Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ
Հայկի սահուն ու ռիթմիկ պարը, նրա շարժումների գրեթե կատարելության հասցված հղկվածությունը երկարատեւ ու տքնաջան աշխատանքի արդյունք է: Հայկի համար հանդիսատեսի ծափերին արժանանալու ճանապարհն առավել դժվար է եղել: Լսողության հետ խնդիրներ ունեցող Հայկը պարել սկսել է մանկուց, մասնագիտացել հիփ-հոփ ոճում եւ արժանացել մի շարք մրցանակների:
Հայկը դասավանդում է, մասնակցում տարբեր միջոցառումների եւ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընդգրկվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրին: Փոքր Թատրոնի հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի նոր ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել ներառական ժամանակակից պարային խումբ:
Մեկ ամիս շարունակ Հայկն իր երեք գործընկերների հետ Միացյալ Թագավորության Candoco պարային ներառական խմբում անցել է վերապատրաստման դասընթաց:
«Այցս օգնեց բարելավելու պարային կարողություններս ժամանակակից ոճում, ինչը բավականին բարդ պարաոճ է հիփ-հոփ պարողի համար, բայց, կարծում եմ, կարողացա հաղթահարել: Ինչպես նաեւ սովորեցի աշխատել հատուկ կարիքներ ունեցող պարողների հետ, ինչը նույնպես հեշտ չէր, բայց մեծ հաճույք ստացա նրանց հետ աշխատելուց»,- ասում է Հայկը:
Հայկի հետ Անգլիայում էր նաեւ Թենի Մաթյանը, ով ժամանակակից պար է դասավանդում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտում եւ որպես պարուսույց ընդգրկված է մի շարք հեռուստատեսային շոուներում:
«Ես վստահ եմ, որ Բրիտանական խորհրդի այս նոր ծրագիրը իր դրական արդյունքը կունենա ոչ միայն արվեստի ասպարեզում: Իրականում, այս ծրագրի վերջնանպատակն է օգնել մարդկանց հասկանալու, որ անհնարին ոչինչ չկա, թե առկա է կամք, հույս եւ աշխատելու ցանկություն: Ներառական պարը օգնում է հասկանալու, որ մենք ենք որոշում, թե որոնք են մեր մարմնի հնարավորություններն ու սահմանները»,-ասում է Թենին:
Դասական բալետի պարուհի Մարիաննա Պողոսյանն Անգլիա վերապատրաստման մեկնած խմբի կազմում էր: Մեկ ամիս շարունակ ամեն օր հայկական խմբի երեք անդամները աշխատում էին անգլիացի պարուսույցների հետ` ծանոթանալով ներառական պարի անգլիական հարուստ փորձին:
«Կոնկրետ ինձ համար որպես պարուհի, այս այցի արդյունքում բացահայտեցի մարմնիս անսահման հնարավորությունների փաստը, շարժման նոր որակներ, մտավոր եւ էմոցիոնալ արտահայտչամիջոցների այլեւայլ հորիզոններ: Ծանոթացա մարմնով մտածելու գաղափարին եւ ականատես եղա, թե որքան են նրանք կարեւորում ցանկացած արվեստի ներկայացուցչի այդ որակը»,- նշում է Մարիաննան :
Դերասանուհի, ռեժիսոր եւ պրոդյուսեր Սեթա Ուայթը Միացյալ Թագավորությունում հայտնի է Հայաստանը ներկայացնող մի շարք ծրագրերով: Սեթան համոզված է, որ բրիտանական փորձի հիման վրա ձեւավորվող հայկական ներառական պարային խումբը կարող է հաջողություններ գրանցել:
«Ինձ համար կարեւոր էր հասկանալ, թե ես` որպես ռեժիսոր, ինչպես կարող եմ համագործակցել պարուսույցների եւ պարողների հետ»,- ասում է Սեթան:
Ծրագրի մասնակիցներն արդեն Հայաստանում են: Առաջիկայում իրենց գիտելիքները պետք է փոխանցեն Հայաստանում ներառական պարային խմբի կազմավորման գործում ներգրավված այլ մասնակիցներին: Ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը եւ բրիտանահայ համայնքը: