Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեին ԼՂՀ- Ադրբեջան սահմանը եւ կուղեւորվեին Բաքու, Իլհամ Ալիեւը տիկնոջ հետ «ճողոպրեց» Վիետնամ, ապա` Չինաստան: Համանախագահներին Ադրբեջանում ընդունեց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ինչ-որ նոր բան, իհարկե, Հասանովը չասաց: Նրա փոխարեն խոսեց խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջեւը, որի կարծիքով, «եթե զինադադարից հետո քսան տարիներին կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ, ինչպես Հայաստանի արտգործնախարարն է ասում, եղել են, եւ ադրբեջանական կողմը ճակատային գծում որոշակի քայլեր ձեռնարկել է, ապա դա մեր պետության բնական իրավունքն է»:
Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւը համանախագահների հետ բանակցություններում «փոխանորդ» էր թողել պաշտպանության նախարարին` ակնարկելու, որ «պետք է պայմանավորվել ռազմական գերատեսչության ղեկավարի հետ, քանի որ այլ հարցեր քննարկման ենթակա չեն»: Այլապես Միլլի մեջլիսի պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Օրուջեւը «բնական իրավունք» չէր համարի հրադադարի մշտական խախտումները եւ չէր խոստովանի, որ, այո` անցած բոլոր տարիներին Ադրբեջանը «ճակատային գծում որոշակի քայլեր ձեռնարկել է»:
Բայց, իհարկե, ադրբեջանցի պատգամավորը դավաճանած կլիներ իր երկրի պաշտոնական կեղծախոսությանը, եթե միաժամանակ հրադադարի մշտական խախտումները չհամարեր «միջազգային իրավունքի պահանջ»: Սա արդեն ադրբեջանական «իրավագիտակցության» բացահայտ դրսեւորում է. այն դեպքում, երբ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, Բաքվի վարչախմբի ոչ երկրորդական ներկայացուցիչն, ընդհակառակը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իր երկրի սադրած արկածախնդրություններն անվանում է «միջազգային իրավունքի պահանջ»:
Դրանով, սակայն, Օրուջեւի «իրավագիտական բառապաշարը» չի սպառվում: «Կարծում եմ, Ադրբեջանը պարտավոր էր ամեն օր գնալ կրակի դադարեցման ռեժիմի խախտման, որպեսզի հակառակ կողմին հասկանալ տար, թե դուք ապրում եք ուրիշի հողում, դուք զավթել եք այդ հողերը` իրագործելով ագրեսիա, դուք փորձում եք այդ հողերը բնակեցնել այլ տարածաշրջաններից եկածներով: Որպեսզի նրանք իմանային, որ մշտապես ապրելու են կրակի տակ»,- ավելացրել է նա:
Ադրբեջանցի խորհրդարանականի մտավարժանքներն, ինչպես տեսնում ենք, վերաբերում են ոչ թե շփման գծում ծառայություն անցկացնող հայ զինվորներին, թեեւ այդ դեպքում էլ դրանք անընդունելի կլինեին, այլ` ԼՂՀ խաղաղ բնակչությանը, որը «պիտի իմանա, որ մշտապես ապրելու է կրակի տակ»: Պաշտոնական Բաքուն, այսպիսով, զինադադարից երկու տասնամյակ անց էլ չի զլանում կրկնել, որ իր գլխավոր նպատակը եղել եւ մնում է Արցախի լիակատար հայաթափումը, ԼՂՀ բնակչության ֆիզիկական ոչնչացումը: Այլապես ինչո՞ւ պիտի խորհրդարանի պատգամավորը սպառնար «մշտական կրակի տակ ապրելու» հեռանկարով:
Ուշագրավ է, որ խորհրդարանի պատգամավորը հետեւյալ «հռետորական» հարցն էլ է հնչեցրել. «Եթե այդ ժամանակահատվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործության ֆոնի վրա մենք դուրս գայինք բանակցություններից, ապա դրա այլընտրանքն անկասկած կլիներ պատերազմը, էլ ի՞նչ կառուցողականություն եւ բանակցություններին հավատարմություն պիտի այդ ընթացքում ցուցաբերեր Ադրբեջանը, որպեսզի այն բավարարեր հայկական կողմին»: Պետք է խոստովանել` ադրբեջանական իշխող վարչախմբի ներկայացուցչի «տրամաբանությունն սպանիչ է»: Ստացվում է, որ երկու տասնամյակ առաջ ԼՂՀ հետ զինադադարի համաձայնագիր կնքելով` Ադրբեջանն ուղղակի ժամանակ է խնդրել, որպեսզի վերակազմավորի իր պարտված բանակը, զինի եւ վերստին սկսի խոսել «գնամ հիմա, կացինը բերեմ» ոճո՞վ: Եւ եթե «կացինը չի բերում, ծառը չի կտրում», դրա համար հայկական կողմը «պետք է շնորհակալություն հայտնի՞»:
Այո, Բաքվում հենց այդպես էլ մտածում են: Քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովն, օրինակ, գտնում է, որ «Նալբանդյանը պետք է երախտապարտ լինի Ադրբեջանին, որ անցած տարիներին չի սկսել ռազմական ճանապարհով ազատագրել իր տարածքները, նա պետք է երախտագիտություն հայտնի Ադրբեջանին, որ մենք շարունակում ենք մասնակցել խաղաղ բանակցություններին, Նալբանդյանը եւ հայկական ղեկավարության մյուս ներկայացուցիչները մեզ պետք է երախտապարտ լինեն մեր համբերության, զսպվածության համար…»:
Ո՞ւմ են, իրականում, հասցեագրված Օրուջեւի եւ Սադիխովի եւ ադրբեջանցի մյուս քաղաքական գործիչների ու քաղաքագետ կոչվողների հիմարությունները: Հայաստանի՞ն, Լեռնային Ղարաբաղի՞ն: Կարծում ենք` ոչ: Բաքվում գերազանց գիտեն, որ պատերազմի սպառնալիքները չեն գործել եւ չեն գործում: Ադրբեջանի իշխող վարչախմբի ռազմաշունչ հայտարարությունների հասցեատերը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունն է. «Շատ ցավալի է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որ կոչված են իրականացնելու իրենց միջնորդական գործառույթները, փոխանակ ինչ-որ շեշտադրումներ անեն, հրապարակեն իրենց դիրքորոշումը, համաձայնում են այդպիսի ցնորամտություններին (նկատի ունի Ադրբեջանի ոչ կառուցողականության մասին արտգործնախարար Նալբանդյանի դիտարկումը- Վ. Ա.): Առաջատար պետությունների, մասնավորապես` Մինսկի խմբի համանախագահների այդ կեցվածքը ոգեշնչում է պաշտոնական Երեւանի ղեկավար դեմքերին… Անկասկած, դա համանախագհների մեղքն է»,- իրավիճակն այսպես է բնութագրել վերոնշյալ Ֆիքրեթ Սադիխովը:
Սադիխովի «մեղադրանքն» այս դեպքում գոնե ընդհանրական է, ԵԱՀԿ ՄԽ որեւէ երկիր առանձնացված չէ: Բայց ահա Իլհամ Ալիեւի աշխատակազմում արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Նովրուզ Մամեդովը, անդրադառնալով Բաքվում Միացյալ Նահանագների դեսպանի կողմից ադրբեջանական իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությանը` կապված մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակման հետ, ԱՄՆ-ին ուղղակի բաց տեքստով «պահանջ է ներկայացրել», թե ինչո՞ւ «ոչինչ չի անում բռնատեղահանված մեկ միլիոն ադրբեջանցիների մարդկային իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:
Նրա կարծիքով, «բավական է, որ մի առանձին դեպք լինի (Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման- Վ. Ա.) ԱՄՆ-ն իսկույն հանձնարարում է իր կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին, որպեսզի նրանք ամենուր տարփողեն այդ մասին` վնասելով Ադրբեջանի իմիջին, բայց ԱՄՆ-ը խուսափում է խոսել այդ մարդկանց (այսպես կոչված «բռնատեղահանվածների» եւ «փախստականների» – Վ. Ա.) իրավունքների մասին»: Ավելի հեռուն գնալով` Նովրուզ Մամեդովը Միացյալ Նահանգներին մեղադրել է Ուկրաինայում «գունավոր հեղափոխություն իրականացնելու» մեջ:
Նախկին խորհրդային երկրներից Ադրբեջանն, այսպիսով, առաջինն է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում կատարյալ համերաշխություն է արտահայտում ՌԴ գնահատականին: Ավելին, Նովրուզ Մամեդովը Միացյալ Նահանգներն անվանել է գրեթե «համաշխարհային կոռուպցիայի կնքահայր»: Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանում «կոռուպցիոն գործունեության հիմքերը դրել է Ռասուլ Գուլիեւը, որն, ի դեպ, ավելի քան քսան տարի է` գտնվում է ԱՄՆ պաշտպանության եւ հովանավորության ներքո, որովհետեւ ապրում է Ամերիկայում, օգտագործում է կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերած փողերը եւ այդ առիթով ոչ մի անգամ նրան որեւէ բան չի ասվել, իսկ ԱՄՆ-ում գրեթե ամեն ամիս որեւէ կոնգրեսական, սենատոր կամ չինովնիկ մեղադրվում է կոռուպցիայի մեջ, եւ թող հանձնարարի (Բաքվում ԱՄՆ դեսպանը- Վ. Ա.) իր ձեռնասուն ՀԿ-ներին` այդ մասին գրեն»:
Անդրադառնալով Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Կոզլարիչին, Նովրուզ Մամեդովը պարզապես «տղայական» խոսակցաոճ է ընտրել. «Հիշում եմ, ժամանակին նա այստեղ ուզում էր իրացնել այն, ինչ բացառապես իր սեփական հետաքրքրություններին էր համապատասխանում, նա դիմել է, ստացել մերժում եւ դրանից հետո սկսել քննադատել մեր երկիրը»: Եթե «վերծանենք», ապա ստացվում է, որ դեսպան Կոզլարիչն ադրբեջանական իշխանություններից խնդրել է Բաքվում «սեփական գործ բացելու» հարցում օժանդակություն, մերժվել եւ դրանից է, որ դառնացած է: «Բայց նա այդ մասին, չգիտես ինչու, երբեք չի խոսում: Մենք բոլորս դա լավ ենք հիշում»,- երկիմաստ եզրափակել է Նովրուզ Մամեդովը:
Ինչ-որ ներքին կապ կա՞ Բաքու-Վաշինգտոն «դիվանագիտական փոխհրաձգության» եւ ԼՂ կարգավորման բանակցությունների միջեւ: Բանն այն է, որ վերջին զարգացումներն սկսվեցին ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի դեմ հարձակումներով: Իլհամ Ալիեւի աշխատակազմը նրան անվանեց «հայամետ», իսկ փոխարտգործնախարար Ազիմովը չբացառեց, որ «Ադրբեջանը կորող է բարձրացնել նրան փոխելու հարցը»:
Հետեւեց Ուորլիքի ելույթը Քարնեգի հիմնադրամում, որի վերաբերյալ ադրբեջանական կողմի նախնական արձագանքը դրական էր. ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով Բաքուն «սկզբունքորեն ընդունելի» անվանեց կարգավորման այդ «տեսլականը»: Բայց նույն ժամանակ էլ Բաքվում ԱՄՆ դեսպանը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը եւ Ալիեւի կառավարությանը մեղադրեց մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակման մեջ:
Դեսպանի հարցազրույցի «աղը», սակայն, այն էր, որ նա հրապարակեց, թե հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, որի «մանրամասնությունները մտադիր չէ բացահայտել, բայց եթե մարդու իրավունքների առումով իրավիճակը վատթարանա եւ Արեւմուտքի հետ հարաբերությունները դրանից տուժեն, ապա այդ դեպքում ով պետք է Ռուսաստանի դեմ Ադրբեջանի անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության ձայն բարձրացնի»:
Կարելի է հասկանալ, որ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանն Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը ներկայացրել է Վաշինգտոնի «պայմանը», այն է` որոշակիորեն ազատականացնել ներքաղաքական իրավիճակը, ինչը չի ընդունվել: Եւ այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները տարակուսում են, թե «ով է Ռուսաստանի դեմ Ադրբեջանի անկախության եւ ինքնիշխանության հարցը բարձրացնելու»:
Ըստ ամենայնի, Ջեյմս Ուորլիքի ելույթը մի դիվանագիտական ուղերձ էր Իլհամ Ալիեւին առ այն, որ որոշակի պայմանների դեպքում ԱՄՆ-ը կարող է «ավելի եռանդուն գործել` հայտնի սկզբունքների հիման վրա ԼՂ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու ուղղությամբ»: Եւ բոլորովին էլ պատահական չէ, որ դեսպան Ուորլիքը «հայտնի սկզբունքները» ներկայացրել էր որպես ԱՄՆ կառավարության «հայեցակարգ»:
Ինչպես ասացինք, Ադրբեջանի արձագանքը նախապես դրական էր: Դժվար է ասել, թե ինչո՞ւ հետագայում Բաքուն փոխեց մոտեցումը, սակայն ակնհայտ է, որ համանախագահների տարածաշրջանային այցի նախօրեին ադրբեջանական քաղաքագիտական հանրությունն ավելի քան մտասեւեռված էր այն բանին, թե «որքանո՞վ են Ուորլիքի «սկզբունքներն» ընդունելի Ռուսաստանի համար»: Ամենայն հավանականությամբ` Մոսկվայից ինչ-ինչ «ազդակներ» տեղ են հասել: Բացառված չէ, որ Բաքվի դիրքորոշմանն ազդել են նաեւ Ուորլիքի ղարաբաղյան հայտարարությունները:
Այսպես, թե ոչ, իրողությունն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջին անգամ Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպում չեն ունեցել: Դա պետք է համարել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւս մեկ հանդիպում կազմակերպելու մասին Ուորլիքի առաջարկության պարզորոշ մերժում` տեսանելի ապագայի կտրվածքով:
Բայց առավել արտառոցն այն է, որ Վիետնամի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիեւն իր ներածական խոսքում հարկ է համարել անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա բառացիորեն հետեւյալն է ասել. «Մենք անպայման կվերադառնանք մեր հողերը` Ղարաբաղ, Շուշի, Խանքենդի (Ստեփանակերտ- Վ. Ա.)»:
Փորձագետները Ջեյմս Ուորլիքի ելույթի «հիմնական նորություն» են համարում, որ այնտեղ «Լեռնային Ղարաբաղը հստակ տարանջատված է «օկուպացված տարածքներից», եւ դա, կարծես, ամերիկյան կառավարության տեսակետի փոփոխություն է»: Հանոյից Իլհամ Ալիեւն անհամաձայնություն հայտնեց ԱՄՆ «կառավարության տեսակետի այդ փոփոխությանը» եւ փաստացի մերժեց Ուորլիքի «կարգավորման սկզբունքները»:
Մի՞թե հարմար չէր այդքանն ասել Բաքվում` համանախագահների հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ: Իլհամ Ալիեւի «քաջությունը» չի՞ հերիքել: Հնարավոր է: Բայց դիտարժան է նաեւ հայտարարության արտաքին քաղաքական ֆոնը` Իլհամ Ալիեւը Վիետնամից ուղեւորվել է Չինաստան, որտեղ նույնպես «քննարկել է ԼՂ կարգավորման հարցը», ինչպես ծանուցել է «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը:
Չինաստան էր մեկնել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այնտեղ էր նաեւ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն: Ասիական տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության հարցերով խորհրդաժողովի նախագահությունը Թուրքիայից անցել է Չինաստանին: Միացյալ Նահանգներն այդ ձեւաչափում չկան: Եւ պե՞տք է սպասել ԱՄՆ-Ադրբեջան դիվանագիտական նոր «փոխհրաձգությունների»…
Ստեփանակերտ