Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՆԵՐԳՐԱՎԵՆ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ցավոք, այսօր հաշմանդամները մղվել են երկրորդ պլան` ունենալով մի շարք չլուծվող խնդիրներ` թեքահարթակներից մինչեւ աշխատատեղեր:

Գործատուներից շատերը նրանց չեն ընդունում աշխատանքի: Ինչպե՞ս պետք է լուծվի հաշմանդամների խնդիրը դժվար է ասել, քանի դեռ մարդկանց գիտակցությունը չի զարգացել այնքան, որ նրանցից չխուսափեն, դեռ ավելին` ձեռք մեկնեն հնարավոր բոլոր տարբերակներով: Այսօր մատների վրա կարող ենք հաշվել կազմակերպություններ, որոնք ընդունում են աշխատանքի հաշմանդամների: Անշուշտ չմոռանանք նաեւ երկրում տիրող գործազրկության խնդիրը:

Վերջերս «Օրդֆիլմը» «Save the Children International» կազմակերպությանը իր Life ծրագրով իրականացրեց հետաքրքրական մի նախաձեռնություն:

«Save the Children International» կազմակերպությունն ուներ բիզնես ծրագիր եւ «Օրդֆիլմը»` որպես ընկերություն նեկայացրեց իր բիզնես ծրագիրն ու հաղթեցինք: Համագործակցության մեկնարկն արդեն տրված է ու հաշմանդամներն արդեն ներգրավվել են նկարահանման գործընթաց` ինտեգրվելով հասարակությանը:

Ծրագրի կետերից մեկն այն է, որ «Օրդֆիլմը» պետք է մեկ տարվա ընթացքում ընկերություն աշխատանքի ընդուներ 15 աշխատողի, որոնցից 12 պետք է հաշմանդամ լինեն: Ծրագրում չկար վերապատրաստում, սակայն «Օրդֆիլմը» գործունեության սկզբից իր առջեւ խնդիր էր դրել նախ աշխատանքի ընդունել երիտասարդների, ինչպես նաեւ նրանց բոլորին վերապատրաստեր իրենց կողմից մշակված կրթական ծրագրով` ԿԳ նախարարության կողմից հաստատված:

Այս անգամ կրթական այդ ծրագրւմ ներառեցին նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց: «Ազգի» հետ զրույցում այս ամենի մասին տեղեկացրեց «Օրդֆիլմ» կինոընկերության տնօերն Հայկ Օրդյանը: Նրա հավաստմամբ հետաքրքրական կուրս է ստացվել, որն իր համար անսպասելի էր. «Չէի սպասում, որ նման արդյունք կունենանք: Հատկանշական է, որ հաշմանդամություն ունեցողների մեջ ներուժը, ձգտումը շատ-շատ է, որի համար շատ ուրախ եմ»:

Հայկ Օրդյանի փոխանցմամբ, «Հեռուստատեսային հմտություններ» եռամսյա վարպետության դասընթացի շրջանակում իրենք սովորեցնում են հեռուստառեժիսուրա, հեռուստալրագրություն, հեռուստաօպերատորություն, հեռուստամոնտաժ եւ հեռուստամենեջմենթ մասնագիտությունների հիմունքներ, որին զուգահեռ իրականացվում է նաեւ պրակտիկ աշխատանք:

Ուրախալի է, որ նման նախաձեռնություններով հանդես եկող մարդիկ եւ ընկերություններ դեռեւս կան` ինչպես «Օրդֆիլմը», այնպես էլ ՎիվաՍել ՄՏՍ-ը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հուսանք, որ սա օրինակ կլինի մյուս կազմակերպությունների համար: