Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՈԶԴԵՄԻՐ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆԻՐԱՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԱՉՔ ՓԱԿԵԼ ԱՅԼԵՎՍ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»

15/05/2015
- 15 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Չեմ Էոզդեմիրի ապրիլի 24-ին Բունդեսթագում ունեցած ելույթին բավական մանրամասն անդրադարձել ենք առցանց «Ազգում»: Դաշինք 90- կանաչներ կուսակցության 2008-ից նախագահ, 49-ամյա Էոզդեմիրը ամենազգայուն ելույթն ունեցավ այդ օրըՙ դաշնային կառավարությանը քննադատելիս: Նրա ֆորտիսիմոն բնականաբար մի կողմից ծափերով ընդմիջվեց, մյուս կողմիցՙ ինչպես վկայեցին գոնե գերմանացի գործընկերներս, Անգելա Մերկելի ու արտգործնախարար Շթայնմայերի դեմքը ոչ միայն խոժոռվեց, այլեւՙ գույնը փոխեց: Գերմանացի լրագրողները, որ ինձ հետ միասին տեղ էին զբաղեցրել Բունդեսթագիՙ լրագրողների համար նախատեսված օթյակում, հեռվից էլ նկատել էին, որ 1994- ին Բունդեսթագում առաջինն ընտրված, ազգությամբ մի կողմիցՙ չերքեզ, մյուս կողմիցՙ թուրք պատգամավորը, անմոռուկի կրծքանշանով էր ներկայացել նիստին: Քննարկումից հետո մեր զրույցի հրավերը չմերժեց: Երբ սկզբում հարցրի, թե Բունդեսթագի ապրիլ 24-յան նիստին ընդառաջ, Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանխարգելիչ նպատակով փորձե՞լ է հանդիպել իրենց, այսպես պատասխանեց.

– Ոչ: Նրանք պիտի իրենց գործն անեն, դեսպանը պիտի ասի այն, ինչ կառավարությունը, երկրի նախագահն է ասում, բայց մեր դիրքորոշումը չպիտի կառուցենք ուրիշ երկրների, ուրիշ դեսպանների տեսակետներին համահունչ: Բոլոր բանախոսներն այսօր Բունդեսթագում հստակ նշեցին, թե այսօրվա ելույթները Թուրքիայի դեմ չէին, այլ համերաշխություն էին Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը, բոլոր նրանց, որոնք ցավում են հայերի, ասորիների, Պոնտոսի հույների, բոլոր քրիստոնյաների կորստի համար, ու գիտեն, թե Օսմանյան կայսրությունն ու դրա իրավահաջորդ Թուրքիան ինչքան են կորցրել:

– Ինչպե՞ս կվարվի Անկարան Գերմանիայի դեսպանի հետ: Նրան էլ կարտաքսի՞:

– Չգիտեմ, չեմ ուզում շահարկել: Թուրքիային միայն կարող եմ խորհուրդ տալ, որ Բունդեսթագի այսօրվա քննարկումը հերթական մի բան չէր, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կայզերյան Գերմանիայի իրավահաջորդն է, մենք անցյալի համար պատասխանատվություն ենք կրում, գիտենք ինչ է եղել ժամանակին, մեր դիվանագետներն ու միսիոներները ճշգրիտ տեղեկություններ էին հաղորդել արտգործնախարարություն, ի դեպ այդ փաստաթղթերը հասանելի են, հրապարակված, նրանք իրենց հաղորդագրություններում փաստել են ցեղասպանության մեջ Գերմանիայի մեղսակցության մասին, եւ երբ Գերմանիան խոսում է դրա մասին, ԳԴՀ նախագահըՙ երեկ, Բունդեսթագի նախագահնՙ այսօր, Բունդեսթագի 4 խմբակցությունների 4 պատգամավորներ կատարվածն անունով են կոչում, Թուրքիան է, որ հետեւություններ պիտի անի: Մենք արգենտինյան պառլամենտը չենք կամ ֆրանսիականը, Եվրոխորհրդարանը, մենք ոճիրն իրագործողների հետնորդներն ենք, մենք ասում ենքՙ եղածը ցեղասպանություն էր:Կարող ենք միայն մեր մասին ու մեր անունից խոսել, ոչ թեՙ այլ երկրների:Հարցն ուղղվում է Անկարային:

– Պարոն Էոզդեմիր, Դուք բազմիցս նշել եքՙ Թուրքիան պիտի բացի Հայաստանի հետ սահմանը, այլապեսՙ Հայաստանին հրում են Ռուսաստանի թեւի տակ պատսպարվելու:

– Ես դա դժբախտություն եմ նկատումՙ թե թուրքական, թե գերմանական, թե եվրոպական տեսանկյունից: Մեր հետաքրքությունից էլ չի բխում, որ առանց այդ էլ դեպի Ռուսաստան կողմորոշված Հայաստանը Մոսկվայի ուղին ընտրի, սա մենք ցավալիորեն տեսանք Եվրոպական Միության հետ ասոցիացման պայմանագրի ստորագրման ժամանակ, երբ Հայաստանը, վստահաբար Մոսկվայի ճնշման տակ, ՄՄ-ին, ԵՏՄ-ին անդամակցեց: Ես Հայաստանի ապագան չեմ տեսնում Մոսկվայի արբանյակի դերում հանդես գալու մեջ, Հայաստանն իրական անկախ պիտի լինի, անկախության մաս է կազմում սահմանի բացումը: Թուրքիան էական դերակատար է. Թուրքիայի սահմանը փակ է, ու սահմանին կանգնած են ռուս զինվորները, եթե Թուրքիան ցանկություն ունի, որ ապագայում Հայաստանի հետ իր հարցերը Մոսկվան կարգավորի, այժմյան քաղաքականությունը ճիշտ է, իսկ եթե ցանկություն ունի Հայաստանի հետ, որպես հարեւանը հարեւանի հետ խոսել, պետք է անհետաձգելի կերպով սահմանները բացի: Թուրքական տնտեսությունը Հայաստանում պիտի ներդրումներ անի, Հայաստանի համար դյուրին դարձնելով Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունները:Եթե Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի, կարող է Ադրբեջան- Հայաստան հարաբերությունների հարցում էլ միջնորդ դառնալ, այսօր նույնը չի կարող անել:

– Բազմիցս շեշտվել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներիՙ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան ձեւաչափը լիովին բավարարում է հակամարտության կարգավորման համար:

– Լավ, այն երկիրը, որ վճռորոշ դեր է կատարում այս հարցումՙ Ռուսաստանն է, որ Ադրբեջանի հովանավորն է ու զինամթերք է մատակարարում նրան:

– Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD ցուցադրեց, թե ինչպես է Թուրքիան զենք արտահանում Ադրբեջան:

– Գիտեմ դա: Բայց սա ցույց է տալիս, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու հարցում մեծ է Մոսկվայի հետաքրքրությունը» ձեւակերպումը միայն հարցման նշանով պիտի կետադրենք: Ռուսաստանի հետաքրքրությունը այդ հակամարտության լուծման հարցում մոտավորապես այնքան մեծ է, որքան Ուկրաինայի հետ կայուն հարաբերություն ունենալու կամ մեկ ուրիշՙ սառեցված հակամարտություն անվանյալ Վրաստանի հետ հարաբերություններն են: Ցավում եմ շատ, որ Թուրքիան այսպիսով սխալ կողմին է օգնում:

– Իրավացի եք, երբ նկատում եք, թե միջնորդ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, մյուս կողմից էլՙ Թուրքիային եք նկատում իբրեւ բանակցությունների միջնորդ այն պարագայում, երբ Թուրքիան էլ զենք է մատակարարում Ադրբեջանին:

– Լավ, Թուրքիայի դեպքում մեծ անակնկալ չէ: Իսկ Ռուսաստանը ներկայանում է որպես Հայաստանի հովանավոր պաշտպան եւ սրանով ցույց է տալիս, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում էլ կողմ է, որ այն շարունակվի. սա սառեցված հակամարտություն չէ, այլ եռացող հակամարտություն, որ, չմոռանանք, մարդկային կյանքեր է խլում:

– Այսօր Գերմանիան հստակեցրեցՙ ճանաչում է իր մեղսակցությունը, ինքն էլ պատասխանատվություն է կրում: Իսկ վաղվան, ապագային ուղղված ի՞նչ ուղերձ ունի: Ինչպե՞ս եք պատկերացնում հատուցումը:

– Այսօր բոլորը խոսեցին, որ մեր ներդրումը պիտի ունենանքՙ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների նորմալացման, սահմանը բացելու հարցում: Անկարայի հետ պիտի խոսենք սրա մասին, այն փաստարկները, որ կան, հուշում են, թե պիտի Անկարայի շահերից էլ բխի սահմանի բացումը: Կարեւոր է, որ Թուրքիան ինքնառերեսվի իր պատմությանը, Գերմանիայի արտգործնախարարության արխիվները նրանց տրամադրության տակ են, աշխարհով մեկ էլ հասանելի ուրիշ արխիվներ կան: Կարեւոր է, որ հիմա Թուրքիան իր երկրում ապրող հայերին, հրեաներին, հույներին, ասորիներին , առաջին կարգի քաղաքացի դարձնի, անելու մեծ գործ ունի Թուրքիանՙ այժմ հնարավորություն ունի օտարված հիմնադրամները, եկեղեցիներն իրենց տերերին վերադարձնել, մենք պատրաստակամ ենք օգնել այդ հարցերում: Իսկ Թուրքիայում քրիստոնյաների հանդեպ կատարվող անիրավությունների հանդեպ աչք փակել այլեւս չենք կարողՙ սեփական պատասխանատվությունից ելնելով:

– Հայերս անվտանգության երաշխիքներ ենք ուզում: Կարիք ունենք ուժեղ հանրապետության, որի հիմքը զորեղ տնտեսությունն է: Ի՞նչ երաշխիք կարող է տալ Գերմանիան այս առումով:

– Բայց Հայաստանը սխալ ընտրություն արեց ուրեմնՙ միանալով ՄՄ-ին:

– Հայաստանը միշտ ցույց է տվել, թե կոմպլեմենտար քաղաքականություն է վարում:

– Որեւէ մեկը չի էլ պահանջում Հայաստանից, որ անվտանգության նկատառումները մի կողմ դնելովՙ Մոսկվայից երես թեքի: Բայց կարծում եմ, խելամիտ չէ բոլոր խաղաքարտերը մի ուղղությամբ դնել եւ հարաբերությունները չդիվերսիֆիկացնելը: Հայաստանի կառավարության շահերից էլ էր բխում դիվերսֆիկացնելը, ասոցիացման պայմանագիրը ստորագրելը: Կարծում եմ, որ այս որոշումը Երեւանը չի կայացրել: Հավանաբար Մոսկվայում են կայացրել, իսկ Երեւանն այնուհետ միացել է: Շատ եմ ցավում դրա համար:

– Շատերն ասում ենՙ Հայաստանն իր հայացքի կողմնացույցը չի փոխել, այն շարունակում է հառել Եվրոպայինՙ Ռուսաստանը Եվրոպա է:

– Իհարկե Ռուսաստանը Եվրոպա է: Ռուսաստանի «Մեմորիալ»-ի իմ բարեկամները, իմ ընկեր Բորիս Նեմցովը, որ սպանվեց, բոլոր նրանք, որ ժողովրդավարացմանն են նպաստում, բացարձակ եվրոպացի են, բայց այն, ինչ Մոսկվայում հիմա է տիրապետում, եւ որը մենք ճանաչում ենք սառը պատերազմի տարիներից, ԿԳԲ-ից, չենք ընդունում: Ոչ Մոսկվայում, ոչ էլ ուրիշ որեւէ երկրում չենք ընդունում: Անկախ երկրներին իշխելու փորձը, քաղաքականության վրա ազդեցություն բանեցնելը կամ սառեցված հակամարտություններ հաստատելը, տարածաշրջանը ապակայունացնելը մեզ համար ընդունելի չեն:

– Պարոն Էոզդեմիր, կարո՞ղ է Գերմանիան Հայաստանում տնտեսական ներդրում անել:

– Ցավոք, Հայաստանի հետ այդ հարցում խնդիրներ կան: Եթե ասոցիացման պայմանագիրը նորից օրակարգ մտնի, ինչը գրեթե անհավանական է… տարբեր հանգամանքներ պիտի նկատի առնվենՙ իրավական կողմը, կոռուպցիայի առկայությունը: Այն, ինչ ներդրումային միջավայրին է վերաբերում, ցավոք, բարվոք չէ:

– Բայց գերմանացի ներդրողները թե Թուրքիայում, թե Ադրբեջանում ակտիվ են, երկրներ, որտեղ կոռուպցիայի մասին անթաքույց խոսվում է:

– Թուրքիան իր տնտեսությունը մասամբ ազատականացրել էՙ ԵՄ-ին մերձեցման առիթով, իհարկե Էրդողանի արդի քաղաքականության հետեւանքով այն վտանգված է: Իսկ Հայաստանում, հակառակըՙ տնտեսությունը փակվեց, եթե գերմանական տնտեսությունը ներդրումներ պիտի անի, ապա կառավարության ասելով չէ, զուտ գործարար հետաքրքրություններից ելնելովՙ հետեւելով, թե ինչ իրավական պայմաններն կան, բայց պուտինացումը գործարար բարեկամական մթնոլորտ չի ձեւավորում: Ասոցիացման պայմանագիրը վստահաբար կարող էր հանգեցնել նրան, որ Գերմանիայից, ԵՄ երկրներից ներդրումներն աճեին:

– Հայաստանում, Թուրքիայում մի քիչ տարբեր, բայց հաճախ են օգտագործում «հպարտ» բառը: Գերմանացիներն այդ բառը խուսափում են կիրառել: Այդուհանդերձ Դուք այսօր ունե՞ք հպարտության զգացում:

– Բունդեսթագի նիստի առումովՙ այո: Գերմանիայում, դժբախտաբար, շահարկվել է այդ բառըՙ նացիոնալ սոցիալիզմի տեսանկյունից դժվար է այդ բառն ասելը: Բայց եթե հպարտ բառն իմաստալից է, ապա հենց այսօրվա համար կարելի դա կիրառել, Բունդեսթագի նախագահ Լամմերտի խոսքն ունկնդրելիս կարելի է ասելՙ հպարտ եմ: Իմ ակնածանքը նաեւ այն գործընկերներիս, մյուս խմբակցությունների պատգամավորներին, որ հստակ արտահայտվեցին: Հպարտ եմ, որ Գաուքի նման դաշնային նախագահ ունենք:

– Ձեր երեխաների հետ չերքեզերեն, թուրքերեն խոսու՞մ եք:

– Դժբախտաբարՙ ոչ: Ծնողներս են խոսում նրանց հետ թուրքերեն: Ես խոսում եմ գերմաներեն, շվաբների բարբառով:Կինս Արգենտինայից է, իսպաներեն է խոսում նրանց հետ, դպրոցում անգլերեն են անցնում, թուրքերեն, ցավոք սրտի, խոսում են քիչ: Բազմամշակույթ ընտանիքներում դժվար է լեզուների հարցը, երեխաների համար երկու լեզվից ավելինՙ խնդիր է:

Բեռլին

Նախորդ գրառումը

ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼԹԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՄՈՒՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐԵ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԻ ՀԵՏ

Լրահոս

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական