Ս. ԱՎՈՅԱՆ, Խ. Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող
Օրերս իրականացվեց ՀՀ ԿԳ հավանությանն արժանացած Խ. Աբովյանի տուն-թանգարանի միջոցառումը եւ Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցում բացվեց թանգարանի մասնաճյուղ:
Բարձրաբերձ լեռների թագուհինՙ Մրավը, ամբողջ ճանապարհին ուղեկցում էր մեզ: Եղանակն այնքան պարզ էր ու թափանցիկ, որ նշմարվում էր Արցախյան գույների ամբողջ ներկապնակը: Շտապում էինք, թե ինչո՞ւ, հարցի պատասխանը հոգուս ճիչն էր տալիս… Այնքան հարազատ, այնքան սիրելի իմ Արցախ…
Կարծես ճանապարհը կանգ առավ:
Մեր դեմ Ղազանչոց հոյակերտ եկեղեցին էր: Նրա ժպիտ ու բարություն ցանող հայացքը կարծես կանչում էր…
Դանդաղ մոտենում էինք, մոտենում հավատացյալի ներքին դողով, գավիթից մեղմորեն տարածվում էին պատարագի հնչյունները: Ակամայից մեխվում ես տեղում, մեխվում, որովհետեւ Աստծո տունը այնքան հպարտ ու վեհաշուք է, որ թվում է թե մի ամբողջ շտեմարան ժողոված հույսերից քեզ էլ է բաժին հասնում:
Հույս, հավատ, սեր…
Ինչպիսի գեղեցիկ զուգադիպությունՙ եկեղեցու շարունակությունն են կազմում երկու թանգարանները, իսկ նրանց դիմաց հոյակերտ Խ. Աբովյանի անվան դպրոցն է:
Երբ ճանապարհին էինք, դպրոցի տնօրեն Նազիկ Նալբանդյանը անընդհատ զանգահարում էր: Մեղքս հայտնեմՙ վերջին զանգերին չպատասխանեցի, անակնկալ էի պատրաստում:
Տնօրենուհուն թվում էր, թե մեզ դիմավորող է պետք, որ գտնենք դպրոցը:
Նա պատուհանի մոտ կանգնած էր, երբ մեր մեքենան խուժեց դպրոցի բակ: Մի պահ եւ երեխաների ուրախ ու զվարթ ձայներին հաջորդեցին հուզմունքաշատ աչքերով ուրախությունից փայլող ուսուցիչները: Անծանոթ չէինք արդեն: Ողջագուրվում էինք, անկապ-անկապ, հերթապահ հարցեր տալիս, լիաթոք ժպտում, ձեռք սեղմում: Ու հանկարծ լսվեց տնտեսվար Գարիկի ձայնըՙ «ժենգալով հացը, թեյը, սուրճը սառչում են, ներս համեցեք…»:
Շուշեցի շինարարների անթերի նորոգած դպրոցը եւ ոգեւորություն էր պարգեւում եւ հպարտություն: Այդ պահին էր, որ առանց ափսոսանքի նշույլի հպարտացանք, որ հարազատ օջախին նվեր ենք բերել մի ամբողջ շրջիկ ցուցահանդես, որը շուշեցի, ինչու չէ նաեւ արցախցի իմ եղբորը, զավակին, քրոջը պատմելու է Մեծ հայիՙ Խ. Աբովյանի կյանքի եւ գործունեության մասին:
Երբ ավարտեցինք թանգարանի մասնաճյուղի համար հատկացված սենյակի ձեւավորումը, տեխնիկական աշխատողը մոտեցավ, փաթաթվեց ուՙ «մեծ, մեծ գործ եք արել… Շուշիում եւս մեկ թանգարան ավելացավ…»:
Երեխաները պատերի տակ կանգնած հետեւում էին մեզ եւ մեկ-մեկ մոտենալով, կիսաչք նայում նոր թանգարանին, հուշիկ քայլերով ետ գնում եւ հերթը զիջում հաջորդին: Պարզապես անհամբեր էին…
Իսկ դահլիճում, որտեղ հավաքվել էին Շուշիի հասարակության ու դպրոցների ներկայացուցիչները, միջոցառումն սկսվեց Արցախի օրհներգով: Հաջորդ համարներիցՙ դպրոցի տնօրենի, ուսուցիչների ելույթներից հետո խոսքը տրվեց «Մեր նոր շուշեցուն»ՙ Խ. Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանին:
«Ես հերոսություն չեմ գործել, հերոսացումների վկա շուշեցիներ, ես կատարել եմ որպես հայի իմ պարտքը Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի եւ իմ հոգեհայր, իմ գիտական ղեկավար, տաղանդաշատ պատմաբան, ՀՀ ԱԱ ակադեմիկոս, շուշեցի Աշոտ Հովհաննիսյանի կամքը»:
Արցախի կրթության նախարար Ս. Ասրյանը չկարողանալով զսպել հուզմունքը, հույս հայտնեց, որ Հայաստանյան յուրաքանչյուր թանգարան, մշակութային կենտրոն, եթե հետեւի Երեւանի Խ. Աբովյանի տուն-թանգարանի օրինակին, կարճ ժամանակ անց Շուշին նորից կգտնի մշակութային մայրաքաղաքի իր փառքը:
Խ. Աբովյանի տուն-թանգարանի ջերմ բարեկամ, Արցախի ազգային ժողովի պատգամավոր, Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան դպրոցի տնօրեն Ռ. Դադայանը հայտնեց, որ 2014 թ. սեպտեմբերի 1-ին կավարտվի իրենց դպրոցի հիմնանորոգումը եւ հույս հայտնեց, որ թանգարանը իր երկրորդ մասնաճյուղը կբացի Ստեփանակերտում: Տիկին Դադայանը հիշեցրեց նաեւ, որ 1988 թ. Ստեփանակերտում գումարված հերթական ժողովրդական «Միացում» հավաքներից մեկի ժամանակ, միտինգավորների պահանջով, իրենց դպրոցը անվանափոխվել եւ ստացել է Խ. Աբովյանի անունը:
– Այս փաստը պարտավորեցնող լինելուց բացի, մեր անկախության արշալույսի առաջին նվերն է եւ այն պետք է պահպանենք սրբորեն:
Երեխաների ուրախ երգն ու պարը թեւածում էր հինավուրց Շուշիում, աշխարհին ի լուր հայտնում, որ դպրոց ու եկեղեցի, մշակույթ պաշտող հայ ժողովուրդը ցանկացած պահի պատրաստ է պաշտպանել իր անկախությունը, անվտանգ կյանք պարգեւելով սերունդներին:
Շուշի, իմ Շուշի, հրաժեշտ չտվեցինք քեզ, քանզի դու յուրաքանչյուր հայի սրտում ես, հրաժեշտ են տալիս հեռանալիս: Ու թեեւ ճանապարհը մեզ բաժանում էր իրարից, սակայն Բերդաձոր հասնելով մի պահ կանգ առանք հարգանքի տուրք մատուցելով վաղամեռիկ «Բերդաձորի Անդրանիկի» հիշատակին, այն քաջակորով փոքրաթիվ նվիրյալների հիշատակին, որոնք կյանքի գնով փակեցին ոսոխի ճանապարհը, մեծագույնս նպաստելով 1992 թ. Շուշիի ազատագրմանը:
Շուշի, իմ Շուշի, հող հայրենական, թող հավերժ լինի քո կյանքը, քանզի դու մեր ազատագրության ու անկախության անթառամ ապացույցն ես: