ԺԱՍՄԻՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ, «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ
Հայաստանում արտագաղթը աղետալի չափերի է հասել: Տարբեր մարդկանց գնահատմամբՙ արդեն մուտք է գործում էվակուացիոն փուլ: Կուսակցությունները, հասարակական սեկտորը եւ հասարակությունն ընդհանրապես անընդհատ բարձրաձայնում են այս մասին: Սակայն հայրենի իշխանության համար կարծես` ձայն բարբառո անապատի: Բանը հասել է նրան, որ արդեն հայտնի, հեղինակավոր մարդիկ դիտավորություն են տեսնում սրա մեջ եւ տարբեր վարկածներ առաջ քաշում` արտաքին պարտքերի զիջում, Հայաստանի տարածքը որպես պոլիգոնի օգտագործում եւ այլն…
Չեմ ուզում երկրում տիրող իրավիճակը վերագրել իշխանությունների դիտավորությանը, այլ ավելի շատ հակված եմ եզրակացնելու, որ ամենօրյա բազմակողմ զբաղվածության հորձանուտում եւ համապատասխան կառույցների բացակայության պայմաններում ժողովրդագրական խնդիրը մնացել է հետին պլանում: Բացակայում է նաեւ հասարակության եւ իշխանության միջեւ կապը, վերջինիս թվում է, թե ամեն ինչ կարգին է, իսկ հասարակությունն էլ որեւէ դրական փոփոխությունից հույսը կտրած` հեռանում է:
Առհասարակ, մերօրյա Հայաստանը նման է մի մեծ ընտանիքի, որտեղ մայրը բացակայում է: Այդ ընտանիքի բնակարանը շատ կեղտոտ է, ավագ եւ ճարպիկ երեխաները խլել են փոքրերի ու ավելի թույլերի հացը եւ գեր ու բախտավոր են, իսկ մյուսները լացակումած թափառում են:
Որպես մեր մեծ ընտանիքի ներկա իրավիճակով մտահոգված մի անդամ, ով համոզված է, որ մեր երկրում դեռեւս հնարավոր է ոչ միայն կասեցնել արտագաղթը, այլեւ վերափոխել ներգաղթի, ներկայացնում եմ մեր կազմակերպության տեսլականը այն միջոցառումների վերաբերյալ, որոնք բարձրացված խնդրի լուծումն են:
Եվ այսպեսՙ ժողովրդագրական խնդիրը մեր երկրում բաղկացած է երկու հիմնական մասից` ծնելիությունից եւ արտագաղթից:
Ծնելիության ցածր մակարդակի պատճառները ե՛ւ սոցիալական են, ե՛ւ կախված են տվյալ ժամանակաշրջանում ավանդույթ դարձած ընտանիքի մոդելից: Եթե մոտ հարյուր տարի առաջ ավանդական հայ ընտանիքներում միջինը ծնվում էր 7-10 երեխա, ապա մոտ հիսուն տարի անց արդեն այդ թիվը հասնում էր 4-5-ի գյուղական վայրերում եւ 2-3-ի` քաղաքներում, իսկ այժմ արդեն հայ ընտանիքներում հիմնականում ծնվում է 2 երեխա, առանձին դեպքերում` 3-ը: Հաճախակի չեն այն դեպքերը, երբ ապահով ընտանիքներում կան երկուսից ավելի երեխաներ: Ուրեմն այստեղ գործ ունենք ընտանիքի մոդելի նորաձեւության հետ:
Եթե ծնելիության ցածր մակարդակի թվարկված առաջին պատճառի համար պետության կողմից պահանջվում են ֆինանսական ներդրումներ, ապա երկրորդը հնարավոր է կարգավորել առանց որեւէ ներդրման: Մեր օրերում ավանդույթ է եկեղեցով հայ ընտանիքների կազմավորումը, ուրեմն այստեղ պետք է խառնվի եկեղեցին եւ բացատրական աշխատանք տանի ամուսնացող զույգի հետ, բացատրի, որ ընտանիք կազմելով նրանք իրենց վրա են վերցնում մեր պետականության պահպանման առաքելության մի մասնիկը, եւ այսօր ընտանիքներում նվազագույնը չորս երեխայի առկայությունը ծայրահեղ անհրաժեշտություն է: Միայն Հայ առաքելական եկեղեցին է ի զորու կարգավորելու այս խնդիրը, խրախուսելու չորսից ավելի երեխաների ծնունդը հայ ընտանիքներում: Պատմությունից հայտնի են բազում փաստեր, երբ պատերազմներից եւ երկրաշարժերից հետո հայկական գյուղերի քահանաները շրջում էին տնից տուն եւ հորդորում երեխաներ ունենալ: Մոտ մեկ տարի հետո գրեթե բոլոր ընտանիքներում երեխաներ էին ծնվում: Սա օգնել է մեր ազգին ոչ միայն բնակչության թվաքանակի, այլ նաեւ պետականության վերականգնման գործում:
Այսօր արտագաղթի հիմնական պատճառներն են աշխատատեղերի բացակայությունը, ցածր աշխատավարձերը, կենսական անհրաժեշտության այնպիսի ծառայությունների թանկությունը, ինչպիսին առողջապահությունն է: Արտագաղթի հիմնական պատճառներից է նաեւ մեր երկրում տիրող անարդարությունը:
Եթե ամենաբարձր խավից եկող անարդարության` Գյումրու քաղաքապետի եւ Սյունիքի մարզպետի որդիների հետ կապված գործերի դեմ իշխանություններն «անզոր են», ապա պետական միջին եւ ցածր օղակների աշխատանքը հնարավոր է դարձնել արդար եւ թափանցիկ: Բացի դրանիցՙ բազմազան եւ բազմաբնույթ օրենքների եւ դրանց գրեթե ամենամսյա փոփոխությունների սարդոստայնում հասարակ քաղաքացին մոլորվել է եւ չգիտի, թե որ օրենքով է կարգավորվում իր իրավունքները, մատչելի չեն նաեւ փաստաբանական ծառայությունները: Այս դեպքում ուղակի անհրաժեշտություն է կամ մի առանձին հեռուստաալիքի առկայությունը «Ժողովրդի փաստաբան» պայմանական անունով, կամ նմանատիպ հաղորդաշարերի առկայությունը բոլոր հեռուստաալիքներով, որտեղ հասարակ քաղաքացին կարող է դիմել ամեն պահի եւ ստանալ իրեն հուզող մասնագիտական պատասխանՙ ներգրավելով գործին առնչվեղ բոլոր կողմերին: Եվ քանի որ ժողովրդի հիմնական բողոքը միջին եւ ցածր օղակների պետական չինովնիկներից է, ապա այս դեպքում եւ վերջիններս արդար կաշխատեն, եւ քաղաքացին իրեն պաշտպանված կզգա:
Արտգաղթի հաջորդ եւ հիմնական պատճառը առողջապահական թանկ ծառայություններն են: Ներդրվող առողջության ապահովագրության համակարգը շահույթ հետապնդող ծառայություն է եւ կոչված է ծառայելու արդեն աշխատանք ունեցողներին եւ որոշակի ապահովված մարդկանց: Գործազուրկ եւ անապահով խավի վիճակը շարունակում է վատթարանալ: Հայտնի են բազում դեպքեր, երբ ծնողները իրենց զավակներին փրկելու համար վաճառել են բնակարանը, որպեսզի վճարեն թանկարժեք վիրահատության դիմաց, զրկվել են եւ զավակից, եւ տնից:
Հայաստան երկիրը սահմանադրորեն սոցիալական պետություն է եւ հարիր չէ, եթե չասենքՙ հակասահմանադրական է, նման երկրում պետության կողմից հիվանդ մարդու հաշվին փող աշխատելը: Մեր երկրում առողջապահությունը ամբողջությամբ պետք է լինի անվճար` ծննդօգնությունից մինչեւ ամենաբարդ սրտի վիրահատություն: Առաջին հայացքից թվում է, թե սա անհավանական եւ անիրականանալի մի բան է, սակայն եթե հիշենք, որ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կան բազմաթիվ գյուղեր, որտեղ երբ որեւէ ընտանիքում մարդ է մահանում, ամբողջ գյուղով գումար են հավաքում դժբախտութունը հասած ընտանիքին ֆինանսապես օգնելու համար, ապա ակամա հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ չանել նույնը հիվանդ մարդու դեպքում, ինչո՞ւ թողնել հիվանդին միայնակ իր դժբախտության հետ, ինչու թողնենք, որ նա մահանա, նոր գումար հավաքենք, եկեք այդ գումարը հավաքենք մարդուն փրկելու համար: Մեր Հայաստան մեծ գյուղում ընտանիքների թիվը հասնում է մոտ հինգ հարյուր հազարի: Եթե յուրաքանչյուր ընտանիք միջին հաշվով հինգ հազար դրամ ամսական գումար փոխանցի կառավարության հատուկ` առողջապահական ֆոնդին, ապա այսօր կառավարության կողմից ֆինանսավորվող բուժսպասարկման ծառայություններին ամսական կգումարվի եւս վեց միլիոն դոլարին համարժեք դրամ:
Իսկ եթե կառավարությունը խնայողաբար օգտագործի բյուջեի գումարները, օրինակՙ կտրուկ պակասեցնի ծառայողական շքեղ մեքենաների թիվը եւ դրանց վրա ծախսվող բենզինի գումարները, ուղղելով դրանք առողջապահական ֆոնդին, անվճար բուժսպասարկումը մեր երկրում ամենեւին անհավանական չի թվա:
Ինչու նախարարությունների վարչության պետերը, փոխնախարարները եւ պետական բարձր եւ միջին դասի այլ չինովնիկներ պետբյուջեի գումարներով գնված ծառայողական մեքենաներ պետք է ունենան, մինչդեռ ոչ պակաս արժանի մարդիկ մեր երկրում գործազուրկ են: Ինչո՞ւ չհավաքել այդ մեքենաները եւ չտրամադրել հեռավոր եւ սահմանամերձ գյուղերի բազմազավակ ընտանիքներին, ցուցադրելով նրանց նկատմամբ պետության զորակցությունը, հետեւապես նաեւ խրախուսելով ծնելիութունը: Ինչո՞ւ չպակասեցնել անհարկի ասֆալտապատումը (խոսքը անհրաժեշտին չի վերաբերում) եւ առողջ սալիկների անընդհատ փոփոխումը: Սրանք բյուջեից խնայելու մեզ հայտնի ընդամենը մի քանի դրվագներ են միայն: Համոզված ենք, որ ծախսողներին անհամեմատ ավելին է հայտնի:
Արդեն որերորդ տասնամյակն էՙ մեզանից խլվել է մեր երկրի ընդերքը եւ տրվել է չգիտես ում կողմից «ընտրյալներին»: Այսօր կարմրացման եղանակով խլվում է նաեւ մեր ավտոճանապարհների մի մասը: Հասկանալի կլիներ,եթե այդտեղից ստացված եկամուտների մեծ մասը ուղղվեր այդ նույն առողջապահական ֆոնդին, այլ ոչ թե այդ նույն «ընտրյալների» գրպանը:
Առողջապահական ֆոնդը հնարավոր է համալրել նաեւ պետական եւ մասնավոր համակարգում աշխատողների աշխատավարձի մեկ-երկու տոկոսի հաշվին` ապահովագրական ծառայության փոխարեն: Այսինքնՙ մեր երկրում գումարներ կան, դրանք ճիշտ կառավարել է պետք: Մի խոսքովՙ շատ ճիշտ կազմակերպելու եւ խիստ վերահսկողության մեխանիզմներ իրականացնելու դեպքում մեր երկրում անվճար առողջապահությունը, եվրոպական ոչ հարուստ մի շարք երկրների նման, իրականություն կդառնա եւ արտագաղթը կվերածվի ներգաղթի:
Եվ վերջում դառնանք հիշատակված մեր ընդհանուր տան «մաքրությանը», ինչը կինը կաներ այդ ընտանիք մուտք գործելուն պես: Իհարկե, հնարավոր է մաքրել եւ պահպանել նույնպես առանց հավելյալ ներդրումների: Պարզապես դրա համար առավել ակտիվ պետք է օգտագործել երկրի ականջներն ու աչքերըՙ ռադիոն եւ հեռուստատեսությունը: Վերջիններս այսօր չեն իրականացնում այն գործառույթը, ինչին կոչված են, այլ հակառակըՙ էժանագին զվարճալի ծրագրերով զբաղված են երիտասարդ սերնդի մեջ գռեհկություն, վայրենություն, տգիտություն սերմանելով: Վաղուց ժամանակն է, որ հատկապես հեռուստատեսությունը հանրօգուտ գործով զբաղվի, սերունդ դաստիարակի, բարեկրթության եւ քաղավարության օրինակելի աղբյուր դառնա: Շատ մեծ գործ կարող է անել նույն հեռուստատեսությունը մեր երկրի մաքրության գործում: Պետք է կազմակերպել շենքերի, բակերի, փողոցների, դպրոցների, համայնքների միջեւ մրցութային հաղորդաշարեր, ներգրավելով ողջ ազգաբնակչությանը, դրվատելով դրականը եւ դատապարտելով բացասականը: Վերականգնելով խորհրդային տարիներին գործող «փոխանցիկ դրոշի» իմաստը, ոլորտը լուսաբանող լրագրողներից կազմված հանձնաժողովը կարող է շնորհել մրցանակը մաքրության գործում հաջողությունների հասած համայնքին: Պետք է պարտավորեցնել նաեւ բոլոր հեռուստաընկերություններինՙ բնակչության կողմից աղտոտումը դատապարտող դիպուկ եւ կարճ տեսահոլովակներ ցուցադրել` յուրաքանչյուր գովազդային ընդմիջման ընթացքում: Այս գործը ակտիվ եւ ճշգրիտ իրականացնելու դեպքում կարճ ժամանակում հնարավոր է հասնել մեծ հաջողությունների եւ ամբողջությամբ աղբազերծել մեր երկիրը:
Մի խոսքովՙ մեր ընդհանուր տան գործերը մենք պետք է կարգավորենք, այլ ոչ թե վարկածներ առաջ քաշենք, քանզի մենք իրավունք չունենք մեր պետականությունը կորցնելու: Միշտ պետք է հիշենք, որ ցեղասպանություն իրականացվում է պետականություն չունեցող ազգերի նկատմամբ: Առավել եւս, որ հարեւան երկու երկրների վաղեմի երազանքն իրականացնելու համար ամենամեծ խոչընդոտը Հայաստանն է: