Հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով երեկ կառավարությունը 60 մլն դրամ հատկացրեց: Անդրադառնալով հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ առաջին անգամ ներդրվում է այնպիսի համակարգ, որը հնարավորություն է տալու խթանել բուհերի մրցակցությունը: «Երկու տարի հետո մասնավոր ընկերությունները նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու գնահատմանը: Նախարարությունը պետք է վերահսկի, որ գործընթացն օբյեկտիվ լինի. մեծ աժիոտաժ է լինելու: Հիմա պետք է մտածենք նաեւ, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին», ասաց Տիգրան Սարգսյանը: Այնուհետեւ նա կարծիք հայտնեց, որ այժմ վարկանիշով առաջատարը Մանկավարժական համալսարանն է, իսկ հարցը ներկայացնող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ այն կարծիքին էր, որ առաջատարը պետական համալսարանն է: