Արմենուհի ՂԱՄԲԱՐՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
Ներկայումս Միջին Արեւելքի հայությունը դարձյալ ապրում է ապագայի մտահոգությամբ, ուստիեւ այնտեղ ի հայտ եկող յուրաքանչյուր դրական երեւույթ արժանի է առավելագույն ուշադրության:
Հայաստանի գիտական հանրությանը ծանոթ է Բեյրութի «Հայկազեան հայագիտական հանդէսը», որի նոր հատորների շնորհանդեսները պարբերաբար տեղի են ունենում ՀՀ տարբեր գիտական եւ կրթական հաստատություններում (այս տարիՙ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում): Լիբանանահայ մեր հայրենակիցների ջանքերով ավելի քան քառասուն տարի, 1970 թվականից, փոքր ընդմիջումով (լիբանանյան պատերազմի պատճառով) հրատարակվում է այս գիտական տարեգիրքը, որը հատկապես Հայաստանի անկախության շրջանում լայնորեն տեղ է տալիս նաեւ հայաստանաբնակ գիտնականների աշխատություններին: Ուրախալի է, որ հատորի խմբագրակազմը (պատասխանատու խմբագիրՙ հայր Անդրանիկ ծ. վրդ. Կռանյան, պատասխանատու քարտուղարՙ Անդրանիկ Տաքեսյան, խմբագրակազմի անդամներՙ Արտա Էքմեքճի, Արշալույս Թոփալյան, Արմեն Յուրնեշլյան) միշտ ջանում է բարձր պահել նրա գիտական մակարդակը, բովանդակային հարստությունը, հանդես բերել թարմ հայացքներ ուսումնասիրվող թեմաների հանդեպ եւ ընդգրկել հայագիտության ամենատարբեր ոլորտներ:
2014 թվականի հատորը (թիվ 34-ը) նախորդներից տարբերվում է ավելի մեծ ծավալով (654 էջ): Այս անգամ տարեգրքում ընդգրկված է 37 հեղինակի 35 նյութ (չհաշված մահագրությունների հեղինակներին), որոնցից 26-ըՙ հայաստանցի, մնացածըՙ սփյուռքահայեր (Լիբանան, ԱՄՆ) եւ մեկ օտարազգի (հույն գիտնական Թեոֆանիս Մալկիդիսը): Չորս նյութ անգլերեն է, մեկըՙ ֆրանսերեն: Հոդված-ուսումնասիրությունների, քննարկումների, հրապարակումների եւ հաղորդումների բաժինների նյութերի բաժանմամբ ստացվում է հետեւյալ թեմատիկ պատկերըՙ պատմությունՙ 10, բանասիրութիւնՙ 4, բանագիտություն, լեզվաբանություն, արվեստի պատմություն եւ երաժշտագիտությունՙ 3, գրականագիտությունՙ 2, պարագիտություն եւ նորագույն տեխնոլոգիաներՙ 1:
Փորձենք սույն հոդվածի սահմաններում տալ նշված հարուստ եւ բազմաբնույթ հատորի հակիրճ բովանդակությունը:
Տարեգրքի առաջին հոդված-ուսումնասիրությունըՙ Արմենակ Եղիայանի «Օ տառը», ներկայացնում է 12-րդ դարում հայ գրավոր խոսք լատիներենից մուտք գործած օ տառի գործածության հետ կապված որոշ խնդիրներ. հեղինակը մասնավորապես առաջարկում է արեւմտահայերենում հատկապես օտար բառերում եւ անուններում բառավերջում գրել ո (քիլո, Օսլո):
Վարդան Պետրոսյանը «Հին հայերենի բացառական հոլովի վերջավորությունների ծագումը» հոդվածում գրաբարի բացառական հոլովի վերջավորությունների տիպաբանական համեմատություններ է կատարվում հնդեվրոպական մի քանի լեզուների հետ. նշվում է, որ հոգնակիի ց վերջավորությունը ծագել է խեթերենի հոգնակի ձեւից:
Հակոբ Հարությունյանն իր «Պեւտինգերյան քարտեզի Արտաշատ-Սատաղ ճանապարհի չպարզաբանված 6 կայարանների տեղանվան եւ տեղադրման խնդիրը» հոդվածում պատմաաշխարհագրական եւ լեզվաբանական նյութի հիման վրա փորձում է որոշակիացնել այդ կայանները:
Գեւորգ Մադոյանի «Հայոց ծագումնաբանությանն առնչվող դրվագներ Եղիշեի «Արարածոց գրքի» մեկնության մեջ» ուսումնասիրությունը ներկայացնում է հետաքրքրական մի իրողություն: Ոսկեդարի հայ հեղինակ Եղիշեի երկում առկա հայոց հնագույն տոհմագրության որոշ տվյալներ բացակայում են այլ հայկական աղբյուրներում:
Նաիրա Կիլիչյանը «Լազ պարը հայ եւ հույն մշակույթում» աշխատության մեջ հունական եւ հայկական աղբյուրների հիման վրա տալիս է Փոքր Ասիայի հայերի եւ հույների մեջ տարածում գտած երեք ազգագրական պարերի (լազ պար, սերա-լազիկոն եւ պիցակ-օյին) վերլուծությունը:
Տիգրան Սիմյանի «Հին Թիֆլիսըՙ իբրեւ մշակույթների երկխոսություն, սահքի միջավայր» հոդվածում Վրաստանի մայրաքաղաքի բազմամշակութային նկարագիրը տվել է չորս հայ գրական գործիչներիՙ Սայաթ-Նովայի, Աբովյանի, Թումանյանի եւ Նիկոլ Աղբալյանի ընկալմամբ:
Արեւմտահայության տնտեսության պատմության քիչ ծանոթ երեսակն է ներկայացված Վահրամ Շեմմասյանի «Մուսա լեռան հայության տնտեսական վիճակը 19-րդ դարից մինչեւ 20-րդ դարի սկիզբը» աշխատության մեջ (անգլերեն): Ճամփորդական նոթերի, ականատեսների վկայությունների, անտիպ հուշագրությունների, ժամանակի մամուլի եւ տարբեր երկրներում գտնվող հայ եւ այլալեզու արխիվների հիման վրա (մեծ մասամբՙ առաջին անգամ օգտագործվող) ներկայացվում է Մուսա լեռան տարածաշրջանում գյուղատնտեսության եւ արդյունաբերության զարգացումը:
Տարեգրքի առաջինՙ «Հոդված-ուսումնասիրություններ» բաժինը եզրափակվում է Խորեն Գրիգորյանի «Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամները» նյութով:
Հաջորդՙ «Քննարկումներ» բաժինը սկսվում է Արմեն Պետրոսյանի «Դիցանունից ցեղանուն. մի հնագույն պաշտամունքի հետքեր Հայաստանում» հեղինակը նոր մոտեցում է հանդես բերել հայերի «արմեն» ինքնանվան ստուգանբանությանըՙ առնչակցելով այն փոքրասիական լուսնաստծու arma անվանը:
Հովհաննես Խորիկյանը «Սատրապությունների հերոդոտյան ցուցակը (պատմաաշխարհագրական քննություն)» աշխատության մեջ ընդգծել է Հերոդոտոսի ավանդած սատրապությունների կարեւորությունն Աքեմենյան պետության վարչական բաժանման մեջ:
Աննա Արեւշատյանը «Յաղագս գիտութեան ձայնից» մեկնության հեղինակի հարցի շուրջ. Անանիա Նարեկացի՞, թե՞ Անանիա Շիրակացի» ուսումնասիրության մեջ վիճարկում է երջանկահիշատակ երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանի տեսակետը. ըստ Արեւշատյանիՙ հայ երաժշտագիտական այդ հնագույն երկի հեղինակը ոչ թե Անանիա Նարեկացին է, այլ 7-րդ դարի հանրագիտակ գիտնական Անանիա Շիրակացին: Հայ միջնադարյան երաժշտության պատմության ճշգրտումներ է մտցնում նաեւ հաջորդ նյութըՙ Մհեր Նավոյանի «ՃԺԲ սաղմոսն ու հարակից երգատեսակներն Առավոտյան եւ Արեւագալի ժամերգություններում (եւս մեկ անգամ Մովսես Քերթողահոր «Յաղագս կարգաց եկեղեցւոյ բացայայտութիւնք» երկի շուրջ)»:
Արսեն Շահինյանը արաբական միջնադարյան աղբյուրների հիման վրա փորձել է ճշտել «Արմինիյա արաբական նահանգի ու նրա վարչական միավորների բնակչության մոտավոր թվաքանակը»: Նրա հաշվումներովՙ 8-9-րդ դարերում, արաբական նվաճումների ժամանակ ստեղծված Արմինիյա նահանգի բնակչությունը եղել է մոտ մեկուկես միլիոն:
Արծվի Բախչինյանն անդրադարձել է ՀՀ առաջին հանրապետության պատմության քիչ ծանոթ մի իրողությանՙ «Հայաստանի Հանրապետություն եւ Չեխոսլովակիա (19181920). երկու նորանկախ հանրապետությունների առաջին կապերը»:
Անգլիագիր ամերիկահայ գրողիՙ վերջերս հայերեն թարգմանված վեպի քննությունն է կատարել Քնարիկ Աբրահամյանը «Ինքնության հաղթահարման բարդույթը Փիթըր Սուրյանի «Միրի» վեպում» հոդվածում:
Վիքի Չափարյանն իր «Հայոց ցեղասպանությունն ամերիկյան նախագահական ճառերում. Ջորջ Վ. Բուշից մինչեւ Բարաք Օբամա. քաղաքական ճառի վերլուծական հետազոտություն» անգլերեն աշխատության մեջ քննավերլուծության է ենթարկում ԱՄՆ նախագահների նախընտրական խոստումներն ամերիկահայությանը եւ հետընտրական չքմեղանքի եւ խուսափողական ելույթները:
Երեք հեղինակՙ Եվգենյա Պատուրյանը, Վալենտինա Գեւորգյանը եւ Մարիամ Մաթեւոսյանը հանդես են եկել հայագիտության համար անսպասելի մի հոդվածովՙ «Արդյո՞ք googling-ը տեխնիկա է. ի՞նչ կարող է բացատրել համացանցը ՀՀ հասարակական կազմակերպությունների մասին»: Հեղինակներն առաջ են քաշում, որ գործող ՀԿ-ները պետք է առնվազն որոշ չափով տեսանելի լինեն առցանց եւ ճանաչողական googling-ի կիրառման միջոցով:
Աշոտ Հայրապետյանը «Բառակերտությունը որպես լեզվի հաղորդակցական գործառույթի իրացում» ներկայացրել է բառակերտման կարեւորությունը լեզուն կենսունակ պահելու հարցում:
Հայ իրականության այլեւայլ կողմերի նորովի մեկնաբանություններ եւ նոր իրողություններ է բացահայտում «Հրապարակումներ» բաժինը: Կարինե Ալեքսանյանը ներկայացրել է «Ալեքսանդրապոլի գավառի տեղական իշխանության գործունեությունը թուրքական ռազմակալման շրջանում (1918, մայիս-դեկտեմբեր)», որտեղ արխիվային հարուստ նյութի հիման վրա տրված է հայոց նոր շրջանի պատմության կնճռոտ էջերից մեկըՙ Ալեքսանդրապոլի գավառի վեցամսյա զավթումը թուրքերի կողմից:
Անդրանիկ Տաքեսյանը հրատարակել է հաճընցի Հարություն Հովակիմյանիՙ 1950-ին ամբողջացրած «Հիշատակարան» անտիպ հուշագրքում տեղ գտած «Հաճնոյ բարբառով բանահիւսական գողտրիկ փունջ մը»:
«Դերենիկ Դեմիրճյանի նորահայտ ձեռագիրը. Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցի արծարծումներ» նյութով Կարինե Ռաֆայելյանը շրջանառության մեջ է դրել մի անտիպ փաստաթուղթ, որտեղ գրողը, Ստալինի մահից մեկ տարի անց, վերհանում է հայկական այդ պատմական տարածքների Հայաստանին վերադարձնելու իրավունքը:
Վարդան Մատթեոսյանը «Թէոդիկին ուղղուած նորայայտ նամակներ» հրապարակմամբ անհայտությունից հրապարակ է հանել «Ամենուն տարեցոյցի» խմբագրին ուղղված 20 անտիպ նամակ:
Զավեն Մսըրլյանը անգլերենով ընթերցողի դատին է հանձնել «Շվեյցարիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գծով ջանքերը», որ վերաբերում է 1998-2001 թվականներին:
Հարուստ է նաեւ «Հաղորդումներ» բաժինը: Արմեն Սարգսյանը «Առած-ասացվածքները, անեծք-օրհնանքները եւ հանելուկները Արցախի բանահյուսության մեջ» նյութում մանրակրկիտ քննության է ենթարկել բանավոր մշակույթի այդ փոքրածավալ նմուշները: Հայոց խաչքարային արվեստի մի հնագույն նմուշ է ներկայացված Աշոտ Գ. Մանուչարյանի «Թվագրությամբ հնագույնՙ Թ. դարի խաչաքանդակ քար Մեղրու տարածաշրջանից» հոդվածում, իսկ Թամարա Մինասյանը ուսումնասիրության առարկա է դարձրել «Գտչավանքի եւ Դիզակ գավառի ձեռագրական ժառանգությունը»:
Լիլիան Հովակիմյանի ուսումնասիրության առարկան 1902-ին ստեղծված ռուս գրականության մեջ քիչ ծանոթ, սակայն միանգամայն ուշագրավ մի վիպակ է, որի գործողությունները մասամբ առնչվում են հայ իրականությանը, հանդես են բերված նաեւ հայ հերոսներ («Հայը եւ հայկականը Ֆեոդոր Տյուտչեւի «Փախստականը» վեպում»):
Ամերիկահայ մամուլի պատմության սկզբնական շրջանին վերաբերող հետազոտություն է կատարել Հասմիկ Եսայանը «Կալիֆոռնիայի հայ պարբերական մամուլը 1900-1930-ականներին» հոդվածում:
Էտուար Թորիկեանն արժեւորել է «Նիկողոս Թահմիզյանի երաժշտագիտական ներդրումը»: «Հուշագրություններ» բաժնում շարունակվում են նախորդ հատորներից տպագրվող մերօրյա Թուրքիայում մահմեդականացած հայերի հետ Հրանուշ Խառատյանի վարած հարցազրույցները:
«Գրախոսականներ» բաժնում ներկայացված են 2011-2013 թթ. մի քանի հրատարակությունՙ «Իռլանդիա եւ Հայաստան. լեզվի, պատմության եւ պատումի ուսումնասիրությունները» անգլերեն հատորը (գրախոսՙ Անի Կոջոյան), Կլոդ Մութաֆյանի «Արեւելքի Հայաստանը. 11-13-րդ դարեր» ֆրանսերեն աշխատությունը (գրախոսՙ Ռաֆֆի Չերչյան), Վարուժան Պողոսյանի նույնպես ֆրանսերեն «Զմյուռնիայի 1922-ի աղետը» փաստաթղթերի ժողովածուն (գրախոսՙ Թեոֆանիս Մալքիդիս), Անդրանիկ Տաքեսյանի եւ Արմեն Յուրնեշլյանի «Լիբանանահայ գիրքը 1894-2012» մատենագիտական ցանկը» (գրախոսՙ Վարդան Մատթեոսյան):
«Մահագրություն» բաժնում ներկայացված են 2011-2013 թթ. կյանքին հրաժեշտ տված հայագիտության մի շարք երախտավորների եւ մշակների կենսագրականներ:
«Ցանկեր» բաժնում ընդգրկված է Եղիա Ներսեսյանի «Հնագույն եւ միջնադարյան շրջանի հայ դրամագիտության ընտրված մատենագիտություն. 2001-2010» անգլերեն ցանկը:
Վերջում ցանկանում ենք նշել այն ուրախալի փաստը, որ հատորների նյութերն աստիճանաբար Համացանցում դրվում են դրանք մատչելի դարձնելով աշխարհի չորս ծագերում բոլոր հետաքրքրվողներին: Սակայն ցավով պետք է նշենք, որ Հայաստանի ԲՈՀ-իՙ վերջերս ընդունած որոշմամբ «Հայկազեան հայագիտական հանդէսը» հանվել է ԲՈՀ-ի կողմից ճանաչվող գիտական հրատարակությունների ցանկից: