի շուրջ բողոքները եւս ունեն այս նույն մտածողությունը:

Մինչդեռ, պարզ է, որ կաթ մթերողները (արտադրողները) ոչ թե պետական, այլ մասնավոր ձեռնարկություններ են: Պետությունը, կառավարությունը չի կարող եւ իրավունք էլ չունի նրանց վաճառքի կամ մթերման գներ թելադրել, ինչը ուղղակի կնշանակի քարուքանդ անել բիզնես միջավայրն ու տնտեսությունն ընդհանրապես: Ճիշտ նույն կերպ պետությունը չի կարող պահանջել գյուղացիներից, որ նրանք իրենց ապրանքը շուկայում վաճառեն ոչ թե իրենց ցանկացած, այլ պետության պահանջած գնով: Այս պարզ ճշմարտության ընկալումը պետք է ամեն օր, ամեն վայրկյան հասցնել բնակչությանը: Այլապես մարդկանց ընկալմամբ, ժողովրդավարական երկրում իրենք ունեն խոսքի ազատության իրավունք, բայց տնտեսությունը պետք է շարունակի պլանային մնալ, գներն էլ պետությունը կարգավորի: Նման բան չկա աշխարհի ոչ սոցիալիստական որեւէ երկրում:

Տվյալՙ կաթի գների հետ կապված վեճի պարագայում, պետությունը պետք է հանդես գա միայն միջնորդի եւ հաշտարարի դերում, այլ ոչ թե իր վրա վերցնի մի տնտեսվարողի դժգոհությունը մյուսի նկատմամբ: Կառավարությունը պետք է համաձայնության եզրեր գտնի, մոտեցնի տեսակետների տարբերությունները իրար եւ դրանով նա արդեն իսկ նշանակալի գործ արած կլինի թե՛ գյուղացիների, թե՛ մթերող ձեռնարկությունների համար: Մնացած բոլոր դեպքերում, պետության յուրաքանչյուր որոշում անընդունելի է լինելու կողմերից մեկի համար:

Կաթի ինքնարժեքը եւ գյուղացիների ծախսերը կարելի է իջեցնել, բայց…

Նկատի ունենալով վերոնշյալը` որ մենք ապրում ենք շուկայական տնտեսության մեջ, անասնապահությամբ զբաղվող եւ կաթը ձեռնարկություններին հանձնող գյուղացիները պետք է վաղուց արդեն իրենց գործունեությունը համապատասխանեցնեին ներկա իրողություններին: Նրանք լավ գիտեն, որ ձմռանը կաթի գինը սովորաբար բարձրանում է, իսկ ամռանը մոտենալուն զուգահեռ` իջնում: Իմանալով այդ իրողությունը, նրանք առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկեին իրենց ծախսերը հետեւաբար եւ կաթի ինքնարժեքը նվազեցնելու ուղղությամբ: 4-5 տարի առաջ, երբ կրկին նման խնդիր էր բարձրացվել գյուղացիների կողմից, մենք այս հարցի շուրջ զրուցեցինք կաթ արտադրող ընկերություններից մեկի տնօրենի հետ: Նա նշել էր այն քայլերը, որ գյուղացիները պետք է անեն այդ ուղղությամբ եւ հայտարարել, որ ընկերությունը պատրաստ է աջակցել գյուղացիներին կաթի ինքնարժեքն իջեցնելու հարցում: Այդ քայլերի մեջ, բնականաբար, չկար ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի` այս անգամ էլ դատարկությամբ աչքի ընկնող մոտեցումը, ըստ որի գյուղացիները կմորթեն իրենց անասուններին, քանի որ կաթը իրենց ուզած գնով չի մթերվում:

Առաջին քայլը անասնահոտի բարելավումն է: Խոսքը բարձր կաթնատվությամբ կենդանիների ստացման մասին է: Ներկայումս գյուղացին նույն կերը կովին տալով, ստանում է ավելի քիչ արտադրանք, քան կստանար բարձր կաթնատվության կենդանուն դա տալով: Հաջորդը կերի ապահովումն է: Համակցված կերերի փոխարեն կենդանիներին խոտ է միայն տրվում: Գարունը կենդանին նիհարած արոտավայր է դուրս գալիս եւ վերականգնում իր հյուծվածությունը, իսկ երբ պատրաստ է լինում կաթ տալու, արդեն խոտն է վերջանում: Բավականին լուրջ խնդիր է, որ գյուղացիներն առանձին-առանձին են բերում հանձնելու կաթը: Այն դեպքում, երբ կարելի է դա անել միասին եւ լրջորեն խնայել վառելիքը:

Եվ ամենակարեւորը, որ առանձնացրել էր մեր զրուցակից ընկերության տնօրենը, անասունների ծինը կարգավորելու խնդիրն է: Ներկայումս կովերը ծնում են նույն ժամանակահատվածում: Դա աշնան վերջ-ձմռան սկիզբն է: Արդյունքում, հունվար-փետրվար ամիսներին ստացվում է նվազագույն քանակի կաթը, որվհետեւ հորթերն են կերակրվում: Գարնանը կովերը սկսում են կաթ տալ եւ արդյունքում ստացվում է ձմեռվա համեմատ 7-10 անգամ ավելի շատ կաթ: Այստեղից էլ կաթի գնի նման տատանումը: Առավել նպատակահարմար է արհեստական բեղմնավորման միջոցով կովերի ծինը կարգավորել, ինչի արդյունքում գների նման կտրուկ տատանում չի լինի, ձեռնարկություններն էլ հավասարաչափ կաթ կմթերեն ամբողջ տարվա ընթացքում, այլ ոչ թե գարնան մթերածը չոր կաթի վերածեն կամ ներմուծեն: Վերոնշյալ խնդիրների լուծումը գյուղացիների համար ավելի էժան եւ հեշտ կլինի, եթե նրանք միանան եւ համատեղ փորձեն լուծել այդ եւ նման խնդիրները: Սակայն դա տեղի չի ունենում, նրանք չեն վստահում միմյանց, եւ խնդիրները մնում են: Թեեւ տնօրենը հավաստիացրել էր, որ, այդուհանդերձ, իրենք հիմա ունեն ֆերմերներ, որոնք յուրաքանչյուր ամիս նույն քանակի կաթ են տալիս:

Կաթնամթերքի մանրածախ գները, սակայն, չեն փոխվում

Միեւնույն ժամանակ, շուկայական տնտեսության կանոնների մասին պետք է հիշեն նաեւ կաթ մթերող ձեռնարկությունները: Եթե մթերվող կաթի գինը սեզոնով պայմանավորված իջնում է, ապա դա պետք է անդրադառնա նաեւ իրենց արտադրած կաթնամերքի գների վրա: Գոնե անցած մեկ ամսվա ընթացքում նման երեւույթ գրեթե չի նկատվում: Այս ընթացքում որոշակիորեն նվազել են միայն որոշ ընկերությունների արտադրած պանրի եւ մասամբ էլ կաթի մանրածախ գները: Ընդհանուր առմամբ, կաթնամթեքրի մնացած բոլոր տեսակները` մածուն, թթվասեր, կաթնաշոռ, կեֆիր, յոգուրտ եւ այլն, մնացել են անփոփոխ:

Վերադառնալով կաթի մթերման գնին, նշենք, որ պետության միջնորդությամբ այստեղ կողմերը կարծես թե պայմանավորվածության են եկել` գինը ամառվա ընթացքում 130 դրամ պահելու շուրջ: Դժվար է ասել, դա որքան կգործի: Առավել դժվար է կանխատեսել, դա, այնուամենայնիվ, կազդի՞ կաթնամթերքի վաճառքի մանրածախ գնի վրա, թե՞ արտադրող ընկերություններն էլ, իրենց հերթին, շուկայական տնտեսության կանոնների մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ դա իրենց է ձեռնտու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՐԵՄԼԸ ՏՈՒՆ ՉԷ

Հաջորդ գրառումը

ԸՍՏ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ, ՏԱՐԻՆ ԲԵՐՔԱՌԱՏ ԿԼԻՆԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԸՍՏ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ, ՏԱՐԻՆ ԲԵՐՔԱՌԱՏ ԿԼԻՆԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական