Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻՆ

Մ. Հ.

Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում նոյեմբերի 24-ին տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգը` նվիրված Արամ Խաչատրյանի 110-ամյակին:

Համերգային ծրագրի մենակատարն է 2012թ. Եղիսաբեթ թագուհու անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, ռուս վիրտուոզ ջութակահար Անդրեյ Բարանովը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները Ջութակի կոնցերտը, Սպարտակի եւ Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան:

Նշենք, որ համերգային ծրագիրը իրականացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում:

Երիտասարդական նվագախմբի մոսկովյան համերգով կեզրափակվի միջազգային փառատոնն արտասահմանում, ինչպես նաեւ այն կդառնա Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին նվիրված ԱՊՀ անդամ երկրների նվագախմբերի շքերթի վերջին ակորդը:

Համերգը տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, իսկ գլխավոր հովանավորն է «Մոնարխ» ընկերությունների խումբը, ավիափոխադրման հովանավորը «Էյր Արմենիա» ընկերությունը:

Երեկոյի կազմակերպիչներն են Մոսկվայի պետական կոնսերվատորիան եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: