Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑԱԾՐ Է

Պ. Ք.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն իջել է աննախադեպ ցածր մակարդակի: ABC News հեռուստաալիքի եւ Washington Post թերթի անցկացրած համատեղ հարցման տվյալների համաձայն, նախագահի գործունեությունը դրական է գնահատում ամերիկացիների ընդամենը 44 տոկոսը:

2014 թ. հունվարին այդ ցուցանիշը կազմում էր 49 տոկոս, իսկ նրա նախագահական երկրորդ ժամկետի սկզբումՙ 60 տոկոս: ԱՄՆ-ի չափահաս բնակչության կեսից ավելինՙ 53 տոկոսը բացասաբար է վերաբերվում Օբամայի գործունեությանը:

Հարցման ենթարկված եւ ցածր վարձատրվող ամերիկացիների մոտավորապես 46 տոկոսը կարծում է, թե Օբաման հասկանում է իրենց դժվարությունները: Եվս 46 տոկոսը կարծում է, թե նա ուժեղ առաջնորդ է, իսկ 52 տոկոսը դրական է գնահատում նրա կառավարչական հատկանիշները:

Հարցումն անցկացվել է ԱՄՆ Կոնգրեսի միջակա ընտրությունների (նոյեմբերի 4-ի) նախօրեին:

Եգիպտոսի ջիհադիստները համերաշխվեցին «Իսլամական պետության» հետ

Եգպիպտացի ջիհադիստների «Անսար Բեյթ ալ Մակդիս» արմատական խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

«Մենք որոշեցինք հավատարմության երդում տալ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին», ասվում է եգիպտացի գրոհայինների հայտարարության մեջ: Նրանք նաեւ նշել են, որ իրենք հավանություն են տալիս Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» գործողություններին:

Ավելի վաղ քանիցս տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ «Ալ Ղաիդային» ենթակա «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորման գրոհայինները «Իսլամական պետության» հետ համաձայնեցնում են իրենց հարձակումները Եգիպտոսի ուժային կառույցների ներկայացուցիչների վրա:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի սկզբներին «իսլամական պետության» գրոհայիններին իրենց օգնությունն էին առաջարկել «Թալիբան» շարժման ներկայացուցիչները: Նրանք նշել էին, որ իրենք հպարտանում են այն պայքարով, որ «Իսլամական պետությունը» մղում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի դեմ: Թալիբները նաեւ հայտարարել էին, որ իրենք պատրաստ են օգնություն ցուցաբերել համաշխարհային Իսլամական խալիֆայության ստեղծման գործում: