Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

«ՊԵՊՈՆ»` ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Getrik» փրոդաքշնը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` նկարահանում է նոր մոտեցմամբ «Պեպո»: Այս կինոընկերությունը դեռ նոր-նոր է քայլեր կատարում կինոարտադրության ոլորտում, ունի 2 ֆիլմ նկարահանած, «Պեպոն» 3-րդն է:

Ֆիլմի ռեժիսորը` Վահան Խաչատրյանն է, իսկ սցենարիստը` Ժիրայր Հակոբյանը:

Ի դեպ, Վ. Խաչատրյանը աշխատել Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում: Բեմադրել է Ն. Գոգոլի «Ամուսնությունը», Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմությունը» եւ նկարահանել «Սուրբ խաչն առանց խաչի» վավերագրական ֆիլմը:

Համարձակ այս որոշման մանրամասների մասին «Ազգը» զրուցեց ֆիլմի ռեժիսորի հետ:


– Ինչո՞վ է տարբերվելու Վահան Խաչատրյանի «Պեպոն» Համո Բեկ-Նազարյանի նկարահանած ավանդական «Պեպոյից»:

– Մեր «Պեպոն» տարբերվելու է նախ ժամանակաշրջանով, այսինքն Համո Բեկ-Նազարյանը նկարահանել է դասական «Պեպո», իսկ մենք այդպիսին չենք նկարահանելու: Հարկավոր չէ Համո Բեկ-Նազարյանին ոտք մեկնել: Պեպոյի օրերից ոչինչ չի փոխվել այսօր, կան թե՛ զիմզիմովներ, թե՛ պեպոներ: Ըստ իս, ռեժիսորն այն ինչ ցանկանում է ասել, պետք է կինոյով ասի, ոչ թե խոսքով:

– Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի հիման վրա՞ է լինելու ֆիլմը, թե՞ ինչ-որ կտրուկ փոփոխություններ են լինելու:

– Այո, իհարկե, փոփոխություններ արվելու են: Ես պատկերացնում եմ ֆիլմ մեր օրերի եւ մեր խնդիրների մասին: Սունդուկյանը մեզ տվել է հիմք, որից օգտվելու ենք, սակայն` մասամբ, բայց պահպանելու ենք բովանդակությունը: Չեմ ցանկանում այժմ բացել բոլոր փակագծերը:

– Չկա արդյոք վախ, որ Հրաչյա Ներսիսյանի հզոր խաղից հետո այսօր մարմնավորվող Պեպոն տանուլ կտա:

– Լորենս Օլիվիեից հետո ինչո՞ւ մարդիկ խաղացին Համլետ: Իրեն ոչ ոք չէր կարող մոտենալ, եւ հանկարծ իրենից հետո հայտնվում են հիանալի դերասաններ, որոնք յուրովի են մատուցում Համլետին: Մենք չենք արտատպելու, այլ ստեղծելու ենք մերը: Եթե ինչ-որ մեկը խաղացել է այս կամ այն դերը, ապա իրենից հետո ոչ ոք իրավունք չունի՞ խաղալու:

– «Պեպոն» հայկական առաջին հնչյունային ֆիլմն է եղել: Ինչո՞վ է առանձնանալու այս «Պեպոն», որ ասեն Վահան Խաչատրյանի «Պեպոն» այսինչ բանով է առաջինը:

– Հուսով եմ, որ մեր ֆիլմը կառանձնանա իր մարդկայնությամբ եւ սուր ասելիքով: Ամենակարեւորն այն է, որ ասելու բան ունենք, կա խնդիր, որի մասին խոսում ենք: Ցանկանում են, որ յուրքանչյուր ոք, որը կնայի ֆիլմը, իրեն տեսնի այնտեղ: Ինչ այսօր իմ մեջ կուտակված ու թաքնված է, ցանկանում եմ ֆիլմի միջոցով կիսվել հանդիսատեսի հետ:

– Կարծես, դուք ավելի շատ նախընտրում եք անդրադառնալ դասականներին: Մինչ այս բեմադրել եք Գոգոլի «Ամուսնությունը», Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմությունը» եւ այլն: Ինչով է պայմանավորված, որ չեք ցանկանում համագործակցել արդի ստեղծագործողների հետ:

– Այո, երիտասարդների հետ քիչ եմ համագործակցում: Իմ սիրելի գրողը Գոգոլն է եւ նրան անդրադառձել եմ Նարինե Մալյանի առաջարկով: Ցանկանում եմ ստեղծել գործ, որը արժեք կներկայացնի եւ կդառնա պատմություն, իսկ դասականների ստեղծագործությունները դրան օգնում են:

– Չե՞ք վախենում քննադատություններից. որքանով են դրանք ազդում ֆիլմի կոմերցիոն հաջողության վրա:

– Ես քննադատություններին շատ լավ եմ վերաբերում, ինձ համար ահավոր է, երբ մարդիկ չունեն կարծիք: Թե լավն ասեն, թե վատը, կարեւորը դա վերաբերմունք է, երբեք չեմ վախեցել քննադատությունից: Անդրադառնալով կոմերցիային, նշեմ, որ ես կոմերցիա բառը չեմ հասկանում ինչ է: Ես արվեստագետ եմ, ինձ չի հետաքրքրում կոմերցիան, ինձ համար ամենակարեւորը արտադրանքի որակն է:

Իսկ ֆիլմի սցենարիստ Ժիրայր Հակոբյանն «Ազգին» տեղեկացրեց, որ նոր մեկնաբանությամբ «Պեպոյի» գլխավոր գաղափարը լինելու է հետեւյալը. «Մենք կորցնում ենք մեր հոգու խորքի հերոսին, Պեպոն չկա»:

Թե այս «գաղափարից» հանրությունը ի՞նչ կհասկանա, չգիտեմ…

Ովքեր են մարմնավորելու Պեպոյին, Զիմզիմովին, Կակուլիին եւ մյուսներինՙ չհաջողվեց ճշտել ռեժիսորից, սակայն ըստ մեր աղբյուրների, «Պեպո» ֆիլմում խաղալու են հետեւյալ դերասաները` Գեւորգ Հովակիմյան, Աիդա Սիմոնյան, Կարինե Ոսկանյան, Անի Խաչիկյան (Կեկել), Արսեն Հակոբյան, Աննա Մանուչարյան (Նաթել), Նիկոլայ Եղիազարյան (Դարչո), Վիկտորյա Հարությունյան:

Ֆիլմում պարզվում է, որ էպիզոդիկ դերով հանդես կգա նաեւ մի ինքնահավան աղջնակ, որն իր շինծու, անիմաստ տեսահոլովակներով հեղեղել էր էլեկտրոնային դաշտը` նույն ինքն Անժելա Մկրտչյանը: Ցավալի է, որ այս աղջնակի նման ոչ պրոֆեսիոնալը պետք է խաղա նման ֆիլմում: Արդյո՞ք կարելի է գովազդի համար նման քայլ անել եւ դեռ չնկարահած արժեզրկել ֆիլմը նման աղջնակի պատճառով:

Սպասենք ֆիլմի պրեմիերային: