Բելառուսի լրատվամիջներին հղելով` «Թուրան» ադրբեջանական գործակալությունը հաղորդում է, որ «սերբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիեւին պաշտոնապես առաջարկել է մտնել Եվրասիական տնտեսական միություն»: (http://haqqin.az/news/23943)
Բաքվում սպասում են Եվրոհանձնաժողովի նախագահ Բարուզոյի եւ ՌԴ արտգործնախարար Լավրովի ու փոխվարչապետ Ռոգոզինի այցին: Ադրբեջանցի փորձագետները գրեթե առարկություն չվերցնող շեշտադրումներով պնդում են, որ «Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվից կհեռանա դատարկաձեռն, որովհետեւ Ադրբեջանը բազմիցս եւ միանշանակորեն հայտարարել է, որ ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիր չի ստորագրի եւ պնդում է երկկողմ տնտեսական հարաբերությունների առաջնահերթությունը»:
Ադրբեջան- ԵՄ հարաբերությունների «գեներատորն», անկասկած, ԱՄՆ-ն է: Վաշինգտոնում բավական երկար ժամանակ է ծրագրավորվել Կասպից ավազանից դեպի Եվրոպա էներգակիրների տարանցման հնարավորությունը` օգտագործելով Ադրբեջանի «հանգուցային դերը»: Ճիշտ է, երբեք էլ այդ նախագծի քաղաքական բաղադրիչի մասին խոսք չի եղել, ամեն ինչ ներկայացվել է որպես զուտ «տնտեսական նպատակահարմարություն», բայց ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ «Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման մտահոգությունն» իրականում ուղղված է մի հիմնական նպատակի` հնարավորինս թուլացնել ԵՄ երկրների էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
Բաքվում ԱՄՆ դեսպան Մորնինգսթարի` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի առթիվ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի չափազանց կոպիտ անդրադարձում կար այսպիսի ընդգծում` որ «դեսպանը փորձում է փչացնել Ադրբեջանի հարաբերությունները հարեւան երկրների հետ»: Վերլուծաբանները դա համարում են պաշտոնական Բաքվի պատասխանը Վաշինգտոնին, որ «Ադրբեջանը չի պատրաստվում հանուն Մ. Նահանգների առճակատման գնալ Ռուսաստանի եւ Իրանի հետ»:
Իրան-Ադրբեջան «ճակատում զինադադար հաստատվեց», երբ Հասան Ռուհանիի ընտրությունից հետո ուրվագծվեց Թեհրան- Վաշինգտոն երկարամյա դիմակայության որոշակի մեղմացման հեռանկար: Իսկ Ռուսաստանի հետ «հարձակողական դիվանագիտության» վերջը տրվեց այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը «դարձավ երրորդ ժամկետով Իլհամ Ալիեւի նախագահության երաշխավորը», մինչ պաշտոնական Վաշինգտոնը պնդում էր, որ Ադրբեջանում «պետք է տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ»:
Արեւմուտքն ունե՞ր Իլհամ Ալիեւին «տապալելու» նպատակադրվածություն, թե՞ ամեն ինչ տեղավորվում էր «հերթապահ ժողովրդավարության» շրջանակներում` գուշակություններ անելու անհրաժեշտություն չկա: Փաստն այն է, որ երրորդ ժամկետով «ընտրվելուց» հետո Իլհամ Ալիեւը հարձակման անցավ «արեւմտյան աղբյուրներից ֆինանսավորվող» հասարակական կազմակերպությունների դեմ, ինչն առայսօր շարունակվում է: Վերջին տարում ձերբակալված, կալանքի տակ գտնվող կամ դատապարտված անձինք գրեթե անխտիր մեղադրվում են «նարնջագույն հեղափոխություն կազմակերպելու փորձի» մեջ: Այդ մարդիկ, դարձյալ գրեթե առանց բացառության, արեւմտյան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից համարվում են «խղճի կալանավոր»:
Այս իրավիճակն, անկասկած, Ադրբեջանի ներքաղաքական կյանքում իր դրսեւորումները պետք է ունենար: Երկարատեւ լռությունից հետո «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել իշխող վարչախմբի արտաքին քաղաքականությունը: Նրա կարծիքով, «ամեն ինչ արվում է ոչ թե հանուն ազգային շահի, այլ` սեփական իշխանության պահպանման»:
«Մուսավաթի» առաջնորդի կարծիքով` Իլհամ Ալիեւը հրաժարվել է եվրոատլանտյան ուղղությունից, «քանի որ այդ դեպքում հարկ կլիներ անցկացնել ներքին քաղաքական բարեփոխումներ, անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, իսկ ցանկացած ազատ ընտրության պարագայում նա կկորցնի իշխանությունը»: Ենթատեքստն ակնհայտ է` Բաքվի իշխող վարչախումբը «կատարել է հօգուտ Ռուսաստանի ընտրություն, քանի որ Մոսկվան նրանից ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների հարգում չի պահանջում»: Այսպիսով, «Մուսավաթի» առաջնորդն Իլհամ Ալիեւի բռնապետության «միակ հենարան» է դիտել տալիս Ռուսաստանի Դաշնությանը:
Բայց դա դեռ բոլորը չէ: «Մուսավաթի» պաշտոնաթերթն անցյալ շաբաթ սենսացիոն լուր է հրապարակել: Ըստ այդմ, «հանդիպելով բանակում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան բարեփոխումներ անցկացնելու իր ծրագրի դեմ լրջագույն դիմադրության, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դիմել է երկրի քաղաքական ղեկավարությանը, որ եթե այդ ամենին վերջ չտրվի, ապա ինքը հրաժարական կտա»: Այդ առթիվ Ադրբեջանի ՊՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունը համառոտ էր. «Զաքիր Հասանովը պաշտոնից չի հրաժարվել, նման լուր տարածողները հետապնդում են իրենց քաղաքական նպատակները»:
«Ենի մուսավաթ» թերթն, ինչպես վերեւում ասվեց, չէր պնդել, թե պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «պաշտոնից հրաժարվել է»: Լրատվամիջոցը, հղում անելով «իշխանության մեջ գտնվող» իր աղբյուրներին, ներկայացրել էր տեսակետ, որ «հակասություններ կան պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիխովի միջեւ, որը համարվում է ռուսաստանյան ուղղության զինվորական գործիչ»:
Ավելի վաղ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն անձնական միկրոբլոգում հայտավորել էր գլխավոր շտաբի պետ Սադիխովի «մոտալուտ պաշտոնանկությունը»: Փորձագետը հրապարակել էր նաեւ Սադիխովին փոխարինողի անունը: Ըստ այդմ, գլխավոր շտաբի պետի պաշտոնը «պետք է զբաղեցնի Շամքորի բանակային կորպուսի հրամանատար Ռովշան Աքպերովը, իսկ Սադիխովը կնշանակվի նախագահի գլխավոր ռազմական խորհրդատու»:
Ադրբեջանի զինված ուժերում կանխատեսվող փոփոխությունները, սակայն, իրականություն չդարձան: Ինչո՞վ է դա պայմանավորված: Արդյոք իրականում Իլհամ Ալիեւը չի՞ ուզում Սադիխովին գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռացնել, որպեսզի «չխախտի ռուսաստանյան ուղղությունը», թե՞ այլ պատճառներ կան` դա Իլհամ Ալիեւի «խոհանոցի» հարց է: Ուշագրավ է, մինչդեռ, որ բանակային վերնախավում տիրում է խառնաշփոթ, եւ ադրբեջանական ընդդիմությունն այն մեկնաբանում է Իլհամ Ալիեւի «քաղաքական ընտրության» լրջագույն համատեքստում:
Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը վերջին երկու տարում եղել եւ մնում է Ռուսաստանը: Մոսկվային, կարծես թե, հաջողվել է զենքի ադրբեջանական շուկայից դուրս կամ երկրորդ-երրորդ դիրք արտամղել Իսրայելին եւ Ուկրաինային: Այս պարագայում խոսել «ադրբեջանական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու» մասին, երեւի միամտություն է: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն ստիպված է ընդունել նաեւ Կասպից ավազանում Ռուսաստանի հետ համատեղ «անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու» առաջարկությունը: Խոսքը ռուս-ադրբեջանական ռազմածովային ուժերի համագործակցության մասին է:
Այս համապատկերի վրա չափազանց ընդգծելի է երկու հանգամանք: Առաջինը վերաբերում է Մոսկվայում, ՌԴ Պետդումայի խոսնակ Նարիշկինի հետ հանդիպմանն Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Ասադովի հայտարարությանը, որ «Բաքվում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում մենք կպաշտպանենք Ռուսաստանին»: Բաքու վերադառնալով` Ասադովն ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, թե «Մոսկվայում իրեն ճիշտ չեն հասկացել», բայց եւ չի հերքել, որ հանդիպման առանցքում եղել է ռուս-ադրբեջանական «ռազմավարական համագործակցության գաղափարը»: Իսկ ռազմավարական գործընկերները միմյանց շահերը պաշտպանում են:
Երկրորդը haqqin.az- ի, որ Բաքվում իշխող վարչախմբի «փաստաբանն» է, հրապարակումն էր «Նոր ՎՈՒԱՄ` առանց Ադրբեջանի» խոսուն վերնագրով: Այն նվիրված էր Եվրոմիության հետ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հարաբերություններին այն կտրվածքով, որ «այդ երկրներն արդեն կորցնելու գրեթե ոչինչ չունեն»: Ակնարկն, ինչպես ասում են, թափանցիկ է` Վրաստանը կորցրել է Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, Ուկրաինան` Ղրիմը, Մոլդովան` Մերձդնեստրը, իսկ Ադրբեջանը դեռեւս հույս ունի «վերադարձնելու» Լեռնային Ղարաբաղը եւ այդ պատճառով էլ փաստացի դադարել է ՎՈՒԱՄ-ին անդամակցությունից:
Դիտարժան է նաեւ, որ Իլհամ Ալիեւը, չնայած ստացած պաշտոնական հրավերին, չմասնակցեց Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը: Իր փոխարեն նա Կիեւ էր գործուղել խորհրդարանի խոսնակին, որի ներկայությունն ուկրաինական կողմն «ըստ արժանվույն» էր գնահատել` երկկողմ որեւէ հանդիպում տեղի չի ունեցել, չի քննարկվել Ուկրաինա- Ադրբեջան հարաբերությունների եւ ոչ մի հեռանկար: Սա վկայում է, թե որքան «ինքնուրույն եւ անկախ» արտաքին քաղաքականություն է վարում Իլհամ Ալիեւը եւ միջազգային ասպարեզում ինչ «բարձր հեղինակություն ունի» Ադրբեջանը:
Փոխարենն ադրբեջանական գրեթե անխտիր բոլոր լրատվամիջոցները հեղեված են մոսկովյան ամենատարբեր մակարդակի եւ տրամաչափի քաղաքագետների, վերլուծաբանների եւ փորձագետների հետ հարցազրույցներով: Դրանցում «կարմիր թելի պես» անցնում է մի գլխավոր միտք` Ադրբեջանը «բոլոր հնարավորություններն ունի իր համար նախընտրելի ձեւաչափով անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը»: Ռուսաստանցի վիզավիներն, ընդ որում, այդ պնդումն անում են «Ադրբեջանի ինքնիշխանությանն սպառնացող մարտահրավերներն արդյունավետորեն դիմագրավելու անհրաժեշտության» համատեքստում:
Կազմակերպվա՞ծ է այս լրատվական «հրետանային նախապատրաստությունը»: Մեզ թվում է` դրանում որեւէ կասկած չպետք է լինի, որովհետեւ նույն լրատվամիջոցներից բառիս բուն իմաստով արտաքսված են ադրբեջանական քաղաքագիտական հանրության այն ներկայացուցիչները, որոնք ավանդաբար իրենց երկրի «անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավոր» դիտարկում են ԱՄՆ-ը եւ առհասարակ` Եվրոատլանտյան ընկերակցությունը:
Տեղեկատվական այս համապատկերի վրա նշանակալի կարելի է համարել ամերիկյան Business Insider ամսագրում ԱՄՆ Ռազմա-ծովային քոլեջի պրոֆեսոր Ջոն Սինդլերի սենսացիոն հրապարակումը, որի բովանդակությունը թարգմանաբար փոխանցել է virtualaz.org-ը` միայն ադրբեջաներեն: Հոդվածն ընդհանուր առմամբ նվիրված է ռուսաստանյան հատուկ ծառայությունների եւ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության «երկարամյա համագործակցությանը»: Հրապարակումն առհասարակ տեղավորվում է «սառը պատերազմ-2»-ի տրամաբանության շրջանակներում:
Բայց մեզ ավելի հետաքրքրական է թվում այն, որ ամերիկացի փորձագետն, այնուամենայնիվ, մի հստակ ակնարկ էլ արել է Ադրբեջանի հասցեին: Ըստ Սինդլերի, «Ուսամա Բեն Լադենի սպանությունից անմիջապես հետո «Ալ-Ղաիդայի» ղեկավարությունն ստանձնած եգիպտացի Այման աս-Զաուահիրին վեց ամիս գտնվել է ռուսաստանյան բանտում, որտեղ էլ հավաքագրվել է հատուկ ծառայությունների կողմից»:
Ջոն Սինդլերը պնդում է, որ Զաուահիրին «1996թ. դեկտեմբերի 1-ի վաղ առավոտյան ռուսաստանցի սահմանապահների կողմից ձերբակալվել է, երբ Ադրբեջանի տարածքից փորձել է անցնել Դաղստան»:
Ամերիկացի պրոֆեսորի այս պնդումը, հավանաբար, ունի ենթատեքստ: Ըստ երեւույթին, Ջոն Սինդլերն ակնարկում է, որ ռուսաստանյան սահմանապահները չէին կարող ստույգ տեղեկություններ ունենալ կեղծ անձնագրով Դաղստան մուտք գործել ցանկացող Զաուահիրիի մասին, եթե նախապես համագործակցած չլինեին ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Հետաքրքրական է, որ եթե Զաուահիրիի ինքնությունը հայտնի է եղել Ադրբեջանի պատկան մարմիններին, ապա ինչո՞ւ նա չի ձերբակալվել Ադրբեջան մուտք գործելիս: Չէ՞ որ դա Ադրբեջանի կողմից կլիներ մեծագույն նվեր արեւմտյան երկրներին:
Այս եւ այլ հարցերը, սակայն, տվյալ պահին մեզ այնքան էլ չեն հուզում: Ավելի ուշագրավ է, որ ամերիկացի հեղինակն Ադրբեջանը դիտել է տալիս իբրեւ միջազգային ահաբեկչության համար տարանցիկ երկիր: Սա թեմա է, որի վրա ավելի վաղ արցախյան կողմը տարբեր մակարդակներով հրավիրել է շահագրգիռ երկրների ուշադրությունը: Այսօր այդ մասին բարձրաձայնում է ամերիկյան մամուլը, այն էլ` բավական ներկայանալի եւ իրազեկ հեղինակի միջոցով:
Կարծում ենք, Զաուահիրիի մասին այդ հրապարակումը պետք է Բաքվում ընկալվի իբրեւ նախազգուշացում: ԱՄՆ հատուկ ծառայություններն, ըստ երեւույթին, Ադրբեջանի եւ միջազգային ահաբեկչական կառույցների սերտ համագործակցության ավելի լուրջ փաստեր եւս ունեն: Խնդիրն այն է, թե Վաշինգտոնը կբացի՞ «Պանդորայի արկղը», կհրապարակվե՞ն այլ մանրամասնություններ եւս, մանրամասնություններՙ որ կարող են Ադրբեջանում իշխող վարչախմբին հեղինակազրկել` իբրեւ միջազգային ահաբեկչության դաշնակից երկրի:
Մեծ է հավանականությունը, որ արեւմտյան մամուլը տվյալ հարցին դեռեւս կանդրադառնա: Մյուս կողմից, սակայն, նույն խնդրով Ադրբեջանը չափազանց խոցելի է նաեւ ռուսաստանյան հատուկ ծառայությունների համար. Բաքուն նաեւ չեչենական ահաբեկչության հանգրվաններից մեկն է եղել 1990-ական թվականներին: Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե Մոսկվան եւ Վաշինգտոնը համատեղ հրաժարվեին Բաքվում իշխող վարչախմբին «մատուցած ծառայությունների դիմաց լեգետիմությամբ օժտելու» չարդարացված պրակտիկայից, եւ իրերը կոչեին իրենց անուններով: Այդ դեպքում, թերեւս, Հարավային Կովկասում Արեւելք- Արեւմուտք դիմակայությունը հիմնովին կպարպվեր առանց կողմերից որեւէ մեկի համար շոշափելի կորուստների: Նրանք, ընդհակառակը, կշահեին հավասարապես, կշահեին տարածաշրջանի երկրներն ու ժողովուրդները…
Ստեփանակերտ