Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԵՎ ԴԱՐՁՅԱԼ ՔԵՍԱԲՈՎ ՄՏԱՀՈԳ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊՅԱՆ, «Քեսաբ Հայրենակցական միավորում» ՀԿ խորհրդի անդամ

Քեսաբցիների Հայրենակցկան միավորման եւ Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսը հարյուրավոր այցելուների էր հետաքրքրում: Ցուցանմուշները Քեսաբի հազարամյա մշակույթի ու տնտեսական-կենցաղային իրերի նմուշներն էին: Նաեւ գրքերՙ նվիրված Քեսաբի պատմությանը, կենցաղին ու բարբառին, հնագույն լուսանկարներ, տեսաֆիլմեր ու տնտեսությունում օգտագործվող իրերի եզակի նմուշներ:

– Այս նյութերը վկայում են այն մասին, որ Քեսաբում հայերը բնակվել են դեռեւս Տիգրան Մեծի ժամանակ, երբ հարեւանությամբ գտնվող Անտիոքը հայոց արքայի թագավորանիստ քաղաքն էր,- ցուցահանդեսի իր բացման խոսքում ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, վաստակավոր մանկավարժ, Քեսաբից տարհանված մանկավարժ եւ լեզվաբան Հակոբ Չոլաքյանը:

– Անտիոքը կռվախնձոր էր մի քանի նվաճողների համար: Դրանցից խաչակիրներն էլ հենց անվանակոչել են Քասաբելա-Քեսաբ անունը, որը իտալերեն նշանակում է Գեղեցիկ տուն:

Բացման արարողությանը ներկա էին 1947 թ. ներգաղթյալ մի քանի տասնյակ քեսաբցիներ իրենց ընտանիքներով, տարհանված հայրենակիցներ, երեւանցիներ, հյուրեր:

Տերունական աղոթքը, որ հնչեց բոլորի շուրթերից, զորակցություն էր քեսաբցի հայերին, որոնք այս էլ քանիերորդ անգամ դիմակայում են հարեւան ցեղերի ոտնձգություններին: