Նոյեմբերի 1-ից Եվրոմիության արտաքին գործերի գերագույն հանձնակատարի պաշտոնն զբաղեցնող Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ինքը ուրախ կլիներ աշխարհի քարտեզի վրա Պաղեստին պետություն տեսնելՙ նախքան իր պաշտոնավարության ավարտը: Այդ հայտարարությունն արվել է եվրոպական առաջատար թերթեր «Մոնդի», «Զյուդդոյչե ցայտունգի», «Գարդիանի», «Ստամպայի», «Պաիսի» եւ «Գազետա վիբորչայի» թղթակիցների մասնակցությամբ կազմակերպված մամլո ասուլիսում:
«Իրականում ինձ համար կարեւոր է լոկ այն, որ եվրոպական եւ մյուս պետությունները ճանաչեն Պաղեստինը: Ես երջանիկ կլինեի, եթե Պաղեստին պետությունը ծնունդ առներ նախքան իմ լիազորությունների ժամկետի ավարտը», ընդգծել է Մոգերինին, որի խոսքը մեջբերում է «Մոնդը»:
Ավելի վաղ Պաղեստինյան ինքնավարության պետական կարգավիճակն օրինականացրել էին Շվեդիան, Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան, Մալթան եւ Կիպրոսը, իսկ Ֆինլանդիայի արտգործնախարարությունը «Պաղեստինի պետության» ճանաչումը անվանել էր Մերձավոր Արեւելքի խաղաղության գրավական:
Հոկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը նույնպես ճանաչել էր Պաղեստին պետությունը, սակայն վարչապետ Դեւիդ Կեմերոնը հրաժարվել էր Պաղեստինյան ինքնավարությունն անվանել ինքնիշխան պետություն:
Այսօր, նոյեմբերի 7-ին, Ֆեդերիկա Մոգերինին պաշտոնական այց կկատարի Երուսաղեմ, իսկ այնտեղից կմեկնի Պաղեստինյան ինքնավարության մայրաքաղաք Ռամալլահ: