Երեկ տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ ստեղծագործական կազմակերպությունների հետ համատեղ հայտարարած 2013 թ. ստեղծագործական եւ գիտական աշխատանքի համազգային մրցանակաբաշխությունը:
Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:
Մրցանակաբաշխության նախաձեռնող մարմինները համագործակցում են կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների, ինչպես նաեւ ԳԱԱ, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կոմպոզիտորների միությունների ու երաժշտական ընկերության հետ:
Մրցանակաբաշխությանը մասնակցել էին ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եւ սփյուռքից:
Այս տարի ԳԱԱ 70-ամյակն է, եւ այս մրցույթը գիտության գծով նվիրված էր Գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանին: «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթին սահմանված է 12 անվանակարգ` ֆիզիկա, մաթեմատիկա եւ մեխանիկա, ինֆորմատիկա, տեխնիկական գիտություններ, քիմիա, կենսաբանություն, պատմություն, սոցիոլոգիա եւ իրավագիտություն, երկրաբանություն, արվեստ, լեզու եւ գրականություն, տնտեսագիտություն, հայագիտություն եւ ազգագրություն ուղղություններով:
Առաջին մրցանակներին արժանացան Վազգեն Սարգսյանը, Խաչատուր Խաչատրյանը, Արտակ Բարսեղյանը, Անուշ Հովակիմյանը, Ռոքսաննա Զախարյանը, Արսեն Առաքելյանը, Արեւիկ Մարգարյանը, Ջոն Կարապետյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Դավիթ Հարությունյանը: Երկրորդ կարգում հաղթողներ ճանաչվեցին Արմեն Սարգսյանը, Սուրեն Հովսեփյանը, Եվա Գրիգորյանը, Լիլիթ Հակոբյանը, Անի Գրիգորյանը, Վիլեն Խաչատրյանը: Խրախուսական մրցանակների արժանացան Կարինե Սարգսյանը եւ Լուսինե Խաչատրյանը: Մրցույթի այս ճյուղի ընդհանուր ֆոնդը կազմում է 12 միլիոն դրամ:
Անդրադառնալով մրցույթի մյուս ճյուղին, որը նախատեսված է գրողների համար, նշենք, որ անցկացվում է «Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար» նշանաբանով: Անվանակարգերը հետեւյալներն են` արձակ, պոեզիա, դրամատուրգիա կամ մանկապատանեկան գրականություն: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ, արձակի համար նախատեսված է 1. 650. 000 դրամ, պոեզիայի` 1.650.000 դրամ, դրամատուրգիայի կամ մանկապատանեկան գրականության` 1. 650. 000: Լավագույն պոեզիա անվանակարգում հաղթող ճանաչվեց Արտեմ Հարությունյանը, դրամատուրգիայում` Կարինե Խոդիկյանը:
Հայտարարվել է նաեւ լրագրողական լավագույն հրապարակումների մրցույթ` «Մեր հավատամքը` պետականություն, միասնականություն, ազգային ինքնություն» թեմայով: Մրցույթին ներկայացվող հրապարակումները պետք է արտացոլեն մեր պետականության, միասնականության, ազգային ինքնության հիմնահարցերը, Հայաստանի հետագա հզորացման, բարգավաճման, ժողովրդավարացման ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործընթացները: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ: Սահմանվել են հետեւյալ մրցանակները` տպագիր մամուլ, 3 մրցանակ` 500.000 դրամ, հեռուստահաղորդումներ, 2 մրցանակ` 500.000-ական դրամ, ռադիոհաղորդումներ, 2 մրցանակ` 500.000-ական դրամ, սփյուռքահայ լրատվամիջոցՙ 2 մրցանակ` 500.000-ական դրամ, ինչպես նաեւ սահմանվել է հատուկ մրցանակ Ռուսաստանի հայերի միության բազմաբնույթ գործունեությունը լուսաբանող լավագույն հրապարակումների համար` 500.000 դրամ:
«Մեր հավատամքը` պետականություն, միասնականություն, ազգային ինքնություն» թեմայով լավագույն հոդվածի համար առաջին մրցանակով պարգեւատրվեց «Ազգ» օրաթերթի լրագրող Մարիետա Խաչատրյանը, երկրորդ մրցանակի արժանացավ Սպարտակ Ապուջանյանը, երրորդ` Գայանե Առաքելյանը: Լավագույն ռադիոհաղորդում` «Երազ» ձայնասփյուռը եւ Բոստոնի «Արմինիան միրոր սփեքթեյթոր» շաբաթահանդեսը: Լավագույն հեռուստահաղորդում` Հանրային հեռուստաընկերության «Զինուժը»:
Ռուսաստանի հայերի միության բազմաբնույթ գործունեությունը լուսաբանելու համար մրցանակներ ստացան «Ազգ», «Գոլոս Արմենիի» թերթերը եւ լրագրող Աիդա Ասատրյանը:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը պարգեւատրվեց «Ադամանդակուռ աստղով» եւ Մայրենիի դեսպան շքանշանով:
Իսկ կերպարվեստի զարգացմանը նպատակաուղղված լավագույն ստեղծագործությունների մրցույթում ներառված էին գեղանկարչության, քանդակի, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի անվանակարգեր: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ:
Մրցանակների արժանացան Փարավոն Միրզոյանը, Զոհրաբ Միրզոյանը, Խաչատուր Ազիզյանը, Վարդգես Գուլիկյանը, Մուշեղ Պետրոսյանը, Բաղդասար Սարգսյանը, Մելքոն Հովահաննիսյանը, Անի Ղազարյանը, Գեւորգ Մշեցին:
Այս տարի նաեւ ավելացել է եւս մի անվանակարգ` ռեժիսորների գծով, որոնք պետք է անդրադառնան սահմանամերձ, հեռավոր գյուղերի խնդիրներին:
Այդ խնդիրների բարձրացման համար մրցանակներ ստացան Հրանտ Հակոբյանն ու Ջիվան Ավետիսյանը: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոսք տվեց, որ մյուս տարի կավելանան մրցանակային տեղերը:
Սփյուռքի նախարարությունը մեդալներ հանձնեց նաեւ մտավորականների, հասարական գործունեություն ծավալած մի խմբի` «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին, ինչպես նաեւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին, Արփեն Մովսիսյանին, Նարեկ Հարությունյանին, Աբրահամ Գասպարյանին: