Երբեմն այնպես է թվում, որ կյանքն անցնում է մեր ժողովրդի 80 տոկոսի կողքից` այդպես էլ գոնե մեկ-երկու կետում չհպվելով նրան: Ու, գիտեք, այդպիսի զգացողություն կա նաեւ պետության առումով: Թվում է` աշխարհի բարիքները հոսում են մեր պետության կողքով` պայմանագրերը, փոխշահավետ հաղորդակցությունը, ներդրումները լցվում են մյուս պետությունները, մերը` վարկն է ու վարկը, վա՛րկ, վա՛րկ, ահռելի պետական պարտք` ամենքիս պարտքի ձնագունդն ավելացնող–հաստացնող: Այսպիսի պետության մեջ, որտեղ վարկի են սպասում, որ խնդիր լուծեն, թվում է պաշտոնյաները պետք է ամոթից գետինը մտնեին` շքեղ ապրելակերպի ատրիբուտների անհարկի ցուցադրումից կամ թանկարժեք մեքենաներով հանրության աչքի առաջ վերուվար անելուց զերծ մնալով: Բայց ամոթից մեռած գեթ մի պաշտոնյա չգիտեմ, ավելին` անտրամաբանական շվայտությունը ուղիղ համեմատական է հանրության աղքատությանը, մեր ճկույթաչափ աշխատավարձերին եւ հասնում է անգամ սեփական տիկնանց զգեստի գույնին համարժեք թանկ ծաղիկներով զարդարելու ամենօրյա անիմաստությանը:
Շատ տարիներ առաջ ազգովին գծեցինք այն շրջանակը, որի ներսում պետական բարձր պաշտոնյաների նույն խումբը ներքին պատի երկայնքով մշտական պարի է բռնված, երբեմն-երբեմն պարախմբի մեջ պարակիցների տեղերը փոխելով, պտույտը փոփոխության պատրանք ներկայացնելու աճպարարությամբ, որին ուսերը թոթվելով նայում է շրջանից դուրս մնացած հանրությունը: Եւ միայն: Շրջանի ներսում երբեմն հանգստանում են պարից, երբեմն հոգնած նստում, երբեմն իրենց երիտասարդ ժառանգներին են ուղարկում մենապարելու, պարի վարպետությունն ու փորձը անկարեւոր համարելով: Բայց կարեւորը` շրջանը երբեք ճեղք չի տալիս, մասնակիցներն իրար ձեռքերից բռնած են մնում անգամ քնած վիճակում: Իսկ հանդիսատես ժողովուրդը` սոված թե ծարավ, հոսանքի, թե գազի թանկով, անպանիր ու անմիս` նայում ու նայում է, նայում ու նայում է…
Մեծ-մեծ ճառերի պակաս չի եղել այս տարիներին, բայց գործնականում մեր կյանքը չի փոխվում: Ահա, օրինակ, Ազգային ժողովը շարունակում է իր դոմինանտ մասնակցությունն ունենալ երկրի արտաքին պարտքի մեծացման գործում` հենց վերջին քառօրյայում քննարկմամբ եւ քվեարկությամբ վարկերի նոր խմբաքանակի ուղեգիր տալով հիմնական պարողներին, ինչպես եւ առաջ` Կոտայքի մարզում ու Սեւան քաղաքում կուտակված աղբի կառավարումն այսուհետ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ստացվելիք մի խիստ կլորիկ (3,5 մլն եվրո) եւ «ուտելու» բոլոր ձեւերի համար հարմար գումարով կիրականացվի։ Դրանից մի ավելի կլորիկ գումար կուտվի Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամից «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրով Հայաստանի ստանալիք վարկից: Շատ տարիներ անց, երբ գուցե չեն լինի ներկա Ազգային ժողովի ավագ տարիքի պատգամավորները, Հայաստանը կճռռա այս եւ ուրիշ շատ վարկեր վերադարձնելու պարտավորությունների տակ: Բայց դա չի խանգարում, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս նոր վարկերի ահռելի մասնաբաժինները փոշիանան խորհրդատվություն անվան տակ, իսկ բուն գումարն անարդյունավետ ծախսով ու «ատկատներով» հալվի-անէանա` դույզն ինչ չշտկելով Հայաստանի մեջքը: Բարի ախորժակ հիմնական եւ մշտական պարողներին: Ամեն ինչ այնպես է. ինչպես տարիներ շարունակ, ոչ մի բան չի կարող սասանել մշտական ուտողների ախորժակը, իսկ հանրությունը պարզապես կարող է եւ չուտել: Իզուր էլ խոսում ենք, ինչպես, ի դեպ, նաեւ ԱԺ բոլոր այն պատգամավորները, որոնք մտահոգված էին այս նոր վարկերի փոշիացմամբ եւ Հայաստանի պարտքի նոր ավելացմամբ: Ընդհանրապես` Ազգային ժողովում այս քառօրյայում ուրիշ նոր` կարեւոր ու անկարեւոր նախագծեր էլ էին քննարկում եւ ընդունում: «Հանաքվեի մասին» օրենքն է փոխվում` մեծացնելով այն ժամկետը, որը հարկավոր է հանրաքվեի նշանակման եւ անցկացման համար (ավելացվում է գործընթացի անցկացման ժամկետի նվազագույն շեմը` 45-60 օրվանից այն դարձնելով 55-60 օր): Ակնհայտ է, որ պատրաստվում ենք սահմանադրական փոփոխություններին:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի փոփոխությամբ` արժութային ու դրամական բանկային ավանդների համար սահմանված երաշխավորված հատուցման դրույքաչափերը 2 եւ 4 մլն սահմանաչափերից հասցվում է 5 եւ10 մլն դրամի` այդպիսով փորձելով վստահություն ամրապնդել հատկապես դրամական ավանդների բանկային երաշխիքների նկատմամբ:
Դատախազական
Հայաստանի գլխավոր դատախազը համոզված է, որ ամենակարեւոր ջանքերը ներդրվել են իր ղեկավարած համակարգի հանդեպ վստահություն վերականգնելու համար, իսկ հանրությունը շարունակում է մնալ ուրիշ կարծիքի, ու այս երկկողմ դրսեւորումը երկու օր երեւում էր հայոց խորհրդարանում, քանի որ այս անգամ գլխավոր ինտրիգը խորհրդարանում ավելի շատ Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հաղորդմանն էր վերաբերում: Չանդրադառնալով 2014 թվականի գործունեության մասին բուն հաղորդմանը (այն խճողված էր կոռուպցիայի, ոչ պրոֆեսիոնալ գործունեության եւ անպատժելիության դեմ պայքարի վերաբերյալ տեսական ձեւակերպումներով եւ հանցագործությունների դեմ պայքարի մի շարք թվերով), մենք հակված ենք գլխավոր դատախազ-պատգամավորներ երկխոսությունից հանրությանը հետաքրքրող մանրամասներ փոխանցել, չնայած այդ երկխոսությունն էլ հաճախ ավելի շուտ գիտատեսական սեմինարի էր նմանվում: Հարցերը քաղաքական հարթույթում քննարկելուց խուսափելու պատճառաբանությամբ նա իրավաբանության դասընթաց էր կազմակերպել պատգամավորների համար: Նա ասում էր, որ հանրության վստահությունը համակարգի նկատմամբ, առհասարակ արդարադատության ընկալումը հասարակության մոտ կախված է կադրերի պրոֆեսիոնալիզմից, ու հիմա արդեն դատախազները նշանակվում են այլ կարգով` ճիշտ հիմքերի վրա է դրված այդ գործը:
Պերմյակովի գործով . հետաքրքրական շեշտադրում արեց Գ. Կոստանյանը, թե գործով ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, ինչը ռուս եւ հայ իրավապահների պրակտիկայում չի եղել ցօրս, եւ հիմա որոնվում է տարբերակ` համահունչ միջազգային իրավունքի նորմերին: Իսկ Պերմյակովին Հայաստանին հանձնելու հայ հանրության պահանջն էլ, ըստ Գ. Կոստանյանի, իրավացի է: Ավելի ուշ էլ ավելացրեց, թե ուրախ կլիներ, որ փորձառու իրավաբանները հիմնավորումներ ուղարկեին` իրավական կնճիռը լուծելու, քանի որ պրակտիկայի պակաս կա:
Սուրիկ Խաչատրյանի մասով . Սյունիքի մարզպետի շուրջ տեղի ունեցող աղմկոտ վերջին իրադարձություններից հետո, երբ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից երկու եղբայրներ էին տուժել (մեկ օր առաջ էլ իբր կրակել էին մարզպետի մեքենայի վրա), բնական է, որ պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինչ քայլեր է ձեռնարկում դատախազությունը կամ` ինչու չի ձեռնարկում:Նախ նպատակահարմար ենք համարում գլխավոր դատախազի ամենավերջին պատասխանը մեջբերել.«Հանցագործությունը, տվյալ անձի մասնակցությունը հանցագործությանը ապացուցվեց` դատի կտամ, մեղադրանք կառաջադրեմ, ապացուցվեց, որ անմեղ է` ինչ հասարակական ընկալում, պահանջ ուզում է լինի` երբեք դատի չեմ տա…Քննչական կոմիտեն հիմա քննություն է իրականացնում, եւ շատ արդյունավետ: Ապացույց ձեռք բերվեց` դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ` ով ուզում է լինի», ասաց նա: Ավելի վաղ Բուդաղյաններ-Սուրիկ Խաչատրյան գործով վերջինիս չմեղադրելու Նիկոլ Փաշինյանի մեղադրանքին ի պատասխան էլ ասել էր, թե ինքը պատասխանատու է ցանկացած` այդ թվում տվյալ որոշման համար:
Գոհար Ենոքյանի մասին Վահե Էնֆիաջյանի հարցին, թե ինչ հիմքով է խափանման միջոցը կալանք ընտրվել կամ մեղադրանք առաջադրվել` Գ. Կոստանյանը պատասխանեց, թե Գոհար Ենոքյանի տարիքը, կենսագրությունը, ձեռքբերումները մեղմացնող հանգամանքեր են, ոչ թե` հանցագործություն բացառող: Տրվել է հաղորդում հանցագործության նախապատրաստման վերաբերյալ, այդ դեպքում կասկածյալի կարգավիճակ է տրվում անձին. ծանր հանցագործության ` սպանության դեպքում միշտ ձերբակալվում է, որից երեք օր հետո ստորագրությամբ ազատ է արձակվել: Սակայն իրավական ապացույցների համար` որպես կասկածյալ ներգրավելու հիմքերը բավարար են եղել, դրանք հիմա ստուգման փուլում են, որից հետո դատական հեռանկարը կերեւա, դա էլ դեռ նախաքննության գաղտնիք է:
Մարգարիտ Եսայանը հարցրեց Եվրոդատարանի վճիռների մասին, նշելով, որ այդ վճիռները շռայլություն են մեր պետության համար, մինչդեռ դատավորների ճիշտ աշխատելու դեպքում դրանք նվազ կլինեին: Գեւորգ Կոստանյանը մտահոգիչ կամ օրինաչափություն դարձած բան չգտավ այդ վճիռներում` այլ երկրների հետ համեմատած: Մարտի մեկի դրությամբ 1800 դիմումից` 1200-ը անընդունելի է ճանաչվել ԵԴ կողմից: 55 դիմում է ընթացք ստացել մեր երկրից` համադրելի այլ երկրների թվերի հետ: Մինչեւ հիմա 802 հազար եվրոյի փոխհատուցման վճիռ է եղել, որոնց մի զգալի մաս պետությունը չի փոխհատուցել` 360 հազարի չափով կառուցապատողներն են տրամադրել գերակա շահի պատճառով տուժած դիմողներին:
Ո՞ր փուլում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը հիմա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ըստ Գ. Կոստանյանի` վերջնական որոշում կլինի 5-6 ամսվա կտրվածքով: Ինչպես եւ ավելի վաղ` Կոստանյանը կարեւոր համարեց երկու հանգամանք` Հոլոքոսթի հետ չհամադրել, քանի որ Հոլոքոսթը հաստատված փաստ է Նյուրնբերգյան դատավարությամբ, եւ երկրորդ` բացառելու համար որեւէ որոշում այն մասին, որ ցեղասպանություն չի եղել: Այնպես որ` հայկական կողմը ողջ ներուժն է ներդրել, ներառելով նաեւ միջազգային իրավաբանների, մանավանդ կան այն հիմքերը պնդելու` ՄԻԵԴ-ն այն սուբյեկտը չէ, որ պնդի եղե՞լ է ցեղասպանություն, թե՞ ոչ: