Դժվար է ասել, թե արդյոք կառավարության ներկայացրած եւ խորհրդարանի հաստատած «ՀՀ քաղաքացու անձնագրի» եւ «ՀՀ քաղաքացու նույնականացման քարտերի մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրենք դարձած օրինագիծը որքանո՞վ է նպաստում Հայաստանից արտագաղթի նվազեցմանը: Թվում է, որ արտագաղթի կասեցումը որպես ծրագրային առաջնահերթություններից մեկն ընդունած մեր կառավարության համար ցանկացած օրինագիծ պետք է միտված լինի արտագաղթի կասեցմանը, բայց, օրինակ, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանը , որը գրպանում միշտ պահում է իր նույնականացման քարտը, երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ կենսաչափական անձնագրերով «ՀՀ քաղաքացիներն ավելի քիչ խնդիրներ կունենան արտասահմանյան դեսպանատներում մուտքի արտոնագիր ստանալիս եւ սահմանային անցակետերում»: Հետեւաբար, կենսաչափական անձնագիր կրող ՀՀ քաղաքացին ավելի հեշտ կարող է արտագաղթել, քան այսօր գործածվող անձնագրի տեր քաղաքացին, եւ եթե հաշվի առնենք, որ անգամ «այսօրվա ոչ հեշտ պայմաններում» արտասահմանյան դեսպանատների մոտ ՀՀ քաղաքացիների հերթեր են գոյանում, եւ շատերը մեկնում են, ուրեմն կարելի է պատկերացնել, թե ի՞նչ կլինի, երբ այդ հերթերում կանգնեն կենսաչափական անձնագրերով ՀՀ քաղաքացիները:
Մյուս կողմից, մեր կառավարությանը չի կարելի մեղադրել Հայաստանում արտագաղթի հիմնական դրդապատճառ գործազրկության դեմ չպայքարելու մեջ: Օրինակ, կառավարության վերջին նիստերից մեկում Տիգրան Սարգսյանը ցուցադրեց հայկական արտադրության առաջին պլանշետը, ինչի արտադրությունը, հասկանալի է, մեր երկրում բազմաթիվ աշխատատեղեր կբացի ՏՏ ոլորտի մասնագետների համար, որոնք, ի դեպ, այս օրերին, բողոքում են կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ` ձգտելով հասնել այդ համակարգի գործածությունից «պարտադիր» բաղադրիչը հանելուն: Ի դեպ, այս համակարգով էլ կառավարությունը հո մեր վատը չի՞ ուզում. կարծիք կա, եւ բավականին հիմնավոր, որ կենսաթոշակային այս համակարգի առավելությունները Հայաստանի շատ քաղաքացիներ, բարձր վարձատրվող ու մեծ գիտելիքների տեր ՏՏ ոլորտի մասնագետներ, չեն հասկանում, այնինչ մեր կառավարությունը մեզ պարզապես դեպի երջանկություն է տանում, դեպի շվեյցարական Ալպեր` ծերունական տարիքում դահուկ քշելու: Եվ քանի որ Հայաստանում շատերը սա չեն հասկանում, կառավարությունն էլ ստիպում է, որ հասկանան:
Բայց անցել են հասարակության թեկուզ մեկ խմբին ստիպողաբար բան հասկացնելու կոմունիստական ժամանակները: Ժամանակակից աշխարհում, երբ հասարակական խմբին որեւէ բան ես պարտադրում, թեկուզ լավ բան, թեկուզ տվյալ խմբի շահերից բխող, բայց տվյալ խմբին դեռեւս անհասկանալի, հետեւաբար` անընդունելի, ապա այդ խումբը սկսում է առնվազն մտածել արտագաղթելու մասին: Մանավանդ, երբ այդ խմբի անդամներն ունեն կենսաչափական անձնագրեր, որոնցով` «ՀՀ քաղաքացիներն ավելի քիչ խնդիրներ կունենան արտասահմանյան դեսպանատներում մուտքի արտոնագիր ստանալիս եւ սահմանային անցակետերում»:
Հիմա, կառավարության ներկայացրած երկու կոնկրետ օրինագծերը, մեկըՙ անձնագրերի, մյուսը` կենսաթոշակային համակարգի մասին. երկուսն էլ անցան փորձարկում, կենսաթոշակային կուտակային համակարգը` արդեն երեք տարի, իսկ կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը` 2012-ի հունիսի մեկից: Ըստ գնդապետ Մուրադխանյանի` «այսօրվա դրությամբ շուրջ 91 հազար քաղաքացի ունեն նույնականացման քարտ, իսկ շուրջ 4,5 հազար քաղաքացի ունեն կենսաչափական անձնագրեր»: Գնդապետ Մուրադխանյանը հանավանաբար չունի այդ անձնագրից, հակառակ պարագայում դա էլ ցույց կտար: Կուտակային կենսաթոշակային համակարգից, սակայն, կամավոր սկզբունքով օգտվողների այսօրվա թվին ոչ ոք չի ծանոթացնում, այնինչ եթե դա լավ բան է, ինչին շատ ենք ուզում հավատալ, ապա ինչո՞ւ կառավարության անդամները այդ համակարգի մեջ չեն: Օրինակՙ գնդապետ Մուրադխանյանն ապացուցեց, որ նույնականացման քարտն իր համար շատ լավ բան է, քանի որ ունի, վարչապետ Տիգրան Սարգսյանն ապացուցեց, որ հայկական պլանշետը շատ լավ բան է, քանի որ ունի, բայց` կուտակային կենսաթոշակային համակարգը… Բոլորն ասում ենՙ շատ լավ բան է, բայց ոչ ոք դա չի ապացուցում: Մինչդեռ կարելի էր, օրինակ, ինչ-որ հասարական շերտ վերցնել, թեկուզ միայն պաշտոնատար անձանցից բաղկացած, կամ որեւէ տարածաշրջան եւ այնտեղ գործածել կուտակային կենսաթոշակային համակարգը եւ հենց դրա «պարտադիր» բաղադրիչով, տեսնեինք, ի՞նչ է դա, համոզվեինք, որ մարդիկ գոհ են:
Չունենք այդ հիմքը, իսկ հունվարի մեկից կունենանք կենսաչափական անձնագրեր, որոնցով «ՀՀ քաղաքացիներն ավելի քիչ խնդիրներ կունենան արտասահմանյան դեսպանատներում` մուտքի արտոնագիր ստանալիս, եւ սահմանային անցակետերում»։