Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

Մ. Հ.

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության հերթական 18-րդ համագումարը:

Ի դեպ, Նկարիչների միության համագումարները տեղի են ունենում հինգ տարին մեկ: Կարեն Աղամյանը միությունը ղեկավարում է արդեն 15 տարի եւ այս համագումարին եւս նա վերընտրվեց:

Միությունն ունի մոտ 1100 անդամ, որոնցից մոտ 700-ն են Հայաստանում:

Ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ` Կարեն Աղամյան` 319 ձայն, Արմեն Աթանյան` 34 ձայն, Ռոբերտ Այվազյան` 25 ձայն. անվավեր համարվեց 95 քվեաթերթիկ:

Կարեն Աղամյանը ցանկանում էր, որ բաց քվեարկությամբ ընտրեն թեկնածուներին, սակայն դահլիճն ընդդիմացավ:

Համագումարի ընթացքում գրավոր հարցեր տրվեցին Կարեն Աղամյանին, որոնցից մեկը վերաբերում էր, թե Կարեն Աղամյանը չի կարծում արդյոք, որ տասնհինգ տարին բավարար է նախագահելու համար: Հարցին ի պատասխան Կ. Աղամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ տասնհինգ տարին փորձ է: Եթե կցանկանաք, որ շարունակեմ նախագահել, ես պատրաստ եմ եւ կդնեմ իմ թեկնածությունը»:

Ի դեպ, Նկարիչների միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին ընդամենը երեք թեկնածու:

Հատկանշական է, որ Նկարիչների միության նախագահի թեկնածուների թվում շրջանառվում էր նաեւ ճանաչված նկարիչ Հաղթանակ Շահումյանի անունը: Համագումարի ժամանակ նա հայտարարեց, որ անձամբ ինքը չի առաջադրվի ու նախագահ դառնալու ցանկություն էլ չունի, բայց եթե իր գործընկերներն առաջադրեն իր թեկնածությունը չի էլ մերժի: