Ինչպե՞ս հարմարավետ դարձնել երկիրը եթե ոչ բոլորի, ապա գոնե մեծամասնության համար: Մի խնդիր, որ այդպես էլ մեր երկրի կառավարություններից ոչ մեկը չի կարողանում լուծել: Չնայած երբեք այս առումով պոպուլիզմի եւ տեսակ-տեսակ խոստումների պակաս չի եղել: Եւ տեսարանների, շոուների պակաս` նույնպես:
Մի կողմ թողնենք, որ կառավարության եւ մեր երկրի քաղաքական դաշտի ոչ իշխանական հատվածիի դերակատարների պատկերացումները մի շարք առանցքային հարցերում խիստ տարբեր են ու դա հատկապես նորովի դրսեւորվեց ոչ իշխանականների մեկ դյուժին պահանջներին մեկ օր առաջ կառավարության տարածած մերժողական պատասխան-հայտարարությամբ: Բայց այդ անհամաձայնություններն, այսպես ասենք, մեր դեպքում ոչ թե սկզբունքային տարաձայնությունների հետեւանք են, այլ օրվա քաղաքական նպատակահարմարությունների:
Օրինակ` երբ շրջանառության հարկը երեքուկես տոկոսից կառավարությունն իջեցնում էր մեկի` խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերելու խոստումով, խորհրդարանում առանձնապես ընդդիմադիրները մեծ դիմադրություն ցույց չտվեցին այդ օրենսդրական նախաձեռնությանը: Եվ ոչ էլ այժմ մանր բիզնեսի ներկայացուցիչների դիմադրության գլխավոր փաստարկներն էին այն ժամանակ հատկապես հնչեցրել խորհրդարանում, կարծես թե չէին ենթադրում, որ լայն առումով ինչի դա կարող է բերել: Սակայն հիմա, երբ մանր բիզնեսի ներկայացուցիչները բողոքում են դրա դեմ, քանի որ փաստաթուղթ չեն կարող ներկայացնել իրենց վաճառած ապրանքի ծագման մասին, հանկարծ ոչ իշխանականները հիշեցին, որ դա խփում է մանր բիզնեսին եւ վերցրին պայքարի դրոշը: Բայց մի՞թե մեր պատգամավորներն օրենքն ընդունելիս չգիտեին, որ մանր առեւտրով զբաղվողին փաստաթուղթը չի տալիս խոշոր բիզնեսի ներկայացուցիչը, ով տարբեր ճանապարհներով եւ մենաշնորհային ձեւով առանց փաստաթղթի ներկրում է էժան, հաճախ անորակ ապրանքը: Կառավարությունն ուզում է խոշորի, այսինքն` շատ անգամ ինքն իր վրա դուրս գալ (վարչապետն ու կառավարության անդամներից շատերը խոշոր բիզնեսի ներկայացուցիչ են) փոքրի միջոցով, Հովիկ Աբրահամյանը մեկ օր առաջ էլ խորհրդարանում խոստովանեց, որ իրենց նպատակն այս օրենքով խոշորին ողջ հնարավորությամբ հարկելն է, ինչը տեսականորեն էլ, գործնականում էլ անհնարին է դառնում մեր երկրում իրերի դե ֆակտո դրությամբ:
Մանրները չեն ուզում եւ ուզելու դեպքում չեն էլ կարող փաստաթուղթ չունեցող մեծերին մատնացույց անել` վախենալով իրենց, իրենց ընտանիքների եւ իրենց բիզնեսների համար: Ու ստացվում է սողացող երեւույթ, այս օրենքի կիրառությամբ փոքր բիզնեսի շատ տեսակներ դուրս կմղվեն` առավել մենաշնորհացնելով մի շարք ոլորտներ, եթե, իհարկե, հենց այդ գաղտնի նպատակը չի դրված օրենքի հիմքում: Այլապես ստացվում է, որ խոշորին կառավարությունը չի կարողանում հարկել, մանրին փորձում է օգտագործել խոշորի դեմ անհավասար մարտում` նրան ստիպելով խոշորից փաստաթուղթ պահանջել նրանից գնած մանրածախ ապրանքի համար: Ըստ էության` օրենքի նպատակը թղթի վրա բարի է, անգամ ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին է զարմացնում, թե ինչու պետք է փաստաթուղթ, այսինքն քաղաքակիրթ մոտեցում չներկայացնելու համար մանր բիզնեսն ուզենա բարձր հարկ տալ` բողոքող առեւտրականները պահանջում են կասեցնել հոկտեմբերի մեկից գործող օրենքը: Բայց կյանքը, երեւում է, ուրիշ է թղթի վրա գրված բարի ցանկություններից: Ու հիմա հանկարծ մեր ոչ իշխանականները հասկացել են հետին թվով, որ օրենքի գործողությունը սպառնում է փոքր բիզնեսին: Ու էլի հետաքրքրական է, որ փոքրերին խոստումներ ու թեւ է տալիս խոշորներից մեկը, ով քաղաքական ուժ է ղեկավարում եւ ով այդ բոլորը չէր կարող ամենախորքից, օրենքի ընդունման նպատակից սկսած ժամանակին չիմանալ` ինչո՞վ տեսարան չէ: Մյուս կողմից էլ Արժույթի միջազգային հիմնադրամն է անընդհատ քչփորում` բյուջեի հարկային մուտքերը մեծերի հաշվին մեծացնելու հորդորներով, իբր չգիտեինք, նրանց էլ ցույց տալու բան բա չլինի՞:
Տեսարաններն ամեն ինչ են, բա հո իրենք իրենց ստվերից դուրս չե՞ն բերելու կամ իրենք հո փաստաթուղթ չե՞ն ներկայացնելու: Թե չէ` պետք է ոչ վարչապետը լիներ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ, ոչ կառավարության անդամները, ոչ ԱԺ պատգամավորները, ինչը Հայաստանում հնարավոր չէ, քանի որ աղքատ մարդը հենց դառնում է պաշտոնյա, նա ոչ թե երկրի մասին է մտածում, այլ նախ` խոշոր բիզնեսմեն դառնալու, սա հայի արյան մեջ է, կարելի է ասել: Շրջանը փակվեց, հեղափոխությունը, որ խոստանում է Եռյակը, ընդ որում` հոկտեմբերի տասին, հարկավոր է նախ մեր հոգիներում անել, ինչը տասնամյակների, կրթության ու դաստիարակության խնդիր է: Իսկ այդ կարգի «հեղափոխական» կոչերը, մեր կարծիքով, պարզապես իշխանության ներսի սովորական, հերթական վերաբաժանման, ազդեցությունների ընդունմանհանձման խնդիր են միայն հետապնդում, որքան էլ ուրախ լինեինք, որ այդպես չլիներ:
ԲՀԿ-ի ստեղծման օրից Գագիկ Ծառուկյանից ես լսել եմ նույն խոսքերը` նույն բառապաշարով, տարիներ շարունակ, թե պետք է պայման ստեղծել մարդու համար, որ աշխատի, թե մարդ պետք է վստահություն ունենա վաղվա օրվա եւ իշխանության հանդեպ, թե` արդարություն պետք է լինի երկրում: Այսինքն` եթե ես լսում եմ, որ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը որեւէ քաղաքական ուժի հետ են հանդիպել կամ հայտարարություն արել, հանգիստ կարող եմ առանց լսելու ասել, թե ինչ է խոսել պարոն Ծառուկյանը կամ ինչ կա տվյալ հայտարարության մեջ: Բայց մի՞թե հնարավոր է անվերջ նույն բանը ասել միայն`դրա գործնական կիրառումը հետաձգելով. օրինակ` անցյալ ընտրություններում շատ հանգիստ, եթե ուզենային, կարող էին իրենց ասածներն իրականություն դարձնել, բայց շարունակեցին միայն խոսել, չէ՞, բիզնեսն էլ զարգացավ: Ուրեմն ի՞նչ եզրակացություն անի այս առումով ՀՀ հասարակ քաղաքացին, եւ ինչու նույն բաները հիմա փոքրիկ- փոքրիկ կուսակցությունիկ-կուսակցությունիկների հետ հանդիպելով ասել: Ասել եք` տեղյակ ենք, իրականացնում եք` իրականացրեք, չէ՞, տեսարանի ու թատրոնի համա՞ր է` հանգիստ թողեք ՀՀ քաղաքացուն, մեղք է, նրանից հոգեկան հիվանդ մի՛ սարքեք:
Կառավարության առումով. եթե նա չի կարողանում գալ խոշոր բիզնեսի հախից, նրան (այսինքն` նաեւ ինքն իրեն) ստվերից դուրս բերել, եւ խոշոր բիզնեսին ստվերից դուրս բերելու սին խոստումները միայն քողածածկույթ են` սեփական բիզնեսներն ավելի ծաղկեցնելու, զգուշացնում ենք, որ այս անգամ այդպիսի գործելակերպը հղի է անկանխատեսելի, քառյակներից ու եռյակներից չկախված հետեւանքներով, գյումրեցիների վերջին երկու օրերի պահվածքը ձեզ օրինակ: Որովհետեւ ամենաանկանխատեսելի արարածը սոված մարդն է: Որովհետեւ եթե քաղծառայողների աշխատավարձը մի փոքր բարձրացրել եք, դա չի նշանակում, որ ժողովրդի վիճակը դրանից լավացել է` գումարած դրա հետեւանքով տեղի ունեցած թանկացումները: Երեսունհինգ տոկոս աղքատությունը որ ասում են` դրանց մեջ դիտեք եւ ծայրահեղ աղքատներին, եւ մասնավորի չհիմնավորված եւ զգալի տոկոսի համար միակ եկամտի աղբյուր ցածր աշխատավարձերը, որոնցով ամսվա հինգ օրն անգամ հնարավոր չէ ընտանիքի կարիք հոգալ: Իսկ սոված մարդու հուսահատությունից ամեն ինչ կարելի է սպասել, դա հեղեղ է, որ կսրբի-կտանի ե՛ւ եռյակ-քառյակներին, ե՛ւ կառավարությանը, եթե հանկարծ հերթական կայծից հրդեհ բռնկվի: Իսկ հերթական կայծի դերում կարող է լինել ամեն ինչ, այդ թվում` մանր առեւտրականների բողոքը: Երեւի իզուր չէր վարչապետի զարմանք հարցը, թե չեմ հասկանում` ի՞նչ եք ուզում, երկրորդ մարտի մեկ ե՞ք ուզում: Իսկ երկրորդ մարտի մեկ այս երկրում հազիվ թե հանդուրժվի:
Գումարած նաեւ այն, որ անգամ հանրամերձ քայլերի առումով կառավարությունը դույզն ինչ չփոխեց իր ձեռագիրը, թեկուզ հենց Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու առումով: Եղբայր, հասարակությանն անընդունելի է այդ մարդը, քաշով մեկ ոսկի էլ դառնար` ինչների՞դ էր պետք նրա նշանակումով մրոտվելը, ցույց տայիք, որ էս մակարդակից գոնե ջանում եք ազատվել: Չէ, մինչեւ վերջ պետք էր սեւանալ:
Ընդդիմության մասով: Ես այն մարդկանցից մեկն եմ, ով մեկ-մեկ հիշում է մինչեւ իշխանություն ունենալը բոլորի պոպուլիստական խոստումները, որոնք հենց պաշտոն ստանալու հաջորդ օրը մոռացվում էին` վերածվելով սեփական եւ յուրայինների բիզնեսները զարգացնելու «սուրբ գործի»: Անուններ էլ կարող եմ տալ, ասենք` ներկա պատգամավորների ու կառավարության անդամների կեսից ավելիին հատուկ է եղել այդ գործելակերպը: Այսինքն` հանգիստ կարող եմ ասել` չեմ հավատում: Չեմ հավատում նաեւ ոչ-իշխանականներից շատերին, որոնք անվերջ պտույտ են տվել կառավարման պաշտոններով եւ կուսակցական վերադասությամբ, ներկա կառավարության ներկայացուցիչների մեծ մասին` թեկուզ հենց նրանց ունակությունների պատճառով (եթե անգամ ձեւ անենք, որ նրանց խոստումները մոռացել ենք): Իսկ թե ինչու իշխանությունը, եւ անգամ ընդդիմությունը չեն ազատվում վարկաբեկված մարդկանցից, նրանք անընդհատ բրուոնյան շարժման մեջ են` իշխանությունից ընդդիմություն , եւ հակառակը, սա ուղղակի մենաշնորհային մեր համակարգի քարտեզն է, որի կոնտուրները վաղուց ոչ մի կերպ չեն փոխվում: Եթե միայն ՀՀԿ-ն վերցնեմ` մի՞թե ՀՀԿ-ի երկրորդ էշելոնում նոր դեմքեր չկան, որ մենք ստիպված ենք տարիներ շարունակ հին, իրենց սպառած մարդկանց շուրջ պտտվել:
Իսկ այն պնդումներին, թե ՀՀԿ-ն ուզում է վերարտադրվել, պատասխանենք այս կերպ . անգամ մի քանի տարի առատ բերք տված հողը թողնում են, որ որոշ ժամանակ հանգստանա, չեն ցանում, քանի որ մեջը եղած սննդարար նյութերը սպառվում են: