Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱ՞ԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Նալբանդյան փողոցի թիվ 51 շենքի բնակիչները սեպտեմբերի 1-ին դիմել էին քաղաքապետին հետեւյալ հարցով.

«Տեսնելով Ձեր ջանքերը քաղաքի բակերի բարեկարգման հարցում, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն անտանելի վիճակին, որ տիրում է մեր` Նալբանդյան փողոցի թիվ 51 շենքի բակում: Բակը շաբաթվա 6 օրերի ընթացքում վերածված է ոստիկանության աշխատակիցների անձնական ավտոմեքենաների կայանատեղիի, նրանք կանգնում են ամեն հնարավոր եւ անհնարին տեղերում` անգամ մայթերի վրա: Հաճախ բնակիչները չեն կարողանում անգամ մոտենալ շենքի մուտքին, էլ չենք ասում երեխաների խաղատարածքի եւ տարրական անվտանգության մասին»:

Որպես հնարավոր լուծում բնակիչները առաջարկել էին ուղեփակի (շլագբաում) տեղադրումՙ բակ մտնելու համար, ինչպես դա արված է շրջակա գրեթե բոլոր բակերում:

Մերժողական պատասխանը, ստացված Կենտրոն թաղապետարանից (10.09.2013), ապշեցուցիչ է, մի կողմիցՙ խնդիրը չլուծելու ակնհայտ միտումով, մյուս կողմիցՙ երկակի ստանդարտների կիրառմամբ, ինչը ոմանց կարելի է եւ չի կարելի մյուսներին: Ըստ պատասխանիՙ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեմ է բակերում ուղեփակերի տեղադրմանը: Նախՙ այլ բակեր վաղուց ունեն ուղեփակեր, եւ անգամ այդ դեպքում համապատասխան գերատեսչությունները, իհարկե, կունենան արգելանքների բանալիները (կոդերը), ինչպես դա արվում է այլ երկրներում: Ավելին, այսօր հենց այդ շենքի բակում խճողված մեքենաներն են արգելում անգամ բնակիչների հետիոտն մոտենալը շենքին, ուր մնաց, թե հրշեջ մեքենայի:

Եվ ամենակարեւորըՙ պատասխանում որեւէ այլ լուծում չի առաջարկված բակը ոստիկանների անձնական ավտոմեքենաների հեղեղից ազատելու մասին: Բնակիչները չեն ստացել պատասխան ոստիկանապետից, ում ուղարկված էր նամակի պատճենը:

Ստացվում է, մի կողմից իշխանությունները բարեկարգում են բակեր, մյուս կողմիցՙ անտեսում քաղաքի կենտրոնում տիրող անտանելի վիճակը:

Ակնկալում ենք քաղաքապետարանի եւ ոստիկանության պատասխանները: