Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«ԿԱ ՈՉ, ԿԱ ՈՉ, ԱՅ ՈՉՈՒՓՈՒՉ»

Վ. Ա.

Երեկ մոտավորապես նման պատասխան են ստացել Ադրբեջանի Միլլի մեջլիսի երկու պատգամավոր, երբ ֆինանսների նախարարին խնդրել են 25 տոկոսով ավելացնել կուսակցությունների համար 2014թ.-ի պետական բյուջեով նախատեսված 2,5 մլն մանաթ հատկացումները:

Իսկ Ադրբեջանի պետական բյուջեում փողի պակաս, իրոք, կա: Բավական է ասել, որ եկող տարվա բյուջեի դեֆիցիտը կազմում է 1,7 մլրդ մանաթ` ի տարբերություն ընթացիկ տարվա նախատեսված շուրջ 650 եւ 2012-ի փաստացի 135 մլն-ի: Ընդ որում, բյուջեի եկամուտները կանխատեսված են էներգակիրների եւ կոմունալ ծառայությունների սակագների մոտ 40 տոկոսի թանկացման հաշվառմամբ:

Գալիք տարում ադրբեջանցի ուսուցիչների, բժիշկների եւ պետական միջին ծառայողների աշխատավարձը կմնա անփոփոխ` 100-150 մանաթի սահմաններում: Պատգամավոր Ասիմ Մոլլազադեի դիտարկմանը, թե այդ «աշխատավորձով հնարավոր չէ հոգալ անգամ նվազագույն կարիքները», Ադրբեջանի ֆինանսների նախարարը պատասխանել է, որ «աշխատավարձերի բարձրացումը կարող է հանգեցնել հիպերինֆլյացիայի»:

Խնդիրն այն է, որ Ադրբեջանի տնտեսությունը «նստած է նավթային ասեղի վրա», իսկ դրա արտահանումից ստացվող եկամուտները ոչ թե ուղղակի բյուջե են հաշվանցվում, այլ նախապես փոխանցվում են «պետական նավթային հիմնադրամին», իսկ այնտեղից` բյուջե: Ոչ ոք չգիտի, թե իրականում որքա՞ն է նավթի արտահանումից ստացվող եկամուտը, բյուջեի փոխանցվող գումարները տնօրինում է Պետական նավթային ընկերությունը, որի տնօրենն ունի իշխող ընտանիքի բիզնես-մենեջերի համարում:

Ավելին, անշեղորեն կրճատվում են նավթի արդյունահանման ծավալները, ինչը նկատելի լարվածություն է առաջացրել իշխող վարչախմբի եւ BP-ի հարաբերություններում: Վերջինս պատճառաբանում է, որ կատարել է «դարի պայմանագրով» ստանձնած ներդրումային բոլոր պարտավորությունները եւ չի պատրաստվում հավելյալ գումարներ ծախսել` երկրաբանա-հետախուզական եւ հորատանցման աշխատանքների համար, իսկ Ադրբեջանը դրա համար փող պարզապես չունի:

Որոշ տեղեկություններով` անցյած օրերին Բաքվում է գտնվել Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում BP-ի ներկայացուցչության ղեկավարը: Նա բանակցություններ է վարել Իլհամ Ալիեւի հետ: Մեկնաբաններից ոմանք կարծում են, որ քննարկման թեման «Շահդենիզ-2» գազի հանքավայրում ներդրումներն են:

«Շահդենիզ-2»-ը շահագործելու համար ամենալավատեսական հաշվարկներով 19 մլրդ դոլարի ներդրումներ են պետք: Ըստ տեղեկությունների, BP-ն պատրաստ է այդքան գումար ծախսել, սակայն նախապայման է դնում, որ Ադրբեջանը չի ստանա գազի արտահանումից շահույթի իր բաժինը` մինչեւ BP-ն ներդրումները չծախսածածկի:

Դա կարող է տեւել տարիներ, եթե ոչ` տասնամյակներ, իսկ Ադրբեջանը չունի այդպիսի «շառայլություն» թույլ տալու հնարավորություն: Անգամ ադրբեջանցի տնտեսագետներն են խոստովանում, որ «2015-ից սկսվելու են ծանր ժամանակները»: Հարեւան երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը կարող է պայթել ամեն պահի:

Երեկ խռովություն է արձանագրվել Սումգայիթի թիվ 24 դպրոցում, որտեղ «ուսուցիչների եւ կրթության քաղաքային բաժնի ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել»: Ֆորմալ առումով պատճառը դպրոցի տնօրենի պաշտոնանկությունն է, բայց փաստացի մանկավարժները բողոքել են, թե ինչու են իշխանություններն «անվերջ խաբում իրենց, չեն բարձրացնում աշխատավարձը»:

Այս համատեքստում չափազանց կարեւոր է virtualaz.org-ի տեղեկատվությունը, որ Բաքվում իշխող վարչախումբը «Իսրայելից սոցիալական լայնածավալ աջակցության առաջարկություն է ստացել` Իրանին մեկուսացնելու հարցում Թել-Ավիվի ջանքերին միանալու պատրաստակամության դիմաց»:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հաստատել, բայց եւ չեն հերքել այդ տեղեկատվությունը: Նույն լրատվամիջոցը հայտնել է նաեւ, որ օրերս Թբիլիսիում տեղի է ունեցել մի քանի երկրներում, այդ թվում` Ադրբեջանում, Իսրայելի դեսպանների «գաղտնի հանդիպումը հրեական պետության փոխարտգործնախարարի հետ, որի ընթացքում քննարկվել է սահմանակից երկրների օգնությամբ Իրանին մեկուսացնելու բացառապես իսրայելական ծրագիրը, ինչին աջակցում է նաեւ Սաուդյան Արաբիան»:

2014թ.-ի Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները հաշվարկվել են ՀՆԱ-ի 31 տոկոսի չափով: Դա չափազանց բարձր նշաձող է: Եվ երաշխիք չկա, որ «կուլակաթափության» վտանգի հանդեպ օլիգարխիան չի միավորվի ընդդեմ իշխող վարչախմբի: