ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը 100-ից ավելի երկրների ղեկավարների, այդ թվում նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտոնապես հրավիրեց մասնակցելու 2015 թ. ապրիլի 24-ին Ստամբուլում կայանալիք «Խաղաղության միջազգային համաժողովին» եւ Դարդանելի (թուրքերեն` Չանաքքալե) ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Ճակատամարտ, որտեղ գերմանացիների վարժեցրած օսմանյան բանակն առեղծվածային եւ անսպասելի հաղթանակ տարավ ժամանակի ուժեղագույնը համարվող ֆրանսիական եւ բրիտանական ուժերի նկատմամբ:
Այս առիթով հայրենի եւ օտար տպագիր ու էլեկտրոնային տարբեր ուղղվածության ԶԼՄ-ներ հանդես եկան բազմաբնույթ մեկնաբանություններով ու վերլուծական հրապարակումներով, որոնք հիմնականում երեք խմբի են բաժանվում.
ա) թուրքամետներ, որոնք «քրտինքը բերաններին» ճգնելով ապացուցել անապացուցելին` ներկայացնում են հիշյալ ճակատամարտի կարեւոր նշանակությունը եւ չխորշելով բնութագրել այն որպես համաշխարհային պատմության վճռորոշ դերակատարություն ունեցող իրադարձություն, բոլոր հնարավոր մակդիրներով գովերգում են թուրքական զորահրամանատարության եւ մարտիկների քաջագործությունները, շեշտում Թուրքիայի դարակազմիկ առաքելությունը մարդկության ապագայի կերտման գործում: Այս խմբի մեջ առանձնանում են հատկապես թուրքերի անհաջող նմանօրինակ ազերի գրչակները:
բ) Համաշխարհային պատմության սիրողական մակարդակի գիտակներ, որոնք քիչ թե շատ կարեւորելով այդ ճակատամարտը, համարում են այն պատերազմական շարքային իրադարձություններից մեկը, որոնցով հարուստ է եղել աշխարհամարտի ողջ ընթացքը:
գ) Հատկապես Առաջին աշխարհամարտի պատմության մանրամասներին ու նրբություններին տիրապետող պրոֆեսիոնալներ, ովքեր որեւէ առանձնահատուկ դերակատարություն չվերապահելով Չանաքքալեի ճակատամարտին, հայտնում են անաչառ, զուսպ եւ օբյեկտիվ գիտական տեսակետներ: Իսկ քաջատեղյակ մասնագետները` մեկ անգամ եւս համոզվելով թուրքական դիվանագիտության անբարո գործելակերպի ու սկզբունքների մեջ, հայտարարեցին, որ դա ընդամենը թուրքերի հերթական քաղաքական բլեֆն է, որոգայթ` համաշխարհային հասարակության ուշադրությունը «գենոցիդների մեջ ամենագենոցիդային` արմենոցիդից»` հայերի ցեղասպանությունից շեղելու համար: Այս առումով վերջիններս իրավացիորեն վկայակոչում են ճակատամարտի ամսաթվի եւ այլ փաստերի անհամապատասխանություններ եւ եզրակացնում, որ Հայոց եղեռնը 100-ամյա խարան է ողջ մարդկության եւ հատկապես թուրքերի ճակատին եւ այդտեսակ խուսանավումներն ընդամենը հատուցման ժամանակը արհեսականորեն երկարացնելու անհաջող փորձեր են:
Անկասկած, Թուրքիայի կողմից Արմենոցիդի` չհատուցված ոճիրի առնչությամբ, կարեւոր են նաեւ պատմական անցյալում տեղի ունեցած շատ այլ կարեւոր իրադարձություններ, երբեմն պատմական ճշմարտությունը վեր հանելու, երբեմն խեղաթյուրումների շղթան քանդելու-ավերելու նպատակով: Գաղտնիք չէ, որ Դարդանելի հաղթանակի փաստը շահարկվելու է անսահմանորեն, թրքական ավանդույթով խեղաթյուրվելու, ձեռքի հետ հիմնավորելով նաեւ Արմենոցիդի (Հայասպանություն) «օբյեկտիվ անխուսափելիությունը»:
Տպագիր եւ հատկապես էլեկտրոնային մամուլում այս առիթով շատ է շրջանառվում «Չանաքքալեի ճակատամարտ» բառակազմությունը: Պատմաբանիս համար նույնպես այն առանձնահատուկ հետաքրքրության թիրախ դարձավ: Բայց անչափ մեծ եղավ զարմանքս, երբ պարզեցի, որ հայալեզու ոչ մի դասագրքում, որեւէ հեղինակավոր ժողովածուում կամ հանրագիտարանում մի քանի բառից կազմված տեղեկությունից զատ ոչինչ չկա դրա մասին: Շահեկան բացառություն են Վ. Նավասարդյանի «Նեղուցները (Վոսփոր եւ Դարդանել). թրքական ջրուղիները եւ հայ դատը», Հր. Թորոսյանի «Նեղուցները բանալի մօտաւոր Արեւելքի տնտեսութեան», Ռուբեն Տեր-Մինասյանի «Իմ հուշերը», Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչեւ Պաղեստին» երկերը1, որոնք փաստական հարուստ տվյալներ մատուցելուն զուգընթաց լուսաբանում են այդ ճակատամարտի շատ մութ ծալքեր: Այդ առումով առանձնանում են հատկապես Ս. Թորոսյանի հուշերը, որոնք Ստամբուլի Bilgi համալսարանի սոցիալական գիտությունների պրոֆեսոր Այհան Աքթարը 20 տարի անց ուսումնասիրելով ապշել է, «ոչ մի կերպ չըմբռնելով», թե ինչպես հայ սպաները կռվել են օսմանյան բանակում, իսկ այդ նույն ժամանակ իշխանությունները ջանք չխնայելով ոչնչացնում էին նրանց հարազատներին ու ողջ հայ բնակչությանը: Իսկ «Սաբանջը» համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայը մի ամբողջ «ուսումնասիրություն» է գրել եւ հրապարակել «Թարաֆ» պարբերականում` փորձելով «ապացուցել», որ Թորոսյանի գիքը երեւակայության արդյունք է, իսկ հեղինակը` ստախոս: Հիրավի, իսկական թուրքական ձեռագիր:
Ու քանի որ մասնագիտությանս բերումով լիովին կիսում եմ նշածս երրորդ` անաչառ խմբի տեսակետը, որոշեցի հնարավորինս հակիրճ (թերթային հոդվածի սահմաններում) ներկայացնել այդ ճակատամարտի պատմությունը` հնարավորություն ընձեռելով ընթերցողներին դրա մասին իրական պատկերացում կազմելու եւ նկատվող խորհրդավորությունն ու չճանաչվածի նկատմամբ զգուշավորության ու հաճախ նաեւ ակնածանքի զգացողությունները ցրելու համար: Խոսքս ավելի հստակ ու առարկայական մատուցելու համար այն կներկայացնեմ բաժիններով:
Նախապատմությունը
Դարեր շարունակ ինչպես Ռուսաստանի ու Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերությունները պայմանավորված են եղել Բոսֆոր եւ Դարդանել նեղուցների նկատմամբ նրանց ունեցած դիրքորոշումներով: Բոլոր այն դեպքերում, երբ Ռուսաստանը շարժվել է հարավ եւ փորձել տիրապետող դիրք գրավել նեղուցների շրջանում, նրան եվրոպական խոշոր տերությունները դիմակայել են: Իսկ երբ Արեւմուտքին անհրաժեշտ է եղել սիրաշահել Ռուսաստանին, նեղուցների հարցում նրան զիջումների են գնացել2: Առաջին աշխարհամարտի ժամանակ էլ որպեսզի ռուսներին շահագրգռեն եւ հորդորեն հարձակման անցնել` նրանք խոստացան գրավելու դեպքում Ռուսաստանին թողնել Կ. Պոլիսն ու նեղուցները: Ռուսաստանն էլ իր հերթին, դեռեւս XIX դարի վերջերին էր մշակել նեղուցները գրավելու ծրագիր, սակայն ստիպված էր այն հաճախ հետաձգել, քանի որ հիմնական ուժերը զբաղված էին ավելի կարեւոր խնդիրներ լուծելով:
Նույն պատկերն էր նաեւ Առաջին աշխարհամարտի շրջանում: Իսկ Թուրքիայի պատերազմի մեջ մտնելուց հետո հստակ դարձավ, որ Դարդանելին տիրելը մեծ կարեւորություն կունենա եւ ստրատեգիական խիստ նպաստավոր դիրք կապահովի դաշնակիցների համար: Ուստի պատահական չէր, որ դեռեւս 1906 թ. Դարդանելը գրավելու Մեծ Բրիտանիայի կողմից մշակված պլանը 1915 թ. կրկին քննարկվեց երկրի ղեկավարության կողմից: Այդ նախագիծը խիստ ռիսկային համարվեց եւ շեշտվեց, որ հաղթանակը կապահովվի ծովային եւ ցամաքային ուժերի ամենաակտիվ համատեղ գործողությունների դեպքում միայն: Ի վերջո` ծովային նախարար Ուինստոն Չերչիլի ներկայացրած Դարդանելի օպերացիայի պլանի հիման վրա (Չերչիլին այդ նախագիծը զեկուցել էր փոխծովակալ Կարդենը) պիտի իրականացվեր լայնամասշտաբ ռազմական գործողություն, որի նպատակն էր գրավել Դարդանելը (Չանաքքալե), հասնել Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս եւ ծովային ուղի բացել դեպի Ռուսաստան: Մեծ Բրիտանիայի պառլամենտը հավանություն տվեց այդ նախագծին: Չորս փուլով իրականացվելիք գործողության պլանը, որ նախատեսում էր օսմանյան արտաքին ծովային ուժերի ոչնչացում, ականապատված արգելքների հաղթահարում, ներքին ամրությունների ոչնչացում եւ մուտք Մարմարա ծով, անմիջապես հաստատվեց բարձրագույն ղեկավարության կողմից: Որոշվեց ծովային ու ցամաքային համատեղ ուժերով գրավել Էգեյան եւ Մարմարա ծովերը միացնող Դարդանելի նեղուցը (նեղուցի ամենանեղ հատվածը 1,2 կմ է, ամենալայնը` 5,8), այնուհետեւ` Կ. Պոլիսը:
Դարդանել ուղարկվեց անգլոֆրանսիական մեծ նավախումբ` բաղկացած 80 նավերից: Այդ թվում` 16 զրահակիր, 6 հածանավ, 22 ականակիր, 9 սուզանավ, 1 օդանավ, 24 ձկնորսանավ եւ 1 նավ-հոսպիտալ: Դաշնակիցները հատկապես մեծ հույսեր էին կապում «Queen Elizabeth» եւ «Inflexible» հզոր հածանավերի հետ: Սկզբում նախատեսվում էր, որ նավախումբը կգործի լրիվ ինքնուրույն` առանց օժանդակ ուժերի օգնության: Թուրքական հետախուզությանը հայտնի էր դարձել նախատեսվող գործողության մանրամասները: Դրա համար էլ անմիջապես նրանք ձեռնամուխ եղան նեղուցի պաշտպանության ամրացման աննախադեպ ծավալի աշխատանքների:
Ռազմական գործողությունների սկիզբը
Ընդառաջելով 1915 թ. հունվարի 2-ին ռուսական հրամանատարությանՙ թուրքերի ուշադրությունը Կովկասյան ճակատում շեղելու խնդրանքին, Քիտչեներն ու Չերչիլը որոշեցին ճեղքել Դարդանելն ու հասնել Կ. Պոլիս:
Գործողությունն սկսվեց փետրվարի 19-ին : 1914 թ. անգլիական «Indefatigable» եւ «Indomitable» գծանավերը ֆրանսիական «Suffren» եւ «Verite» զրահակիրների հետ միասին ռմբակոծեցին նեղուցի ափերը եւ հեռացան: Թուրքերն անհանգստացան եւ ավելի ուժեղացրին ափերի պաշտպանությունը: Չնայած դաշնակիցների 7 հածանավերի ափամերձ տարածքների ամբողջօրյա գնդակոծմանը, թուրքական ամրություններին շոշափելի վնասներ պատճառել չհաջողվեց: Գործողությունը վերսկսվեց միայն փետրվարի 25-ին, երբ դաշնակիցներին հաջողվեց շարքից հանել թուրքական ափամերձ պաշտպանական շատ ամրություններ: Տեւական գնդակոծությունից հետո դաշնակիցները ձեռնամուխ եղան նեղուցի ականազերծմանը: Սակայն թուրքական կողմը սկսեց ինտենսիվ գնդակոծել նրանց, ինչի արդյունքում դաշնակիցներն ստիպված նահանջեցին:
Մի քանի անհաջող փորձերից հետո` մարտի 18-ին նախատեսվեց գլխավոր հարձակումը Դարդանելի վրա: Կարդենին փոխարինեց մեկ այլ բրիտանական ծովակալ` Դե Ռոբեկը: Դաշնակիցները համալրում ստացան եւ մարտի նետեցին բոլոր նավերն ու ունեցած երեք դիվիզիաները: Սակայն թուրքերը նույնպես համալրեցին ուժերը նեղուցի տարածքում: Մարտի 18-ի առավոտյան ժամը 10:30-ին դաշնակիցների նավերը մտան նեղուց: Նախօրյակին նրանք իրականացրել էին ականազերծման աշխատանքներ եւ վստահ էին, որ անվտանգ կանցնեն, սակայն տեղի ունեցավ անսպասելին: Խնդիրն այն էր, որ թուքերը կանխատեսելով հարձակումը` գիշերը դաշնակիցների քթի տակ գաղտնի տեղադրել էին 26 ականներ, որոնք էլ վճռորոշ նշանակություն ունեցան ճակատամարտի ելքի վրա:
Նեղուց մուտք գործելով դաշնակիցները կրակ բացեցին, սակայն թուրքերը չպատասխանեցին: Սպասելով, որ բոլոր նավերը մտնեն նեղուց, նրանք հուժկու գնդակոծեցին նավախումբը, որը հայտնվել էր երկկողմանի ինտենսիվ կրակի դաշտում եւ տարածքի փոքր լինելու պատճառով խուսանավելու մեծ հնարավորություններ չուներ: Ծանր հրետակոծության արդյունքում վնասվեց «Սյուֆֆրեն» գծանավը, ականների վրա պայթեցին «Մաժեստիկ», «Գոլուա» եւ «Բուվե» նավերը: Ծանր վնասվեց «Ագամեմնոնը», իսկ «Իրրեզիսթեյբլ»եւ «Օշըն» նավերը, երբ փորձեցին շրջվել եւ դուրս գալ մարտից, պայթեցին ականներից եւ խորտակվեցին: Ժամը 18-ին Դե Ռոբեկը հրամայեց դադարեցնել գործողությունը, որի ընթացքում դաշնակիցներին ոչ միայն չհաջողվեց կատարել առաջադրանքը, այլեւ զգալի կորուստներ կրեցին (նրանք կորցրեցին ուժերի մեկ երրորդը): Չնայած Դարդանելի գրավումը չհաջողվեց, սակայն դաշնակիցները չդադարեցրին հարձակումները: Միաժամանակ հարձակման նոր պլան մշակվեց: Համաձայն որի հրամանատարությունը որոշեց այս անգամ Գալիպոլի թերակղզում դեսանտ իջեցնել, որպեսզի ցամաքային ուժերը գրավեին թուրքական ափամերձ պաշտպանական կառույցները եւ ապահովեին նավերի ազատ մուտքը Կ. Պոլիս: Այդ նպատակով որոշվեց ընդգրկել անգլիական, ավստրալիական, նորզելանդական, սենեգալյան, հնդկական եւ ֆրանսիական դեսանտային զորաջոկատներին` ընդամենը 81 հազար մարդ եւ 178 հրանոթ: Օսմանոգերմանական ուժերի հրամանատարներ Օտտո Լիման ֆոն Սանդերսը եւ Էսատ փաշան հասկանալով դաշնակիցների այդ մտադրությունը եւ ցանկանալով դիմագրավել այդ ձեռնարկին, ձեւավորեցին հինգերորդ բանակը եւ ուժեղացրին նեղուցի պաշտպանությունը: 1915 թ. ապրիլի 25-ին դաշնակիցներն սկսեցին դեսանտային ափհանումը Գալիպոլի: Ափ դուրս եկած անգլիական ուժերը կեսօրին ենթարկվեցին թուրքական հուժկու հարձակման: Ապրիլի 26-ին անգլիական ուժերը նահանջեցին եւ բարձրացան նավերը: Սակայն 29-րդ դիվիզիայի մարտիկները կարողացան արագ խրամատավորվել եւ դիմակայել օսմանյան ուժերի հարձակումներին: Փոփոխակի հաջողություններով ընթացող մարտը ավարտվեց նրանով, որ անգլիացիները կարողացան ամրանալ ցամաքում, սակայն ավելին անել այլեւս նրանց կամ «չհաջողվեց» կամ չցանկացան:
Անզակի` Ավստրալիական եւ նորզելանդական ջոկատները նույպես կարողացան նպաստավոր դիրքեր գրավել ցամաքում: Չնայած Էսադ փաշայի հրամանատարությամբ գործող 19-րդ դիվիզիան անցավ հարձակման եւ մեծ ջանքեր գործադրեց, սակայն դաշնակիցներին հաջողվեց ամրանալ ցամաքում: Ասիական ափում Կուկ-կալեի շրջանում ափ դուրս եկան ֆրանսիացիները, որոնց ակտիվորեն օգնում էին ռուսական ուժերը «Ասկոլդ» հածանավի ակտիվ օժանդակությամբ: Վերջիններիս նպատակը թուրքական ուժերի ուշադրության շեղումն էր Գալիպոլիի ափհանման գործողությունից: Ֆրանսիացիներին հաջողվեց երկու գյուղ գրավել, սակայն ավելի առաջ շարժվել հնարավոր չեղավ: Ուշադրություն շեղելու հանձնարարությունը կատարված էր եւ ֆրանսիացիները ետ քաշվեցին:
Առաջին օրվա դեսանտային ափհանման ընթացքում երկուստեք մեծ կորուստներ ունեցան: Դաշնակիցները կորցրեցին 18 հազար մարդ, սակայն դեսանտայիններին դեպի ծովն ետ մղելու համար թուրքերի ուժերն անբավարար էին: Դաշնակիցների շարքերում հերոսաբար մարտնչում էին նաեւ հույների եւ հրեաների կամավորական ջոկատները: Ափհանումից հետո որոշվեց շարժվել դեպի Գալիպոլիի խորքը: Խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ հատկապես Կրիտի գյուղի շրջակայքում:
Մայիսից օգոստոս դաշնակիցները փորձեցին ընդլայնել գրաված տարածքները եւ կրկին արյունահեղ մարտեր ընթացան Կրիտի գյուղի համար, սակայն այն գրավել չհաջողվեց: Ակնհայտ էր դարձել, որ Դարդանելի օպերացիան չի հաջողվել, ուստի 1915 թ. դեկտեմբերին որոշվեց Գալիպոլիից դեսանտային ուժերը էվակուացնել: Իրականում մեծ ցանկության դեպքում դաշնակիցները կարող էին հաջողությամբ ավարտել օպերացիան, սակայն դիվանագիտական որոգայթների լաբրինթոսը խանգարեց, խճճեց եւ պատնեշեց հաղթանակին: Իսկ թուրք-գերմանական ղեկավարությունը մեծ շուքով տոնեց հաղթանակը Բեռլինում եւ Կ. Պոլսում: Ծովային նախարար Չերչիլը որպես այդ գործողության նախաձեռնող հրաժարական տվեց:
***
Արդեն նշեցինք, որ Էրդողանի կողմից ՀՀ նախագահին Դարդանելի կամ որ նույնն է` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը հրավիրելու առիթով տպագիր եւ հատկապես էլեկտրոնային մամուլը ողողվեց տարաբնույթ հրապարակումներով: Կարելի է ենթադրել, որ դեռ շատ ավելի գրվելու է հատկապես մինչեւ ապրիլի 24-ը: Ցայսօր դրանց մեջ շահեկանորեն տարբերվում է մերօրյա ակտիվ եւ վերլուծական բնույթի մեծաքանակ ելույթներով հանրությանը հայտնի հայրենաբնակ մտավորական պրոֆեսոր Լեւոն Շիրինյանի հեղինակած պարզաբանումներն այդ ճակատամարտի եւ նրա ունեցած նշանակության մասին3: Դրանք նա կատարել է Վեհիբ փաշայի խոստովանություն-մենախոսության հիման վրա, որոնք շարադրված են ՀՅԴ հայտնի գործիչ Ռուբենի «որպես վավերագրի իր տեսակի մեջ եզակի մի օրինակ, շատ ավելի հավաստի, քան ստվարածավալ որեւէ հետազոտություն»4 վավերագիր-հուշագրության մեջ: Առաջին աշխարհամարտի թուրք ռազմաքաղաքական գործիչ Վեհիբ փաշայի հուշերի ու գնահատականների հենքի վրա խորագիտակ հետազոտողը ցույց է տալիս, որ թե” հակամարտող, թե” դաշնակից ուժերի միջեւ մշտապես գործել է հավասարակշռության պահպանման մշտնջենական ձգտումը` կողմերից մեկին բերելով մահ, մյուսին պարգեւելով թեկուզեւ ժամանակավոր երջանկություն:
Ռուբենի հիշյալ երկում Դարդանելի ճակատամարտում թուրքերի հաղթանակի պատճառների մասին Վեհիբ փաշան ասում է, որ առասպել են թուրքերի թվական, զենքի առավելության ու լավ պատրաստվածության մասին խոսակցությունները: Դաշնակիցներն ավելի ուժեղ էին, մարտունակ եւ նորագույն տեխնիկայով էին զինված: Իսկ «Եթե ճիշտը իմացվի, բոլորն ալ դավաճան ըսելով պիտի կախեն մեզ: Տարտանելի կռիվներուն մեջ խելքը, հերոսությունը, քաջությունը որո՞ւն կողմն էր: Եթե քեզի ըսեմ, որ Տարտանելի մեջ մեր կողմը ոչ խելքի, ոչ հերոսության եւ ոչ ալ քաջության անհրաժեշտությունը կար, պիտի չհավատաս: Այդ բոլորը անհրաժեշտ էին, սակայն մեր հակառակորդ կողմին. անոնք ալ այդ չունեին»5: Դաշնակիցները հարազատ զորքի գիտակցական ոճրագործները եղան,-պարզաբանում է Վեհիբ փաշան եւ շարունակում,-Դարդանելը պաշտպանելու համար մենք հեռարձակ թնդանոթներ չունեինք: Հակառակորդը հեռվից կարող էր մեզ լռեցնել եւ մտնել նեղուցները, սակայն «պատահեցավ մեզի համար անսպասելին: Հաջողության մեջ անոնք թողին եւ իրենց զրահանավերով հեռացան նեղուցներեն: Գիտե՞ս ինչու: Ֆրանսական ղեկավարությունը իբրեւ ավելի սնափառ, առաջինը կուզեր լինել Տարտանելին տիրողը եւ Պոլիս մտնողը, իսկ անգլիական ղեկավարությունը ատոր կվերաբերեր հետին հաշիվներով: Երբ ֆրանսական քանի մը զրահանավեր վնասվեցան եւ անհույս դարձան,- այդքան վնաս անխուսափելի էր,- անգլիացիք իսկույն եզրակացություն հանեցին, թե անհնար է նավատորմիղով տիրապետել Տարտանելին, թեպետ ան արդեն տիրապետված կրնար լինել փոքրիկ ճիգով մը: Անգլիացիք չուզեցին զրահանավերով մտնել Տարտանել եւ Պոլիս: Անոնց հաշիվն էր, թե որո՞ւ համար տիրենք Տարտանելին, քանի որ Պոլիսը եւ Նեղուցները խոստացված են Ռուսիո: Որով իրենց զոհաբերությունը պիտի ծառայեր Ռուսիո տիրապետության»: Իրենց հերթին գերմանացիները հույս ունեին անգլիացիների մուտքով Կ.Պոլիս «ճեղք մը բանալ ռուսերու եւ անգլիացիներու միջեւ»: Այս ամենից տարածվեց այն սուտ առասպելն ու թյուր կարծիքը, թե Դարդանել ուժով մտնելն անհնարին է: «Իսկ ցամաքով Տարտանելին տիրելու ճանապարհը Կելիպոլիի թերակղզին չէր,- շարունակում է իրավացիորեն պարզաբանել Վեհիբը,-այլ այդ թերակղզիի գլուխը եթե լրջորեն ցանկային Տարտանելին տիրել, փոխանակ յուրաքանչյուր օր զոհաբերելու 20-30 հազար մարդ Կելիպոլիի թերակղզիին մեջ, այդ զորքերը կհատկացնեին Սերոսի ծոցեն զարնելու թերակղզիի վիզին եւ գագաթին»6: Պարզ էր, որ «անգլիացիներու բուն նպատակը Նեղուցները տիրապետելը չէր, այլ նեղուցներու մեջ մեզ զբաղեցնելը եւ մեզ մաշեցնելը»,-իր խոսքն ավարտում է Վեհիբը:
***
Ամփոփելով նշենք, որ Դարդանել-Չանաքքալեի կամ որ նույնն է` Գալիպոլիի ճակատամարտին, որին ընդհանուր հաշվով մասնակցել են Մեծ Բրիտանիայի կողմից 490 հազար, Ֆրանսիայի` 120 հազար, Թուրքիայի` 320 հազար մարդ, նպատակը` Դարդանելով մտնել եւ Ստամբուլը գրավելն էր եւ դաշնակից Ռուսաստանին օգնելը, իսկ հաղթանակի դեպքում` իրար մեջ բաժանել Օսմանյան կայսրությունը: Դաշնակիցները չհաղթեցին, իսկ Անտանտի պարտությունը նշանակում էր Անգլիայի եւ Ֆրանսիայի թուլացում եւ ԱՄՆ-ի, որն այդ պահից միացավ պատերազմին, ու Ռուսաստանի (ապագա ԽՍՀՄ-ի) հզորացում միջազգային արենայում: Այն ամենավերջին ճակատամարտն էր, որտեղ Օսմանյան խալիֆայությունը «հաղթանակ» տարավ, որի հենքի վրա փաստորեն շարունակվեց Թուրքիայի նոր հանրապետության ձեւավորման հաղթարշավը:
Նկատենք, որ նախկինում, ինչպես իրավացիորեն նշում են թուրք պատմաբան Ռամազան Գյոզենն ու մյուսները, շուրջ մեկ տարի տեւած (1915 թ. հունվարից մինչեւ 1916 թ. փետրվար) ծովային եւ ցամաքային այդ հակամարտության ընթացքում, որ ավելի շատ ուժի ցուցադրման դրսեւորում էր, մասնակցեցին մեծ թվով նավեր եւ շուրջ 1 մլն մարդ: Գալիպոլի-Դարդանելի ճակատամարտին, որը Թուրքիայում ամեն տարի մարտի 18-ին էր նշվում որպես պետական տոն, զոհ գնացին Բրիտանական կայսրությունից սպանված, վիրավոր եւ անհետ կորած 120 հազար, Ֆրանսիայից` 27 հազար, իսկ Օսմանայն կողմից` 186 հազար մարդ:
Մասնագետների գնահատմամբ ակնհայտ է, որ թուրքական կողմը 2015 թ. ապրիլի 24-ին այն տոնելը պատմականորեն ոչնչով պատճառաբանված չէ: Բոլորի համար էլ հստակ է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ձախողմանն ուղղված հերթական քայլն է ձեռնարկել, որ խեղդի Օսմանյան կայսրության հայերի նկատմամբ իր իսկ իրագործած զանգվածային սպանությունների, 20-րդ դարի առաջին ցեղասպանության հիշողությունը: Դա թուրքերի հերթական կեղծիքն է, հայկական հոլոքոստը թաքցնելու ամոթալի փորձ, պատմականության տրամաբանության խեղաթյուրում, որի նպատակն է համաշխարհային հասարակության ուշադրությունը Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցից շեղելու, եւ անհույս ջղաձգումով հատուցման ժամը երկարաձգելու համար:
03.02.2015 թ., Երեւան
1 Վ. Նավասարդյանի «Նեղուցները (Վոսփոր – Դարդանել). թրքական ջրուղիները – հայ դատը», Գահիրե, 1947, Ռուբեն Տեր-Մինասյան, Իմ հուշերը, Լոս Անջելես, 1951, 1952 թթ., Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչ- Պաղեստին», Բոստոն, 1947, Հր. Թորոսյան, «Նեղուցները բանալի մօտաւոր Արեւելքի տնտեսութեան», 27 դեկտ. 1946:
2 Այս հարցերը լուսաբանող հսկայածավալ գրականություն կա հատկապես` ռուսերեն. Советская историческая энциклопедия, Москва, том 4, стр. 110-112, А. Манделштам, Росийская политика в Турции на кануне в течении первой мировой войни, Новоселие, Нью Йорк, N 31-32, Зайончковский А. М., Мировая война 1914-18 гг., 3 изд., т. 1, М., 1938, Морской Атлас, т. 3, ч. 1, М., 1958; то же, т. 3, ч. 1 (описания к картам), М., 1959, Коленковский А. К., Дарданелльская операция, 2 изд., М., 1938, История воен.-мор. иск-ва, т. 3, М., 1953. Советская историческая энциклопедия, Москва, том 4, стр. 110-112, Ахмад Гезен, Битва при Чанаккале-поворотный момент в истории Турции и всего мира, М., 2010, Ашмед Салпагаров, Историко-аналитический сборник, Баку, 1996 и тд.
3 Լ. Շիրինյան, Տարտանելի առասպելը կամ ռազմական PR-ի թուրքական «ս- խոռոչը», Analitik.am կայք,19.01.2015:
4 Նույն տեղում:
5 Նույն տեղում:
6 Նույն տեղում:
Նկար 1. Անադոլու Համիդիե տեղամասի ամրությունները: Ըստ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի, որի հուշագրական գրքից են մեջբերված այս եւ մյուս լուսանկարները, այս ամրոցի ողջ անձնակազմը բաղկացած էր գերմանացի զինծառայողներից:
Նկար 2. «Գյոբեն» գերմանական հածանավի վրա թուրքական ֆեսով սպաներ. միայն ձախ եւ աջ կողմիններն են թուրք, մյուսներըՙ գերմանացի:
Նկար 3. Դարդանոսի մարտկոցներն ու ամրությունները գերմանական ռազմաինժեներական մտքի կողմից ստեղծված: