ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐԱՊՅԱՆ
Հետզհետե ավելի նյութապաշտ դարձող աշխարհում ժողովուրդների կենսական, նունիսկ առավել սրբազան շահերը կարող են մանրադրամ դառնալ ստախոս ու բարոյազուրկ խաղամոլների ձեռքին:
Օրինակներից մեկը, որը մի ամբողջ ազգի հավաքական հիշողության մեջ իր կարեւորությունից բացի համընդհանուր չափորոշիչ է դարձել անհատների բարոյական արժեքը գնահատելու համար, իհարկե, Հայոց ցեղասպանությունն է:
Արդեն 20-րդ դարի սկզբներին, երբ երիտթուրքերն իրականացրին իրենց ծրագրած կոտորածները, Չերչիլը արեւմուտքցիների դավադիր լռությունը խարազանեց հետեւյալ դիպուկ ձեւակերպմամբ. «Մոսուլի նավթը ավելի թանկ գնահատվեց, քան հայերի արյունը»:
Այսօր իրավիճակը փոխվե՞լ է արդյոք: Ոչ այնքան, եթե նկատի ունենանք թուրք ղեկավարների մշտապես ընդգծված ու խելացնորական ազգայնամոլության գրեթե ամենօրյա դրսեւորումները, ղեկավարներ, որոնք կոտորածներից նույնիսկ 99 տարի անց ոչ միայն ժխտում են փաստերը, այլեւ տարրական դպրոցից սկսած մատաղ սերունդների ուղեղների լվացում են իրականացնում, որպեսզի հավերժացնեն ատելությունը օտարների, գլխավորապեսՙ հայերի եւ հույների նկատմամբ: Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտվում է պետական կառույցների մակարդակով, եւ աշխարհում ավելի ու ավելի հաճախակի է դառնում տնտեսական ահաբեկումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների հանդեպ:
Մարդու իրավունքների պաշտպաններին, ավա՜ղ, չի զարմացնում այն իրողությունը, որ Հայոց ցեղասպանության ժխտումն իր քաղաքական զինանոցում ընդգրկած Թուրքիայի պետությունն այն կիրառում է նաեւ արտերկրում: Սուլթան Աբդուլ-Համիդից կամ Կարմիր Սուլթանից սկսած մինչեւ մեր օրերըՙ վարչապետ Էրդողանի AKP կուսակցության իսլամիստական վարչակարգը (հիշելով նաեւ երիտթուրքերին ու քեմալականներին), Հայկական հարցը եւ ապա Ցեղասպանության միջազգային ճանաչումը կամ ժխտումը ահաբեկման լծակ են եղել կամ միամիտ, կամ էլ հանցակից արեւմուտքցիների դեմ հանդիման:
Սակայն ինչո՞վ բացատրենք, որ մեկ ուրիշ պետությունՙ Իսրայելը, որը ծնունդ առավ 20-րդ դարի երկրորդ ցեղասպանությունիցՙ անհամար հրեաների կյանքեր խլած Ողջակիզումից հետո, Հայոց ցեղասպանությունը իբրեւ մանրադրամ է օգտագործում ընդդեմ թուրքական կառավարության: Թեեւ Իսրայելում եւ աշխարհում բազմաթիվ հրեա մտավորականներ պահանջում են հրեական պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում,- այդ պետությունը ոչ միայն խուլ է ձեւանում, այլեւ ԱՄՆ-ում իր ճնշման խմբերիՙ AIPAC-ի (Ամերիկա-իսրայելական հանրային գործերի կոմիտե) եւ ADL-ի (Հակազրպարտչական լիգա) միջոցով իր ողջ ազդեցությունն օգտագործում է, որպեսզի Կոնգրեսը չընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Քանիցս մեր դատապարտած այդ անբարոյական խաղը, ցավոք, շարունակվում է արդեն երկար տարիներ:
Երկու թարմ օրինակներ հերթական անգամ ցուցադրեցին ինչպես Իսրայելի, այնպես էլ Ֆրանսիայի երկակի չափանիշները Հաոց ցեղասպանության հարցում:
Իսրայելի դեպքում խոսքը տիկին Զալի դե Տոլեդոյիՙ Իսրայելի թուրքական հրեաների միության նախագահի մասին է: Նախագահ Շիմոն Պերեսը, որն անձամբ մոլի ժխտողական է, նրան 1993-2003 թթ. Թուրքիայում մշակութային կցորդ էր նշանակել «երկու երկրների փոխհարաբերությունները բարելավելու համար»: Արդ, տիկին դե Տոլեդոն վերջերս թուրքական Today՛s Zaman թերթին հայտարարեց հետեւյալը.
«Նկատի ունենալով 2015-ի մոտենալը, Թուրքիան պետք է հաշվի առնի սեփական շահերը եւ կարգավորի իր հարաբերությունները Իսրայելի հետՙ հնարավորինս շուտ դեսպան նշանակելով: Եթե երկու երկրների կապերը չվերականգնվեն, հրեական ճնշման խմբերը հավանաբար չեզոք դիրք կբռնեն 2015-ին»:
Հայտարարությունը վերծանենք նրանց համար, ովքեր մոտիկից ծանոթ չեն գործին. «Եթե դուք (թուրքերդ) չկարգավորեք ձեր հարաբերությունները Իսրայելի հետ, ապա Վաշինգտոնի հրեական լոբբիները թերեւս չեզոք դիրք բռնեն Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման որեւէ բանաձեւի հայտնվելու դեպքում: Ամերիկյան ժողովրդի ընտրյալները, հրեական լոբբիների (բարեկամական) ճնշմանը ենթակա չլինելովՙ կկարողանային ազատորեն ընդունել բանաձեւը: Բայց եթե դուք կարգավորեք ձեր հարաբերությունները մեզ հետ, մենք մեր ազդեցիկ բարեկամներին կխնդրենք ամեն ինչ անել (ինչպես արել են մինչեւ հիմա) դրական քվեարկություն թույլ չտալու համար»:
Թերեւս հնարավոր չէ լինել առավել ցինիկ եւ ամբարտավան: Ակնհայտորեն Իսրայելի կառավարության անունից (այլ կերպ հնարավոր էլ չէ) խոսելովՙ տիկին դե Տոլեդոն Հայոց ցեղասպանության բանաձեւի հնարավոր ընդունումը կամ մերժումը ոչ միայն օգտագործում է որպես ահաբեկման միջոց, այլեւ անուղղակիորեն ընդունում է, որ Իսրայելը միջամտում է մեկ ուրիշ ինքնիշխան երկրի ներքին գործերին, որպեսզի նրա կոնգրեսականներին արգելի քվեարկել իրենց հոգու ու խղճի մտոք եւ պատշաճը հատուցել գրեթե 99 տարի դրան սպասող հայ ժողովրդին: Այս առումով տիկին դե Տոլեդոն իրոք որ մարդկային արժեքների «առեւտրական» է:
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, արտգործնախարար Լորան Ֆաբիուսը եւ էներգետիկայի հարցերով զբաղվող նախարար Առնո դը Մոնտեբուրը մի քանի օրվա տարբերությամբ տվեցին համամարդկային արժեքների ոտնահարման երկու ուրիշ համանման օրինակներ:
Սկսենք Ֆաբիուսից, որը 2012 թ. հուլիսի 17-ին Ազգային ժողովի արտաքին գործերի հանձնաժողովի հարցերին պատասխանելիս չակերտների մեջ դրեց Հայոց ցեղասպանությունը եւ համապատասխան ժեստեր արեց: Ճիշտ նույն ձեւով վարվում են թուրք ժխտողականները, երբ ցեղասպանություն բառը չակերտների մեջ են առնում կամ օգտագործում են «կարծեցյալ ցեղասպանություն» նսեմացուցիչ բառակապակցությունը:
Հուլիսի 17-ից մի քանի ամիս անց Ֆրանսիայի ԱԳՆ-ում ընդունելով «իր բարեկամ Ահմեդին»ՙ Թուրքիաի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, պարոն Ֆաբիուսը հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում արտահայտվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի դեմ: Դա հետաքրքրական էր այն առումով նաեւ, որ նույն Լորան Ֆաբիուսը ժամանակին ինքն է հանդես եկել հրեաների ողջակիզումը քրեականացնող Գայսոյի օրենքի նախաձեռնությամբ: Մարդկային հիմնարար արժեքների ասպարեզում պրն Ֆաբիուսի այդ անձնատվության պատճառը, իր իսկ խոսքերով, Սարկոզիի նախագահության օրոք խաթարված ֆրանս-թուրքական հարաբերությունները «շտկելու» ձգտումն է:
Առնո Մոնտեբուրը, որի ոչ այնքան կարեւոր նախարարական պաշտոնը ստեղծվեց որպես մխիթարանք (քանի որ նա 3-րդ տեղն էր գրավել սոցիալիստների նախնական ընտրություններում), նմանապես խոսում էր հարաբերությունները «շտկելու» մասին, երբ Թուրքիա էր այցելել Ֆրանսիայի միջուկային արդյունաբերությունն այնտեղ առաջ մղելու համար: Ֆրանսիային ամեն գնով պետք են ֆոնդեր, եւ թող գրողի ծոցը գնան սկզբունքներն ու արժեքները, թեկուզ եթե պահանջվի աչք փակել հակամարդկային ոճիրների կամ ամենաահավոր ցեղասպանությունների վրա:
Ըստ այդմ Առնո դը Մոնտեբուրը չվարանեց հայտարարել, որ Ֆրանսիան կուզենար Թուրքիայի հետ «նոր հարաբերություններ սկսել երկկողմ կապերը թունավորած ավելորդ աղմուկից հետո»: «Ավելորդ աղմուկը» երկկողմ հարաբերություններում ծագած լարվածությունն է 2011-2012 թթ. Բուայեի օրենքի քննարկումների ժամանակ: Փաստաթուղթը պատիժ էր նախատեսում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Այլ կերպ ասած, հարկավոր էր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին պաշտպանել այսօր նաեւ Ֆրանսիա հասած թուրք ազգայնամոլների ատելությունից: Այսպիսով, հանրային խաղաղության պաշտպանությունը նախարարի համար սոսկ «ավելորդ աղմուկ» է:
Հարկ է նշել, որ Թուրքիայում բաղձալի շուկաներ ստանալու Առնո դը Մոնտեբուրի ջանքերը խափանվեցին Ժնեւում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ «Վեցյակի» երկրների քննարկումների առաջին փուլումՙ 2013 թ. նոյեմբերի 10-ին պրն Ֆաբիուսի բռնած դիրքի պատճառով: Արտգործնախարարը, Ֆրանսիայի շահերը լավագույնս պաշտպանելու փոխարեն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին հաճոյանալու ակնհայտ նպատակով նպաստեց բանակցությունների ձախողմանը: Ի պատասխան (կամ որպես հակաքա՞յլ), ֆրանսիական «Պեժո» առաջնատար ընկերությունը, որն անցյալ տարի Իրանում կորցրել է խոշոր շուկաներ, այժմ վստահաբար չի վերագտնի դրանք:
Ամփոփելով ասենք, որ Զալի դե Տոլեդոն, Լորան Ֆաբիուսը եւ Առնո դը Մոնտեբուրը մարդկային արժեքների ցինիկ «առեւտրականներ» են միայն: Ի դեպ, նրանք մենակ չեն, բայց պատմությունը կդատի նրանց:
Փարիզ
«Europe & Orient» N 17
De՛cembre 2013
Ֆրանս. թարգմ. Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն հոդվածը Ֆրանսիայում լույս տեսնող «Europe & Orient» հանդեսի դեկտեմբերյան թիվ 17 համարի խմբագրականն է: Հոդվածագիրը ֆրանսահայ հրատարակիչ, «Չոպանյան ինստիտուտ» հաստատության ղեկավար Վարուժան Սիրապյանն է: