«Արգելքների պատերազմը» Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ շարունակվում է: Ռուսաստանի պատասխանը Արեւմուտքին` ԱՄՆ-ից, Կանադայից եւ ԵՄ երկրներից մի քանի տասնյակ սննդատեսակների ներմուծման արգելքի տեսքով, որոշակի հնարավորություններ է ստեղծել հայկական արտահանողների համար: Հայտնի է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների մեջ շատ են այն ապրանքները, որոնք արգելվել են ներմուծել վերոնշյալ երկրներից: Մասնավորապես, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի տեղեկացմամբ, 57 անուն ապրանքներից, որոնց ներմուծումը Ռուսաստան արգելվել է, 31-ը Հայաստանն արտահանում է հատկապես Ռուսաստան: Դրանք գյուղատնտեսական եւ սննդարդյունաբերական ապրանքներն են` գյուղմթերքներՙ թարմ, չորացրած, պահածոյացված, հյութեր, կաթամթերք, ձկնամթերք եւ այլն: Հայ արտահանողների համար չասենք, բացառիկ, բայց լավ հնարավորություն է ստեղծվել ընդլայնել իրենց արտադրանքի արտահանման եւ իրացման ծավալները Ռուսաստանում:
Բնական է, որ Հայաստանն ամբողջությամբ չի կարողանա լրացնել Ռուսաստանի շուկայում առաջացող բացը, քանի որ խոսքը մոտ 12 մլրդ եվրո արժողությամբ ապրանքների մասին է: Ռուսական իշխանությունների տեղեկացմամբ, ռուսաստանյան արտադրողները, Հարավային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի երկրների եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների արտահանողները համատեղ կլրացնեն արգելքի տակ հայտնված արեւմտյան ապրանքների մատակարարումը: Ինչ մնում է Հայաստանին, ապա մեր հնարավորությունները դիտարկելու համար նախ անդրադառանանք դեպի Ռուսաստան մեր արտահանման ցուցանիշներին:
Հայաստանից Ռուսաստան 2013-ին արտահանվել է 334 մլն դոլարի արտադրանք կամ մեր ամբողջ արտահանման 22,6 տոկոսը: 2014-ի հունվար-հունիսին այս ցուցանիշը կազմել է 134 մլն դոլար , նախորդ տարվա 6 ամիսների նկատմամբ նվազելով 6,4 տոկոսով: Այդուհանդերձ, մեր ամբողջ արտահանման 19 տոկոսը դեպի Ռուսաստան է եւ այս երկիրը մնում է մեր արտահանման ամենամեծ շուկան : Ռուսաստանի կողմից ներմուծման արգելքի տակ հայտնված 31 ապրանքների մասով Հայաստանի արտահանման ցուցանիշը, դարձյալ Կարեն Ճշմարիտյանի հավաստիացմամբ, կազմում է մոտ 67 մլն դոլար: Որքանո՞վ հնարավոր կլինի ավելացնել այս ցուցանիշը առաջացած հնարավորության արդյունքում, դժվար է ասել: Ակնհայտ է, որ ռուսական շուկայում մեր ապրանքների ծավալները մեծ չեն եւ ընդլայնման անսպառ հնարավորություններ կան:
Սակայն կարճաժամկետ հեռանկարում` արգելքի համար սահմանված 1 տարում, իրատեսական չէ, որ վերոնշյալ 67 մլն դոլարը ավելանա կրկնակի կամ եռակի: Եթե այս ցուցանիշն ավելանա օրինակ` 30-40 տոկոսով, ապա դա արդեն էական առաջընթաց հնարավոր կլինի համարել: Այս առումով անտեղի է խանդը, թե ինչո՞ւ է Ռուսաստանը թուրքական, ադրբեջանական կամ այլ երկրների արտահանողների հետ համագործակցում: Ոչ մի առանձին վերցրած երկիր չի կարող լրացնել ԵՄ-ից ներմուծվող ապրանքերի արգելքի հետեւանքով առաջացած 12 մլրդ եվրոյի բացը ռուսական շուկայում: Հայաստանին մնում է միայն քայլեր ձեռնարկել իր տեղը ընդլայնելու ուղղությամբ:
Այս օրերին Հայաստանի կառավարությունն ու տնտեսվարողները համատեղ քննարկել են դեպի Ռուսաստան արտահանումն ավելացնելու հնարավորությունները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, արտահանող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կառավարության պատրաստակամությունն է հայտնել աջակցելու դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման ծավալները ավելացնելուն: Արտահանողների բարձրացրել են արտահանման կազմակերպման ենթակառուցվածքների ձեւավորման եւ գործընթացի պարզեցման, մատչելի վարկային միջոցների տրամադրման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ սարքավորումների ձեռքբերման, արտահանման լոգիստիկ նոր սխեմաների մշակման հարցերը: Արդյունքում, Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ստեղծվել է գործարարների հետ համատեղ աշխատանքային խումբ, որը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի քննարկված հարցերի վերաբերյալ իր առաջարկները: Միեւնույն ժամանակ, այս գործընթացում հարկ է նկատի ունենալ մի շարք հանգամանքներ:
Նախ, արտահանվող ապրանքի ծավալների ավելացումը չպետք է տեղի ունենա որակի եւ ստանդարտների հաշվին , ինչի ռիսկը առկա է եւ ինչը կարող է բերել ոչ թե արտահանման աճին, այլ ընդհանրապես ռուսական շուկայից հայկական ապրանքների դուրս մղվելուն: Սա առաջին հերթին պետք է գիտակցեն հենց իրենք արտահանողները, ապա ստանդարտների եւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունները:
Կարեւոր է նաեւ, թե հայկական արտադրողները ունե՞ն համապատասխան ծավալները ավելացնելու համար դրանց արտահանումը : Հայկական ապրանքների մեծածավալ արտահանմանը մշտապես խոչընդոտել է պահանջվող քանակի բավարարման անհնարինությունը հայկական արտադրողների կողմից: Արտահանվող ապրանքի մեծ քանակներ ունենալը գուցե արագ լուծվող հարց չէ, բայց կարեւոր է ինչպես արտաքին շուկայում կայուն տեղ ունենալու, այնպես էլ արտադրանքի ինքնարժեքի իջեցման եւ ավելի մրցունակ դարձնելու համար:
Դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացմանը կարող է խանգարել նաեւ նույն Արեւմուտքը` ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Նման փորձ վերջիններիս կողմից ձեռնարկվում է Լատինական Ամերիկայի երկրների նկատմամբ: Հայաստանի իշխանություններն անելիք ունեն այստեղ` կանխելու համար Արեւմուտքի կողմից ոչ մի կերպ չփոխհատուցվող խանդի դրսեւորմանն ու խոչընդոտներին այս դեպքում:
Ամեն դեպքում, ենթադրելի է, որ հայ արտահանողները ունեն հնարավորություններ ավելի ամրապնդվելու ռուսական շուկայում: Եթե գյուղատնտեսական այս տարին բարենպաստ լիներ, այդ հնարավորությունն ավելի լուրջ եւ նկատելի կլիներ: Մնում է միայն օգտագործել առկա կարողություններն ու ռեսուրսները: