Սայաթ-Նովայի 300-ամյակը այսուհետեւ տոն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Հայ աշուղի ծնունդը կարմիրով նշանավորվեց նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:
Եվ ահա հոկտեմբերի 20-ին Մոսկվայում տեղի կունենա հռչակավոր հայ աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվում է «Արմենիա Փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի կողմից եւ կանցկացվի Ռուսաստանի գլխավոր համերգասրահում Կրեմլի պետական պալատում:
Նշենք, որ համերգային ծրագրի կմասնակցնեն ՀՀ Հանրային ռադիոյի աշուղական երգի վաստակավոր «Սայաթ-Նովա» անսամբլը, ինչպես նաեւ հայկական էստրադայի աստղեր Ալլա Լեւոնյանը, Անդրեն, Արման Հովհաննիսյանը, Գեւորգ Դաբաղյանը, Գուրգեն Դաբաղյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Ներսիկ Իսպիրյանը, Սիրուշոն, Սամվել Երվինյանը եւ այլք, իսկ երեկոն կվարեն Նազենի Հովհաննիսյանն ու Սամվել Գրիգորյանը:
Ի դեպ, օրերս արտաքին գործերի նախարարությունը կառավարության դատին է ներկայացրել Սայաթ-Նովայի թողած գրական-երաժշտական ժառանգությունը պրոպագանդելուն միտված նախագիծ: Հռչակավոր մարդկանց եւ հայտնի իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013 թթ. օրացույցում ընդգրկվեց Սայաթ-Նովայի 300-ամյակը` Վրաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի աջակցությամբ: Հաշվի առնելով նշված հոբելյանի մշակութային, ազգային եւ միջազգային նշանակությունը «Սայաթ-Նովա» մշակութային միությունը կազմակերպում է մեծ գործչի 300-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Ծրագրի բյուջեն կկազմի 6 միլիոն 154 հազար դրամ, որը կառավարության օրերս տեղի ունեցած նիստում հավանության է արժանացել: