Վ.Հակոբյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Վ.Բարխուդարյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Յու.Շուքուրյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ա.Սաղյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ա.Մելքոնյան – թղթակից անդամ
Յու.Սուվարյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
(Երուսաղեմի Հայոց Պատրիարքի վերջին հրապարակային նամակի կապակցությամբ)
Հերթական անգամ մեծ ցավ եւ վրդովմունք առաջացրեց համացանցում ողջ հայ հանրության սեփականությունը դարձած Երուսաղեմի հայոց պատրիարք` Նուրհան Արք. Մանուկյանի երկրորդ նամակը` ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին: Կարծես ամենապատիվ պատրիարքը առիթ է փնտրում անընդունելի հայոյախառն որակումներով վարկաբեկել Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին, նրա ողջ Եպիսկոպոսաց դասը, Ամենայն հայոց կաթողիկոսին:
Ամենապատիվ պատրիարք, վերհիշեք անցյալ տարվա օգոստոսին գրեթե նույնանման բովանդակությամբ համացանցում Ձեր կողմից հրապարակված նամակն Ամենայն հայոց կաթողիկոսին` կապված Ֆրանսիայի թեմի առաջնորդի` Նորվան Սրբազանի հրաժարականի հետ: Ձեր երկրորդ նամակն իր ոճով, ձեւով եւ բովանդակությամբ առավել քան անպարկեշտ է, ողջամտության բոլոր սահմանները հատող եւ խորը հիասթափություն է առաջացնում Հայ եկեղեցու յուրաքանչյուր հավատացյալի հոգում: Բարձրաստիճան եկեղեցականին վայել չէ նման ոճով, լեզվով եւ դարձվածքներով արտահայտվել հայոց եպիսկոպոսաց դասին (ի դեպ, որի անդամներից մեկը հենց Դուք եք), առավել եւս նրա գահակալին:
Ամենապատիվ պատրիարքին զայրացրել է, որ առանձին սրբազան այրեր իբրեւ թե բարձրացրել են Երուսաղեմի պատրիարքությունը թեմական առաջնորդարանի վերածելու հարցը: Եթե նույնիսկ դա համապատասխաներ իրականությանը, ապա Վեհափառը երբեք չէր տա իր համաձայնությունը նման փոփոխություն իրականացնելու համար: Նա գերազանց գիտի նվիրապետական աթոռների դերը, քանի որ ինքը հանդիսանում է այդ աթոռների պահպանման երաշխավորը: Ուստի իզուր պետք չէ զրպարտել:
Ցավալի է, բայց փաստ, որ Ամենապատիվ պատրիարքը երեւակայական թշնամի է հորինում եւ «քաջաբար» պայքարում նրա դեմ: Պատշաճ չէ, որ նման բարձր հոգեւորականն իջնի նման մակարդակի: Հոգեւորական այրը պարտավոր է պահպանել եկեղեցականին վայել տարրական քաղաքավարությունը` հօգուտ Հայ եկեղեցու կարեւոր եւ բացառիկ շահերի: Նման որակավորումները հարվածում են հենց իրեն` գրողին:
Ափսոսանքով ուզում ենք արձանագրել, որ պատրիարքը, հավանաբար, իր անձնական, ինքնահաստատման մոլուցքով տարված` հերթական անգամ փորձ է անում սեպ խրել Մայր աթոռի եւ Երուսաղեմի նվիրապետական աթոռի միջեւ: Ակամա հարց ենք ուզում տալ. ի՞նչ եք ուզում Դուք, մի՞թե Դուք ուզում եք նսեմացնել 1700-ամյա գոյություն ունեցող Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դերը, պառակտել այն` մոռանալով, որ դարեր շարունակ այն հանդիսացել է մեր բազմաչարչար ժողովրդի գոյատեւման միակ գրավականն ու փարոսը: Ձեր որակավորումները, գործելաոճը հիշեցնում են հայ ժողովրդի չկամներին, որոնք հանդես են գալիս տարբեր անուններով եւ որոնք իրենց գերխնդիրն են համարում ոչ միայն պառակտելու մեր Սուրբ Եկեղեցին, այլ նաեւ խարխլելու մեր պետության հիմքերը, հայ մարդուն դարձնելու Հայրենիք, Կրոն եւ Ազգություն չճանաչող օտարամոլ ամբոխի:
Ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցու ողջ եպիսկոպոսաց դասին եւ նրա գահակալին ուղղված պատրիարքի նամակն այս էլ երկրորդ անգամ փոխանակ հասցեատիրոջը հասնելու` համացանցում է հայտնվում: Հասկանալի է, որ այդ նամակն այլ նպատակներ է հետապնդում` հեռուն գնացող հետեւություններով: Վեհափառին եւ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն հանիրավի քննադատողներին, որոշ լրատվամիջոցներին ուզում ենք մեկ անգամ եւս հիշեցնել, որ մենք պարտական ենք մեր եկեղեցուն: Դարեր շարունակ մեր պետականությունը կորցրած լինելով` նա է, որ մեզ հայ է պահել, քանի որ բռնապետական դժնդակ տասնամյակների ընթացքում պահել-պահպանել է մեր հավատքը:
Չենք կարող հատուկ չանդրադառնալ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ թույլ տված վիրավորանքներին: Ցավալի է, որ ինչպես պատրիարքը, այնպես էլ որոշ «քննադատներ» չեն հասկանում, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մեր ժողովրդի, մեր ազգի խորհրդանիշներից է, եւ նրա մասին խոսելիս անհրաժեշտ է չկորցնել պատկառանքը, հարգանքն ու չափավորությունն այդ խորհրդանիշի նկատմամբ: Հիշենք երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, որին ոչ հեռու անցյալում Ազատության հրապարակում անվանում էին «Խթը»-ի (Պետական անվտանգության կոմիտեի) գործակալ: Իսկ այսօր ո՞վ է կասկածում, որ նա արժանի է սրբերի դասին դասվելու…
Հակառակ բոլոր քննադատներին, պետք է արձանագրել, որ Հայոց կաթողիկոսը կրթում, դաստիարակում, քարոզում, կառուցում, բարեկարգում է այն ամենը, ինչ կապված է Հայ եկեղեցու հետ: Հպանցիկ հիշենք Վեհափառի ջանքերով վերջին տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանում եւ բազմաթիվ այլ երկրներում կառուցված եկեղեցիները, բազմաթիվ հոգեւորականներին, որոնք կրթվել են աշխարհի հայտնի հեղինակավոր ուսումնարաններում, որքան գեղեցիկ է բարեկարգվում Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, հայորդաց տները, դպրոցներում կրոնի եւ եկեղեցու պատմությունը եւ այլն: Պետք է հպարտությամբ արձանագրենք նաեւ, որ այն ամենը, ինչ անում է Վեհափառը, պետք է ոչ թե իրեն, այլ մեր ողջ ժողովրդին, երկրին, եւ այդ ամենը մնալու է պատմությանը, սերունդներին:
Ամենապատիվ Սրբազան, Դուք լավ գիտեք, որ անմիաբանությունն ու երկպառակտումը միշտ էլ չարիք են եղել մեր ժողովրդի անցած ողջ պատմության ընթացքում: Այժմ աշխարհով մեկ սփռված մեր ժողովուրդը եւ երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական դժվար իրավիճակում: Հետեւաբար, միմիայն միասնական, համախմբված ջանքերով կարող ենք հաջողության հասնել: Ուրեմն ինչո՞ւ ժողովուրդը պիտի իմանա, որ մեր հավատքի կարեւորագույն երկու սյուները լուրջ եւ վնասաբեր գժտություն ունեն, որոնք վնասում են մեր եկեղեցու եւ պետության միասնությանը: Համազգային այս ողբերգությունը պետք է կարողանալ հաղթահարել: Բարի կամքի դրսեւորման դեպքում անլուծելի հարցեր չկան:
Մենք շատ բարձր ենք դասում եւ կարեւորում ենք Սուրբ հողում բազմադարյա պատմություն ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի եւ նրա հոգեւորականների անձնուրաց գործունեությունը Հայոց հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանման եւ այն սերունդներին փոխանցման գործում: Այդ կարեւորագույն առաքելության իրականացման ճանապարհին Սուրբ Աթոռի միաբանները մշտապես պայքարել եւ պայքարում են տարբեր կրոնական եւ իշխանական հալածանքների դեմ` պաշտպանելով մեր եկեղեցին ցանկացած տեսակի ոտնձգություններից, պահպանելով հայ ժողովրդի եւ Հայ Եկեղեցու ավանդական իրավունքները:
Ամենապատիվ Երուսաղեմի Հայոց Պատրիարք, ուզում ենք հավատալ Ձեր խոհեմ որոշումներին` հուսալով, որ Դուք հնարավորինս ջանք չեք խնայի կնճիռները հարթելու համար: Մեր ժողովուրդը բազմադարյա պատմության ընթացքում լավ գիտի, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել եւ միշտ մնում է հայապահպանության մշտական հենարանը, եկեղեցու եւ նրա ճյուղավորումների համերաշխության ամրապնդման երաշխավորը: Ուստի հորդորում ենք Ձեզ` Ամենապատիվ Պատրիարք, հանուն Հայ Եկեղեցու արժանապատիվ գոյության եւ Երուսաղեմի հետ համերաշխ համագործակցության, հանուն Մեծ Եղեռնի 100-ամյակի տարելիցի, վերականգնեք Ձեր հոգեւոր եղբայրությունը Վեհափառ Տիրոջ հետ:
Ստորագրել են`