ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Ուկրաինայում եվրոինտեգրման ու ռուսաստանյան կողմը թեքված իշխանության, ընդդիմադիր բողոքների ու Եվրոմայդան դարձած Կիեւի կենտրոնական հրապարակի մասին տեղեկատվության մեջ գրեթե ուշադրություն չդարձվեց դեկտեմբերի 5-6-ին Կիեւում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հերթական նստաշրջանին ու դրա արդյունքներին, որոնցում մեզ համար հետաքրքրական բաներ կային: Մասնավորապես խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է, որի կարգավորման բանակցային գործընթացը եւս ԵԱՀԿ հովանու ներքո իրականացվում է Մինսկի խմբի միջնորդությամբ:
Հակամարտությունների կարգավորման հարցում որեւէ տեսակի, թեկուզ ամենափոքր, գրեթե աննշան, բայց դերակատարություն ունենալու ցանկությունը թերեւս բնական է, սակայն ակնհայտ է, որ այդպիսի հնարավորություն ընձեռվում է քչերին, իսկ հակամարտող կողմերի աջակցության հետ համատեղմամբ գրեթե երբեք չի հանդիպում: Առավել հաճախ հակամարտության կարգավորման գործում ինչ-որ բան տեղաշարժելու ցանկության հեղինակն էլ իր շահերն է ունենում, ուստի, այսպես թե այնպես, հայտնվում է որեւէ կողմում:
Շվեյցարիան, երբ երկխոսության ու միջնորդության հարթակ տրամադրեց Հայաստանին ու Թուրքիային, կարողացավ ապահովել այնպիսի միջավայր, երբ կողմերն էին որոշում ու փորձում լուծել յուրաքանչյուրի առաջ դրված խնդիրը, իսկ այդ երկիրը պահպանում էր միջնորդի լավագույն հատկանիշներով հանդես գալու առավելությունը: Իհարկե, հայ-թուրքական հաշտեցում ասվածից առանձնակի բան դուրս չեկավ, բայց դա արդեն Շվեյցարիայի իրավասությունից ու թերեւս նաեւ նպատակներից դուրս էր:
Այժմ նույն այս երկիրը ղարաբաղյան հակամարտության հարցում է փորձում ակտիվ դերակատարություն ստանձնել: Կիեւում տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստը, որտեղ նախագահությունը կառույցում փոխանցվեց Շվեյցարիային: Շվեյցարիայի դաշնային խորհրդի փոխնախագահ եւ արտաքին հարաբերությունների դաշնային բաժնի ղեկավար Դիդե Բուրհալթերը, արդեն որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի ներկայացուցիչ, հայտարարեց, թե անվտանգության խնդիրների առումով իր երկիրը աշխարհագրական երկու տարածաշրջան կունենա որպես գերակայություն. Արեւմտյան Բալկաններ եւ Հարավային Կովկաս:
Ըստ Բուրհալթերի, Շվեյցարիան հատուկ ներկայացուցիչներ կունենա այս երկու տարածաշրջաններում, ընդ որում, նրանք կվերանշանակվեն մեկ տարի անց, երբ նախագահությունը կանցնի Սերբիային: Այսինքն` Շվեյցարիան փորձելու է լինել իրապես ակտիվ` ոչ թե միայն իր նախագահության շրջանում ունենալով հատուկ ներկայացուցիչ, այլ ինչ-որ տեւական ժամանակով: Այդպիսով, ներկա մոտեցմամբ, Շվեյցարիան իր հատուկ ներկայացուցիչներին ակտիվ է տեսնում մինչեւ 2015թ.-ի ավարտը:
Կոնկրետ Հարավային Կովկասում Շվեյցարիան նախատեսում է, որ արդեն գործող ձեւաչափերում աջակցություն կտրամադրվի կարգավորման ջանքերին, ինչպես նաեւ հատուկ ընդգծում կարվի վստահության միջոցների ձեւավորմանն ու մարդկանց առօրյա կյանքի պայմանների բարելավմանը: Ավելին, նախատեսվում է, որ վստահության ձեւավորման նպատակով որոշակի շարք միջոցառումներ են իրականացվելու կոնկրետ մասնագիտական խմբերի ներկայացուցիչների ներգրավմամբ` արվեստի գործիչներից մինչեւ փորձագետներ:
Ասել է թե Շվեյցարիան կփորձի ավելին անել, քան նախորդ մի քանի նախագահող երկրներ, որոնց պարագայում ավելի շատ հայտարարություններ էին արվում, իսկ կոնկրետ քայլերի այդպես էլ ականատես չեղանք: Մյուս կողմից, մասնավորապես, հայ-ադրբեջանական կտրվածքով մերձեցման ու վստահության ստեղծման միջոցառումներ միշտ էլ նախաձեռնվում են, սակայն դրանք, որպես կանոն, ավելի շուտ ձախողված իրականություն են, քան հաջողված փորձեր:
Եվ դրա համար պատճառների շարքը թեեւ երկար չէ, բայց բավականին դժվար հաղթահարելի ու հիմնավոր է. որեւէ քայլի գնալու ադրբեջանական կողմի անպատրաստ վիճակ, արդեն իսկ կարծրացած մոտեցումներ հակամարտության առնչությամբ, ղարաբաղյան կողմը գրեթե բոլոր գործընթացներից դուրս թողնելու ոչ կառուցողական մոտեցում, ի վերջո, այդ գործընթացների մասնակիցների գրեթե միշտ դիլետանտական ընտրություն, որն էլ հանգեցնում է զրո արդյունք սկզբնական վիճակի պահպանմանը մինչեւ վերջ: