Երեւանի կոնյակի գործարանը ավարտում է այս տարվա խաղողի մթերման աշխատանքները Արարատյան դաշտավայրում: Հոկտեմբերի 3-ի ժամը 14-ի դրությամբ Երեւանի կոնյակի գործարանը մթերել է 33 298 տ խաղող:
Ընկերությունը Արարատի եւ Արմավիրի մարզերից արդեն մթերել է նախատեսված ծավալի 100 տոկոսը: Այդուհանդերձ, ընդառաջելով ընկերության հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող գյուղացիներին, ովքեր չեն հասցրել ժամանակին հանձնել իրենց պայմանագրով նախատեսված ծավալը կամ ունեն սահմանված ծավալներից ավել բերք, Երեւանի կոնյակի գործարանը երկարացնում է մասնաճյուղերի աշխատանքը խաղողի ընդունման գծով: Մասնավորապես, ԵԿԳ Արմավիրի (Արմավիրի մարզ) եւ Այգավանի (Արարատի մարզ) մասնաճյուղերը բաց կլինեն խաղողագործների համար մինչեւ հոկտեմբերի 4-ը ներառյալ:
ԵԿԳ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ) մթերման աշխատանքները շարունակվում են: Հոկտեմբերի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ այստեղ մթերվել է ավելի քան 3 500 տ խաղող: Տավուշի մարզում ընկերությունը նախատեսում է մթերել շուրջ 4 500 տ խաղող: Մասնաճյուղը կշարունակի խաղողի մթերման իր պլանային աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 6-ը:
Հավելենք, որ Երեւանի կոնյակի գործարանը խաղողի մթերումը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին: Այս տարի ընկերությունը նախատեսել է մթերել 35 000 տ խաղող, ինչը շուրջ 10 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 ՀՀ դրամ Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 135 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, անցյալ տարվա համապատասխանաբար 140 եւ 130 ՀՀ դրամի փոխարեն: Խաղողագործներին վճարումները կատարվում են երեք-չորս բանկային օրվա ընթացքում: Այս պահի դրությամբ փոխանցվել են մինչեւ հոկտեմբերի 1-ը մատակարարած բոլոր խաղողագործների գումարները, ինչը կազմում է մոտ 4.5 մլրդ դրամ (4 510 291 090 ՀՀ դրամ):