ԹԵՐԵԶԱ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայկական առաջին կինոստուդիան իր փառավոր ուղին նախանշեց 90 տարի առաջ, 1923 թվականին, երբ կինոն դեռեւս համր էր: Իսկ հնչուն կինոյի մուտքը մեզանում նշանավորվեց մի ֆիլմով, որը դարձավ հայ ազգային կինոարվեստի գլուխգործոց. դա Համո Բեկնազարյանի ռեժիսորությամբ 1935թ. էկրան բարձրացած «Պեպո» հանրահայտ կինոնկարն էր, որն անմիջապես լայն ժողովրդականություն ձեռք բերեց իր բարձր գեղարվեստականության, ժամանակի թիֆլիսահայ կյանքի հմայիչ գունագեղության եւ առաջնակարգ դերակատարների առինքնող խաղի շնորհիվ:
«Պեպոն», հիրավի սկիզբ դրեց հայկական կինոյի պատմության աննախադեպ առաջընթացին, որը տարիների ընթացքում մեծ հմտություններ ձեռք բերելով, հատկապես 1950-90-ական թվականներին դարձավ ազգային մշակույթի նորագույն ձեւի` կինեմատոգրաֆիայի բարձրակարգ եւ անկասելի բնագավառ:
Գեղարվեստական ֆիլմերի նկարահանման գործընթացը լայն թափ ստացավ, հատկապես, 1954-61 թվականներին, երբ հրապարակ եկան ավելի քան 30 կինոնկարներ, այդ թվում` «Պատվի համար», «Առաջին սիրո երգը», «Նվագախմբի տղաները», «Սայաթ-Նովա», «Տժվժիկ» եւ այլ մեծարժեք ու հայի համար շատ նվիրական կինոնկարներ: Իսկ 1963թ. էկրան բարձրացավ Հենրիկ Մալյանի «Ճանապարհ դեպի կրկես» հայկական առաջին գունավոր լայնէկրան ֆիլմը: Կինոյի հաղթարշավը շարունակվեց ու առավել ընդլայնվեց 1960-80-ականներին` երիտասարդ տաղանդավոր ռեժիսորների գործունեության շնորհիվ: Անուններ, որոնք ոսկե տառերով գրվեցին հայկական կինոյի պատմության էջերում. Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան, Լաերտ Վաղարշյան, Յուրի Երզնկյան, Արման Մանարյան, Ներսես Հովհաննիսյան եւ ուրիշներ: Նրանց ստեղծագործական տքնանքի լավագույն արգասիքը եղան «Բարեւ, ես եմ», «Եռանկյունի», «Կարինե», «Սարոյան եղբայրներ», «Երկունք», «Նահապետ» եւ այլ երեւելի կինոֆիլմերը: Դրանց թվում չմոռանանք հիշել նաեւ Սերգեյ Փառաջանովի «Նռան գույնը»: Նշվածների մեծ մասն արժանացավ պետական մրցանակի, նաեւ Համամիութենական եւ Միջազգային փառատոների մրցանակների ու դիպլոմների: Այդ թվականներին ստեղծված ֆիլմերն արտացոլում էին հայ ժողովրդի եւ՛պատմական անցյալը, եւ՛ ժամանակակից հրատապ խնդիրները, եւ՛ 1918-20 թվականներին տիրող ազգային-քաղաքական հուզումները, նաեւ` երկրորդ աշխարհամարտի դժոխային տարիների արհավիրքներն ու հայրենի եզերքի կարոտի ցավը («Ինչու է աղմկում գետը», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Երեւանյան օրերի խրոնիկան», «Աշնան արեւ» եւ բազմաթիվ այլ կինոնկարներ):
Իսկ ովքեր էին այն կինոդերասանները, որոնք երկար տարիների ընթացքում նպաստեցին տաղանդավոր ռեժիսորներին` ստեղծելու պրոֆեսիոնալ, առավել հուզական-գեղագիտական բարձրարժեք ֆիլմեր, օժտելով դրանք արտիստական լիարյուն կերպարներով: Առաջինն, անշուշտ, Հրաչյա Ներսիսյանն էր, որն իր անդրանիկ կինոելույթներն սկսելով համր ֆիլմերից , իր երկարամյա կինոկենսագրությունն ավարտեց գրեթե մահվան շեմին, թողնելով անմոռաց կերպարների հարուստ պատկերահանդես: Մեծ ավանդ ունեն կինոարվեստում նաեւ այնպիսի ականավոր դերասաններ, ինչպես Ավետ Ավետիսյանը, Հասմիկը, Նինա Մանուչարյանը, Համբարձում Խաչանյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը եւ շատ ուրիշներ:
Հապա հաջո՜րդ սերունդը: Այս ցանկը պակաս հարուստ չէ տաղանդավոր կինոդերասաններով: Էկրանին հայտնվեցին Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Արմեն Ջիգարխանյանը, Մհեր Մկրտչյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Վերջալույս Միրիջանյանը, Գալյա Նովենցը եւ այլ մեծանուն դերասան-դերասանուհիներ:
Այդ շրջանում, ինչպես եւ նախորդ տարիներին նկարահանված կինոֆիլմերից շատերն, իրենց պրոֆեսիոնալ եւ գեղարվեստական մակարդակով համահունչ եւ համարժեք էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ եվրոպական երկրներից շատերի թողարկած կինոարտադրանքին: Բերենք մի օրինակ: Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» կինոնկարը, իր ողբերգականության հասնող պատկերներով, դերասանական բարձրարվեստ խաղով, այնպիսի խորությամբ ու անմիջականությամբ է ցուցադրում երկրորդ համաշխարհային (հայրենական) պատերազմի ողջ ահասարսուռ ընթացքն ու ծանր հետեւանքների պատկերները, որ ոչնչով չի զիջում այդ թեմայով նկարահանված ռուսական «Թռչում են կռունկները», վրացական «Զինվորի հայրը» եւ այլ ազգերի կինոգործիչների ամենահաջողված ֆիլմերին: Միայն կինոնկարի հերոսուհի Հայաստան մայրիկի (պատահական չէ ընտրված նրա անունը) եւ ռազմաճակատում խեղանդամ դարձած փոստատարի կերպարները, որ կերտված են, ավելի ճիշտ` քանդակված են անզուգական արտիստներ Վերջալույս Միրիջանյանի եւ Մհեր Մկրտչյանի կողմից` խոսում են ֆիլմի խոր հուզականության, ողբերգականության ու բարձր արժանիքների մասին:
Մեկ այլ օրինակ: 1968 թ. էկրան բարձրացավ Ֆրունզե Դովլաթյանի «Սարոյան եղբայրներ» կինոնկարը, որը 1970 թ. արժանացավ պետական մրցանակի: Գլխավոր դերակատարներ Ֆրունզե Դովլաթյանն ու Խորեն Աբրահամյանը ֆիլմում ցուցաբերեցին բացառիկ հոգեբանական խաղ, պատկերելով քաղաքական հակամետ բեւեռներում գտնվող, իրենց սկզբունքներին մինչեւ վերջ նվիրված ու հաստատակամ լինելու հետեւանքով երկու սիրող եղբայրների ողբերգական վախճանը: Հիշենք նաեւ Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» հրաշալի կինոնկարը, որն իր անուրանալի արժանիքների համար 1985 թվականին, Մինսկի Համամիութենական կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակի, իսկ տաղանդավոր դերասանուհի Գալյա Նովենցը, ֆիլմի հերոսուհու` Սիրանուշի դերակատարման համար նվաճեց Կանացի լավագույն դերակատարման մրցանակը: Նույն թվականին, Վենետիկի հեղինակավոր Փառատոնը Գալյա Նովենցին այդ դերի համար շնորհեց ժյուրիի հատուկ մրցանակը: Իզուր չէ, որ նրան նմանեցնում են իտալական հանրահայտ կինոդերասանուհի Աննա Մանիանիին:
Չի կարելի առանձին չնշել այդ տարիներին Հայֆիլմի արտադրած երաժշտական կինոնկարները, որոնք նույնպես նշանակալից են հայ կինոարվեստի ընդարձակ անդաստանում: «Կարինե», «Սայաթ-Նովա», «Ատամնաբույժն արեւելյան», «Նռան գույնը», «Գարուն ա, ձյուն ա արել» (Կոմիտաս ) եւ այլն: Եթե այս խմբին հավելենք նաեւ երաժշտական այնպիսի գոհարների էկրանացումը, ինչպես` «Անուշ», «Ալմաստ», «Արշակ երկրորդ» օպերաներն ու մեր երաժշտական գանձարանի այլ նմուշները, ապա հայկական կինոն աշխարհին կարող է ներկայանալ իր բազմերանգ ու բարձրարվեստ երաժշտական ընտրանիով: Ընդ որում նկարահանվել են ոչ միայն ամբողջական երաժշտական ժապավեններ: Մեր գեղարվեստական մի շարք ֆիլմերի համար երաժշտություն են գրել հայ այնպիսի մեծանուն կոմպոզիտորներ, ինչպես Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Կոնստանտին Օրբելյանը, Էդգար Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը եւ ուրիշներ: Բերենք միայն երկու օրինակ. «Առաջին սիրո երգը» եւ «Կտոր մը երկինք»-ը: Առաջինն իր էկրանային ժամանակի ողջ ընթացքում հնչեցնում է Առնո Բաբաջանյանի անզուգական երգերը, որոնք վաղուց դուրս են եկել կինոնկարի շրջանակներից եւ դարձել հայ ժողովրդի ամենասիրված ու մշտական կատարվող ստեղծագործություններ: Իսկ «Կտոր մը երկինք» կինոնկարում, սկզբից մինչեւ վերջ հնչում է մեծատաղանդ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոգեպարար, գեղեցիկ երաժշտությունը, որն իր ներգործության գագաթնակետին է հասնում հատկապես, երեք թեթեւաբարո կանանց մուտքը ցուցադրող կադրերում: Դա մի անմոռանալի եւ հետաքրքրական պատկեր է` երաժշտական եւ ռեժիսորական համատեղ աշխատանքի փայլուն արդյունք:
Հայ կինոգործիչները տարիների ընթացքում անդրադարձել են նաեւ մեր դասական գրողների ստեղծագործություններին եւ էկրան են բարձրացել «Պատվի համար», «Քաոս», «Ժայռ», «Իմ սիրտը լեռներում է», «Մորգանի խնամին», «Խաթաբալա» եւ հայ հեղինակների այլ գործերի բարձրակարգ կինոտարբերակները:
1950-90-ական թվականները մեր կինոյի համար եղան աստեղային տարիներ: Այդ շրջանում էկրան բարձրացած հայկական կինոնկարները, այսօր էլ, տասնամյակների հեռավորությունից անգամ, գրավում ու հմայում են իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով, մեծահամբավ դերասանների անզուգական խաղով: Ցավոք, հայկական կինոն փոքր-ինչ անկում ապրեց 1990-2000 թվականներին, երբ գրեթե չստեղծվեց նշանակալից որեւէ գործ: Բայց, ահա, 2001 թվականից ասպարեզ եկան շնորհալի նոր կինոգործիչներ` Վիգեն Չալդրանյանը, Հարություն Խաչատրյանը, Միքայել Պողոսյանը, Արման Երիցյանը եւ ուրիշներ, որոնց աշխատանքներն, անշուշտ, հույս են ներշնչում, որ հայ ազգային կինոն կվերհառնի ու կապրի նոր աստեղային դարաշրջան: