ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ԳՐԵԹԵ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ
Որո՞նք են այս շուկայի ներկա իրավիճակի ձեւավորման պատճառները
Բնակարանների եւ անհատական տների գները Երեւանում եւ մարզերում գրեթե անփոփոխ են նախորդ տարվա ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ կիսամյակների հանդեպ: 2014-ի առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի շուկայում կատարվել է 100222 գործարք` 2,7 տոկոսով քիչ 2013-ի երկրորդ կիսամյակի եւ 14,3 տոկոսով ավելի 2013-ի առաջին կիսամյակի համեմատ: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, դրանցից 24746-ը օտարման գործարքներն են, որոնցից էլ 75,7 տոկոսը առքուվաճառքներինն է: Օտարման գործարքները նույնպես 2013-ի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել են` 7,3 տոկոսով, 2013-ի առաջին կիսամյակի նկատմամբ աճել` 12,4 տոկոսով: Ինչպես միշտ գործարքների մեծ մասը կատարվել է Երեւանում` 41,1 տոկոս, իսկ օտարվող գույքի մեծ մասն էլ` մոտ 39 տոկոսը, բնակարաններն են:
Բնակարանների եւ անհատական տների գները Երեւանում
Մայրաքաղաքում 7614 առքուվաճառքի գործարքների 62,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի առաջին կիսամյակի համեմատ գործարքների քանակն աճել է 23,3 տոկոսով, երկրորդ կիսամյակի համեմատ` նվազել 5,2 տոկսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում 2014-ի առաջին կիսամյակում 2013-ի առաջին կիսամյակի համեմատ աճել են 1,3 տոկոսով, երկրորդ կիսամյակի համեմատ` 0,3 տոկոսով : Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
| Վարչական շրջաններ | Միջին գներ (դրամ) 2013թ. առաջին կիսամյակ | Միջին գներ (դրամ) 2014 թ. առաջին կիսամյակ | Միջին գներ (դրամ) 2013 թ. երկրորդ կիսամյակ |
| Կենտրոն | 426000 | 428000 | 428000 |
| Արաբկիր | 353700 | 356600 | 356600 |
| Քանաքեռ-Զեյթուն | 281250 | 282700 | 282500 |
| Նոր-Նորք | 248000 | 252300 | 251500 |
| Ավան | 257200 | 260100 | 259600 |
| Էրեբունի | 246900 | 250700 | 249300 |
| Շենգավիթ | 252550 | 256100 | 255200 |
| Դավթաշեն | 272150 | 275150 | 274800 |
| Աջափնյակ | 244800 | 249500 | 248400 |
| Մալաթիա-Սեբաստիա | 237500 | 242000 | 241500 |
| Նուբարաշեն | 149000 | 155200 | 152800 |
| Միջինը Երեւանում | 269900 | 273500 | 272700 |
2014-ի առաջին կեսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 2521 գործարք, որից 656-ը` Երեւանում: Մայրաքաղաքում 2013-ի առաջին կիսամյակի համեմատ գործարքների քանակն աճել է 10,4 տոկոսով, երկրորդ կիսամյակի համեմատ` նվազել 14,6 տոկսով:
Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2014-ի առաջին կիսամյակում 2013-ի առաջին կիսամյակի համեմատ աճել են 0,5 տոկոսով, երկրորդ կիսամյակի համեմատ` մնացել անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.
| Վարչական շրջաններ | Միջին գներ (դրամ) 2013թ. առաջին կիսամյակ | Միջին գներ (դրամ) 2014 թ. առաջին կիսամյակ | Միջին գներ (դրամ) 2013 թ. երկրորդ կիսամյակ |
| Կենտրոն | 474400 | 476100 | 476100 |
| Արաբկիր | 381300 | 383000 | 383000 |
| Քանաքեռ Զեյթուն | 293600 | 295000 | 295000 |
| Նորք Մարաշ | 317600 | 319200 | 319200 |
| Ավան | 269400 | 270500 | 270500 |
| Էրեբունի | 238200 | 239750 | 239500 |
| Շենգավիթ | 253700 | 255000 | 255000 |
| Դավթաշեն | 274700 | 276000 | 276000 |
| Աջափնյակ | 248400 | 250050 | 250050 |
| Մալաթիա-Սեբաստիա | 236800 | 238000 | 238000 |
| Նուբարաշեն | 149400 | 150800 | 150800 |
| Միջինը Երեւանում | 285200 | 286600 | 286600 |
Երեւանից հետո ամենաթանկը Ծաղկաձորի, Աբովյանի եւ Վաղարշապատի տներն են
Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2014-ի հունվար-հունիսին վաճառվել են 2226 բնակարաններ, որոնց միջին գները 2013-ի առաջին կիսամյակի համեմատ աճել են 1,3 տոկոսով, երկրորդ կիսամյակի համեմատ` 0,3 տոկոսով:
Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները այս տարվա առաջին կեսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։
Մարզերում անցյալ տարի վաճառվել են 1865 անհատական տներ: Միջինացված` 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների միջին գները մարզերում 2013-ի առաջին կիսամյակի համեմատ աճել են 0,4 տոկոսով, երկրորդ կիսամյակի համեմատ` մնացել անփոփոխ: Ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Գորիսըՙ 130 հազար դրամ, Նոր Հաճնըՙ 129 հազար դրամ, Իջեւանը 123 հազար դրամ, Եղվարդը` 116 հազար դրամ 1 քմ դիմաց:
Հիպոթեկային գործարքները արտացոլում են շուկայի ընդհանուր պատկերը
Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2014-ի առաջին կիսամյակում 2013-ի առաջին կիսամյակի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 12,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 11,6 տոկոսով:
2013-ին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 1001 գործարքներ, որից 667-ը` Երեւանում: 2013-ի առաջին կիսամյակի համեմատ հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է` 21,3 տոկոսով, իսկ մարզերում` 29,5 տոկոսով, երկրորդ կիսամյակի համեմատ` Երեւանում նվազել է 11,7 տոկոսով, մարզերում` աճել 0,6 տոկսով: Պատկերն այստեղ նման է անշարժ գույքի շուկայի ընդհանուր վիճակին, աճ` նախորդ տարվա առաջին կիսամյակի, նվազում` երկրորդ կիսամյակի նկատմամբ:
Վաճառողը հրաժարվում է իր գույքը վաճառելուց` «մինչեւ ավելի լավ ժամանակներ»
Դատելով այս տարվա առաջին կեսին անշարժ գույքի գործարքների քանակից եւ գներից, կարելի է եզրակացնել, որ այստեղ էական առաջընթաց կամ հետընթաց չի արձանագրվել: Գործարքների քանակի որոշակի ավելացում, գների աննշան աճ կամ դրա բացակայություն: Սա է ընդհանուր պատկերը, որն ունի իր բացատրությունը:
Տնտեսական աճի տեմպետն այնպիսին չեն, որ նկատելի ազդեցություն ունենան նաեւ անշարժ գույքի շուկայի վրա: Այս շուկան շատ արագ է արձագանքում տնտեսական անկմանը եւ շատ դանդաղ` տնտեսական զարգացմանը: Այնուհետեւ, մինչեւ ճգնաժամը մեր երկրի տնտեսական երկնիշ աճի հիմնական շարժիչը շինարարությունն էր, որն էլ խթանում էր անշարժ գույքի շուկայի բարձր տեմպերով զարգացմանը: Շինարարության անկումը ճգնաժամին հաջորդող տարիներին չվերականգնվեց: Ուստի, անշարժ գույքի շուկան չէր կարող վերականգնել իր նախաճգնաժամային վիճակը: Այսինքն, կարեւոր նշանակություն ունի նաեւ տնտեսական աճի կառուցվածքը` թե որ ճյուղերի հաշվին է դա տեղի ունենում:
Միեւնույն ժամանակ, առկա է եւս մեկ միտում: Անշարժ գույք վաճառողների գերակշիռ մասը իր գույքի արժեքը սահմանում է ելնելով նախաճգնաժամային գներից: Մինչդեռ, շուկակայան գներն այժմ այլ են: Տեսնելով, որ իր ցանկացած գնով գույքը չի վաճառվում, վաճառողը հրաժարվում է այն վաճառելուց` «մինչեւ ավելի լավ ժամանակներ»: Արդյունքում, ավելի քիչ գործարքներ են տեղի ունենում, ավելի ցածր գներով, որոնք էլ ձեւ
