Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԾՐԱԳԻՐ` ԿԿԱՌՈՒՑՎԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՎԵՐԱՄՇԿՄԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ

Ա. Մ.

«Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարությունում: Համաձայն ներդրումային ծրագրի, «Ալյոտիգ» ՍՊԸ-ն մտադիր է կառուցել տարեկան 12,5 մլն տոննա արտադրողականությամբ ֆաբրիկաՙ վերամշակելու համար այդ լցակույտերը: Ներկայումս մոտ 300 մլն տոննա լցակույտերին տարեկան ավելանում է եւս 18-20 մլն տոննա, ինչը բնապահպանական մեծագույն խնդիր է: Նախատեսվում է նաեւ կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան, որը նույնպես որպես հումք օգտագործելու է պոչամբարի խյուսը: Առաջին փուլում ներդրվելու է մոտ 240 մլն դոլարին համարժեք դրամ, բացվելու է մոտ 1000 մշտական եւ 500 ժամանակավոր աշխատատեղ: Երկրորդ փուլում` 2019-2025թթ., գործարանի հզորությունը հասցվելու է տարեկան մինչեւ 25 մլն տոննայի վերամշակման: Նշվել է, որ ծրագրի իրականացումը հնարավոր է սկսվի առաջիկա մեկ տարվա ընթացքում: