Եթե որեւէ մեկը ցանկանում է կամ որոշում է արտագաղթել այլ երկիր, դա դեռ չի նշանակում, որ այդ քաղաքացու արտագաղթի փաստը տեղի է ունենալու: Օրինակՙ ՀՀ քաղաքացի Պողոս Պողոսյանը որոշում է ընդմիշտ մեկնել Իտալիա, գնում է ինքնաթիռի մի ուղղությամբ տոմս, զանգահարում, ասենք, ծովափնյա Նեապոլում կահույքի արտադրամաս ունեցող քեռուն, պայմանավորվում, որ վերջինս իրեն պետք է օգնի փաստաթղթերով ու աշխատանքի տեղավորման հարցերում, դա դեռ չի նշանակում, որ Պողոս Պողոսյանը անպայման մեկնելու է Նեապոլ եւ անպայման աշխատելու է իր քեռու կահույքի արտադրամասում: Կարող է հազար պատճառ լինել Պողոսյանի արտագաղթի չկայացման…
Հետեւաբար, եթե Հայաստանը որոշում է կայացրել անդամակցելու Մաքսային միությանը` վերջինիս Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս սաղմնային կազմով, դա դեռ չի նշանակում, որ մեր երկիրն այդ միության անդամ է դառնալու, անգամ եթե նախագահ Պուտինի կյանքի նպատակը Երեւանին «դարձի բերելն» էր, այն է` Մաքսային միության կազմում ներառելը: Որպեսզի Հայաստանը դառնա Եվրոպական կամ Մաքսային միության անդամ («եւ-եւ»-ն այլեւս արդիական չէ), անհրաժեշտ է, որ տվյալ միության բոլոր անդամները տան իրենց համաձայնությունը: Մաքսային միության պարագայում, Հայաստանը, եթե կարող է վստահ լինել Ռուսաստանի «քվե»-ին, եւ Բելառուսի, ապա ղազախները ամենեւին էլ միանշանական մոտեցում չունեն: Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը օրերս հայտարարեց, թե Թուրքիան եւս ցանկություն է հայտնել միանալու Մաքսային միությանը: Իսկ գոնե այս պահին դժվար է պատկերացնել Անկարային ու Երեւանին մեկ միության կազմում, ավելին, Անկարայի` Մաքսային միությանը միանալու ցանկության պարագայում Մոսկվան եւս, եթե կանգնի ընտրության առջեւ` Երեւանի կամ Անկարայի միջեւ, կարող է եւ նախընտրել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, դրանով իսկ սկսել Անկարային արեւմտյան ազդեցություններից հանելու գործընթաց:
Հետեւաբար, Հայաստանի որոշումը, անկախ մեր երկրի ունեցած կշռից, դեռ ոչինչ չի նշանակում:
Իրավիճակը փոքր-ինչ այլ է` Լեռնային Ղարաբաղի պարագայում: Գաղտնիք չէ, որ ԼՂ հիմնահարցը կարեւորագույն լծակ է Մոսկվայի ձեռքերում` ճնշելու ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Եթե Երեւանը, հայտնելով Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին, այլեւս «ճնշման ենթակա չէ», ապա Բաքուն շարունակում է մնալ Մոսկվայի թիրախում: Գաղտնիք չէ նաեւ, որ Հայաստանը, որպես առանձին միավոր, սուբյեկտ, երբեք հետաքրքրական չի եղել Մոսկվայի (կենտրոնի) համար. Մոսկվային մշտապես հետաքրքրել են Հայաստանն ու Ադրբեջանը` միասին վերցրած: ԵՄ-ի պարագայում էլ այսպես է, չնայած Հայաստանը իր եվրոպականացման գործընթացի մեջ էականորեն ավելի առաջ էր Ադրբեջանից, սակայն Եվրոպայի խորհուրդը իր դռները մեր երկրի առջեւ բացեց միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն էլ քիչ թե շատ պատրաստ էր անդամակցելու ԵԽ-ին:
Այսինքն, Հայաստանից` Մաքսային միությանը միանալու որոշումը «ստանալուց» հետո Մոսկվան այսօր «աշխատում է» Բաքվի ուղղությամբ, եւ Ղարաբաղի հարցը այս առումով հրաշալի կռվան է: Պատահական չէ, որ Հայաստանի «այո»-ից եւ Բաքվի լռության համապատկերում Մոսկվայում ոչ միայն փորձագիտական մակարդակով սկսեցին շատ լրջորեն խոսել Ղարաբաղը կամ Ռուսաստանի կազմում ներառելուն, կամ ՌԴ-ի հովանու տակ վերցնելու, կամ էլ առանձին Մաքսային միությունում ընդգրկելու մասին: Այս համատեքստում պակաս ուշագրավ չհնչեց Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռոզինսկու հարցազրույցը` ռուսական «Կրասնայա Զվեզդա»-ին, որտեղ զորահրամանատարը հայտարարեց. «Ադրբեջանի կողմից Ղարաբաղն իրեն ուժով ենթարկելու ցանկացած փորձի ժամանակ 102-րդ ռազմական բազան, ելնելով Հայաստանի հետ իր, այդ թվումՙ ՀԱՊԿ դաշնակցային պարտավորություններից, կներառվի ռազմական գործողությունների մեջ»: Սա նշանակում է, որ Ռուսաստանը իր թեկուզ մեկ ռազմական բազայի միջոցով Ղարաբաղն առնում է նաեւ իր հովանու ներքո, ինչը չի կարող ճնշում որպես չդիտարկվել` Բաքվի հանդեպ:
Բայց ամեն ինչ, իհարկե, այսքան միանշանակ չէ: Մասնավորաբար, այն օրերին, երբ զինվորական Ռոզինսկին հանդես եկավ իր աննախադեպ եւ հստակ հայտարարությամբ, Երեւանում աշխատանքներ էր տանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը: Հենց հիշյալ հանձնաժողովի նախագահ, Պետդումայի պատգամավոր Անատոլի Վիբորնին էլ, նախորդելով իր հայրենակից, զինվորական Ռոզինսկուն, մեր Ազգային ժողովում ասաց, թե «մեր հայ գործընկերները մեզ նոր են հայտնում իրենց անհանգստությունը` կապված Ադրբեջանի շարունակական սպառազինության կուտակման փաստի հետ, եւ նաեւ այն մասին, որ այդ հանգամանքը, ինչպես նաեւ Բաքվից հնչող ռազմական կոչերը, կարող են վտանգել տարածաշրջանային անվտանգությունը»: Վիբորնին հավելել էր, թե ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովն իր լիագումար նիստում դեռ կքննարկի այս հարցը եւ հայտարարություն կընդունի, որտեղ «հաշվի կառնվեն մեր դաշնակից Հայաստանի ներկայացրած բոլոր անհանգստությունները»: Սրանից բացիՙ «Նովոստի-Ազերբայջան» գործակալությանը հարցազրույց տվեց ռուս հանրահայտ քաղաքական մեկնաբան Մաքսիմ Շեւչենկոն, ով հայտնի է նաեւ որպես Կրեմլի ոչ պաշտոնական խոսնակ: Շեւչենկոն ասել է հետեւյալը. «ԼՂ հարցում առեղծվածն այն է, որ առանց ռազմական միջամտության որոշ հարցեր հնարավոր չէ լուծել: Այդ պատճառով ինձ թվում է, որ պարզապես պետք է ձեւավորել համարժեք դաշինք, ովքեր շահագրգռված են այդ խնդրի լուծմամբ: ԱՄՆ-ը եւ Եվրոմիությունը իրենց միջնորդությամբ ընդամենը երկարաձգում են ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Այս հակամարտությունը արագ կլուծվեր տարածաշրջանային մակարդակով, սակայն դա թույլ չեն տա ԱՄՆ-ը, Եվրոմիությունը եւ Իսրայելը… Տարածաշրջանային մակարդակը Ռուսաստանն է, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը… Խոշոր տերություններն էլ կարող են կողքից նայել, քանի որ վերջին 20 տարիները ցույց են տվել, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը նույնիսկ չեն կարողացել լուծել ադրբեջանցիների` իրենց տարածքներ վերադարձի հարցը, նույնիսկ Ադրբեջանի 5 օկուպացված շրջանները չեն վերադարձվել… Ես կարծում եմ, որ Մաքսային միություն մտնելը կնպաստի նաեւ ղարաբաղյան հարցի լուծմանը… Նախ եւ առաջ ադրբեջանցիները պետք է հնարավորություն ստանան վերադառնալու Շուշի եւ այլ բնակավայրեր, եւ 5 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: Նորից ընդգծենք, Շեւչենկոն այս հարցազրույցը տվել է ադրբեջանական գործակալությանը, հետեւաբար հիմնականում ուղղված է ադրբեջանցի լսարանին: Այսինքնՙ ռուս «ոչ սովորական» մեկնաբանը մեսիջ է հղում Բաքու, որ Մաքսային միությանը այդ երկրի չմիանալը կարող է բերել Ղարաբաղի «կորստին», եւ հակառակը, անդամակցելով Մաքսային միությանը Ադրբեջանը կարող է եւ ակնկալել «մեծ վերադարձ» դեպի Շուշի: Հատկանշական է, որ ռուս մեկնաբանը ադրբեջանցիներին հաղորդում է, թե «ադրբեջանական տարածքների վերադարձը եւ մեծ ներգաղթը» անցած 20 տարիներին անհնար են եղել «ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի» մեղքով, չնայած Մոսկվան եւս, ԼՂ հիմնահարցի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անդամ է: Շեւչենկոն եւ ադրբեջանցիները հրաշալի հասկանում են, որ Մաքսային միության այլընտրանքը ԵՄ-ն է, հետեւաբար ԵՄ-ին անգործության մեջ մեղադրելով Շեւչենկոն հուշում է Բաքվին, որ Ղարաբաղը «վերադարձնել» վերջինս կարող է բացառապես Մաքսային միությանն անդամակցելով…
Պակաս ուշագրավ չէ Շեւչենկոյի «սպառնալիքը», թե «…առանց ռազմական միջամտության որոշ հարցեր հնարավոր չէ լուծել»: Դժվար է ասել, թե կոնկրետ այս մեսիջն ո՞ւմ է ուղղված: Գուցե ռուս մեկնաբանը այդկերպ հայտնում է, որ եթե Բաքուն չմիանա Մաքսային միությանը, ապա Ղարաբաղում տեղական բանակը, ռուսների հետ, «որոշ հարցեր կլուծի ռազմական միջամտությա՞մբ», կամ էլ Շեւչենկոն ուզում է ասել, որ եթե Բաքուն միանա Մաքսային միությանը, ապա Ղարաբաղում հայերի առաջացրած որոշ հարցերը «կլուծվի ռազմական միջամտությամբ»:
Ինչեւէ, ինչպես ավելի վաղ ենք արդեն նկատել, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման կարեւորության հետ կարեւոր է նաեւ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Եթե Ադրբեջանը «մեզ հետ է», մենք ունենալու ենք խնդիրներ, եւ գուցե «որոշ հարցեր լուծվեն ռազմական միջամտությամբ», եթե Բաքուն չի միանում Մաքսային միությանը, ապա Մոսկվան նաեւ ԼՂ-ն կառնի իր հովանու ներքո եւ կրկին գուցե «որոշ հարցեր լուծվեն ռազմական միջամտությամբ»: Եթե, իհարկե, Մաքսային միությունը, որպես աշխարհաքաղաքական գործոն, ի վերջո կայանա, եւ Հայաստանին այնտեղ ընդունեն: