Ինչպես հայտնի է, «Զենիթի» հետ խաղում հեթ տրիկի հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով 58-րդ րոպեին լքել էր խաղադաշտը: Ակումբի մարզչական խորհրդի որոշմամբ Մովսիսյանը մինչեւ ձմեռային արձակուրդը կայանալիք առաջիկա 3 խաղերին կմասնակցի ցավազրկող ներարկումների շնորհիվ: Նախատեսվում է այդ հանդիպումներում Մովսիսյանին առավելագույնը 60 րոպե խաղաժամանակ հատկացնել: Իսկ ձմեռային ընդմիջման ժամանակ Մովսիսյանը ծնկի վիրահատության կենթարկվի:
Ընթերցողներին ենք ներկայացնում Gazeta.ru/sport-ի թղթակցի հետ Յուրա Մովսիսյանի հարցազրույցը, որը տեղի է ունեցել խաղից հետո Կոմբարով եղբայրների ռեստորանում, որտեղ «Սպարտակի» ֆուտբոլիստները նշել են «Զենիթի» նկատմամբ տոնած հաղթանակը:
– Շատ երջանիկ եմ, որ «Սպարտակը» բնավորություն դրսեւորեց ու թեեւ անհաջող մեկնարկին, անչափ կարեւոր հաղթանակ տոնեց «Զենիթի» նկատմամբ: Այդ հաղթանակը նվիրում եմ թիմի երկրպագուներին, ընտանիքիս, կնոջս, եղբորս եւ սիրելի երեխաներիս: Իսկ առայժմ հարկավոր է ինչպես հարկն է նշել այդ հաղթանակը:
– Ընթերցողների անունից շնորհավորում եմ քեզ արդյունավետ խաղի առթիվ: Անշուշտ, դժվա՞ր էր ծանր պարտությունից հետո հաղթել «Զենիթին»:
– Շատերն այն կարծիքին էին, որ «Լոկոմոտիվին» զիջելուց հետո դժվար կլինի «Զենիթի» հետ: Սակայն մենք համառորեն մարզվեցինք, կենտրոնացանք խաղի վրա եւ դա տվեց իր ցանկալի արդյունքը: Գուցե «Լոկոմոտիվից» կրած պարտությունն օգտակար էր մեզ համար: Հասկանում էինք, որ «Զենիթի» հետ խաղը շատ կարեւոր է չեմպիոնական մրցավազքում: Եթե պարտվեինք, 9 միավորով հետ կմնայինք առաջատարից:
– Արտյոմ Ռեբրովի հետ մղած 11 մ հարվածը թերեւս շրջադարձային եղավ այդ խաղում:
– Անշուշտ, դա այդպես է: Նա հիանալի գործեց, ողջ խաղի ընթացքում էլ մի քանի վտանգավոր հարվածներ հետ մղեց: Ինձ համար Ռեբրովը հանդիպման հերոսն է:
– 11 մ-ից հետո առաջին խաղակեսում դու ստիպեցիր լուսատախտակին 2 անգամ գրանցել քո ազգանունը: Ի՞նչը խթան եղավ քեզ համար:
– Ես պարզապես առավելագույնն արեցի թիմին օգնելու համար: Չէ՞ որ հարձակվող եմ եւ պետք է գոլեր խփեմ: Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել գոլային պահերի իրացման վրա: Եվ թեեւ մրցակիցը գոլ խփելու շատ հնարավորություն չընձեռեց, սակայն դա ինձ հաջողվեց:
– Գոլերից ո՞ր մեկը քեզ ավելի շատ դուր եկավ:
– Իմ բոլոր գոլերն էլ սիրում եմ, ինչպես երեխաներիս: Ինչպե՞ս կարելի է երեխաներից մեկին ավելի շատ սիրել մյուսից:
– Թիմի ներդրումը քո հաջողությունում դժվա՞ր է գերագնահատել:
– Իհարկե, չէ՞ որ միայնակ հնարավոր չէ գոլ խփել: Այսօր «Սպարտակի» ֆուտբոլիստները շատ ջանքեր ներդրեցին, որպեսզի դրական արդյունքի հասնեն: Եվ մենք երջանիկ ենք հաղթանակի համար: Մենք թիմ ենք, մենք «Սպարտակն» ենք, որը գործում է մեկըՙ բոլորի, բոլորըՙ մեկի համար սկզբունքով:
– «Սպարտակի» խաղը 2-րդ խաղակեսում ավելի հաջող ստացվեց: Կարելի՞ է այն որպես օրինակ վերցնել:
– Համաձայն եմ, 2-րդ խաղակեսում ավելի ուժեղ գտնվեցինք մրցակցից: Եթե հետագայում էլ այսպես խաղանք, ապա կշարունակենք հաղթել:
– Հեթ տրիկի շնորհիվ դու 12 գնդակով հավասարվեցիր Արտյոմ Ձյուբային: ՌԴ առաջնության լավագույն ռմբարկու հռչակվելու համար քանի՞ գոլ է անհրաժեշտ խփել:
– Հարկավոր է այնքան շատ խփել, որպեսզի գերազանցես մրցակիցներիդ: Ճշգրիտ թիվն ասել չեմ կարող, թվերի սիրահար չեմ: Իմ գործը ոչ թե հաշվելն է, այլ գոլ խփելը:
– Առջեւում ԲԿՄԱ-ի հետ հանդիպումն է:
– Մեզ մոսկովյան հերթական դերբին է սպասում: Ներկայումս մեզ համար բոլոր խաղերն էլ վճռորոշ են: ԲԿՄԱ-ն շատ ուժեղ մրցակից է: Թեեւ առաջին շրջանի խաղում հաղթել ենք, սակայն մրցակցին թերագնահատելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Առաջիկա հանդիպումը եւս մեկ վճռորոշ մրցախաղ է չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարում: Այնպես որ պայքարելու ենք մինչեւ վերջ: