Նախորդ օրը մեր խմբագրությանը մոտիկ բանկերից մեկն էի գնացել կոմունալ վճարումներ անելու: Գերխճողված էր բանկը, մանավանդ դրամարկղային պատուհանների շուրջը: Շատ էին ամերիկյան դոլար գնողները, ավելի ճիշտՙ գնել ուզողները: Երկու հարյուր դոլարից ավելի չէին վաճառում, այն էլՙ ոչ բոլորին: Պատուհանի այս կողմից մի հաճախորդ գոռում էրՙ «Գագոն զանգե՞լ է ինձի հմար»: Անշուշտ չէր լսվում այն կողմում նստածի պատասխանը, ոչ էլ… լռությունը: Բայց վստահաբար Գագոն զանգել էր: Որովհետեւ գործարքը կայացավ: Հաճախորդը արագ-արագ ձեռքի «իսահակյանների» տրցակը կրկին հաշվեց, խցկեց անցքից ներս, եւ ավելի քան երջանիկՙ տառացիորեն հափշտակեց կանաչ թղթադրամներն ու գնաց:
Կարելի էր մտածել, որ հավաքված այդ մարդիկ ամանորյա արձակուրդներին թերեւս արտասահման են մեկնելու, տարադրամի կարիք ունեն: Սակայն…
Մյուս պատուհանի մոտ այլ տեսարան էր պարզվում: Երկու ջահել տղաներ անվստահ կանգնել էին ու մտահոգ հաշվում էին ունեցած դրամները: Նրանցից մեկը, համեմատաբար ավելի մեծն ու ինքնավստահը, պատուհանի այս կողմից ինչ-որ բան ասաց դեպի ներս եւ հանկարծ ոգեւորվեց: Ոգեւորվեց նաեւ կրտսեր ընկերը: Սկսեցին նորից խուզարկել իրենց գրպանները: Ըստ երեւույթին դրամը չէր հերիքում: Հերթը չկորցնելու շտապողականության մեջ առաջին տղան գրեթե շնչասպառ գոռացՙ «Լավ, իննսուն տո՛ւ»: Ու մինչ վերցնում էր կանաչ թղթադրամները, կրտսեր ընկերը ձեռքի փողը երկարեց ու պատուհանի տակից գրեթե շշնջացՙ «Ինձՙ հինգ դոլար»…
Ուրեմնՙ իննսուն եւ հինգ դոլար: Էլ ի՜նչ արձակուրդ, ի՜նչ արտասահման: Տղաները եկել էին ապահով զգալու իրենց, գրպանում դոլարի՛ ապահովությունը շոշափելու:
Եվ այսպեսՙ ողջ Հայաստանի ժողովուրդը: Ավելի շուտՙ նրա չունեւոր մասը, այսինքնՙ մեծ մասը: (Ունեւոր մասն արդեն տարել է իր տանելիքը, օլիգարխներն արդեն խաղացել են իրենց խաղըՙ ասպարեզը թողնելով խուճապահար բազմություններին):
Անշուշտ տարբեր են անցնող շաբաթվա ընթացքի վրա տիրապետող խուճապի պատճառները. մոտիկ ու հեռավոր անցյալի դառն հիշողություններ, Ռուսաստանում տիրող տնտեսական ճգնաժամ, հարեւանի, ընկերոջ կամ բարեկամի տված «ցնցիչ տեղեկություններ» (չմոռանանքՙ Հայաստանում մարդկանց 18 տոկոսն իր տեղեկություններն ստանում է վերջիններիս միջոցով), վլվլոցն ու իրարանցումը պաշտող ու միշտ հոռետես լրագրողներ եւ լրատվամիջոցներ, սեփական երկրի առեւտրականների ագահությունը քաջ գիտակցող քաղաքացիներ, եւ այլն, եւ այլն:
Սակայն գլխավոր պատճառը անվստահությունն է սեփական իշխանությունների, ընդհանրապես իշխանավորների ու պաշտոնական մարմինների նկատմամբ: Թե՛ այս, թե՛ գալիք բոլոր իշխանությունների նկատմամբ: Սա այն հատկանիշն է գլխավոր, որը տասնամյակներ, թերեւս դարեր շարունակ արմատավորվել է այս երկրի բնակչության մտքի ու հոգու, հիշողության ու դատողության մեջ: Եվ դժվար է, իսկապես շա՜տ դժվար է, մանավանդ ճգնաժամային պահերին, ուղղորդել մեր ժողովրդին դեպի համազգային ու համապետական գործ եւ միասնական կեցվածք:
Մեր մտածող քաղաքացիներին եւ առաջին հերթին պետական-քաղաքական մարդկանց, ներկա թե գալիք, ամենից շատը պետք է մտահոգի այս իրականությունըՙ բնազդային անվստահության վերացման խնդիրը Հայաստանում: Առանց վստահության չի’ք փրկություն: