«Օրանժ Արմենիան» չորս տարեկան է
Իր յուրաքանչյուր բաժանորդի ծննդյան օրը «Օրանժ Արմենիա»-ն զանգահարում է նրան եւ, շնորհավորելով տոնի կապակցությամբ, տրամադրում անվճար խոսելաժամանակ: Դժվար է ասելՙ կզանգահարե՞ն արդյոք այսօր ընկերության 620 հազար բաժանորդները «Օրանժ Արմենիա»` շնորհավորելու վերջինիս չորրորդ տարեդարձը մեր երկրում…
Այսօր լրանում է «Օրանժ Արմենիա»-ի Հայաստանում գործունեության չորս տարին: Այդ առթիվ ընկերությունը երեկ ամփոփեց անցնող տարվա իր ձեռքբերումները, ինչպես նաեւ ներկայացրեց եկող ամիսների համար ընկերության ռազմավարությունը:
Խոսելով անցնող տարում «Օրանժ Արմենիա»-ի ձեռքբերումներից` ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը , ընդգծելով, որ «չորս տարին շատ մեծ ժամանակահատված չէ, սակայն, չնայած դժվարություններին, մեզ հաջողվել է շատ բան անել», եւ որ «մանկական տարիքում «Օրանժ Արմենիան», իհարկե, կատարյալ եւ օրինակելի չի եղել», առանձնացրեց այն երեք հիմնական ուղղությունները, որոնցում ընկերությունն արձանագրել է հիմնավոր հաջողությունները: «Որպես առաջին ուղղություն նշեմ, որ Օրանժն արդեն դարձել է անսահմանափակ օգտագործման միտումների առաջամարտիկը, իսկ այս տարի էլ մենք ներկայացրինք բջջային ինտերնետի անսահմանափակ օգտագործման հնարավորություններ կանխավճարային ծառայությունների բաժանորդների համար, ինչպես նաեւ ցանցի ներսում բոլոր զանգերը Դելֆին, Թիթեռ եւ Պանտերա բաժանորդների համար դարձրեց անսահմանափակ»: Երկրորդ ուղղությունը, որտեղ ընկերությունն արձանագրել է հաջողություններ, ինտերնետի ոլորտն է. «Այս ոլորտում Օրանժը ստեղծեց Ինտերնետ-սրճարան կանխավճարային առաջարկը մարզերի բնակիչների համար», ասաց Ժելիբտերը: Օրանժի տնօրենը անդրադարձավ նաեւ «Օրանժ մերսի» ծրագրին, որը երկու նպատակ ունի` պարգեւատրել մի կողմից պարզապես Օրանժի բաժանորդ լինելու համար, մյուս կողմից էլ ծառայություններից հաճախ օգտվելու համար: Օրանժը ստեղծել է նաեւ նաեւ մի ծրագիր, որի նպատակն է ամսական բաժանորդագրություններից օգտվող հավատարիմ բաժանորդներին հնարավորություն տալ, բաժանորդագրությունը մեկ-երկու տարով երկարաձգելու պարագայում, ձեռք բերելու հեռախոս ավելի ցածր գներով: «Երրորդ ուղղությունը հաջողությունների մեր աշխատանքի որակի բարելավումն է: Այն պահպանելու եւ կատարելագործելու նպատակով Օրանժը շարունակաբար կատարել է ներդրումներ, եւ երկու անգամ արտացոլվել է P3 միջազգային անկախ խորհրդատվական ընկերության կողմից տարբեր վայրերում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, ըստ որոնց Օրանժի ցանցը ճանաչվել է Հայաստանի շարժական ինտերնետի առաջատարը: Ընկերությունն ընդլայնել է իր ինտերնետի արագության հնարավորությունների ցանցը, եւ այժմ Օրանժ ինտերնետը հասանելի է մի շարք նոր քաղաքներում` Էջմիածնում, Արարատում, այլուր», ասաց Ֆրանսիս Ժելիբտերը:
Հատկանշական է նաեւ «Օրանժ Արմենիա»-ի գործունեությունը հովանավորության, բարեգործության եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում: Օրանժ հիմնադրամի միջոցներով, «Լույս` հայ աչքերին» խորագրի շրջանակներում մեկ տարում շուրջ տասնինը հազար մարդ ստացել է անվճար ակնային հետազոտություն, իսկ 1200-ը` անվճար վիրահատություն: Մեկ այլ ծրագրով, սոցիալական ծանրագույն պայմաններից դրդված` պետական հաստատությունների հոգածությանը հանձնված տասնյոթ երեխա վերադարձել է ընտանիք: Այս ծրագիրը գոյանում է Օրանժ հիմնադրամի «հաղորդագրություն-բարեգործություն» նախաձեռնության արդյունքում: Օրանժի բաժանորդները ուղարկում են 100-500 դրամի հաղորդագրություններ, եւ ընկերությունը կրկնապատկելով գոյացած գումարը` այն ուղղում է հիշյալ ծրագրին: Օրանժ հիմնադրամը սկսել է աջակցել նաեւ գյուղական տնտեսությունների վերածննդին. գյուղերից մեկում արդեն ներդրվել է նոր կորպորատիվ մոդել, որի նատակն է բնակիչներին հնարավորություն տալ միավորելու ջանքերն ու գիտելիքները եւ ավելի լավ արդյունքներ ստանալ:
«Օրանժ Արմենիան» ներկայացված է նաեւ մշակույթի ոլորտում: Ինչպես նշում է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը` «մենք մեր համեստ ներդրումն ունենք Հայաստանի մեծ մշակույթի զարգացման գործում»: Մասնավորաբար շարունակվում է «Օրանժ Գրքի մրցանակ» ծրագիրը, որին մասնակցում են երիտասարդ հայ գրողներ, ինչպես նաեւ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը:
Անցնող տարին ընկերության համար նշանակալից էր նաեւ ֆինանսական առումով: «Օրանժ Արմենիան» գրանցել է եկամուտների տասնյոթ տոկոսի աճ, որը գրեթե երեք անգամ գերազանցում է շուկայում գրանցված աճի միջին ցուցանիշին:
Պակաս ուշագրավ չեն «Օրանժ Արմենիա»-ի առաջարկած նոր նախաձեռնությունները: Հենց վաղվանից ընկերությունն անցնում է ներկայումս գործող վեց սակագնային պլաններից` երեքի` Օրանժ Բարեւ, Սուպեր Պարզ եւ Օրանժ Մեկ: Ընկերության մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքերովՙ նոր սակագնային պլանների անցնելը չի նշանակում, որ նախկին պլանները դադարելու են գործելուց: Պարզապես Օրանժին նոր բաժանորդագրվողները կարող են ձեռք բերել արդեն բացառապես այս երեք պլաններից մեկը, իսկ հին օգտատերերը կարող են իրենց սակագնային պլանը, ցանկության դեպքում, փոխարինել նորով: Օրանժ Բարեւ սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն կստանան զանգելու Օրանժի բոլոր համարներին հինգ դրամ/րոպե կանխավճարով եւ ստանալու անվճար միջազգային րոպեներ պարզապես արտերկրում գտնվող ընկերներից եւ բարեկամներից ստացված զանգերի դիմաց: Նրանք կարող են նաեւ ակտիվացնել անսահմանափակ ներցանցային րոպեներ, մեգաբայթների եւ հաղորդագրությունների փաթեթներ, ինչպես նաեւ յուրաքանչյուր անգամ հաշիվ վերալիցքավորելիս` ստանալ Օրանժ մերսիի միավորներ:
Սուպեր Պարզ սակագնային պլանը բոլոր նրանց համար է, ովքեր նախընտրում են պարզությունը եւ ունեն ընկերներ ինչպես Օրնաժի, այնպես էլ Հայաստանի եւ Արցախի այլ օպերատորների ցանցերում: Այս պլանն ընտրողները կօգտվեն ցանցի ներսում եւ ցանցից դուրս զանգերի համար միեւնույն սակագնից` 15 դրամ/րոպե, հաշիվը առնվազն հինգ հարյուր դրամով վերալիցքավորելու դեպքում: Եվ վերջապես այն բաժանորդները, ովքեր հիմնականում զանգեր են կատարում Օրանժի ցանցում կամ հաճախ են օգտվում ինտերնետից, իրենց համար լավագույն լուծումը կգտնեն Օրանժ մեկ սակագնային պլանն ընտրելով: Այդ պարագայում նրանք կկարողանան մեկ դրամ սակագնով ցանցի ներսում զանգեր կատարել, հաղորդագրություններ ուղարկել, ինչպես նաեւ այցելել սոցիալական կայքեր, հաշիվն առնվազն հինգ հարյուր դրամով վերալիցքավորելու պարագայում:
Եվ վերջին հետաքրքրական առաջարկություն-նորամուծությունը «Օրանժ Արմենիա»-ից: Երեկ ընկերությունը ներկայացրեց իր նորարարական բջջային հավելվածը` «Իմ Օրանժը»` Adroid եւ IOS օպերացիոն համակարգերի համար, այն առաջինն է հայկական շուկայում: Առաջարկը արդեն այսօրվանից հասանելի կլինի Google Play Store-ում, իսկ նոյեմբերի քսանից նաեւ AppStore-ում: Այն անվճար է եւ դրա միջոցով բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել այն, ստուգել կուտակած Օրանժ Մերսի միավորները, փոխարինել դրանք րոպեներով, հաղորդագրությունների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոումինգը եւ այլն: «Իմ Օրանժ» բջջային հավելվածը նաեւ հնարավորություններ է տալիս օգտվելու ժամանցային ծառայություններից, դիտելու հեռուստատեսություն (ինչպես հայկական բոլոր, այնպես էլ արտասահմանյան առաջատար հեռուստաալիքները), օգտվել Օրանժ Կինոյի ծառայություններից, քարտեզով փնտրել եւ գտնել Օրանժի ամենամոտ խանութը եւ այլն:
Արամ Մկրտչյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք առաջատարն են երկրում սմարթֆոնների վաճառքով: Ամսական շուրջ 1500-2000 սմարթֆոններ Հայաստանում վաճառվում են միայն «Օրանժ Արմենիա»-ի խանութներում, դա ընկերության վաճառած հեռախոսների մեկ երրորդն է կազմում:
Ֆրանսիս Ժելիբտերը երեկ գիշերը մեկնեց Փարիզ, նա արդեն երեկվանից ստանում է շնորհավորանքներ իր գլխավորած ընկերության` Հայաստանում չորսամյա գործունեության համար:
Շնորհավոորում ենք եւ մենք… Մերսի, Օրանժ: