Կարծես սովորական է դարձել. երբ ասում ենք փոքր ու միջին ձեռնարկատիրություն (ՓՄՁ), անմիջապես հասկանում ենք առեւտրային կազմակերպություներին եւ մասնավորապես տոնավաճառների առեւտրականներին: Տպավարությունն այնպիսին է, որ փոքր բիզնես կոչվածը միայն առեւտուրն է, որի շնորհիվ մարդիկ «կարողանում են իրենց գլուխը պահել»: Դարերից եկող եւ դարերի ավանդույթ ունեցող չարչիությունը մինչեւ խորհրդային ժամանակաշրջանը բավականին ամուր նստած էր մեր ժողովրդի մեջ: Խորհրդային ինդուստրալիզացիան եւ դրա արդյունքում արդյունաբերության` բուռն ու երբեմն հախուռն զարգացումը Հայաստանում դուրս չմղեց առեւտրականի հոգեբանությունը մեզանից եւ չարմատավորեց արժեք ստեղծողի, արտադրողի հոգեբանությունն ու մտածելակերպը: Ինչը, օրինակ` իրողություն է Չինաստանում մասնավորապես եւ չինացիների մոտ ընդհանրապես, ընդ որում, ցածր վարձատրությամբ եւ համեստ կենսամակարդակով:
Ամեն ինչ գլխիվայր` խթանվում է առեւտուրը
Իհարկե, խորհրդային պետությունը` իր գաղափարախոսությամբ եւ տնտեսվարման ձեւով դատապարտված էր կործանման: Այդ ժամանակաշրջանը մնաց անցյալում: Դժբախտաբար, քիչ հավանական է, որ Հայաստանը այլեւս կունենա այդպիսի հզոր արդյունաբերություն, ինչպիսին ուներ այդ տարիներին: Չենք ցանկանում մանրամասնել, թե ինչպես 90-ականներին ոչնչացվեցին արդյունաբերական հզորությունները ու շատերը հարկադրված եղան զբաղվել առեւտրով: Այդ տարիներին իսկապես, որ մարդիկ այդ ձեւով կարողանում էին իրենց գլուխը պահել, բայց հիմա, 2 տասնամյակ անց, երկրի տնտեսական զարգացման հույսը կապել առեւտրային գործունեության խթանման հետ, առնվազն տարօրինակ է եւ անհասկանալի :
Առեւտրի հանդեպ գերակայությունը ի սկզբանե դրվեց շրջանառության հարկի ներմուծման ժամանակ: Առեւտրային գործունեությամբ զբաղվողների համար այն սահմանվեց 3,5 տոկոս, արտադրությունների եւ ծառայությունների համար` 5 տոկոս: Մեր հարցադրումներին պաշտոնյաները պատասխանում էին, թե առեւտրում շրջանառությունն ավելի արագ է լինում, իսկ դիտարկմանը, թե չէ՞ որ այն նյութական արժեք չի ստեղծում, ի տարբերություն արտադրության, պատասխան չէր լինում:
Ներկայիս կառավարությունը ավելի առաջ գնաց եւ որոշում ընդունեց առեւտրով զբաղվողների համար շրջանառության հարկի դրույքաչափը իջեցնել 3,5 անգամ, սահմանելով 1 տոկոս: Նման քայլը ոչ միայն առեւտրականներին չբավարարեց, այլեւ բուռն դժգոհություններ առաջացրեց, քանի որ նրանք չէին ցանկանում իրենց գործունեությունը պարտադիր փաստաթղթավորել: Ներկայացվողի համեմատ մի քանի անգամ ավելի իրական շրջանառություն ունեցող առեւտրականները պարզապես չեն ցանկանում օրինական գործունեություն սկսել, ինչն ուղղակի վերածվել է շանտաժի: Շանտաժ, որի առաջ նահանջում են ոչ միայն կառավարությունը, այլեւ այս զանգվածի ձայները ստանալու ակնկալիքով` բոլոր քաղաքական ուժերը: Նրանք զանազան առաջարկներ են ներկայացնում այս հարցի շուրջ, որոնց մեջ ընդհանուրը մեկն է` որքան հնարավոր է շատ սիրաշահել առեւտրականներին: Ստվերային տնտեսության ահռելի ծավալների, պետական բյուջեի չստացված եկամուտների, իրական հատվածի (արդյունաբերության եւ գյուղատնտեսության) զարգացման անհրաժեշտության մասին բոցաշունչ ելույթները այդ պահին մոռացվում են եւ, ցավոք, ոչ ոք նրանց չի հիշեցնում:
Առետուրն, առանց տեղական արտադրության զարգացման, դատապարտված է լճանալուն
Այն, որ նման իրավիճակ է ստեղծվել, երբ փոքր բիզնեսում ակնհայտ գերակշռում են առեւտրային գործունեություն իրականացնողները, չի նշանակում, որ դա արդարացված է եւ պետք է շարունակել ընթանալ այդ ուղիով: Փոքր ու միջին բիզնես կոչվող տնտեսվարողների թիվը, որոնք գտնվում են շրջանառության հարկի դաշտում, կազմում է մոտ 57 հազար: Դրանից մոտ 40 հազարը առեւտրով զբաղվողներն են, մնացածը` ծառայություններ մատուցողներն ու փոքր արտադրողները: Ընդ որում, արտադրողները ամենասակավաթիվն են: Այսինքն, առեւտրականների այս հսկա զանգվածը զբաղվում է ներկրվող ապրանքների վաճառքով, ու շնորհիվ ավելի թեթեւ հարկային բեռի, հնարավորություն չի տալիս զարգանալ արտադրության ճյուղին: Հատկապես թեթեւ արդյունաբերության հայկական ընկերությունները մշտապես բողոքում են այս իրավիճակից, շեշտելով այն հանգամանքը, որ ներմուծվող հագուստը մաքսազերծվում է կիլոգրամներով, իսկ տեղում արտադրվողից հարկ են գանձում` հատով:
Չենք ցանկանում անդրադառնալ նրան, որ առեւտրականների վճարած հարկերը չնչին են, բայց որ ներմուծման վրա հիմնված առեւտրի զարգացումը, մեղմ ասած, անհեռանկար է, փաստ է: Ընդ որում, մասնավորապես տոնավաճառների առեւտրականները զբաղվում մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրի` Թուրքիայի ապրանքների (հիմնականում հագուստի) Հայաստանում վաճառքով: Անցյալ տարի Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքները աճել են ավելի քան 10 տոկոսով` հասնելով 232 մլն դոլարի: Այլ թեմա է, թե որպես ազգ եւ պետություն բարոյական ի՞նչ նկարագրով ենք թուրքական ներմուծմանը զարկ տալիս ցեղասպանության 100 ամյակի տարում, Թուրքիայի կողմից շարունակվող մեր երկրի շրջափակման, Ադրեբեջանին աջակցելու եւ հայկական ապրանքների ներմուծման արգելքի պայմաններում: Սակայն, ինչո՞ւ պետք է լրացուցիչ արտոնություն տանք այդ ապրանքների ներմուծումը իրականացնողներին: Միթե հասկանալի չէ, որ այդպես երկար «գլուխ պահել» չի լինի, անգամ եթե հարկային դրույքաչափը զրոյական դառնա:
Չի կարող այնպես լինել, որ առանց արտադրության զարգացման, տվյալ երկրում առեւտուրն անընդհատ զարգանա եւ զարգացման հեռանկար ունենա, քանի որ դա անխուսափելիորեն կբերի լճացման: Շատերը հասկանալով կամ չհասկանալով, հարց են տալիս, թե ինչո՞ւ են փակվում շատ խանութներ եւ նվազում տոնավաճառների առեւտուրը: Ամեն ինչ շատ պարզ է` լճացման երեույթներն արդեն նկատվում են եւ դրանք խորանալու են, եթե շարունակենք պետականորեն, ազգովին, քաղաքական ուժերով աջակցել առետրին, այլ ոչ թե արտադրությանը կամ երկրի համար դրամական հոսք ապահովող ծառայություններին:
Հարկային արտոնություններ ներմուծումը փոխարինող արտադրության համար
Կառավարությունը ներկայացրել է խոշոր արտահանողներին խթանելու առաջարկ, մի քանի տարի առաջ ընդունվեց արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբության զարգացման ռազմավարություն, բայց փոքր արտադրությունների զարգացմանը խթանելու ոչ մի առարկայական քայլ չի արվում: Ապացուցման կարիք չունի, որ արտադրության զարգացման պարագայում այլեւս խոսքը ոչ թե դեպի լճացում գնացողների գոյատեւման մասին է լինելու, այլ նրանց եւ ընդհանրապես երկրի տնտեսության զարգացման համար իրական հնարավորության: Իրական հնարավորություն պետք է ստեղծել, որ հայկական փոքր արտադրություններ ստեղծվեն եւ զարգանան, գոնե տեղական շուկայում փոխարինելով համարժեք ներմուծվող ապրանքներին: Աշխարհի բազմաթիվ երկրներում արտադրողների համար այլ` նպաստավոր հարկման դաշտ է ստեղծված, առեւտրի համար` այլ: Դրա մասին, ի դեպ, իրենց բնակության երկրի օրինակի վրա փաստում են նաեւ Հայաստան եկած սիրիահայ գործարարները:
Ավելի մանրամասն ներկայացնենք ներմուծվող ապրանքների այն խմբաքանակաները եւ գումարային մեծությունները, որտեղ հնարավոր է տեղական արտադրություն ունենալ եւ հաջողությամբ մրցակցել ներմուծվողի հետ: 2014-ի տվյալներով, տարեկան Հայաստան են ներմուծվել կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք` 146 մլն դոլարի, բուսական ծագման արտադրանք` 239 մլն դոլարի, պատրաստի սննդի արտադրանք` 369 մլն դոլարի, պլաստմասսայից, ռետինից իրեր եւ կաուչուկ` 182 մլն դոլարի, կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ` 31 մլն դոլարի, քարից, գիպսից, ցեմենտից իրեր` 93 մլն դոլարի, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր` 302 մլն դոլարի, ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր` 328 մլն դոլարի, սարքեր եւ ապարատներ` 73 մլն դոլարի, սարքավորումներ եւ մեխանիզմներ` 599 մլն դոլարի: Բնական է, որ Հայաստանում բանան չենք աճեցնելու, կան սարքեր եւ մեխանիզմներ, որ մոտ ապագայում չենք կարող արտադրել, չունենք նաեւ ալմաստի հանքեր, որպեսզի զարդեր պատրաստենք: Հասկանալի է, որ տեղական արտադրությունը 100 տոկոսով չի կարող փոխարինել ներմուծվող բոլոր ապրանքներին: Սակայն, չհաշված բացառությունները, վերոնշյալ ապրանքախմբերից գրեթե բոլորի դեպքում կարելի է տեղում արտադրություններ ստեղծել կամ եղած արտադրությունները զարգացնել:
Վերոնշյալ ներմուծվող ապրանքների արժեքը միասին վերցրած կազմում է 2 մլրդ 362 մլն դոլար: Մի՞թե հնարավոր չէ այս գումարային արժեքի ապրանքների մեծ մասը, կեսը, մեկ երրորդը կամ թեկուզ մեկ քառորդը արտադրել տեղում` տեղական շուկայի համար: Առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի արժեք եթե ստեղծվի Հայաստանում, այդ դեպքում արդեն չենք մտածի, թե ինչպես են ներմուծման հաշվին «իրենց գլուխը պահելու» առեւտրով զբաղվողները: Նախ` բազմաթիվ աշխատատեղեր կբացվեն արտադրության ոլորտում, ապա այդ նույն առեւտրականները կկարողանան վաճառել տեղական ապրանքները, խուսափելով լճացման վտանգից:
Ելքը հետեւյալն է` շրջանառության հարկից ազատել բացառապես արտադրությամբ զբաղվող փոքր ընկերություններին, արտոնյալ իրավիճակ ստեղծել նաեւ ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող (զբոսաշրջիկներ Հայաստան բերող) կազմակերպությունների համար :
Եթե չենք կարող վերականգնել նախկին արդյունաբերական հզորությունները, չկան մեծածավալ ներդրումներ նոր, խոշոր արտադրական հզորություններ ստեղծելու համար, ապա գոնե փոքր արտադրությունների միջոցով փորձենք զարգացնել եւ դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը, նվազեցնել արտերկրից եկող ռիսկերը, փոքրացնել ներմուծման ծավալները` տեղական արտադրությամբ այն փոխարինելու ճանապարհով, դրանով իսկ նվազեցնելով միջոցների արտահոսքը երկրից, հավելյալ արժեք եւ կայուն աշխատատեղեր ստեղծելով երկրի ներսում: Եվ հարկ է շտապել: Առանց այն էլ շատ ենք ուշացել` 24 տարով…