Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ` «ՀԱՅԿ. ՓԱԽՈՒՍՏ»

Մ. Հ.

Նոյեմբերի 7-ին Մոսկվա կինոթատրոնի «Կապույտ» դահլիճում տեղի կունենա Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմի` «Հայկ. փախուստի» ցուցադրությունը:

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին տարիներ շարունակ հետաքրքրել է այն մարդկանց ճակատագիրն ու կենսակերպը, որոնք տարբեր պատճառներով լքել են հայրենիքը կամ ընդհակառակը, ծնվելով եւ կյանքի զգալի մասն ապրելով տարբեր երկրներում, հետ են վերադարձել Հայաստան:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին արտագաղթին: Յուրաքանչյուր ֆիլմում պատմվում է մի հերոսի ռեժիսորի, ինժեների, նկարչի, դերասանի, երգահանի մասին …

«Հայկ. փախուստ» Ֆիլմի նյութը ընդգրկում է 1987-ից մինչեւ մեր օրերը նկարահանված տեսանյութեր: Ֆիլմի պատումը թատրոնի ռեժիսոր Հայկի մասին է. նրա նախաձեռնությունների, ձեռքբերումների, պայքարի ու անվերջ ձգվող փնտրտուքների մասին: Թվում է` 20 տարիների ընթացքում նրա խնդիրները չեն լուծվել, նրա հակասություններով լի խոսքը գրեթե չի փոխվել….

Ֆիլմն այս տարի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերի գլխավոր մրցանակներին: