ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼՈՒ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Վիլնյուսի գագաթաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունըՙ շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին», Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ վիլնյուսյան գագաթաժողովի լիագումար նիստի իր ելույթում հայտարարել է աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ Հայաստանի նախագահը նշել է, թե վիլնյուսյան գագաթաժողովից ակնկալիքները մեծ են: Նրա խոսքերով. «Մենք այս գագաթաժողովը դիտում ենք որպես ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված եւ իրատեսական հիմքերով զարգացնելու կարեւոր հանգրվան: Հենց այդ համատեքստում ենք մենք ընթերցում գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը եւ այսօր ստորագրվելիք Հայաստան-Եվրոպական միություն հռչակագիրը»:

Տվյալ պարագայում դժվար է հասկանալ, թե Հայաստան-ԵՄ ինչ հռչակագրի մասին է խոսել Հայաստանի նախագահը, քանի որ որպես հռչակագիր ստորագրվել է ընդհանուր, այլ ոչ երկկողմ փաստաթուղթ, իսկ այն, ինչ ստորագրվել է Հայաստան-ԵՄ ձեւաչափով, համատեղ հայտարարություն է, ըստ որի «Եվրոպական միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցիացման համաձայնագրի, այդ թվումՙ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջը բանակցությունները, սակայն չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»:

Համատեղ հայտարարությունը նաեւ ընդգծում է, որ Հայաստանն ու Եվրոմիությունն ամենից առաջ վերահաստատել են իրենց հանձնառությունը` «ավելի զարգացնել եւ ամրապնդել Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը»:

Հենվելով ընդհանուր արժեքների վրա` «երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունըՙ ուղղված ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը եւ ոլորտային համագործակցության ընդլայնմանը»:

Եվրոպական միությունը եւ Հայաստանը, ըստ համատեղ հայտարարության, շեշտում են իրենց ընդհանուր ձգտումը համագործակցության գործող շրջանակի հիման վրա երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու կարեւորությունը: «Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը»:

Եվրոպական մոդելով առաջ շարժվելը Հայաստանի համար անշրջելի՞

Հայաստանի նախագահը վիլնյուսյան իր ելույթում նշել է, թե Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային եւ լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումներըՙ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:

«Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, եւ այդ գործընթացն այլեւս անշրջելի է», ասել է Սերժ Սարգսյանը:

Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացրած Հայաստանի նախագահը, հիմա էլ Վիլնյուսում, հայտարարել է, թե Արեւելյան գործընկերության ծրագրի հնգամյա պատմությունը վկայում է այս ձեւաչափի «անհրաժեշտության եւ կենսունակության մասին»: Ըստ այդմ, Արեւելյան գործընկերությունը հնարավորություն է «եվրոպական ընդհանուր արժեքների հիման վրա որակապես նոր, առավել սերտ ու ընդլայնված հարաբերություններ կառուցելու համար, այդպիսի հարաբերությունների ձեւավորումը Հայաստանի ու հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային եւ պատմաքաղաքական ժառանգության կանչն է, մեր հասարակությանՙ գիտակցված պահանջարկը»:

Արեւելյան գործընկերությունը, նախագահի ելույթի համաձայն (նաեւ փաստացի իրականում-Վ.Պ.), հնարավորություն տվեց նոր թափ հաղորդելու ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա Հայաստանի ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: «Որպես չափելի արդյունք կնշեմ ընդամենը վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտումՙ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը»:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանի համար գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձեւավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են սոցիալ-քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից համատեղելի են համագործակցության այլ ձեւաչափերի հետ: Արեւելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնաՙ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս:

«Այս իմաստով մենք հանձնառու ենք հետեւողական ջանքեր գործադրելու առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ», Վիլնյուսումՙ գագաթաժողովի փակ դռների հետեւում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սրա հիմքով էլ, ըստ նախագահի, Հայաստանն առաջնորդվում է իր արտաքին հարաբերություններում եւ հարեւանների հետ խնդիրները փորձում է կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել նաեւ մեր տարածաշրջանում:

Ի մասնավորի, Սարգսյանի մատուցմամբ, եվրոպական արժեքների հետեւողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: «Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը եւ կանգնում մեր կողքինՙ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը… Եվրոպական միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում եւ հետեւողականություն»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ վերջերս Վիեննայում տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում կազմակերպված հանդիպմանը: «Թեեւ արդյունքների մասին դեռ շատ վաղ է խոսել, այդուհանդերձ հանդիպման փաստն ինքնին դրական երեւույթ է», շեշտել է Սարգսյանը:

Նրա մոտեցմամբՙ «Բանակցությունների հաջող ելքն իրականում կախված է այն բանից, թե որքանով մենք մեր ժողովուրդներին կպատրաստենք խաղաղության, թե որքանով կկարողանանք հրաժարվել բացասական հռետորաբանությունից եւ թուլացնել լարվածությունը շփման գծում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձեռնպահ են եղել իրավիճակն ապակայունացնող հայտարարություններից ու քայլերից եւ որդեգրել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ տնտեսական մրցակցության, ազատ խոսքի հիման վրա պետություն կառուցելու ճանապարհըՙ հաստատակամ քայլերով առաջ ընթանալով այդ ուղիով»: