Հայ շախմատիստներն առաջատարների թվում են
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը գերազանց է մեկնարկել Վարշավայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունումՙ շահելով 3 մրցախաղերն էլ եւ 6 միավորով գլխավորելով աղյուսակը:
Մեկնարկային տուրում մեր շախմատիստուհիները 3,5-0,5 հաշվով պարտության մատնեցին խորվաթներին: Միակ կես միավորը Բորկա Ֆրանցիսկովիչի հետ պարտիայում մրցակցին զիջեց Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Մառա Ելիցային, Լիլիթ Գալոյանը պարտության մատնեց Քրիստինա Սարիչին, Մարիա Կուրսովան էլ առավելության հասավ Իվոնա Պուրգարի նկատմամբ:
2-րդ տուրում էլ մեր հավաքականը 3,5-0,5 հաշվով առավելության հասավ Բելգիայի ընտրանու նկատմամբ: Այդ մրցախաղում Էլինան հանգստանում էր, իսկ 1-ին խաղատախտակը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Աննա Զոզուլիայի հետ: Մյուս պարտիաներում Լիլիթ Գալոյանը հաղթեց Հաննե Գոսենսին, Մարիա Կուրսովան պարտության մատնեց Վիեբկե Բարբիերին, Աննա Հայրապետյանն էլ առավելության հասավ Սարահ Դիրկենսի նկատմամբ:
3-րդ տուրում մեր հավաքականը 4-0 հաշվով ջախջախեց Լեհաստանի 3-րդ թիմին: Էլինան հաղթեց Յոաննա Վորեկին, Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Յոաննա Դվորակովսկային, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան առավելության հասան համապատասխանաբար Մարթա Բարտելի եւ Կատարինա Տոմայի նկատմամբ:
Կանանց մրցաշարում 6-ական միավոր են վաստակել նաեւ Լեհաստանի եւ Ուկրաինայի հավաքականները, որոնք մեր թիմին զիջում են լրացուցիչ գործակիցներով: Մրցաշարի ֆավորիտներից վրացի շախմատիստուհիներն ունեն 5 միավոր, ռուսները վաստակել են 4 միավոր:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շատերի համար անսպասելիորեն մեկնարկային տուրում ոչ-ոքի խաղաց բուլղարացիների հետ: Բոլոր պարտիաներն էլ ավարտվեցին խաղաղ ելքով: Հաշտություն կնքեցին Լեւոն Արոնյանն ու Վեսելին Թոփալովը, Սերգեյ Մովսիսյանն ու Կրասիմիր Ռուսեւը, Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Պետկովը, Տիգրան Պետրոսյանն ու Պետար Առնաուդովը:
2-րդ տուրում մեր ընտրանին առաջին հաղթանակը տոնեցՙ 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով Չեռնոգորիայի հավաքականին: Թիմի հաղթանակն ապահովեց Լեւոն Արոնյանըՙ շահելով Նիկոլա Դյուկիչի հետ պարտիան: Մովսիսյան-Բլագոեւիչ, Սարգսյան-Դրասկո, Պետրոսյան-Կոսիչ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
3-րդ տուրում ավստրիացիների հետ մրցավեճում մեր հավաքականի հաղթանակն ապահովեց Գաբրիել Սարգսյանըՙ պարտության մատնելով Ռոբերտ Կրայսլին: Արոնյան-Ռագեր, Մովսիսյան-Շենգելիա, Պետրոսյան-Շրեյներ պարտիաներում մրցակիցները հաշտություն կնքեցին:
3 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5 միավորով 6-րդ տեղում է: 6-ական միավորով առաջատարներն են Չեխիայի եւ Ֆրանսիայի հավաքականները: 5-ական միավոր ունեն նաեւ Հունգարիայի, Վրաստանի, Հունաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկըՙ ՌԴ հավաքականն անհաջող է մեկնարկելՙ 3 միավորով զբաղեցնելով 22-րդ տեղը: Ռուսները 2,5-1,5 հաշվով հաղթել են սերբերին, ապա պարտվել են թուրքերին (1,5-2,5), իսկ 3-րդ տուրում ոչ-ոքի են խաղացել անգլիացիների հետ: