Հայաստանի տնտեսության հնարավոր կառուցվածքային փոփոխությունները առաջիկայում
Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային փոփոխություններ կկրի: Այս եզրակացության հետ համամիտ են բոլոր մասնագետներն ու վերլուծաբանները: Տարակարծությունն այն է, թե ո՞ր երկրների հետ առեւտուրը ինչպե՞ս կփոխվի, ԵՄ, թե՞ Մաքսային միության երկրների հետ ազատ առեւտրի ռեժիմ ունենալն է ավելի շահավետ եւ այլն: Ներկայումս Հայաստանի պաշտոնյաները բանակցություններ են վարում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ ապրանքների որոշակի տեսակների մաքսային դրույքաչափերի շուրջ համաձայնության գալու համար: Շարունակվում են նաեւ ԵՄ¬ի հետ համագործակցության բանակցությունները, թեեւ այլ ձեւաչափով: Հետեւաբար, դեռեւս վաղ է վերջնական եզրակացություններ կատարել, թե ինչպիսի՞ն կլինեն փոփոխությունները: Սակայն, արտաքին առեւտրի վիճակագրական ցուցանիշները հիմք ընդունելով, կարելի է ենթադրել, թե այդուհանդերձ, ո՞ր զարգացումներն են առավել հավանական:
Դեպի Ռուսաստան Հայաստանի արտահանման ծավաներն աճում են, իսկ Բելառուսն ու Ղազախստա՞նը
Որպես առանձին վերցրած երկիր, մեր ամենամեծ գործընկերը Ռուսաստանն է: Անցած տարի մեր արտաքին առեւտրի գրեթե մեկ քառորդը` 24,3 տոկոսը բաժին է ընկել հենց Ռուսաստանին: Արտահանումը Հայաստանից Ռուսաստան 2012-ին կազմել է մեր երկրի ամբողջ արտահանման 20,2 տոկոսը, իսկ 2013-ին` արդեն 22,6 տոկոսը կամ 334 մլն դոլար: 2012-ի համեմատ դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է մոտ 20 տոկոսով: Ռուսաստանից ներմուծումը նույնպես ամենամեծ ծավալներն ունի` թե 2012-ին, թե 2013-ին: Այն կազմել է ամբողջ ներմուծման 24,8 տոկոսը կամ 1 մլրդ 110 մլն դոլար:
Ակնհայտ է, որ դեպի Ռուսաստան մեր արտահանման ծավաներն աճում են: Ընդ որում, աճում է հիմնականում պատրաստի արտադրանքի արտահանումը: Սա այն դեպքում, երբ Հայաստանը դեռեւս Մաքսային միության անդամ չէ: Միության մեջ ընդգրկվելը դեպի Ռուսաստան արտահանման ծավալների աճի ավելացման հնարավորություն կստեղծի: Ինչ վերաբերվում է ներմուծմանը, ապա պարզ է, որ այն շարունակվելու է պահպանել ահռելի ծավալները, քանի որ դրա մեջ մեծ մասնաբաժին ունեն էներգակիրները` գազը, միջուկային վառելիքը եւ այլն: Մեկ միասնական տարածքում լինելու դեպքում հավանական է, որ ավելանան ռուսական արտադրության այլ ապրանքների ներմուծումը: Սա վերաբերում է նաեւ Բելառուսին եւ Ղազախստանին:
Բելառուսը եւ Ղազախստանը հիմա մեր արտաքին առեւտրի ծավալում չափազանց փոքր տեղ են զբաղեցնում: Բելառուսին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրի ծավալների 0,8 տոկոսը, Ղազախստանին` 0,1 տոկոսը: Արտահանման միայն 0,6 տոկոսն է բաժին հասնում Ղազախստանին, 0,5 տոկոսը` Բելառուսին: Ներմուծումը Ղազախստանից մեր ամբողջ ներմուծման 0-ից քիչ բարձր մասն է կազմում է, իսկ Բելառուսից` ամբողջ ներմուծման 0,9 տոկոսը: 2012-ի համեմատ, 2013-ին արտահանման եւ ներմուծման ծավալներն այս երկրների հետ ավելացել են: Նույն տնտեսական տարածքում հայտնվելու դեպքում այս միտումը թերեւս կխորանա:
Էժան ապրանքների ներմուծումը էապես կնվազի
Միաժամանակ, հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեկ միասնական տնտեսական տարածքում լինելու դեպքում Ռուսաստանից, Բելառուսից եւ Ղազախստանից կսկսեն ներմուծվել ապրանքներ, որոնք այժմ ներմուծում ենք այլ երկրներից` Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ), Թուրքիայից, ինչպես նաեւ այնպիսի ապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում: Անկախ նրանից, թե ինչ համաձայնության կգանք Մաքսային միության երկրների հետ տարբեր ապրանքերի մաքսատուրքերի հարցում, ենթադրելի է, որ երկարաժամկետ առումով ավելի էժան ապրանքների ներմուծման ծավալները նույն Չինաստաից, ԱՄԷ-ից եւ Թուրքիայից կնվազեն: Սա նպաստավոր կարող է լինել տեղական արտադրողների համար: Մասնավորապես, գյուղատնտեսական մթերքների, սննդամթերքի այլ տեսակների, թեթեւ արդյունաբերության եւ Հայաստանում արտադրվող մի շարք այլ ապրանքների համար ավելի բարենպաստ մրցակցային դաշտ կստեղծվի:
Տեղական արտադրողները բազմիցս են նշել, որ իրենց համար ներքին շուկայում անհավասար մրցակցություն են ստեղծում որակական ավելի ցածր չափանիշներով եւ ավելի էժան ապրանքները, որոնք ներմուծվում են ինչպես վերոնշյալ երկրներից (հագուստը, պլաստմասե իրերը եւ մի շարք այլ ապրանքներ Թուրքիայից, Չինաստանից), այնպես էլ այլ երկրներից (գոմեշի միսը Հնդկաստանից, թռչնի միսը Բրազիլիայից եւ այլն): Քանի որ նման ապրանքներ հիմա չեն ներմուծվում Բելառուսից եւ Ղազախստանից, նշանակում է, որ այդ երկրներում այդ որակի եւ գնի ապրանքներ չեն արտադրվում: Հետեւաբար, Մաքսային միության անդամ մեր դառնալու դեպքում, այդ երկրներից ներմուծվող ապրանքները իրենց որակով եւ գներով մոտ կլինեն հայկական ապրանքերին: Դա հավասար դաշտ կստեղծի տեղական արտադրողների համար ինչպես ներքին շուկայում, այնպես էլ հենց այդ երկրների շուկաներում:
Երկարաժամկետ կտրվածքով Հայաստան էժան ապրանքերի ներմուծումը էապես կնվազի, քանի որ նրանց համար սկսելու են գործել որոշակի մաքսային դրույքաչափեր: Դրանք այժմ զրոյական են, իսկ հետագայում բնական է, որ չպետք է գերազանցեն Առեւտրի համաշխարհային կազմակերպության թույլատրած դրույքային սահմանները: Սա կարող է սոցիալական խնդիր առաջացնել մեզ մոտ, որովհետեւ 32 տոկոս աղքատ բնակչությունն առավելապես էժան ապրանքներն է սպառում: Սակայն, մյուս կողմից, ինչպես արդեն նշեցինք, այդ հանգամանքը կարող է նպաստել տեղական արտադրության զարգացմանը, նպաստելով նաեւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Ի վերջո, ներմուծվող էժան եւ ցածրորակ ապրանքերի հանդեպ մեղմ դիրքորոշում ցուցաբերելով, ինչպես հիմա է արվում կառավարության կողմից, ոչ միայն չենք նպաստում աղքատության նվազմանը, այլեւ խանգարում ենք տեղական արդյունաբերության զարգացմանը եւ նպաստում աղքատության պահպանմանը: Չխոսելով արդեն այն մասին, որ այդ երկրներից մեկը` Թուրքիան, թշնամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, արգելում է հայկական ապրանքերի ներմուծումն իր երկիր, շրջափակում մեզՙ փակ պահելով իր սահմանը, իսկ մենք այդ երկրից ավելի քան 200 մլն դոլարի ապրանք ենք ներմուծում:
Ռուսաստանից եւ ԵՄ-ից հետո, վերոնշյալ երկրներից մեր ամենամեծ առեւտրային գործընկերը Չինաստանն է: Այս երկրին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրի 7,6 տոկոսը կամ 455 մլն դոլար (2013-ին): Բնական է, որ գերակշռում է ներմուծումը` 386 մլն դոլար: Թեեւ հարկ է նշել, որ 2013-ին Հայաստանից դեպի Չինաստան արտահանումն աճել է 2,2 անգամ, հասնելով մոտ 69 մլն դոլարի:
Հաջորդը Իրանն է` 4,9 տոկոս ընդհանուր արտաքին առեւտրից կամ 293 մլն դոլար: Դարձյալ հիմնականը ներմուծումն է Հայաստան` 198 մլն դոլար: Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ակտիվացում կարելի է ակնկալել այս երկրի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավման դեպքում:
Երրորդը Ուկրաինան է, որի հետ առեւտրի շրջանառությունն ընդհանուրի 4,1 տոկոսն է կամ 241 մլն դոլար: Ուկրաինայից ներմուծման ծավալը 2013-ին կազմել է 216 մլն դոլար, իսկ արտահանումը ընդամենը 15 մլն դոլար: Չորրորդը Թուրիքան է, որի հետ շրջանառութունը արտաքին առեւտրի 3,6 տոկոսն է կազմում: Ինչպես արդեն նշեցինք, այստեղից ներմուծումը կազմում է 210 մլն դոլար, իսկ արտահանումը չնչին է` մոտ 2 մլն դոլար:
Պատրաստի արտադրանքի նկատելի աճ դեպի ԵՄ անհնար է ակնկալել
ԵՄ երկրների հետ Հայաստանի առեւտրաջանառությունը 2013-ին կազմել է ամբողջ շրջանառության 27,8 տոկոսը: Հարկ է նշել, որ 2012-ին այն կազմել է մեր ընդհանուր առեւտրաշրջանառության 29,1 տոկոսը, 2011-ին` 32,4 տոկոսը: Այսինքն, ընդհանուր ապրանքաշրջանառությունն ավելանում է ավելի մեծ տեմպերով, իսկ ԵՄ հետ շրջանառությունը` կա՛մ ավելի փոքր տեմպով, կա՛մ նվազում է: ԵՄ երկրներից Հայաստանն առեւտրի ամենամեծ մասնաբաժին ունի Գերմանիայի հետ` ընդհանուրի 6,1 տոկոսը եւ Բելգիայի հետ` 3,7 տոկոսը: Գաղտնիք չէ նաեւ, որ դեպի ԵՄ երկրներ Հայաստանը հիմնականում արտահանում է մետաղների խտանյութը, այսինքն հումք, այլ ոչ թե պատրաստի արտադրանք:
Մի քանի տարի առաջ Եվրոմիության հետ Հայաստանը համաձայնագիր ստորագրեց, որով հայկական արտադրության մի քանի հարյուր ապրանքների` ԵՄ երկրներ ներմուծման համար սահմանվում էր արտոնյալ ռեժիմ (GSP+)` առանց մաքսի կամ ցածր մաքսով: Խոսքը, բնականաբար, պատրաստի արտադրանքի մասին էր: Անցած տարիների ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ քիչ թե շատ որոշակի տվյալներ ձեռք բերել, թե ինչպե՞ս օգտվեցին դրանից մեր գործարարները, ո՞ր ոլորտներում օգտվեցին, որքա՞ն ավելացավ այդ ոլորտներում արտահանումը դեպի ԵՄ երկրներ: Պատճառը ոչ թե այն էր, որ որեւէ նախարարություն կամ գործարարներին միավորող կազմակերպություն չցանկացավ նման տվյալներ տրամադրել, այլ պարզապես նման տվյալներ գոյություն չունեին, քանի որ շատ քչերն օգտվեցին այդ հնարավորութունից: Դրա անուղղակի վկայությունն է նաեւ դեպի ԵՄ երկրներ մեր ատահանման հարաբերական նվազումը` 2011-ին ընդհանուր արտահանման 45,5 տոկոս, 2012-ին` 37,1 տոկոս, 2013-ին` 32,4 տոկոս: Սրանք փաստեր են, որոնք արձանագրվել են, երբ Հայաստանը հավասար դաշտում էր գտնվում Մաքսային միության եւ ԵՄ երկրների հետ հարաբերությունների առումով եւ, ավելին, ԵՄ երկրների հետ ուներ արտահանման որոշակի արտոնյալ ռեժիմներ:
ԵՄ հետ ասոցիացումն ինչպե՞ս կփոխեր այս հարաբերակցությունը: Մասնագետների համոզմունքն այն էր, որ երկարաժամեկտ կտրվածքով դա կնպաստեր արտահանման որոշ չափով ավելացմանը դեպի Եվրոպա: Սակայն ինչո՞ւ չէին ավելանում այն ապրանքների արտահանումը, որոնց համար արդեն կար արտոնյալ ռեժիմ: Հենց այս հանգամանքն է, որ թույլ չի տալիս իրատեսական համարել ԵՄ¬ի հետ ասոցիացման արդյունքների մասին եզրակացությունները:
Բանն այն է, որ եվրոպական չափանիշները բավականին խիստ են, եւ մեր արտադրողները լրացուցիչ ներդրումներ պետք է կատարեն իրենց տեխնոլոգիաներն այդ չափանիշներին մոտեցնելու համար: Դա կանդրադառնա ապրանքի ինքնարժեքի եւ գնի վրա: Եվրոպական արտադրանքն արդեն հայտնի է եւ կայացած այդ շուկայում, լրացուցիչ գովազդման կամ մարկետինգային ուսումնասիրության կարքի չունի, իսկ հայկական ապրանքները դեռ պետք է անցնեն այս ճանապարհը, ինչը եւս մեծ ծախս է: Այս ամենից հետո որքանո՞վ մրցունակ կլինեն կամ կլինե՞ն ընդհանրապես մրցունակ մեր ապրանքները Եվրոպայում: Ակնհայտ է, որ ծավալային նկատելի աճ պարզապես անհնար է ակնկալել անգամ երկարաժամկետ կտրվածքով: Այլ հարց է, որ ամեն դեպքում հարկ է հնարավորինս օգտագործել Եվրոմիության շուկա դուրս գալու հնարավորությունները եւ շարունակել բանակցությունները մեր տնտեսվարողների համար արտոնյալ ռեժիմներ ձեռք բերելու կամ դրանք պահպանելու համար: