Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՌԼՈՍ ԱՆԹԱՌԱՄՅԱՆ. «ՄԵՔՍԻԿԱՀԱՅԵՐՍ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՆՔ ՔԻՉ, ՍԱԿԱՅՆՙ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ»

29/05/2015
- 29 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Կառլոս Անթառամյանն իմ հանդիպած միակ մեքսիկահայն է, Մեքսիկայի փոքրաթիվ հայ համայնքի գործուն անդամներից մեկը, որը զբաղվում է այդ գաղթավայրի պատմության եւ հայությանը վերաբերող այլ թեմաների հետազոտմամբ: Անցած ապրիլին Հայաստանում նա ակտիվորեն մասնակցեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին, նաեւ որպես դիտորդՙ Արցախի խորհրդարանական ընտրություններին: Երեւանի իսպանական ակումբում նա ցուցադրեց 1957-ին ամերիկահայ Ֆիլիպ Բոյաջյանի նկարահանած «Հայերը Մեքսիկայում» կինոնկարը, որի միակ օրինակը գտնվում է իր մոտ: Մեր հանդիպման ընթացքում Կառլոսին խնդրեցի պատմել իր գործունեության եւ Մեքսիկայի հայ համայնքի մասին:


– Ծնվել եմ 1972-ին, Մեքսիկոյում: Հայրսՙ Էդուարդո Անթառամյանը, նույնպես ծնվել է Մեքսիկոյում, մայրս մեքսիկուհի էՙ իսպանա-հնդկացիական ծագումով: Հայրական մեծ մայրսՙ Վիկտորյան, պոլսեցի էր, իսկ մեծ հայրսՙ Կարապետը, խարբերդցի, Խոշի գյուղից, Փեռիի մոտ, այսօր կոչվում է Արփասար, Դերսիմի մոտ է, տաս օր առաջ այնտեղ էի: Կարապետ պապս Մեծ եղեռնի վերապրածներից էր: Միակ բանը, որ նա պատմում էր, այն էր, որ իր մայրը եւ փոքր եղբայրները ինքնասպան են եղելՙ նետվելով գետը, չդիմանալով ընտանիքի մյուս անդամների կոտորվելուն, պապիս փրկել է մի քուրդ ընտանիք, հետո նա հասել է Հալեպ, որտեղից էլ մեկնել է Մեքսիկա: Այս տարի ես գնացի այդ գետի մոտՙ հարգանքս մատուցելու այնտեղ իրենց վախճանը գտած իմ նախնիներին: Ի դեպ, վեցամյա դուստրսՙ Կալին, իմանալով, թե ուր եմ գնալու, տվեց ինձ իր խաղալիքներից մեկը եւ խնդրեց, որ գետը նետեմ…

Մեքսիկոյի Ազգային համալսարանում ուսանել եմ միջազգային հարաբերություններ, ապաՙ սոցիալական մարդաբանություն Մորելիայում (Միչոական): Թեկնածուական թեզս վերաբերում է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը տարբեր վայրերում: Այդ նպատակով ոգեկոչման արարողություններ եմ նկարահանել Փարիզում, Մոնտեվիդեոյում, Բուենոս Այրեսում, Ստամբուլում, Երեւանում, հարցազրույցներ վարել տարբեր անձանց հետ: Իմ աշխատությամբ փորձում եմ ցույց տալ եւ վերլուծել այն ընդհանրությունները եւ տարբերությունները, որ կան ապրիլքսանչորսյան առաջին ոգեկոչումից (Կոստանդնուպոլիս, 1919) մինչ օրս կատարվող հիշատակի հանդեսների միջեւ. օրինակՙ մինչեւ 1965-ը օրինաչափորեն հիշվում էին մեր զոհերը, սակայն պահանջներ չէր առաջադրվում: Հուսով եմՙ հաջորդ տարի ավարտել այդ թեմային նվիրված իմ գիրքը:

Տարիներ շարունակ ուսումնասիրում եմ նաեւ Մեքսիկայում հայերի ներկայության պատմությունը, հավաքում եմ գրավոր նյութեր, լուսանկարներ եւ տեսանյութ, արդեն նկարահանել եմ այս թեմայով մի փոքր փաստագրական ֆիլմ: Մեքսիկոյում ինկվիզիցիայի արխիվներում հայտնաբերել եմ 1632-ին գրված մի հայերեն փաստաթուղթ, ըստ որի հայազգի Ֆրանսիսկո Մարտինը դիմել է ինկվիզիցիայինՙ մեղքերի համար թողություն ստանալու: Սա, հավանաբար, հնագույն փաստաթուղթն է, որ գրվել է հայոց լեզվով Ամերիկա աշխարհամասում: Նույն արխիվում գտել եմ նաեւ մի քանի փաստաթուղթ 18-րդ դարում ապրած հայորդի Դոն Պեդրո դե Սառատեի մասին, որի անունը հայտնի է պատմագրությանը: 54 արխիվային փաստաթղթերում հիշվում են 18-րդ դարում Ֆիլիպիններում ապրած հայերը (քանի որ այդ ժամանակ Ֆիլիպինները Նոր Իսպանիայիՙ Մեքսիկայի գաղութն էր): 19-րդ դարից գտել եմ հրաշալի մի պատմական դեմքիՙ Հակոբ Հարությանին, որի մասին մենագրություն եմ պատրաստում: Նա հալեպցի էր, 1883-ին մեկնել է ԱՄՆ, մինչեւ 1889-ը ծառայել ամերիկյան բանակում, այնուհետեւ եկել Մեքսիկա, եղել հանքախույզ, մի քանի հանք է հայտնաբերել, այդ թվումՙ Մեքսիկայի մեծագույն ոսկու հանքը: Երբ սկսվել է Մեքսիկական հեղափոխությունը, նա օգնել է հեղափոխականներին, մտերմացել հեղափոխության առաջնորդիՙ Ֆրանսիսկո Մադերոյի հետ (պահպանվել է նրանց համատեղ լուսանկարը): Հետագայում նա դարձել է գեներալ, ծառայել դիկտատորական կառավարությանը, կռվել Զապատայի, Պանչո Վիլյայի դեմ: Երբ կառավարությունը պարտվել է, նրան աքսորել են Նյու Օռլեան, իսկ կյանքի վերջին տարիներին ապրել է Դոմենիկյան Հանրապետությունում: Հակոբը եղել է իսկական հայ մարդ: Դոմենիկյան Հանրապետության մի փոքր քաղաքում գտնվող նրա մեծ տունը կոչվել է Կասա դել Արմենիոՙ Հայի տուն (այժմ այն քաղաքապետի տունն է): Ես կապի մեջ եմ գեներալ Հարությանի թոռանՙ Ռուդի Հարությանի հետ (ի դեպ, նա սեւամորթ մոր զավակ է), որը Դոմենիկյան Հանրապետությունում զբաղվում է զբոսաշրջային լրագրությամբ:

Մեքսիկայում մեր համայնքը միշտ եղել է փոքր, երբեք չի ունեցել ենթակառույցներՙ եկեղեցի, դպրոցներ. միայն որոշ ժամանակ գործել են Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության մասնաճյուղերը: Սակայն 20-րդ դարում մենք ունեցել ենք մի շարք հետաքրքրական դեմքեր, որոնք կարեւոր դեր են ունեցել ինչպես համայնքի, այնպես էլ առհասարակ Մեքսիկայի հանրության համար: Արդեն հիշածս անուններին ավելացնեմ երեք ականավոր կանանցՙ պարուհի եւ գրականագետ Արմեն Օհանյանի, աստղագետ Պարիս Փիշմիշի եւ արձակագիր Էմմա Դոլուխանովի անունները:

Կարեւոր է ասել, որ ներկա շրջանում, 1940-ից մինչեւ 2000-ականների կեսը, Մեքսիկայի հայերը մեկուսացած են եղել միմյանցից: Սակայն երբ Ադրբեջանի դեսպանատունը մայրաքաղաքում կանգնեցրեց Հեյդար Ալիեւի հուշարձանը, տեղի հայերը համախմբվեցին եւ սկսեցին պայքարել հուշարձանի ապամոնտաժման համար (ինչը, եթե հիշում եք, տեղի ունեցավ երկու տարի առաջ): Նաեւ հիսուն տարվա մեջ առաջին անգամ մեքսիկահայերը ոգեկոչեցին Ապրիլի 24-ը: Անցած տարի Հայաստանի կառավարությունը դեսպանատուն բացեց Մեքսիկոյում, եւ տեղի հայերս վերջապես հավաքատեղի ունեցանք: Մեր դեսպանը Մեքսիկա հրավիրեց Լոս Անջելեսի հայերի հոգեւոր առաջնորդին. հավանական է, որ ապագայում մի փոքր եկեղեցի հիմնադրվի Մեքսիկոյում: Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ գործունեություն ծավալեցինք Մեքսիկոյում եւ Էնսենարայում, երկրի լավագույն թանգարաններից մեկումՙ Հանդուրժողականության թանգարանում կազմակերպեցինք Մեծ եղեռնին նվիրված ցուցահանդես, նաեւՙ ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի դասախոսությունը: Մենք նաեւ ծրագրել էինք Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի փառատոն, որը տեղի չունեցավՙ Թուրքիայի դեսպանատանՙ Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության վրա բանեցրած ճնշման պատճառով: Հատկանշական է, որ Մեքսիկան այսպիսի ժխտողականություն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ: Մենք նաեւ պայքարում ենք Մեքսիկայի կառավարության կողմից Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն որակելու որոշման դեմ: Ադրբեջանի դեսպանը հակահայկական պրոպագանդա է կատարել ոչ միայն Մեքսիկայի սենատորների եւ կառավարության անդամների, այլեւ Կոլումբիայի, Պանամայի, Հոնդուրասի, Կոստա-Ռիկայի իշխանությունների շրջանում, այդ երկրների պետական այրերին հրավիրել են Բաքու: Մի խոսքով, խավիարային դիվանագիտությամբ փորձում են իրենց կողմը գրավել այն երկրներին, որտեղ չկան հայեր եւ հայկական լոբբի: Արդյունքումՙ Կոլումբիան եւս ճանաչել է Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն: Սա կարեւոր խնդիր է, որի մասին պետք է իրազեկ լինենք եւ որի դեմ ամեն կերպ պետք է պայքարել: Ի դեպ, նշեմ, որ իրականում Կենտրոնական Ամերիկայի որոշ երկրներում ցրված են ապրում հատուկենտ հայերՙ Գվատեմալայում, Նիկարագուայում, Կուբայում. այս մասին հոդվածով հանդես է եկել Հոնդուրասում բնակվող Պեդրո Պողոսյանը:

Զարմիկիս հետ Մեքսիկոյում հիմնել եմ մի փոքր հրատարակչություն, որ կոչվում է «Այբբենգիմ»: Հրատարակել ենք Մեքսիկայի հայերին վերաբերող «Արարատից Պոպոկատեպետլ» (2011) գիրքը, մյուսը Համբարձում Չիթճյանի հուշերի իսպաներեն թարգմանությունն է: Վերջինս Մեքսիկայում հրատարակված առաջին գիրքն է, որ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Կազմակերպեցինք գրքի շնորհանդեսը, մեքսիկական տարբեր հանդեսներում գրախոսականներ տպագրվեցին: Այսպիսով մենք աշխատում ենք ինչպես հանրային, այնպես էլ կառավարական մակարդակով ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը:

Այժմ Մեքսիկայում բնակվում է 1500-2000 հայ: Թերեւս հազար հոգին Եղեռնից փրկվածներիՙ 1923-1928 թթ. եկածների սերունդն է: Մնացած հազարը այլ երկրներից եկած հայեր են, նաեւ Հայաստանից, որ եկել են 1991-ից սկսած: Նրանց ճնշող մեծամասնությունը տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ ենՙ գիտնականներ, ճարտարապետներ, երաժիշտներ, նկարիչներ: Մեքսիկոյի Ազգային համալսարանում այսօր 10-15 հայաստանցի մասնագետներ կանՙ ֆիզիկոսներ, աստղագետներ, բժիշկներ: Այնպես որՙ այն կրթական բարձր մակարդակ ունեցող հայաստանյան նոր համայնք է: Սա ինչ-որ առումով տխուր է, քանի որ այս մարդիկ աշխատանք չեն գտել Հայաստանում եւ ստիպված են եղել հասնել մինչեւ Մեքսիկա: Երբեմն Մեքսիկայում հայեր են հաստատվում նաեւ այլ երկրներից. առանձնացնեմ հիանալի նկարիչ Վաչե Գեովջելյանին, ծնունդով Ադիս Աբեբայից, որը բնակվում է Պացկվարո քաղաքում: Այստեղ իսպաներեն չեն խոսում, բնակիչները միայն հնդկացիներ են, Վաչեն էլ ամուսնացել է հնդկացի կնոջ հետ…

Մեքսիկոյից բացի հայեր են ապրում նաեւ Տիխուանայում եւ Էնսենարայում: Այնտեղ է ապրում Խրիմյան Հայրիկի գերդաստանի շառավիղներից մեկը, որին է պատկանում քաղաքի «Արարատ» ռեստորանը: Ակապուլկոյի, Կերետարոյի եւ Չիուաուայի սիմֆոնիկ նվագախմբերում շատ հայաստանցիներ են աշխատում: Անցած փետրվարին Մեքսիկայի քաղաքներից մեկում մահացավ պատմաբան Մանուել Սարգիսյանցը, որը Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր էր, մեծ ինտելեկտի տեր մի անձնավորություն, որը խոսում էր յոթ-ութ լեզվով: Նա ծնունդով Ադրբեջանից էր, մեծացել էր Թեհրանում, պատմություն էր ուսանել Գերմանիայում եւ Չիքագոյում, հեղինակ է անգլերեն աշխատությունների, որ վերաբերում են Անդրկովկասի պատմությանը, Ֆիլիպինների, Բիրմայի հեղափոխությանը եւ այլն: Այսօր մեքսիկահայերից կարող եմ հիշել նաեւ սալսա երգի մեծ ճանաչում ունեցող կատարող Սիրաք Բալոյանին (որի գինեգործ ընտանիքը, ի դեպ, իր արտադրած գինիներից մեկն անվանել է «Սիրաք»), կինոդերասանուհի Ռոսա Գլորիա Շաղոյանին, որի նախնիները Մեքսիկա են եկել դեռ 19-րդ դարի սկզբին, բանաստեղծուհի Նելլի Քյոսեյանին, Մեքսիկոյի Ազգային համալսարանի երբեմնի ռեկտոր Խոսե Սարուխանին, որի որդինՙ Արտուրո Սարուխանը, ժամանակին եղել է Մեքսիկայի դեսպանն ԱՄՆ-ում, Ավետիս Ազնավուրյանին, որը եւս Մեքսիկոյի համալսարաններից մեկի ռեկտորն էր եւ այլն:

Այժմ մի փոքր խմբով կատարում ենք մեքսիկահայության անցյալին վերաբերող լուսանկարների մշակումը, փորձում ենք ճշտել լուսանկարների անձանց ինքնությունը եւ մի նոր գիրք հրատարակել Մեքսիկայի հայության վերաբերյալ: Պետք է թվայնացնենք նաեւ «Հայերը Մեքսիկայում» ֆիլմը, որը կարեւոր վավերագիր է մեր պատմության համար:

Հայաստանում եմ երրորդ անգամ: Առաջին անգամ 2003-ին էր, հետոՙ 2004-ին. այդ ժամանակ ունեցա հայերենի առաջին դասերս: Այս տարի, ինչպես նշեցի սկզբում, նախ եղա Արեւմտյան Հայաստանում: Պապիս ծննդավայր Խոշիում հարցազրույցներ նկարահանեցի տեղացի քրդերի հետ: Մինչեւ հիմա մենք խոսեցրել ենք վերապրածների, պետք է սկսենք նաեւ հարցազրույցներ այն քրդերի եւ թուրքերի հետ, ովքեր նույնպես պատմում են, թե իրենց պապերն ինչ են արել հայերին: Ի դեպ, քրդերի մեջ տարածված խոսք է, որ երբ մեկը տխրում է, նրան ասում ենՙ «այդ հայկական հայացքով ինձ չնայես»: Քրդերը լավ տեղյակ են Ցեղասպանությանը: Երբ Թունջելիում էի եւ մի քրդի ասացի, որ ես հայ եմ, որը եկել է գտնելու իր պապի գյուղը, նա անմիջապես ինձ ասացՙ շատ լավ, ես կլինեմ քո վարորդը, քեզ անվճար կծառայեմ, քանի որ գիտեմ, թե իմ պապը ի՛նչ վատ բաներ է կատարել ձեր հանդեպ, ես պետք է սրբեմ իմ վատ կարման… Չորս օր նա մշտապես ինձ հետ էր, ամեն կերպ օգնում էր: Համբարձում Չիթճյանի գրքում կար այդ տարածաշրջանի քարտեզը, որտեղ նշված էր նաեւ մերՙ Անթառամյանների տունը, ուստիեւ ես գտա իմ պապական օջախը, ավելի ճիշտՙ այն, ինչ մնացել էր նրանից: Մի քուրդ ասաց, որ հավանաբար այդտեղ որոշ հողակտորներ պատկանել են պապիս, եւ եթե ես ուզում եմ, ինքը կարող է գնալ գյուղապետի մոտ եւ ասել, որ այդ տարածքներն ինձ վերադարձնեն: Այնուհետեւ ավելացրեց, որ այդտեղ ամեն ինչՙ գետը, ծառերը, թռչունները, բոլորը հայկական են, եւ մենք կարող ենք վերադառնալ այնտեղ: Բայց հարց է առաջանում, թե վերադարձողներ կլինե՞ն երբեւէ: Ես ինքս կվերադառնա՞մ արդյոք այդ շատ փոքր գյուղը… Չգիտեմ, այս մասին իրոք մտածել է պետք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿՈՄԻՏԱՍ ՌԱԴԻՈԺԱՄ»ՙ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑՉԻՍ` ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑՉԻՍ` ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական