Հայաստանում վարչապետափոխությունը տեղի ունեցավ արտաքին ու ներքին ազդակների ճնշման ներքո: Այն ազդակները, որոնք դրսից էին` տարբեր գործոնների ազդեցությամբ կարծես թե չեզոքանում կամ երկրորդական են դառնում: Ասենք, եթե խոսք էր գնում նախորդ վարչապետի` ռուսների կողմից անընդունելու լինելու, ռուսական ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ընդգրկման ճանապարհին վստահելի չլինելու վերաբերյալ, ապա այժմ կարծես թե Հայաստանի ինտեգրումը ռուսական նախագծերում հետաձգվում կամ գոնե դանդաղում է` երկու խումբ պատճառներով. առաջին խումբը բխում է ուկրաինական զարգացումներից եւ, առհասարակ, Ռուսաստան- Արեւմուտք մրցակցությունից, երկրորդը` ԼՂՀ-ով կամ առանց ԼՂՀ-ի մաքսային կամ եվրասիական տարածքում Հայաստանի հայտնվել-չհայտնվելու պարագայից: Արեւմուտքից հնչած վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ ղարաբաղյան գործոնն ամենեւին էլ չեն պատրաստվում զիջել Ռուսաստանին, բացի այդ ռուսները այս պահին ամեն ինչ անում են` Ադրբեջանին էլ ներքաշելու ինտեգրացիոն ծրագրեր, ու այս պարագայում առանց ԼՂՀ, թե ԼՂՀ-ի հետ միասին Եվրասական տարածքում ինտեգրվելու պարագան զգայուն հարց է դառնում եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի ինտեգրման ճանապարհին: Այնպես որ, ըստ որոշ կանխատեսումների, հազիվ թե մայիսի 29-ին Եվրասիական փաստաթղթի տակ Հայաստանի ստորագրությունը լինի:
Ի՞նչ է դուրս գալիս` վարչապետափոխության արտաքին ազդակն, այսպիսով, կարծես չեզոքանում է, եւ հավանաբար Հայաստանը դեռեւս երկար դե ֆակտո Եվրասիական տարածքում չի հայտնվի, այդ մասին են խոսում նաեւ Հայաստանի ղեկավարների` տարբեր առիթներով նորովի կրկնվող` «եւ- եւ», քաղաքականության նորացման փորձերը, այդ թվում` նույն խորհրդարանում իրեն ուղղված հարցին պատասխանելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանը, թե եվրոպական կառույցների հետ համագործակցության խորացումը, Եվրասիական տարածք մուտք գործելու հետ զուգահեռ, մեր շահերից է բխում:
Հիմա գանք մյուս ազդակին, որ առայժմ կա, բայց դա էլ կարող է մետամորֆոզների ենթարկվել` հանրության սպասումներին ենթակա: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց նաեւ ներքաղաքական համերաշխության պահպանման խնդիրը լուծելու նպատակով, քանի որ նրա խնամի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն առայժմ կարողանում է ազդել ընդդիմության միավորների վրա, համենայնդեպս այս շաբաթ կառավարության ծրագրի քննարկման ընդհանուր ֆոնը խորհրդարանում դա է ցույց տալիս: Սակայն այդ հաշվարկներն ամենեւին էլ հարյուր տոկոսանոց չեն, որովհետեւ առանձին ընդդիմադիրներ կարող են փչացնել այդ հաշվարկը: Օրինակ` Նիկոլ Փաշինյանը, որը փաստորեն չի ենթարկվում ընդդիմադիր ընդհանուր տրամաբանությանը, կարողացավ հունից հանել Հովիկ Աբրահամյանին, նրա ձեւավորած կառավարությանն անվանեց կոռումպացված, իսկ կառավարության ծրագիրը` կառավարության անդամների բիզնես -պլաններ, չնայած Գալուստ Սահակյանը նրան հակադարձեց, թե արջն այդպես էլ երկրորդ երգը չսովորեց: Կամ` «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը, որ համարվում է ազատական հայացքներով մարդ, ասում էր, թե պետությունը պետք է դադարեցնի բիզնես շահերին ծառայելու գործելակերպը` հարցնելով, թե որքանո՞վ է ազնիվ այն կառավարությունը, որը մասնավոր շահերից դրդված է որոշումներ կայացնում: Ասելս այն է, որ իր խնդիրների լուծմանը սպասող հանրությունը միշտ էլ մի ընդդիմությունից կարող է շուռ գալ նրանց կողմը, ովքեր հարցերն ավելի սուր են դնում կամ առավել խիստ քննադատում կառավարությանը, եւ այդ գործընթացը հավերժ մանիպուլյացիաներով հնարավոր չէ կանգնեցնել:
Բացի այդ` նույն ԲՀԿ-ն նույնպես ինչ որ պահի կարող է տրվել հանրության սպասումներին ոչ թե այն պատճառով, որ կուզենար խանգարել Հովիկ Աբրահամյանին, այլ սեփական ինքնապաշտպանության բնազդից, քանի որ հանրությունը, իր սպասելիքները չարդարացնելու պատճառով, կարող է առհասարակ երես թեքել այդ ուժից, անկախ տիրապետած նյութական ռեսուրսից: Այնպես որ` կարող է գալ մի պահ, որ ներկա վարչապետի նշանակման նախնական նպատահարմարությունն այլեւս չեզոքացված լինի վերջնականապես, ու այն ժամանակ բոլորովին անկանխատեսելի զարգացումներ լինեն:Անկախ նոր վարչապետի` իր համար ամենացանկալի պաշտոնում աշխատելու պատրաստակամությունից եւ եռանդից:
Այսպես, թե այնպես` առայժմ այդ նպատակահարմարությունն ուժի մեջ է, եւ նրա զավակ Հովիկ Աբրահամյանն այս շաբաթ կառավարության եռամյա ծրագիրն էր ներկայացնում` իր բնորոշմամբ «իրատեսական, խստասպահանջ եւ ականջալուր», ու նրա վստահ տոնից կարելի էր հասկանալ, որ նա առայժմ վտանգներ չի զգում եւ մտադիր է աշխատել իր պատկերացումներին համապատասխան, այն է` իրատեսական` խոստումների եւ ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ` հավասար պայմանների եւ երկակի ստանդարտների բացակայության տեսակետից, եւ ականջալուր (թե ով է կառավարության անդամների մեծ մասի համար այդ անհասկանալի բառը գրել ծրագրում)` հանրային մտահոգությունների եւ քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ… Սինգապուրի տնտեսավարման օրինակն աչքի առաջ ունենալով:
Էլ բազմամիլիարդանոց ներդրումներով ջրամբարների կառուցման խոշորածավալ ծրագիր, էլ հավասար մրցակցային պայմանների ստեղծում եւ յուրաքանչյուր գործարարի աջակցություն (ափսոս մեկնարկային կապիտալ չունենք` մի բիզնես սկսենք, ախր ցանկացածին են աջակցելու), էլ սահմանի վրա ավելացված արժեքի հարկը փուլ առ փուլ վերացնելու խոստում : Ճանապարհային երեթեւեկության խախտումների տուգանքների չափը որոշելու համար հանձնաժողով է ստեղծվել, որն առաջարկություններ է ներկայացնելու, ու նման պոպուլյար այլ խոստումներ: Բայց դե կախարդական փայտիկ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը եւս չունի, որ մի ակնթարթում որեւէ ոլորտի ծախսերն էապես ավելացնի:
Ականջալուր լինելու մասով. վարչապետն, այո, ականջալուր է լինելու ընդդիմությանը, բայց երբ ասում են` անկախ հանձնաժողովներն ու վերահսկիչ կառույցներն ընդդիմությունը ղեկավարի, Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ. ընդդիմությունն, ախր, մերժում է համագործակցության յուրաքանչյուր առաջարկ, առաջնորդվում «ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով», այնպես` որ այս մասով «ականջալուրը» չի ստացվի, քանի որ նման առաջարկը Հայաստանում կիրառելը չի բերի առաջընթացի:
Իսկ ահա կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են, դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, ու աքսիոմատիկ «պարտադիր, բայց ոչ պարտադրված»-ի լուծումն ունենալու (դե գիտեք, աքսիոմաները լուծում չեն կարող ունենալ) վրա հիմա կառավարությունում ամեն օր աշխատում են:
Կառավարության ծրագրի առանցքային դրույթը մենք ենք` ՀՀ քաղաքացիներս, մեր ազատության ու բարեկեցության համար է այդ ծրագիրը, ու կառավարության ջանքերն ուղղվելու են իմ` «ստեղծագործ աշխատանքովս իմ ապագան հայրենիքումս կերտելուն»: Ես էլ մտածում էի` ուր գնամ, որ մի քիչ փող աշխատեմ: Չփոշամանե՞մ: Հա, ի դեպ էդ առթիվ (հայրենիքը կերտելու եւ հարմարավետ վայր դարձնելու), բավական հռչակագրային պաթոս կար ծրագրում, որ բաց կթողնեմ, առանց այդ էլ մեր ընթերցողը հոգնել է տարբեր առիթներով անընդհատ ականջ խցկվող համանման կուսակցական պաթոսից: Հ. Աբրահամյանի ելույթից իմացանք, որ ստվերը բոլորիս թշնամին է (չշփոթել ամառվա հովի հետ), պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, ամեն ոք պետք է սկսի իրենից (չբռնեմ ու ընտանիքիցս թաքցրած հինգ հազար դրամը ստվերից հանեմ` Հ. Աբրահամյանին ականջալուր), քանի որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշն աճելու է` ստվերային շրջանառության կրճատմանը զուգահեռ: Նվազագույն աշխատավարձը երեք տարում աստիճանաբար 65 հազար դրամի է հասցվելու, այ քեզ հաջողություն, ուղիղ ամբողջ 150 դոլար, մի ողջ կարողություն: Համահայկական ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու (սա Հրանտ Բագրատյանի «100 քայլ»- ից է), գյուղում սուբսիդիա եւ դրամաշնորհ են տալու գյուղացուն, սկսվելու է Կապսի, Վեդու, Եղվարդի, Մաստարայի ջրամբարների նախագծումն ու շինարարությունը, ինչը կթեթեւացնի Սեւանի բեռն ու Արարատյան դաշտի ջրավազանային խնդիրները կլուծի (իսկ ըստ մեզ` խոշոր ձկնարդյունաբերողների մատից են փուշ հանում):
Հովիկ Աբրահամյանը պատգամավորների հարցերին պատասխանելիս մի շարք ականջահաճո եւ ոչ այնքան գաղափարներ արտահայտեց` «Շիրակ» օդանավակայանը օդի տուրքից ազատելու, այդպիսով թռիչքները «Շիրակից խթանելու, նախկինների վերաբերյալ վատ բաներ չասելու իր տեսակի, Հայաստանի 915 համայնքները մինչեւ 300 դարձնելով խոշորացնելու (ահա քեզ աշխատատեղերի կրճատում) , նախկին վարչապետների ակումբ ստեղծելու իր նախաձեռնության վերաբերյալ, ընդդիմությանն էլ շշպռեց, թե իրենք խոսում են եւ խոսելու են, իսկ ինքը մտադիր է աշխատել:
Նախորդի գործունեությունը դատափետել չուզեցող Հովիկ Աբրահամյանի փոխարեն` ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն էր երեկ, կառավարության ծրագրի վերաբերյալ խորհրդարանի ամբիոնից տեսակետ հայտնելիս խոսում երկիրը փլուզող նախորդ կառավարության մասին, նոր կառավարության ստացած վատ ժառանգությունից (կարծես թե Հովիկ Աբրահամյանը նման բան չասաց, եւ ոչ էլ` ՀՀԿ-ականները)` պահանջելով գնահատական տալ ու նոր առաջ անցնել, ասում էր, որ քաղաքական մենաշնորհը վատ բան է: Արծվիկ Մինասյանը ՀՅԴ 34 առաջարկից միայն 11-ի իրացումը ծրագրում ընդունելի չէր համարում, ընդունելի չէր նաեւ վերահսկողությունն ընդդիմությանը չվերապահելը: Նորաթուխ ընդդիմադիր Հովհաննես Մարգարյանն էլ նշում էր, որ ծրագրի բարի ցանկությունները համահունչ չեն դրանց իրացման մեխանիզմներին: Մինչդեռ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը այլ քաղաքական ուժերի համադրելի մոտեցումներն ընդգրկված համարեց ծրագրում, ու հատկապես կարեւորեց բոլորի համար հավասար պայմանների ստեղծման գաղափարը: ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանը կոչ առեց կառավարությանը չհանձնվել:
Խորհրդարանական խմբակցությունները նախօրոք նիստ էին արել եւ որոշել միասնաբար չմասնակցել քվեարկությանը, ինչն արտացոլվեց խմբակցությունների ղեկավարների ելույթներում. «Ասածներս բայղուշություն մի ընդունեք` էս ձեւով պետության վիճակ չեն փոխի», ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի` ծրագիրն իրերն իրենց անունով չի կոչում, գնահատականներ չի տվել անցյալ կառավարությանը, նա չգիտեր` ինչո՞ւ է փոխվել կառավարությունը, ինչպես, ի դեպ, եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը նշեց, թե անցյալ կառավարության ձեռագիրը կրկին ամրագրվել է այս ծրագրում, հատկապես` պարտադիր կուտակային մասով: ՕԵԿ-ը եւս որոշել էր չմասնակցել քվեարկությանը: ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը թվեց կառավարության առաջին քայլերը` կուտակայինի պարտադիրը չհանվեց, շքեղության հարկը հանվեց` հօգուտ օլիգարխների, կառավարության անդամներ դարձան գործարարներ` բիզնեսն ու կառավարումը սերտաճել են, պարտադիր աուդիտը հանվեց, ընդամենը չորս մարդ նոր կառավարությունում գործարար չէ:Նա իր մեջբերումները համեմում էր Աստվածաշնչից մեջբերումներով` չար ծառի ու պտղի մասին, ինչը զայրացրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, որն իր կողմից կոռեկտության կոչեց Զուրաբյանին` խոզերի ու մարգարիտների առակով:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վհուկների որսի կողմնակից չլինելով, այնուհանդերձ նախորդ կառավարությանը գնահատականներ տալը պարտադիր համարեց, ինչը չի արվել, բացի այդ` կառավարության ծրագիրը երկրում առկա ավելի լուրջ հարցերը չի ներկայացրել, մի խոսքով` ծրագրի քվեարկությանը ԲՀԿ-ն չմասնակցելու որոշում ուներ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սատանայական բան գտավ խորհրդարանի ամբիոնում` դրսում շփվելիս պատգամավորներն այլ մտքեր են հայտնում, ամբիոնում` այլ: «Զոռբայությամբ իշխանություն չեն վերցնում, իսկ մենք զոռբաներին իշխանություն չենք տալիս, բիզնես զարգացնելու համար էլ ուղեղ է պետք» ասաց` կառավարության բերած ծրագիրը համահունչ համարելով ժամանակի հրամայականներին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսեց երկու պատուհանից` ԱԺ նախագահի եւ ԱԺ պատգամավորի: Էլ Հայաստանի զարգացման նոր փուլ` աշխարհաքաղաքական նոր միտումներով, նոր մարտահրավերների արտացոլում կառավարության նոր ծրագրում, էլ ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր սրբագրում, Եվրասիական միությանն անդամակցելու գործնական փուլ Հայաստանի համար, այդ բոլորի արձագանքըՙ կառավարության ծրագրում : Ընդդիմախոսներին էլ տեղը դրեց, թե` ո՞ր երկրում չկա ստվեր, մինչդեռ Հայաստանում տարեցտարի ստվերը կրճատվում է: Կառավարության անդամներն էլ ոչ թե բիզնեսմեններ են, այլ սեփակնատերեր, որոնք եկամուտ են ստանում.«Վերցրեք որեւէ ոլորտ, ու երբ ապացուցեք` մեզանից լավ եք անում, ֆինանսական վերահսողություն էլ կտանք, ինչ է եղել», ասաց նա ընդդիմադիրներին` Լ. Զուրաբյանի կողմը նետելով.« Սադայելը սկսել է Աստվածաշնչից ու Ավետարանիից օրինակ բերել, մեզանում սկսվել է տարածվել քաղաքական աղանդավորությունը»:
Իսկ ահա Հովիկ Աբրահամյանն իր ամփոփիչ ելույթում նշեց, որ կառուցողական եւ ուժեղ ընդդիմությունը ուժեղացնում է կառավարությանը: Նա նկատել էր ընդդմախոսների մտահոգությունները եւ հետագայում հաշվի էր նստելու նրանց հետ` խորհուրդ տալով մաղձոտ պրակտիկային վերջ տալ, ինչն անհարգալից վերաբերմունք է ընտրողի հանդեպ.«Իշխանությունն ու ընդդիմությունը մի նավում են, նավարկության համար պատասխանատու են բոլորը», ասաց` առանձնացնելով Հրանտ Բագրատյանին, որի ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ անվանեց: Բոլոր դեպքերում` կառավարության եռամյա ծրագիր ներկայացնող Հովիկ Աբրահամյանը այս տարի կատարելու է նախորդ կառավարության ընդունած բյուջեն` քաղաքական կամք եւ եռանդ ունենալու վերաբերյալ նրա խոսքը այս տարվա բյուջեի վերաբերյալ գոնե կարող է վերաբերվել միայն մեխանիզմների կիրառմանը, իսկ իր բուն գործունեությունը նա կսկսի 2015 թվականի բյուջեն խորհրդարան բերելով:
Այսպես, թե այնպես` երեկ կառավարության եռամյա ծագիրը ճանապարհ ընկավ: Խորհրդարանը հավանություն տվեց կառավարության ծրագրին` 70 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: Ձեռնպահը Հրանտ Բագրատյանն ու Ալեքսանդր Արզումանյանն էին, այդ մասին հայտարարել էին` ի հակադրություն Լ. Զուրաբյանի հայտարարության, թե ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: ՕԵԿ-ից էլ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց գործարար Կարեն Բոթոյանը հենց քվեարկությունից առաջ, Հեղինե Բիշարյանն այդ առթիվ մի ցասկոտ խոսք ուղղեց կառավարությանը, թե տեսաք, որ ամբողջը թատրոն է, եւ գործարարի վրա ճնշում չբանեցնել հնարավոր չէ: