Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Պ. Ք.

Ռուսաստանը եւ Իրանը կնքել են ռազմական գործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հոսեյն Դեհկանը:

Մամլո ասուլիսում Շոյգուն պատմել է, որ ըստ համաձայնագրի տեղի կունենան պատվիրակությունների փոխանակումներ, շտաբային բանակցություններ, դիտորդների մասնակցությամբ զորավարժություններ, զինվորական կադրերի պատրաստություն, խաղաղարար գործունեություն եւ հակաահաբեկչական պայքարի փորձի փոխանակություն, ռազմանավերի փոխայցելություններ:

Դեհկանն ասել է, որ Ռուսատանը եւ Իրանը պետք է միասնաբար դիմակայեն Մերձավոր Արեւելքում գործող կողմնակի ուժերին:

«Տարածաշրջանում ունենք ընդհանուր մարտահրավերներ, որոնց հնարավոր է դիմակայել միայն համատեղ ուժերով», ընդգծել է Շոյգուն, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

BBC-ն նշում է, որ համաձայնագիրը ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջը «վեցյակի» երկրների հետ շարունակվող բանակցությունների պայմաններում:

Ընդդեմ ԱՄՆ-ի

Ասոշիեյթեյդ պրես գործակալությունը մեջբերում է Հոսեյն Դեհկանի հետեւյալ խոսքը. «Իրանը եւ Ռուսաստանը ի զորու են ԱՄՆ-ի ծավալապաշտական միջամտությանը եւ շահախնդրությանը դիմակայել համագործակցությամբ, սերտ փոխգործողությամբ եւ իրենց ռազմավարական ողջ ներուժի բացահայտմամբ»:

ՌԴ «Էներգետիկայի եւ անվտանգւթյան կենտրոնի» աշխատակից Անտոն Խլոպկովի կարծիքով, երկու նախարարները նկատի ունեն նախ եւ առաջ Մերձավոր Արեւելքի քաղաքական անկայունությունը, որի համար մեղադրում են ԱՄՆ-ին: «Վերջին տարիներին մի քանի վարչակարգ տապալվեց արտաշրջանային ուժերի օգնությամբ: Եվ հարցը միայն ԱՄՆ-ը չէ. Լիբիայում իրականացվեց մի ամբողջ միջազգային ռազմարշավ», ասում է ռուս փորձագետը: Նրա խոսքերով, «Ռուսաստանը եւ Իրանը մտադիր են միասնաբար խոչընդոտել անհաճո վարչակարգերի ռազմական տապալմանը»:

Պայքար «Իսլամական պետության» դեմ

«Իսլամական պետության» դեմ երկու երկրների հնարավոր համագործակցության վերաբերյալ հատուկ հայտարարություններ չեն արվել: Անտոն Խլոպկովը նշում է, որ երկու երկրները շահագրգռված չեն տարածաշրջանի ապակայունացմամբ, ուստի «Իսլամական պետության» դեմ պետք է գործեն ԱՄՆ-ի հետ համատեղ:

ՌԴ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդատու Ելենա Սուպոնինան ընդգծում է, որ Իրանը եւ ԱՄՆ-ը ծովահենության, ահաբեկչության եւ Իրաքի անկայունության դեմ մղվող պայքարում փոխգործողության բավական թարմ փորձ ունեն: Միեւնույն ժամանակ փորձագետը նշում է, որ թեեւ Մոսկվան եւ Թեհրանը ընդհանուր հայացքներ ունեն ԱՄՆ-ի վերաբերյալ, բայց երկկողմ հարաբերություններում առկա է չլուծված լուրջ խնդիրՙ C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման անկատար պայմանագիրը:

Ձախողված պայմանագիր

Տվյալ փաստաթղթի անկատար մնալը շարունակում է ազդել ռուս-իրանական հարաբերությունների ներկա վիճակի վրա: C-300-ի հինգ դիվիզիոնների մատակարարման պայմանագիրը կնքվել էր 2007-ին: Գործարքի արժեքը 800 մլն դոլար էր:

Երբ Ռուսաստանը միացավ Իրանի զինամատակարարումն արգելող ՄԱԿ-ի ԱԽ 2010 թ. հունիսի 9-ի բանաձեւին, Մոսկվան հրաժարվեց պայմանագրի կատարումից:

Թեհրանը քանիցս փորձել է փոխել իրավիճակըՙ հայտարարելով, որ պայմանագիր կնքվել է նախքան ԱԽ բանաձեւի ընդունումը եւ որ C-300-ը հարձակողական զինատեսակ չէ: Իրանի Ժնեւի միջնորդական դատարանին 4 մլրդ դոլարի հայց է ներկայացրել ընդդեմ «Ռոսօբորոնէքսպորտի»:

Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության ռուսաստանյան կենտրոնում նոր պայմանագրեր չկնքելու հետեւանքով ռուսական կողմի կրած վնասները գնահատում են 11-13 մլրդ դոլար:

Իրանական Թասնիմ գործակալությունը հաղորդում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը որոշել են միասնաբար փնտրել տվյալ խնդրի լուծման ուղիներ:

ՌԴ ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի զինվորական փորձագետ Անդրեյ Ֆրոլովը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ պայմանագրի կատարման վերսկսումը թերեւս հնարավոր կդառնա, եթե «Ռուսաստանը վերանայի համաշխարհային ընկերակցության հետ իր բոլոր համաձայնագրերը, իսկ ՄԱԿ-ը չեղյալ հայտարարի հակաիրանական պատժամիջոցների այն մասը, որը խոչընդոտում է այդ երկրին զենքի համակարգերի մատակարարմանը»: