Ի՜նչ եմ շինում էս ցեխերում,
աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան
դեպի էնտե՜ղ, դեպի տո՛ւն…
Հովհ. Թումանյան
Այս շաբաթվա հոդվածս նվիրում եմ Հարություն Եսայանին, 90-ամյակը նոր բոլորած բարերարին, ով վերջերս 325 հազար դոլար նվիրեց Հայաստանում հիվանդանոցի շինարարության համար: Պրն Եսայանին ես հանդիպեցի անցյալ շաբաթ Տորոնտոյում (Կանադա) եւ նա խնդրեց ինձնից անդրադառնալ Հայաստանում կատարվող դրական երեւույթներին: Կարծում եմ ցանկանում էր համոզվել, որ սփյուռքյան կազմակերպությունների եւ անհատների նվիրատվությունները հօդս չեն ցնդում, այլ ծառայում են իրենց նպատակին:
Արդարեւ, ավանդաբար, մեր անձնական էգոիզմն այնքան ուռճացած է եղել, որ մոռացել ենք ապագայի հեռանկարները եւ չենք գործել միասնաբար: Մենք ավելի շատ բացասական տրամադրվածությամբ, հոռետես մադկանց ենք հանդիպում մեր շրջապատում, քան իսկական հայրենասեր, լավատես մարդկանց, ավելի շատ քննադատողների, քանՙ իրենց լուման ներդնողների:
Հայաստանը գտնվում է աշխարհառազմագիտական այնպիսի վայրում, որը շրջապատված է արտաքին թշնամիներով, որոնք իրենց սադրանքներն են ի գործ դնում նախքան, որ որեւէ մարդասիրական կազմակերպություն կարողանա օգնության ձեռք մեկնել: Լավ ֆինանսավորված զանգվածային լրատվամիջոցներն էլ միշտ պատրաստ են մեծացնելու որեւէ սխալ կամ թերություն, որպեսզի բնակչությանը մղեն հուսահատության:
Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո USAID-ի Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի նյութական օժանդակությունը դադարեցվեց, վնաս հասցնելով գյուղատնտեսությանը, որն արդեն կաղում էր: Ներկայացված պատճառն այն էր, որ ընտրությունները արդար եւ ժողովրդավարական չէին: Մինչդեռ Ադրբեջանը, որ աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողն է եւ որտեղ ամենաշատ լրագրողներ են բանտարկված, շարունակում է ստանալ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական օժանդակություն Արեւմուտքից:
Արտասահմանյան շատ գործակալություններ նարնջագույն կամ վարդագույն հեղափոխությունների տարբերակներ են կանխատեսում իրականացնել Հայաստանում: Այդ նպատակով էլ երկրում քաղաքական խլրտումների բոցը նրանք փորձում են միշտ վառ պահել: Նրանց գործողություններին աջակցում են նաեւ սփյուռքի որոշ շրջանակներ, ովքեր ժողովրդավարական բարեփոխումներ են ցանկանում իրականացնել Հայաստանում հեռակառավարվող խորհրդարան ստեղծելու միջոցով:
Յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր խմբավորում Հայաստանը փրկելու իր դեղատոմսն ունի եւ հազվադեպ է մտածում այն մասին, որ միակ ճիշտ եւ օգտակար դեղատոմսը ձեռք մեկնելն է տնտեսության կենսական ոլորտներին, որպեսզի երկիրը շարունակի գոյատեւել:
Այս րոպեին ես մտածում եմ Ստամբուլում ապրող այն բժշկուհու մասին, ով իր կյանքի վերջին րոպեներին լսելով Հայաստանի օրհներգը ռադիոյով, մաքուր խղճով է հեռացել այս աշխարհից, որովհետեւ իր կյանքի խնայողություններով օգնել էր քաղաքագիտության ֆակուլտետ բացել Երեւանի համալսարաններից մեկում, որպեսզի երիտասարդ դիվանագետներ պատրաստվեն այնտեղՙ երկիրը ղեկավարելու համար:
Մտածում եմ նաեւ սփյուռքահայ այն գործարարի մասին, ով Ղարաբաղում մեկ միլիոն դոլար արժողությամբ գործարան հիմնեց, ասելով. «Եթե Ղարաբաղը կորցնենք, թող գրողի ծոցը գնա իմ մեկ միլիոնը»:
Նաեւ մտածում եմ Լեւոն Քեբաբճյանի եւ իր կնոջ մասին, ովքեր թողնելով իրենց շքեղ բնակարանը Փարիզում, ամիսներ անցկացրին Ղարաբաղի լեռնային շրջաններում եւ աղքատ ընտանիքներին կովեր ու հորթուկներ նվիրեցին, որպեսզի նրանք իրենց ապրուստը կարողանան հոգալ:
Եվ ոսկե սրտով ամերիկահայ ոսկերիչ Հերման Խինդիրյանի մասին եմ մտածում, ով մենակ ֆինանսավորում է Գյումրիի «Թռչունյան որբանոցը»: Եվ Հայաստանում ծառատնկման ծրագրի (Armenia Tree Project) մասին, որի շնորհիվ որոշ չափով մաքրվում է Հայաստանի շրջակա միջավայրը:
Բարեբախտաբար, բավական մեծ է թիվը այն անհատների, խմբավորումների, կամ կազմակերպությունների, որոնք նյութական եւ տեխնոլոգիական իրենց ներդրումներով ջանում են փրկել երկիրը:
Քըրք Քրքորյանը մեկն է նրանցից, ովքեր հարյուրավոր միլիոններ է հատկացրել խղճալի վիճակում հայտնված մշակութային հաստատությունների վերանորոգման համար:
Ճարտարապետ Օսեբ (Հովսեփ) Սարաֆյանը մեկ միլիոն դոլարից ավելի է հանգանակել հօգուտ ASIF-ի (Հայկական սոցիալ ներդրումների ֆոնդի) հովանավորած ծրագրերի, հավաստիացնելով, որ Հայաստանը Արտարժույթի համաշխարհային բանկից եւս կստանա այդ գումարի 95 տոկոսի չափով գումար: Մինչ օրս, մոտ 18 միլիոն դոլարի ծրագրեր իրականացվել են Հայաստանի 122 գյուղերում: Ջրամատակարարման, ոռոգման եւ մշակութային կենտրոնների վերանորոգման խնդիրները մաս են կազմում այդ ծրագրերին:
Հայաստանի գլխավոր խնդիրը ուղեղների արտահոսքն է: Խորհրդային ժամանակներում, հանրապեպտությունը մաս էր կազմում հսկայական գլոբալ մի տնտեսության, որն անսահման ռեսուրսներ եւ համապատասխան շուկաներ ուներ: Գիտնականներ Հայաստան էին գալիս, որովհետեւ երկիրը շատ գիտական նվաճումների առաջավոր կենտրոնն էր դարձել: Մերգելյան ինստիտուտը դրա վառ վկայություններից մեկն էր: Խորհրդային Միության փլուզումով աչքի ընկնող շատ գիտնականներ ցրվեցին աշխարհով մեկՙ ստանձնելով եկամտաբեր պաշտոններ, եւ այժմ, ինչքան էլ հայրենասեր լինեն, նրանք չեն կարող վերադառնալ Հայաստան, որտեղ հնարավորություններն ու վարձատրությունը անհամեմատ ցածր են:
Երկրի ռեսուրսներն էլ աղքատիկ են: Ուրանի, ոսկու եւ մոլիբդենի հանքերը հիմնականում օտար, արտասահմանյան ֆիրմաների կողմից են շահագործվում, երբեմն նույնիսկ ի վնաս շրջակա միջավայրի: Այնպես որ գլխավոր ռեսուրսը երկրի դարձյալ մնում է իր մտավոր բացառիկ կարողություններով օժտված երիտասարդությունը: Այդ երիտասարդների նախաձեռնությունները ամենահուսալի եւ ամենամրցունակ ճանապարհներն են Հայաստանի վերակենդանացման: Դրանցով կարելի է հակադարձել ուղեղների արտահոսքին:
Շրջափակման տարիների ընթացքում հայ գիտնականները կարողանում էին իրենց արտադրանքները վաճառել, արտահանել օն-լայն ճանապարհով, նպաստելով երկրի տնտեսությանը: Այդ առումով չափազանց հեռատեսական ծրագիր էր «Թումո» կենտրոնի հիմնադրումը Երեւանում, որտեղ օրական ավելի քան հազար ուսանող հնարավորություն ունի անվճար կատարելագործելու համակարգչային տեխնոլոգիաների իր գիտելիքները: Կենտրոնի ստեղծման երախտավորներն են Դալլասից Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները, որոնք ավելի քան 50 միլիոն դոլար են ներդրել այդ ծրագրին եւ դեռ միլիոններ պետք է ներդնեն կենտրոնը ժամանակակից համապատասխան մակարդակի վրա պահելու եւ անձնակազմի աշխատավարձերը վճարելու համար:
Մյուս արժեքավոր ծրագիրը Արագած լեռան վրա գործող Տիեզերական ճառագայթների ուսումնասիրման կենտրոնն է (ՏՃՈՒԿ), որը 1943-ին նշանավոր ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի հիմնած Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի մաս է կազմում: Հակառակ խորհրդային կենտրոնական կառավարության ներդրումների չգոյությանը, բաժանմունքը, Աշոտ Չիլինգարյանի ղեկավարությամբ, այսօր 80 ֆիզիկոսներ, ինժեներներ, տեխնիկական աշխատողներ եւ ուսանողներ է պահում, չնայած բավականին ծանր պայմաններում: Ձմռան ամիսներին, նրանք շաբաթներով ստիպված են լեռան վրա մնալ: «ՏՃՈՒԿ»ը երկու կայան ունի լեռան վրա, մեկըՙ Արագած Տիեզերական ճառագայթների ուսումնասիրման կենտրոնը 3.200 մետր բարձրության վրա, մյուսըՙ արեւային մոնիտորինգի Նոր Ամբերդ կայանը, 2000 մետր բարձրության վրա: Կատարված ուսումնասիրություններն ունեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական նշանակություն: Կայանների գիտնակաները Հայաստանը ներկայացնում են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում եւ արժանացել են համընդհանուր ճանաչման: Հովանավորներն են ամերիկահայեր Կիրակոս եւ Հարություն Վաբորճյաններն ու իրենց ընտանիքները: Իսկ Ստանֆորդից (Արեւմտյան ափից) ֆիզիկոս Անահիտ Երեմյանն իր վրա է վերցրել օտար գիտական շրջանակներում ՏՃՈՒԿ-ի ճանաչման առաքելությունը: Իրականում մի քանի ընկերներով նա հիմնել է «ՏՃՈՒԿ-ի բարեկամներ» խմբավորումը, որի միակ նպատակն է նյութական հանգանակությունների միջոցով պահպանել կայանը եւ նրա փայլուն ուղեղները:
Մեկ այլ հրաշալի նախաձեռնություն է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրումը: Երբեմն բողոքներ են լսվում, որ Հայաստանում եւ Ռուսաստանում գտնվող օլիգարխները չեն օգնում իրենց հայրենակիցներին: Լեւոն Հայրապետյանը, որ այժմ Մոսկվայում գտնվում է տնային կալանքի տակ, տասնյակ միլիոններ է տրամադրել իր հարազատ բնակավայրինՙ Արցախին: Մյուս կողմից, հակառակ տարածում գտած հոռետեսության, Ռուբեն Վարդանյանն ու իր կինըՙ Վերոնիկա Զոնաբենդը 115 միլիոն դոլար են ներդրել Դիլիջանի դպրոցի կառուցման գործում: Դպրոցը «Համաշխարհային միացյալ քոլեջների» ընկերակցության 13-րդ անդամն է եւ առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցըՙ Հայաստանում: Բացի Վարդանյանից, մյուս հիմնադիր հովանավորներ են Գագիկ Ադիբեկյանը (Ռուսաստան), Նուբար եւ Աննա Աֆեյանները (Մ. Նահանգներ), Վլադիմիր եւ Աննա Ավետիսյանները (Ռուսաստան) եւ Օլեգ Մկրտչյանը (Ուկրաինա):
Հենց սկսում ես մանրամասն նկարագրել որոշ ծրագրեր ու նախաձեռնություններ, մտավախություն է պատում քեզ, որ նման շատ այլ ծրագրեր եւ նախաձեռնություններ դուրս կարող են մնալ հիշատակումից: Բայց թող նվիրատվությունների վերոնշյալ ցայտուն օրինակները իրենք արտահայտեն նաեւ մնացյալների դրական տրամադրվածությունները: Անշուշտ, «Հայաստան» հիմնադրամը եւ մեր ավանդական կազմակերպությունները շարունակում են իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանին: Չփառաբանված շատ հերոսներ կան, որոնք իրենց բարեգործություններով եւ գործարարական նախաձեռնություններով Հայաստանը ոտքի են պահում: Դժվարությունները շատ են, բայց դրանցից ոմանք արհեստականորեն են առաջացած: Կոռումպացված պետական պաշտոնյաներ ցանկանում են իրենց բաժինը կորզել նախքան որ Հայաստանը օգտվի սփյուռքահայերի առատաձեռնությունից: Լավ մտադրություններով շատ մարդիկ ընդմիշտ հրաժարվել են իրենց լուման ներդնելուց եւ պատճառներ ունեն այդպես վարվելու: Բայց ուրիշներ դժվարությունները հաղթահարելու ձեւը գտել են եւ շարունակում են իրենց դրական աշխատանքը:
Հայերս աշխարհով մեկ ցրված շատ գիտնականներ, անփորձ դիվանագետներ եւ փիլիսոփաներ ունենք, որոնք միշտ պատրաստ են գաղափարներ եւ առաջարկներ ներկայացնել: Նրանցից ոմանք անկեղծ են ու սրտաբաց, մինչ ուրիշներՙ կեղծավոր եւ եսապաշտական:
Գաղափարներից ու առաջարկություններից ավելի Հայաստանը կարիք ունի դրական ու նյութական աջակցությունների: Հայաստանը կկարողանա գոյատեւել եւ բարգավաճել միայն այն դեպքում, երբ խոսքից գործի անցնելով ներդրումներ կատարենք:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.
Նկար 1. «Թումո» կենտրոնը Երեւանում