Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄԸ

27/06/2014
- 27 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հունիսի 23-ին ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիեւի ստեղծած «ֆուրորն» ադրբեջանական մամուլն անվանել է նրա «առաջին ազատ թռիչքը»: Իշխող վարչախմբի քարոզչական սպասարկուները ջանք ու եռանդ չեն խնայել` «ինքնիշխան երկրի նախագահի» բառիս բուն իմաստով տգետ բռիությունը մատուցելու իբրեւ « արժանապատիվ ինքնավստահություն»:

Որ Իլհամ Ալիեւի պահվածքն արտառոց էր, անուրանալի է: Բայց թե ի՞նչն էր դրա պատճառը` կարծիքներն ու ենթադրությունները կարող են տարբեր լինել: Մեզ թվում է, նրա «արժանապատիվ ինքնավստահությունը» հասցեագրված էր ոչ թե Եվրոպայի խորհրդի պատվիրակներին, այլ` սեփական հանրությանը: Ամեն ինչ նախապատրաստված էր, Իլհամ Ալիեւը գիտեր, որ ԵԽԽՎ դահլիճում ադրբեջանական տարագիր ընդդիմությունն իրեն դիմավորելու է բողոքի ցույցով, իսկ եվրոպացի պատգամավորներն անդրադառնալու են Ադրբեջանում մարդու իրավունքների համատարած ոտնահարման, ազատությունների սահմանափակման թեմային. հունիսի 23-ին ադրբեջանական գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցներն ուղիղ եթեր էին կազմակերպել Ստրասբուրգից, որպեսզի հպատակների մի քանի միլիոնանոց բազմությունը տեսնի, թե ինչպես է «նորին գերազանցությունը» հընթացս «ջախջախում Ադրբեջանի ոխերիմ թշնամիներին»:

Դա մի ծիծաղելի ներկայացում էր, որովհետեւ 10 միջին-վիճակագրական ադրբեջանցուց 9-ը հազիվ թե հասկանում էր, թե դահլիճում ինչ են խոսում եվրոպացի պատգամավորները կամ ինչ է նրանց «պատասխանում» Իլհամ Ալիեւը: Ամենայն հավանականությամբ, շարքային ադրբեջանցիներն այդպես էլ գլուխ չեն հանել կատարվածից: Դրա համար էլ գործի է անցել իշխանահաճ մամուլը, որի համար, պարզվում է, «Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան» ստախոսությունը հավասարազոր է «ազատ թռիչքի»:

Պետք է համոզված լինել` ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիեւի բռիության թեման ամիսներ շարունակ ադրբեջանական մամուլում շրջանառվելու է լրիվ ծավալով: Ոչինչ, որ Ստրասբուրգում, ի նշան բողոքի, հանվել են Ադրբեջանի` որպես ԵԽ նախարարների խորհրդի նախագահող երկրի մասին բոլոր գովազդային պաստառները: Ոչինչ, որ Ստրասբուրգի քաղաքապետարանը միայն տեւական բանակցություններից հետո է համաձայնել, որ Իլհամ Ալիեւի այնտեղ գտնվելու օրերին Ադրբեջանի դրոշը բարձրացվի քաղաքի կենտրոնական հրապարակում: Ոչինչ, որ Եվրոպայի խորհուրդը երկու տարով սառեցրել է Բաքվում որեւէ միջոցառում անցկացնելու նախնական պայմանավորվածությունները:

Շարքային ադրբեջանցուն այդ մասին ոչինչ չի ասվում: Նրան համառորեն ներշնչվում է, որ Իլհամ Ալիեւն «ամենազոր է», որ «նրա համար Եվրոպայի կարծիքը նշանակություն չունի», որ «այդ Եվրոպան ունի ադրբեջանական գազի ու նավթի, ոչ թե մենք` եվրոպական արժեքների կարիքը»: Ահա այդ մատուցմամբ է, որ Իլհամ Ալիեւի բացահայտ անբարեկիրթ կեցվածքը դառնում է «ինքնավստահ նախագահի հերթական հաղթանակ»:

Բայց սա երեւույթի մի կողմն է: Մյուսը եվրոպական հանրության կողմից կատարվածի ընկալումն է: Կարծում ենք, այստեղ նույնպես Իլհամ Ալիեւն ամեն ինչ կազմակերպված է արել: Նրան տվյալ պահին օդ ու ջրի պես պետք էր, որպեսզի եվրոպացիներն իրենից վերջնականապես հիասթափվեն: Աշխարհաքաղաքական երկարաձգված խաղն Իլհամ Ալիեւի համար մոտենում է ավարտին: 10 տարի շարունակ Եվրոպան փորձում էր «նորին գերազանցությանը» բերել քաղաքակիրթ երկխոսության դաշտ: Իսկ նա համառորեն «արժանապատվություն» եւ «վիրավորվածություն» էր խաղում:

Այսօր Իլհամ Ալիեւը Եվրոպայից ակնկալիքներ չունի: Դրա համար էլ իրեն թույլ է տալիս հրապարակավ «թքել» եվրոպական արժեհամակարգի վրա: Ստրասբուրգում նա նման էր այն մարդուն, որի մասին ասվում է` չգիտի, թե ինչպես փոխհատուցի լավության համար, ուստի վերջին վատությունն է անում: Կընկալի՞ Եվրոպան այդ ամենը, կլինի՞ համարժեք պատասխան` պարզ կդառնա առաջիկայում: Այսօր կարող ենք միայն փաստել, որ Իլհամ Ալիեւի դեմարշը նաեւ արտաքին քաղաքական իմաստ ունի. եվրոպական արժեքների բացահայտ «ոչնչացմամբ» նա վերջնականապես ճշգրտեց իր տեղն արդի աշխարհում:

Պատահական չէ, որ Ստրասբուրգում Իլհամ Ալիեւի խեղկատակությանը զուգահեռ` «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել… դրանից երեք օր առաջ Ռուսաստանում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի հանդիպումների մասին: Պարզվում է, Մեհթիեւն ինչ-որ «տարածաշրջանային միջոցառման» շրջանակներում եղել է Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, որտեղ «երկկողմ հանդիպումներ է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւի եւ վերջինիս տեղակալ Նուրգալիեւի հետ»:

Ի՞նչ հարցեր է նա քննարկել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ` պաշտոնական լրատվությունը ոչինչ չի ասում, բայց դա չի նշանակում, թե Պատրուշեւը եւ Մեհթիեւը հանդիպել ու խոսել են «եղանակի տեսությունից»: Մանավանդ որ «տարածաշրջանային միջոցառման» գլխավոր թեման «ահաբեկչության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարն» էր:

Այս իմաստով դիտարժան էր Գաբալայում անցկացված` ռուս-ադրբեջանական «Տարածաշրջանային համագործակցության» խորհրդաժողովը: Երկու տարի առաջ Գաբալայում փակվեց Ռուսաստանի ռազմահենակետը: 2014թ. հունիսին հատկապես այդ քաղաքում է անցկացվում երկու երկրների առանձին տարածաշրջանների տնտեսական համագործակցության հեռանկարներին նվիրված խորհրդաժողովը: Ընդ որում, միջոցառումը ծրագրվել էր այնպես, որ նույն օրն Իլհամ Ալիեւը գտնվեր Ստրասբուրգում եւ «հողմացրիվ աներ» եվրոպական արժեհամակարգն ու կոպտորեն «շրխկացներ դուռը»:

Եւ լիովին տրամաբանական է հնչում Գաբալայի խորհրդաժողովից հետո ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարար Սլյունյաեւի ընդգծումը. «Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ոչ միայն բարեկամական, այլեւ եղբայրական են»:

Նախարար Սլյունյաեւը մի շատ էական շետադրում է արել. «Աստված ինքն է տնօրինել, որ մենք (Ռուսաստանը եւ Ադրբեջանը- Վ. Ա.) միասին լինենք: Ես կասեմ անկեղծ` մեզ համար չափազանց հաճելի է աշխատել Ադրբեջանի հետ, մենք նույն մենթալիտետն ունենք, մենք եղբայրներ ենք»: Դժվար չէ կռահել, թե «նույն մենթալիտետ» ունենալու մասին ՌԴ նախարարի շեշտադրումն ինչ ենթատեքստ ունի: Ակնհայտ է, որ խոսքը ոչ թե ազգային- էթնիկ, այլ` քաղաքական նույն մենթալիտետի մասին է: Այստեղ արդեն, իրոք, վիճելու հարց չկա. Ռուսաստանը եւ Ադրբեջանը «խաղում են նույն դաշտում», հանգամանք, որ վաղուց էին նկատել ադրբեջանցի որոշ քաղաքագետներ:

Այնուամենայնիվ, պետք է ուշադրություն դարձնել, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի Երեւանում գտնվելու համապատկերին տեղի է ունեցել Պուտին- Ալիեւ հեռախոսազրույց, որի ընթացքում հիմնականում քննարկվել է ղարաբաղյան կարգավորման թեման: Ճիշտ է, այդ մասին հաղորդագրության մեջ արարողակարգային մտքերի փոխանակումից տարբերվող շեշտադրումներ չկան, բայց եւ չպետք է անուշադրության մատնել, որ ՌԴ նախագահն Իլհամ Ալիեւի հետ խոսել է վերջինիս Ստրասբուրգ ուղեւորվելուց առաջ: Եւ բացառված չէ, որ Իլհամ Ալիեւի ստրասբուրգյան «ֆուրորը» որոշակիորեն պայմանավորված է նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների «կատարյալ դրական դինամիկայով»:

Իրադարձությունների ադրբեջանական «տրամաբանությունը» հասկանալու համար, թերեւս, հարկ է ուշադրության առնել, որ գրեթե տասնամյա դադարից հետո հարեւան երկրում վերստին հրապարակայնացվել է «ո՞ւր եւ ո՞ւմ հետ գնալ» հարցադրումը: Քաղաքագետ Ռասիմ Աղաեւի գլխավորությամբ ստեղծվել է այսպես կոչված «փորձագիտական ակումբ», որն ամենշաբաթյա քննարկումներ է իրականացնում: Ճիշտ է, ֆորմալ առումով հարցադրումը ձեւակերպվել է որպես «ադրբեջանական ազգային ռազմավարության շուրջ մտքերի փոխանակություն», բայց, դատելով մասնակիցների ընտրությունից, արեւմտյան ուղղության ջատագովները նորաստեղծ «ակումբ» հրավիրված չեն:

Խորքային առումով «փորձագիտական ակումբի» ստեղծումը վկայում է, որ Բաքվում իշխող վարչախումբը լուրջ անհանգստություններ ունի` կապված հնարավոր աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ: Գրեթե ակնհայտ է, որ «ակումբը» հրահանգավորված «եզրակացությունների» կառույց է: Դատելով առաջին քննարկման մասին ծավալուն տեղեկատվությունից, փորձագետների հիմնական տեսակետն այն է, որ «պետք է վերացվեն «ագրեսիայի հետեւանքները» (խոսքը ղարաբաղյան կարգավորման մասին է.- Վ. Ա.), հեռացվի ադրբեջանական պետականության վրա կախված վտանգը, որը պատմության հաջորդ շրջադարձի ժամանակ կարող է լիովին իրական դառնալ` մի՞թե դա չպետք է դառնա ադրբեջանական ազգային ռազմավարության բովանդակությունը»:

Այստեղ, սակայն, կոնկրետություն չկա: Ադրբեջանը միշտ էլ Լեռնային Ղարաբաղի խնդիրը «յուրովի լուծելու» նպատակ է հետապնդել: Հարցն այն է, որ դա նրա ուժերից վեր է, ուստի պաշտոնական Բաքուն անցած 20 տարիներին հովանավորների փնտրտուքի մեջ է եղել: Ի՞նչ է փոխվել այսօր, եթե «փորձագետների ակումբը» եզրահանգել է, որ «ագրեսիան հնարավոր է դարձել ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերած տնտեսական, քաղաքական եւ ֆինանսական օժանդակության հետեւանքով»:

Արդի աշխարհի ուժային բեւեռները երկուսն են` Արեւմուտք եւ Ռուսաստան: «Ո՞ւր եւ ո՞ւմ հետ գնալ» հարցին Ադրբեջանը կարող է պատասխանել` ընտրություն կատարելով երկուսի միջեւ: Երրորդ ճանապարհն «անկախ արտաքին քաղաքականությունն» է, որի ամբողջ «հմայքն» ու կատարյալ ֆիասկոն Ստրասբուրգում Իլհամ Ալիեւի բեմադրած «ղաչաղնաբիությունն» էր: Այն, ինչպես ասացինք, ուներ երկու հանդիսատես` Ադրբեջանի ներքին լսարանը եւ, հավանաբար, «նույն մենթալիտետն ունեցող»` ռուսաստանյան քաղաքական շրջանակները: Արեւմտյան հանրության հետ գնալիք ճանապարհ Իլհամ Ալիեւը չի ունեցել ի սկզբանե, այսօր չունի առավել եւս: Մնում է ընտրություն կատարել հօգուտ «նույն մենթալիտետի»:

Բայց մի՞թե այնտեղ նրան «անձկությամբ սպասում են»: Ավելի ճիշտ, մի՞թե պաշտոնական Մոսկվան կիսում է Ադրբեջանի հետ «նույն մենթալիտետն» ունենալու մասին նախարար Սլյունյաեւի ասածը: Այն, որ ՌԴ նախագահ Պուտինն է երաշխավորել երրորդ ժամկետով Իլհամ Ալիեւի «ընտրությունը», դեռեւս չի նշանակում, թե Ռուսաստանը եւ Ադրբեջանը նույն արժեհամակարգի երկրներ են: Ադրբեջանի համար, իհարկե, դա բաղձալի է, բայց մի՞թե Ռուսաստանը կցանկանար միջազգային ասպարեզում համեմատվել Իլհամ Ալիեւի հետ:

Կարճաժամկետ հեռանկարում, գուցե, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում «դրական դինամիկա» արձանագրվի: Բայց երկու երկրների միջեւ ավելի շատ շահերի բախման, քան դրանց համատեղման «ռեսուրս» կա: Եւ պետք է սպասել Մոսկվա- Բաքու երկխոսության ոչ թե հետագա խորացման, այլ` սահմանափակման: Արեւմուտքն այսպես, թե այնպես, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու է: Որովհետեւ այլընտրանքը «սառը պատերազմի» ծավալումն է` դրանից բխող խորքային մարտահրավերներով հանդերձ:

Դառնալ «հավասար խաղացող»` Իլհամ Ալիեւի մանկական երազանքն Արեւմուտքի հետ հարաբերություններում լիովին տապալված է: Այսօր նա գայթակղություն ունի, որ Արեւմուտքի հետ «առճակատող» Ռուսաստանին ինքն ավելի է պետք, քան` ՌԴ նախագահ Պուտինի օժանդակությունն` իրեն: Ճիշտ այդպես է նա տանուլ տվել Արեւմուտքի հետ «ինքնուրույն» խաղը: Բայց ի՞նչ երաշխիք կա, որ Ռուսաստանի հետ «ֆլիրտը» կպսակվի հաջողությամբ:

Նման երաշխիք չկա: Եւ սա ոչ թե մեր չկամեցողությունն է, այլ` քաղաքականության «ոսկե» օրենքը. ուժեղները միայն պայմաններ են թելադրում, նրանք նախապայմաններ չեն ընդունում: Իսկ Իլհամ Ալիեւն իրեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հարցով «նախապայմաններ ունենալու» հիմարությանը: Դա նրա` իբրեւ քաղաքական գործչի, չկայացածության նախապայմանն է:

Նման կարգի «առաջնորդների» հետ լուրջ որոշումներ չեն քննարկում: Նմանների հետ միայն խաղում են: Մեկ տասնամյակ Իլհամ Ալիեւի հետ «հաճույքով» Արեւմուտքն էր խաղում: Հունիսի 23-ին Ստրասբուրգում լավագույնս բեմադրվեց «հրաժեշտի արարը»: Անկումն ակնհայտ դարձավ: Ե՞րբ կհնչի Իլհամ Ալիեւի քաղաքական մահը գուժող մոսկովյան զանգը` ահա հարցերի հարցը: Որովհետեւ կրեմլյան հենարանը կորցնելու պահին «նորին գերազանցությունն» ստիպված պիտի լինի հավաքել ճամպրուկները: Եթե հասցնի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑԸ ՍՊԱՌՎԱԾ Է

Հաջորդ գրառումը

ԱՐԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Փաշինյանը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց...

ԿարդալDetails

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025

Տեսանյութ. Ներգաղթածների դեմ  ռեյդերը զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Լոս Անջելեսում

07/06/2025

ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր քաղաքական կուսակցություն. Մասկ

07/06/2025

Մոսադը մասնակցո՞ւմ է ուկրաինական անօդաչուների կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումներին

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական