Ազգային վիճակագրական ծառայության հոկտեմբերի 31-ին հրապարակած ցուցանիշների համաձայնՙ 2013-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը տարեսկզբի` հունվարի 1-ի համեմատ նվազել է 10 հազարով եւ կազմել 3 մլն 17 հազար մարդ: Դա տեղի է ունեցել միգրացիայի բացասական մնացորդի պատճառով, որը գերազանցել է բնական աճի ցուցանիշին: Նվազել է նաեւ ծնելիության գործակիցը` այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,9 տոկոսով:
Ինչ վերաբերում է երկրից մեկնողների եւ ժամանողների տարբերությանը, ապա մոտ 996 հազար ՀՀ քաղաքացիներ մուտք են գործել երկիր, իսկ 1 մլն 118 հազարն էլ մեկնել են երկրից: Բացասական հաշվեկշիռը կազմել է 122 հազար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բացասական հաշվեկշիռը կազմել էր 109 հազար: Այսինքնՙ այս տարվա 9 ամիսներին բացասական հաշվեկշիռը խորացել է 13 հազարով: Իհարկե, տարեկան արդյունքներով միայն կարելի է վերջնական դատողություններ անել արտագաղթի ծավալների մասին, քանի որ այստեղ կան սեզոնային եւ այլ գործոններ, բայց, ցավով պետք է նշել, Հայաստանը լքողների թիվն այս պահին ավելացել է: